Կորդիլինը (անգլ․՝ Cordyline, ռուս․՝ Кордилина, լատ․՝ Cordyline) մոտ 15 տեսակի ծառանման ծաղկավոր բույսերի ցեղ է` Asparagaceae ընտանիքի Lomandroideae ենթաընտանիքում:
Կորդիլինը բնիկ է Խաղաղ օվկիանոսի արևմտյան տարածաշրջանում՝ Նոր Զելանդիայում, Արևելյան Ավստրալիայում, Հարավարևելյան Ասիայում և Պոլինեզիայում, մեկ տեսակ էլ հայտնաբերվել է Հարավային Ամերիկայի հարավ-արևելքում:
Կորդելինին հաճախ շփոթում են վիշապածառի հետ, դրանք շատ նման են, հատկապես եթե աճեցվում են որպես մերկաբուն ծառեր: Դրանց տարբերելու ամենահեշտ ձևը արմատներով է, որոնք հաճախ դուրս են ցցվում գետնից. դրանք դեղնավուն-նարնջագույն են վիշապածառի մոտ և սպիտակավուն կորդիլինի մոտ:
Բնական պայմաններում բույսը սովորաբար հասնում է 2-ից 12 մետր բարձրության, ծաղկամանում այն չի գերազանցում 1,5 մ-ը, ավելի հաճախ այն աճում է 60-ից 90 սմ: Կորդելինը ուժեղ արմատային համակարգով թուփ կամ ծառ է. բարակ բնով և գեղեցիկ երկարաձիգ, սուր կամ նշտարաձև տերևներով:
Ժամանակի ընթացքում հին տերևները չորանում և թափվում են՝ մերկացնելով բնի ստորին հատվածը, ինչը բույսին արմավենու տեսք է տալիս։ Կորդելինին հաճախ անվանում են կեղծ արմավենի: Եվ չնայած բույսը ծաղկում է սպիտակ կամ կարմիր ծաղիկներով, դրանք ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում, կորդելինը աճեցվում է բացառապես իր գեղեցիկ տերևների համար։ Կարդիլինի բազմաթիվ խայտաբղետ տերեւներով սորտեր կան բուծված։
Կորդիլինի տեսակները
- Կորդիլին հարավային (Cabbage Tree, Cordyline australis)։ Բնության մեջ աճում է մինչև 12 մ, բունը կոշտ է, հիմքում հաստ է: Դաշույնանման տերևները հասնում են մեկ մետր երկարության և մինչև 35 սմ լայնության։ Կանաչ տերևներն ունեն հաստ, բաց գույնի երակներ։ Ծաղկում է հաճելի հոտով, սպիտակ ծաղիկներով՝ հավաքված փնջի մեջ։ Լավ է աճում սենյակային պայմաններում և ձմեռային այգիներում:
- Կորդիլին Բենքսի (Cordyline banksii )։ Մինչև 3 մ բարձրությամբ բարակ ցողունով բույս է։ Տերեւները՝ 60 սմ-ից մինչեւ 1,5 մ երկարությամբ, կանաչ, մինչեւ 20 սմ երկարությամբ կոթունների վրա։ Սիրում է զով պայմաններ, բայց լավ է հարմարվում տարբերվող պայմաններին:
- Կորդիլին չբաժանված (Cordyline indivisa)։ Բնական պայմաններում մինչև 12 մ բարձրությամբ բարձրահասակ ծառ է, ժապավենանման սրածայր տերեւներով՝ 70-150 սմ երկարությամբ, կանաչ՝ կարմիր երակով։
- Կորդիլին կարմիր (Cordyline rubra)։ 3-4 մ բարձրությամբ թուփ է՝ մինչև 50 սմ երկարությամբ կարմիր կաշվի պես տերևներով, մինչև 15 սմ երկարությամբ ակոսավոր կոթունի վրա։ Մանուշակագույն ծաղիկները հավաքվում են մինչև 30 սմ չափի փնջի մեջ։
- Կորդիլին ուղղաձիգ (Cordyline stricta)։ 30-60 սմ երկարությամբ սղոցանման եզրերով, նեղ կանաչ տերևներով։ Կան մանուշակագույն տերևներով ձևեր:
- Կորդիլին գագաթային (Cordyline fruticosa)։ Ջերմասեր դանդաղ աճող տեսակ է՝ 30-50 սմ երկարությամբ տերևներով, բուծվում են կարմիր, դարչինագույն և բաց կանաչ գույնի երկայնական շերտերով զարդարված սորտեր։
Կորդիլինի սորտեր
- Kiwi Մուգ կանաչ տերևներ ունի՝ վարդագույն եզրերով և դեղին շերտերով;
- Red Edge Տերևներն ունեն կարմիր-վարդագույն եզրագիծ և մեջտեղում կրեմի գույնի շերտ;
- Snow Սպիտակ շերտեր տերևների վրա;
- Lord Roberts Տերևների վրա սպիտակ և վարդագույն գծեր կան;
- Joungii Կարմիր-շագանակագույն տերևներով բույս է;
- Canario Վառ կանաչ գծերով, լայն տերևներ:
Խնամքը
Օդի ջերմաստիճանը և լուսավորությունը
Խայտաբղետ սորտերին անհրաժեշտ է ցրված լույս, ստվերում տերևների գույնը դառնում է կանաչ: Մուգ կանաչ տերևներով կորդիլինները հիանալի են զգում մասնակի ստվերում: Բույսը կարելի է դնել խոր ստվերում, բայց այս դեպքում շաբաթական մեկ օր կամ ամիսը 5-7 օր այն պետք է դնել վառ ցրված լույսով լուսավորված տեղում։
Ամռանը բոլոր կորդելինների համար հարմարավետ է օդի 20-25 ջերմաստիճանը: Ձմռանը օդի ջերմաստիճանը +18-ից ցածր petq 1 չընկնի: Կորդիլինները չեն սիրում միջանցիկ քամիներ:
Օդի խոնավությունն ու ոռոգումը
Ամռանը և գարնանը կորդելինը ջրում են շաբաթական 2-3 անգամ, երբ ծաղկամանի հողի վերին շերտը մի փոքր չորանա։ Ձմռանը ջրելը կրճատում են, բայց պետք չէ թույլ տալ, որ հողն ամբողջովին չորանա: Լայն տերևներով կորդելինները պահանջում են ավելի առատ խոնավություն, քան նեղ տերևներովը։
Օդի խոնավությունը պետք է բարձր լինի ողջ տարվա ընթացքում: Ձմռանը չի կարելի բույսը պահել ջեռուցման սարքերի մոտ: Ժամանակ առ ժամանակ տերևները պետք է սրբել խոնավ շորով։
Սնուցումը
Գարնանը և ամռանը սնուցումն արվում է շաբաթական մեկ անգամ, ձմռանը` ամիսը մեկ անգամ` դեկորատիվ տերևավոր բույսերի համար նախատեսված համալիր պարարտանյութով:
Հողախառնուրդը
Կորդիլինը կարելի է աճեցնել նաև հիդրոպոնիկ եղանակով: Իսկ հողախառնուրդը պետք է լինի թեթևակի թթվային, փխրուն, իսկ ծաղկամանը լավ դրենաժ ապահովի։
Նորր, քիչ ավելի մեծ ծաղկաման բույսը տեղափոխում են 2-3 տարին մեկ։ Ծաղկամանի տակից դուրս եկած արմատները կարող են ազդանշան ծառայել տեղափոխման համար։
Ծաղկելը և էտը
Կորդիլինը սենյակայում պայմաններում շատ հազվադեպ է ծաղկում:
Երբ կորդելինը շատ է ձգվում, այն կտրում են՝ կտրվածքը մշակելով մանրացված ակտիվացված ածուխով։ Էտը նպաստում է նոր ճյուղերի ձևավորմանը, ինչը թույլ է տալիս պահպանել բույսի գրավիչ տեսքը: Կտրված գագաթները կարելի է արմատավորել:
Բազմացում սերմերով
Սորտային բույսերի սերմերից աճեցված կորդելինները կորցնում են իրենց մայրական հատկությունները։ Սերմերը ցանում են մարտին ավազից և ճմահողից կազմված հողախառնուրդի մեջ:
Սերմերը շատ անհավասար են ծլում. առաջին ծիլերը հայտնվում են մեկ ամսից, վերջինները՝ երեք ամսից:
Բազմացում կտրոններով
Կորդելինը կարող է բազմացվել գագաթային կամ ցողունային կիսափայտացած, առնվազն 7 սմ երկարությամբ կտրոններով։ Կտրոնները մշակում են արմատակալումը խթանող նյութով ու տնկում ավազից ու տորֆից կազմված խառնուրդի մեջ։ Տնկարկը ծածկում են թափանցիկ թաղանթով, պահում են 20-22 աստիճան ջերմաստիճանում և հաճախ ցողում։
Արմատավորումը տեղի է ունենում մեկ ամսվա ընթացքում: Արմատավորված տնկաշիվերը տեղափոխում են փոքր ամանների մեջ:
Բազմացում արմատային ընձյուղներով
Եթե կորդելիը ունի կողային ընձյուղներ (ձագուկներ), երբ դրանք մի փոքր մեծանան, հեշտությամբ կարելի է առանձնացնել և տեղափոխել առանձին ծաղկամանի մեջ։
Վնասատուներ, հիվանդություններ և հնարավոր խնդիրներ
Կորդելինի վրա կարող են հարձակվել վահանակիրները, ուտիճները, սարդոստայնային տիզը, տրիպսները և ալրատիզը։
ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>
- Եթե ցողունի ներքևի մասը փտել է՝ շատ ջրելու հետևանք է։
- Տերեւների վրա թեթև չորացող բծեր կան՝ արևայրուք։
- Խայտաբղետ տերևները կանաչում են՝ անբավարար լուսավորություն, կորդելինը պետք է տեղափոխել ավելի լուսավոր տեղ և աստիճանաբար տերևները նորից խայտաբղետ կկդառնան։։
- Տերեւների վրա շագանակագույն բծեր՝ շատ ջրելու հետևանք է:
- Տերևները կորցնում են իրենց ճկունությունը, գանգուրվում և սևանում են՝ օդի ջերմաստիճանը շատ ցածր է։
- Տերևների ծայրերը և/կամ եզրերը չորանում են՝ սենյակի օդը շատ չոր է։
- Ծաղկամանի հողի մակերեսը սպիտակել է՝ կոշտ ջրով ջրելու հետևանք է, հարկավոր է զգուշորեն հեռացնել հողի վերին շերտը և փոխարինել այն նորով:
- Միայն ստորին տերևներն են թափվում՝ բնական աճի գործընթաց է: