Ինչպես մաքրել սենյակային բույսերի տերևները

Սենյակային բույսերի հիմնական խնամքը կայանում է դրանց բավականաչափ լույս, ջուր և, ժամանակ առ ժամանակ, սնունդ ապահովելու մեջ։ Իրականում, սենյակային բույսերի տերևների

մաքրումը, առաջնահերթություններից դուրս լինելով, նույնպես կարևոր է։ Տերևների վրա իջնող և կուտակվող փոշին, չորացած ջրից մնացած հետքերը և այլ տիպի լաքաները կարող են լրջորեն խանգարել տերևում ընթացող ֆոտոսինթեզին։ Փոշու բարակ շերտը, այդ առումով, մեծ խնդիր չի ստեղծում, բայց բույսի տեսքը վատացնում է, ուստի մաքրելու կարիքը պահպանվում է:

Տերևները ջրով մաքրելը

Նախ անհրաժեշտ է նշել, որ բույսերի տարբեր չափսերի տերևներին անհրաժեշտ է տարբեր տեսակի խնամք:

Սենյակային բույսերի տերևները ջրով մաքրելու համար.

  • խոշոր տերևները լվանում են մեկ առ մեկ՝ օգտագործելով ջրով թրջված, փափուկ սպունգ կամ լաթի կտոր: Լվալ պետք է նրբորեն, չվնասելով տերևի մակերեսը։
  • Մանր տերևները ձանձրալի կամ անհնար է մեկ առ մեկ մաքրել: Լավագույն լուծումն այն է, որ հեղուկացիրով մի փոքր ջուր ցողվի բույսի վրա և զգուշորեն թափահարվի այն:
  • Թավշյա տերևները մաքրում են փափուկ վրձնով։ Վրձինը կարելի է մի փոքր թրջել:
  • Ծաղկած ծաղիկները շատ նուրբ են և պետք չէ դրանց ոչինչ անել:
  • Փշերը, դրանց արանքները հարմար է մաքրել փափուկ վրձնով՝ առանց ջրի օգտագործման:

Տերևները գարեջրով մաքրելը

Չնայած ջրով մաքրելը բավարար է, տերևներին լրացուցիչ փայլ հաղորդելու համար, կարելի է ջրի փոխարեն գարեջուր օգտագործել: Սպունգը թաթախում են գարեջրի մեջ, լավ քամում են և դրանով են սրբում տերևները:

Տարբեր միջատների չհրապուրելու համար, չարաշահել այս մաքրման ձևը պետք չէ:

Տերևները քացախով մաքրելը

Քացախը էկոլոգիապես մաքուր, էժան միջոց է բույսերի տերևները մաքրելու համար: Այն օգտագործելու համար, ջրի և մի փոքր քացախի խառնուրդ են պատրաստում և օգտագործում վերը նշված ձևերով՝ ըստ տերևների տեսակի։

Տերևները կաթով մաքրելը

Տերևները մաքրելու մեկ այլ լավ տարբերակ է 1:10 հարաբերակցությամբ ջրով բացված կաթ կիրառելը: Բացի տերևներին փայլ տալուց, անքաշ կաթը հիանալի ֆունգիցիդ է, այնպես որ կարող է կանխել բույսերի վրա բորբոսի առաջացումը և ծաղկամանի հողի մակերեսի սպիտակելը։

Տերևները թեյի լուծույթով մաքրելը

Հայտնի է թեյի հակաօքսիդիչ և հակասնկային հատկությունը։ Թեյի լուծույթով տերևները լվալը, բույսը ցողելը և նույնիսկ ջրելը տոկունացնում են բույսը:

Որպես վնասատուների և սնկերի դեմ պայքարի միջոց, կիրառվում են նաև տերևների լվացումներ կանաչ օճառի, սպիրտի, ջրածնի պերօքսիդի և այլ լուծույթներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *