Թավշածաղիկ

Թավշածաղիկը կամ Մախմրի ծաղիկը (անգլ․՝ Marigold, ռուս․՝ Бархатцы, լատ․՝ Tagetes) աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ է։

Համաձայն theplantlist.org-ի տվյալների շտեմարանի, գոյություն ունեն միամյա և բազմամյա թավշածաղիկների 53 տեսակներ, որոնցից ամենահայտնիներն են՝

Աֆրիկյան թավշածաղիկը կամ  Թավշածաղիկ կանգունը (Tagetes erecta)
Ֆրանսիական թավշածաղիկը (Tagetes patula)
Մեքսիկական թավշածաղիկը կամ Թավշածաղիկ բարակատերևը (Tagetes tenuifolia )

Նշված տեսակներից սելեկցիոներները ահռելի քանակությամբ նոր սորտեր են ստեղծել։

Որտեղ են աճում թավշածաղիկները

Մեր օրերում թավշածաղիկ աճեցնում են Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում: Բնական պայմաններում թավշածաղիկներն աճում են Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Շվեդիայում, Լեհաստանում, Բելառուսում, Ռուսաստանում: Հանդիպում են նաև Հնդկաստանում, Պակիստանում, Չինաստանում, բայց որպես բնական աճի ամենամեծ տարածք նշվում են Պերուն, Չիլին, Վենեսուելան, Պարագվայը, Հարավային Ամերիկայի մի շարք այլ երկրներ, ինչպես նաև Մեքսիկան: Թավշածաղիկները բավականին ոչ պահանջկոտ են արտաքին պայմանների նկատմամբ, հեշտությամբ հանդուրժում են ջրի պարբերական պակասը, աղքատ հողը և նույնիսկ մոլախոտերի խիտ հարևանությունը:

Թավշածաղկի բուժիչ հատկությունները

Բացի գեղեցիկ ​​տեսքից, որը գեղագիտական ​​հաճույք է պատճառում, ինչպես նաև այս ծաղիկներին բնորոշ հաճելի բույրից, թավշածաղիկները լայնորեն օգտագործվում են կոսմետիկ, բուժիչ և խոհարարական նպատակներով:

Աճի սեզոնի ընթացքում բույսն իր բոլոր մասերում կուտակում է մի քանի եզակի բաղադրիչ պարունակող եթերայուղ: Որոշ կենսաբանորեն ակտիվ նյութերի պարունակության առումով, թավշածաղիկը շատ բուժիչ խոտաբույսերից և բույսերից առաջ է:

Թավշածաղիկը պարունակում է՝

  • carotenoids;
  • lutein;
  • ocitomen;
  • sabinene;
  • apinene;
  • limonocene;
  • citral;
  • myrcen.

Թավշածաղիկից ստանում են յուղ, որն ունի հաճելի բույր՝ արեւելյան համեմունքների և մրգերի բուրմունքային երանգներով: Այդ յուղն ունի՝

  • հակամանրէային,
  • հակասնկային,
  • սպազմոլիտիկ,
  • հակասեպտիկ,
  • հանգստացնող հատկություններ։

Թավշածաղիկի թերթիկները պարունակում են կալիում, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, երկաթ, սելեն, պղինձ, ոսկի և ցինկ, ինչպես նաև C, A, E վիտամիններ, ֆոլաթթու և ռուտին:

Աճեցնելն ու խնամքը

Օդի ջերմաստիճանն ու տեղի լուսավորվածությունը

Թավշածաղիկները ջերմասեր են, ուստի դրանք պետք է տնկել արևկող տեղերում, չնայած թեթև ստվերին էլ են դիմանում: Նորմալ աճի և լիարժեք ծաղկելու համար, օդի լավագույն ջերմաստիճանային տիրույթը +20․․․+23°C է:

Օդի խոնավությունը

Երկարատև, հորդառատ անձրևները կարող են բացասաբար ազդել թավշածաղիկի վիճակի վրա՝ առաջացնելով արմատների և ծաղկաբույլերի սնկային հիվանդություններ։ Մյուս կողմից, թավշածաղիկները բավականին հեշտությամբ են դիմանում երաշտին, քանի որ ծագումով Հարավային Ամերիկայի և Մեքսիկայի արևոտ և չոր շրջաններից են:

Ցանելը

Թավշածաղիկը ցանում են կամ ուղղակի բաց գրունտի մեջ, կամ սկզբում սածիլներ են աճեցնում։ Բնականաբար, սածիլների համար կարելի է ավելի վաղ ժամկետում ցանել ու ավելի վաղ ծաղկած ծաղիկներ ունենալ։

Բաց գրունտում թավշածաղիկներ ցանում են երբ գիշերները օդի ջերմաստիճանը սկսում է +5°C բարձր լինել։

Լավ արդյունք ապահովելու համար, թե՛ բաց գրունտում ցանելիս, թե՛ սածիլի համար, սերմերը սկզբում ծլեցնում են։ Ծլեցնելու համար, սերմերը 2-3 օրով փաթաթում են բամբակյա, խոնավ լաթի մեջ ու դնում տաք տեղում՝ փակվող, պլաստիկ տոպրակի մեջ։ Առաջին, փոքրիկ ծիլերն հայտվելուն պես, կարելի է ցանել։

Բաց գրունտում ցանելիս, մոտ 2 սմ խորությամբ ակոսներ են փորում, որոնց մեջ, միմյանցից 15-20 մմ հեռավորությամբ դնում են սերմերը ու ծածկում մոտ 1 սմ հողի շերտով։

Ցանքը ջրում են զգուշորեն և չափավոր։ 7-8 օրից առաջին ծիլերը կհայտնվեն հողի մակերեսին։ 2-3 իսկական տերև ձևավորելուց հետո, կարելի է նոսրացնել ցանքը և/կամ տեղափոխություններ անել։

Սածիլներ աճեցնելու համար հողախառնուրդը կազմում են՝

  • փտած գոմաղբից – 1 մաս;
  • տորֆից – 1 մաս;
  • ճմահողից – 1 մաս;
  • գետի խոշոր ավազից – 0,5 մաս;

Ցանքի համար ապահովում են ջերմոցային պայմաններ և +22․․․+25°C օդի ջերմաստիճան։

Խնամքը

Թավշածաղիկի խնամքը բավականին պարզ է: Որպեսզի թփերը առատորեն ծաղկեն, հարկավոր է հեռացնել մոլախոտերը և պարբերաբար փխրեցնել հողը՝ ոչ միայն բույսերի, այլև շարքերի միջև:
Չնայած թավշածաղիկը պահանջկոտ չէ, ֆոսֆոր-կալիումային պարարտանյութերով սնուցումը բարենպաստ ազդեցություն կունենա թփերի տեսքի վրա: Ամբողջ սեզոնի ընթացքում մեկ կամ երկու արմատային նման սնուցում տալը բավարար կլինի։ Ազոտական ​​պարարտանյութեր օգտագործել չարժե, քանի որ դա կհանգեցնի ճյուղերի աճին և ծաղկաբույլերի զարգացման արգելակմանը:
Բացի այդ, որպեսզի բույսը փարթամ ու կոկիկ տեսք ունենա, պետք է պարբերաբար հեռացնել արդեն ծաղկած ու խունացած ծաղկաբույլերը և կատարել կազմավորիչ էտ:

Խոր աշնանը, ցրտահարությունները սկսվլուցհետո թավշածաղիկները մահանում են։ Մահացած բույսերը հանում են հողից, մանր կտրատում և դարձնում են ցանկածածկ կամ խառնում են հողի հետ։

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *