
Գազարը կամ ստեպղինը (անգլ․՝ Carrot, ռուս․՝ Морковь посевная, լատ․՝ Daucus carota subsp. sativus) լայնորեն տարածված, նեխուրազգի, երկամյա արմատապտուղ է։
Գազար աճեցնելը
Գազարը ցրտադիմացկուն է, սերմերը կարող են ծլել օդի +3…+4 °C աստիճանից սկսած, իսկ ծիլերը կարող են դիմանալ -3…-4 °C ցրտահարությանը։ Վաղ գարնանը ցանելու ժամկետը որոշելիս, պետք է հաշվի առնել, որ +3…+4 °C – ին սերմերը կծլեն 15-20 օրում, իսկ երբ հողը տաքանա մինչև +20°C` 8-10 օրում։
Ցանքաշրջանառությունը
Խորհուրդ չի տրվում նույն տեղում 4 տարուց շուտ գազար ցանել։ Լավ նախորդող մշակաբույսեր են հանդիսանում՝ կաղամբը, կարտոֆիլը, վարունգը, լոլիկը, գլուխ սոխը, պրասը, կանաչեղենը, բացի մաղադանոսից և լոբեղենը։ Վատ նախորդող մշակաբույսերն են՝ մաղադանոսը, բադրիջանը, հոռոմ-սամիթը, վայրի գազարը, նեխուրը, դդմիկը։ Աճեցնելիս լավ “հարևաններ” են՝ բողկը, սխտորը, հազարը, ամսեկան բողկը, կանաչ և գլուխ սոխը, պղպեղը, լոլիկը, լոբին, ոլոռը, մաղադանոսը, հազարը, սեզատերևը, սպանախը, եղեսպակը, նեխուրը։ Վատ “հարևաններ” են անիսոնը, սամիթը, կաղամբը, խնձորենին, վարունգը, ճակնդեղը։
Սերմերը թրջելն ու ախտահանելը
Գազարի սերմերը դժվար են ծլում, ուստի, ծլելուն խոչընդոտող եթերային յուղերից ազատվելու համար, սերմերը 24 ժամ թրջում են +40…+50 °C տաք ջրի մեջ՝ ընթացքում պարբերաբար փոխելով ջուրը։
Մեկ այլ, ավելի արդյունավետ, նաև ախտահանող միջոց է սերմերը կես ժամ ջրածնի պերոքսիդի կամ կալիումի պերմանգանատի թույլ լուծույթի մեջ թրջելը։
Թրջելուց հետո սերմերը չորացնում են, որպեսզի հեշտ լինի ցանելը։
Ցանելը
Սերմերը ցանում են մոտ 1 սմ խորությամբ, միմյանցից 5-7 սմ հեռավորության վրա, թողնելով 15-20 սմ միջշարային տարածություն։ Քանի որ սերմերը շատ մանր են և լավ ծլողունակություն չունեն, որպես կանոն ցանքն ավելի խիտ է արվում և հետագայում է նոսրացվում։ Ցանելուց հետո լավ ջրում են։
Խնամքը
Գազարը պահանջկոտ բույս չէ, բայց որոշ բաներ անել, այնուամենայնիվ, պետք է։
Ցանքը նոսրացնելը
Նոսրացումն արվում է երկու անգամ։ Առաջին անգամ, երբ ծիլերը կձևավորեն 1-2 իսկական տերև, բույսերի միջև ստեղծում են 1,5-2 սմ բացատ։ Երկրորդ անգամ, երբ բույսերը կձևավորեն 3-4 իսկական տերև, բույսերի միջև ստեղծում են 5-6 սմ բացատ։
Ջրելը
Գազարը հաճախակի ջրել պետք չէ, գերխոնավացումը անդրադառնում է բերքի որակի, մասնավորապես պահպանման ժամկետի վրա։
Չոր և տաք եղանակին գազարի մարգը ջրում են երկու շաբաթը մեկ անգամ, ապահովելով 4-5 լ ջուր 1 ք․մ․-ին։
Պարարտացնելը
Աշնանը, մարգը նախապատրաստելիս, 1ք․մ․-ին 2 ճաշի գդալ կրկնակի ուպերֆոսֆատ և 1,5 ճաշի գդալ կալիումի սուլֆատ խառնել հողի հետ։
Գարնանը, ցանելուց առաջ, 1ք․մ․-ին 1 ճաշի գդալ կրկնակի ուպերֆոսֆատ և 1 ճաշի գդալ նիտրաֆոս խառնել հողի հետ։ Իսկ ակոսների մեջ, անմիջապես ցանելուց առաջ՝ ամեն մետրին մի բուռ փայտի մոխիր։
Ոչ բերրի և կարծր հողի դեպքում, հողի հետ խառնում են փտած գոմաղբ՝ 1ք․մ․-ին 5-6 կգ։ Թարմ գոմաղբ հողի հետ խառնել չի կարելի, նույնիսկ աշնանը։
Բերքահավաքը
Գազարի բերքը հավաքում են մինչև ցրտերի սկիզբը։ Երեկոյան հողից հանված գազարը նկատելիորեն ավելի քաղցրահամ է։ Հողից հանելուց հետո, անմիջապես, մոտ 2 սմ թողնելով, կտրում են վերին կանաչը, որպեսզի դադարեցնեն բույսի մեջից գոլորշիացումը։ Այնուհետև բերքը չորացնում են ստվերում։
Ինչպես սենյակային պայմաններում գազար աճեցնել
Ինչի մեջ աճեցնել

Գազար աճեցնելու թաղարը պետք է ունենա առնվազն 20 սմ խորություն։ Իհարկե, շատ ավելի լավ կլինի 30 սմ խորություն ապահովել։ Իսկ թաղարի լայնքը պետք է լինի առնվազն 10 սմ։
Տեղեկանք
Կլոր 20×20 սմ չափսերով թաղարի մեջ կարելի կլինի աճեցնել 4 նորմալ չափսի գազար, 25×25 -ում՝ 5 հատ, իսկ մոտ 10x60x20 սմ չափսերով, երկար, ուղղանկյուն թաղարի մեջ՝ 12 գազար։
Հողախառնուրդը
Գազար աճեցնելու համար անհրաժեշտ է փխրուն, ջրաթափանցիկ, ազոտով ոչ շատ հարուստ հողախառնուրդ։ Հողը պարարտացնելու անհրաժեշտության դեպքում պետք է ընտրել NPK 5-10-10 ակմ 4-10-10 համալիր պարարտանյութեր։
Թաղարի լավ դրենաժը պարտադիր է։
Ցանելը
Ցանել կարելի է անմիջապես թաղարի մեջ կամ սկզբում սածիլներ աճեցնել։ Պետք է նկատի ունենալ, որ սածիլները հետագայում տեղափոխելը շատ զգույշ պետք է արվի՝ նուրբ արմատները չպետք է վնասվեն։
Հողի մեջ, միմյանցից 5 սմ հեռավորությամբ արվում են 3-6 մմ խորությամբ փոսիկներ, ուր գցում են 2-3 գազարի սերմ, փոսիկները ծածկում են հողով ու ջրում ջրցողիչով։ Մինչև սերմերի ծլելը, թաղարի հողը պետք է միշտ խոնավ լինի։
Թաղարը ցանելուց հետո տեղադրում են արևկող տեղում, կամ արհեստական լույսի տակ։ Սերմերը ծլում են 14-17 օր անց։
Երբ ծիլերը հասնում են 3-5 սմ բարձրության, յուրաքանչյուր փոսիկից աճած ծիլերից թողնում են ամենականաչն ու ուժեղը, մյուսները սուր մկրատով հեռացնում են։
Լուսավորությունը
Գազարի համար պետք է ապահովվի օրական առնվազն 6 ժամ արևի կամ արհեստական լուսավորություն։ Լավագույն արհեստական լուսավորությունն ապահովում են լույսի ողջ անհրաժեշտ սպեկտրը ընդգրկող LED ֆիտոլամպերը, որոնք կախում են բույսից 5-8 սմ բարձրության վրա։
Ջրելը
Ջրելու հարցում պետք է շատ ուշադիր լինել։ Սենյակային պայմաններում, ջեռուցման առկայությամբ հողը կարող է շատ շուտ չորանալ։
Ջրել պետք է սենյակային ջերմաստիճանի, հնեցված, քլորազերծ ջրով, երբ հողի վերին, 2 սմ խորությամբ շերտը չորանում է։ Ջրելիս պետք է համոզվել, որ գազարի ողջ արմատը ողողվեց ջրով և ավելցուկ ջուրը դուրս հոսեց թաղարի տակդիրի մեջ։
Սնուցումը
Երբ ծիլերը հասնեն 7,5-8 սմ բարձրության, կամ հասցրել են ձևավորել 3 ու ավելի իսկական տերևներ, կարելի է ցածր ազոտ պարունակող պարարտանյութով սնուցում տալ։ Սնուցումն իրականացվում է 3 շաբաթը մեկ։
Բերքահավաքը
Երբ հողից դուրս է գալիս գազարի գազարագույն, վերին մասը, նշանակում է բույսը հասունացել է։ Եթե ավելի մատղաշ պտուղներ են ուզում, ավելի վաղ են հանում գազարը։