Արախիս

Արախիսը կամ գետնընկույզը (անգլ․՝ Peanut, ռուս․՝ Арахис, լատ․՝ Arachis hypogaea) լոբազգիների ընտանիքին պատկանող, 25-40 սմ բարձրությամբ, միամյա խոտաբույս է, որը լայնորեն մշակվում է իր արժեքավոր պտղի՝ գետնի տակ գոյացող գետնընկույզի համար։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է, սակայն այժմ տարածված է ողջ աշխարհում։

Արախիսը սիրում է ջերմություն, արև և չափավոր խոնավություն: Կախված տեսակից և եղանակային պայմաններից, արախիսի հասունացման շրջանը՝ տնկելուց մինչ բերքահավաքը, տևում է 120-160 օր:

Ինչպես արախիս աճեցնել ու բերք ստանալ

Որտեղ կարելի է աճեցնել

Արախիս աճեցնելու համար պետք է ընտրել օրվա ընթացքում առնվազն 8 ժամ արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվող վայր՝ շատ փխրուն, պարարտ և լավ դրենաժ ունեցող հող։ Եթե առկա հողը կարծր է, խիստ կավային է, այն փխրեցնելու համար, պետք է դրա հետ խառնել կոմպոստ, տերևային բուսահող և/կամ ավազ:

Սերմերի նախապատրաստում

Արախիսի 1 բաժակ հասուն, հում, խոշոր պտուղները պետք է գոլ ջրով մանրակրկիտ լվանալ, տեղավորել մեծ բանկայի մեջ ու վրան լցնել 3 բաժակ սառը ջուր։ Թողնել այդպես մնա մոտ 12 ժամ՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու, մոտ 21 ° C ջերմաստիճան միջավայրում, օդփոխվող տարածքում։

Այնուհետև պետք է ողողել և չորացնել սերմերը։ Եվս 12 ժամ անց պետք է կրկնել թրջելու ընթացակարգը: Երրորդ անգամ, նույն ձևով թրջել-չորացնելուց հետո սերմերը կսկսեն ծլել:

Ցանելը

Ծլած սերմերը կարելի է ցանել բաց գրունտում կամ որպես սածիլ աճեցնել։ Ժամանակ շահելու համար ճիշտ կլինի ցրտերն անցնելու ժամկետից մոտ 30 օր շուտ սերմերը ցանել տորֆից բաժակների մեջ և սենյակային կամ ջերմոցային պայմաններում սածիլներ աճեցնել, իսկ երբ բաց գրունտի ջերմությունը հասնի 18,5°C, պատրաստի սածիլներն իրենց բաժակներով տնկել մշտական տեղում։

Բաց գրունտում ցանելիս, 2-3 սերմեր թաղում են 5-7 սմ խորությամբ փոսիկների մեջ՝ 2-3 սմ խորությամբ։

Սերմերը պետք է լինեն միմյանցից 15-20 սմ հեռավորության վրա, իսկ հետագայում տնկարկը նոսրացնում են այնպես, որպեսզի բույսերի միջև 45-46 սմ ազատ տարածք լինի:

Հետագա խնամքը

Արախիսը, ցանելուց 30-ից 40 օր հետո ծաղկում է փոքրիկ դեղին ծաղիկներով: Յուրաքանչյուր ծաղկից դեպի գետին աճում է շյուղ, որը մտնում է հողի մեջ՝ այնտեղ, պատիճի մեջ, արախիսի նոր պտուղներ ձևավորելու համար։

Երբ թուփը մոտ 30 սմ բարձրության է հասնում, բույսի բնի շուրջը 3-4 սմ բուկլից պետք է արվի։ Հետագայում բուկլից է արվում ամեն ջրելուց հետո։

Ճիշտ ջրելը արախիսի հաջող աճեցման բանալին է: Տնկելուց հետո սերմերը և երիտասարդ բույսերը պետք է խոնավության մեջ պահել մինչև բողբոջելը: Այդ ժամանակից մինչև ծաղկելը, բույսերին ամեն շաբաթ անհրաժեշտ է մոտ 2,5 սմ տեղումներ՝ անձրևի կամ ջրելու միջոցով:

Ջրելիս պետք է խուսափել բույսի տերևները թրջելուց։

Քանի որ արախիսի արմատները մակերեսային են, հայտնվող մոլախոտերը պետք է ձեռքով հեռացնել: Երբ ծաղիկներից իջնող շյուղերը սկսում են աճել, բույսի շուրջը, խոնավությունը պահպանելու և մոլախոտերը նվազեցնելու համար, 2-5 սմ բարձրությամբ ցանկածածկ են փռում։

Բերքահավաքը

Երբ արախիսի սաղարթը սկսում է դեղնել, բույսի տակի հողը փոցխով կամ բահով զգուշորեն բացում ու թուլացնում են: Ձեռքով քաշում հանում են բույսն իր արմատներով ու պատիճներով, թափահարելով ազատում են հողից և գլխիվայր թողնում են գետնին, որպեսզի շյուղերի ծայրին կպած պատիճները մոտ մեկ շաբաթ չորանան։ Անձրևային եղանակի դեպքում չորացումը կազմակերպվում է այլ տեղում՝ ծածկի տակ։

Չորացման առաջին շրջանից հետո արախիսի պատիճները առանձնացնում են շյուղերից և մեկ շերտով փռում սառը, չոր տեղում՝ ևս երկու-երեք շաբաթ չորանալու համար: Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել պատիճների վիճակը՝ համոզվելու համար, որ բորբոս չկա: Բորբոսնած պտուղները հեռացնում են, դրանք ուտելի չեն, բորբոսը կարող է թունավոր լինել:

Չորացման երկրորդ շրջանից հետո արախիսի պատիճները կարող են կճպվել և պտուղները բովվել կամ իրենց պատյաններում մի քանի ամիս պահվել ցանցից տոպրակի մեջ, զով, չոր տեղում կախված:

Տանը, ծաղկամանի մեջ աճեցնելը

Տանը արախիս աճեցնելու առավել բարենպաստ տեղը հարավ կամ արեւելք նայող պատուհանի գոգն է: Այլ տեղում անհրաժեշտ կլինի լրացուցիչ արհեստական լուսավորություն ապահովել։

Ծաղկամանը պետք է ունենա 30-40 սմ տրամագիծ և առնվազն 30 սմ խորություն։

Հողախառնուրդը կազմում են ավազի և փտած գոմաղբի հավասար մասերից։ Այն պետք է չեզոքին մոտ թթվայնություն ունենա (pH 6 – 6.5)։

Աճի համար օդի հարմարավետ ջերմաստիճանը + 20․․․+27°C է: +35°C-ից բարձր և +15°C-ից ցածր լինելը կարող է հանգեցնել բույսի մահվանը:

Ամռանը խորհուրդ է տրվում առավոտյան և երեկոյան, սենյակային ջերմաստիճանի ջրով ցողել բույսը։ Յուրաքանչյուր ցողելուց հետո հողը պետք է փխրեցվի, որպեսզի թթվածնով հագեցած լինի:

Ուտելու համար արախիսի ծիլեր աճեցնելը

Արախիսը կճպում են, լվանում ու 8-10 ժամ թրջում են գոլ ջրում։
Այնուհետև ջուրը թափում են իսկ սերմերը ծածկում են ոչ թափանցիկ, սև կափարչով։ Դնում են տաք տեղում և սպասում են մինչև փոքրիկ ծիլերի ի հայտ գալը։
Ծլած սերմերը տեղադրում են հատուկ ցանցի վրա՝ ծիլերով դեպի ներքև։
Ցանցի տակի ամանի մեջ ջուր են լցնում՝ այնքան, որ հասնի, բայց չդիպչի սերմերին։
Ցանքը պահում են մթության մեջ։ Սերմերը ցողելու կարիք չկա։
Մոտ վեց օրից, երբ ծիլերի բարձրությունը կազմի 5-7 սմ, կարելի է բերքահավաք անել։

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *