
Քիմիոնը [Քիմոն, Ճապուռ, Զիրե](անգլ․՝ Caraway, Persian cumin, ռուս․՝ Тмин, Кмин посевной, Индийская зира, լատ․՝ Cárum cárvi) նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։
Քիմիոնը բուրավետ և անուշաբույր խոտաբույս է: Սերմերը բույսի ամենաշատ օգտագործվող մասն են՝ օգտագործվում են որպես համեմունք, սակայն բույսի բոլոր մասերն են ուտելի:
Քիմիոնի սերմեր աճեցնելը որոշակի համբերություն է պահանջում, քանի որ բույսը երկամյա է և, ինչպես գազարը, սերմ է տալիս աճի երկրորդ տարում:
Առաջին տարին բույսի բարձրությունը հասնում է մոտ 20 սմ-ի, ունի գազարին նմանվող սաղարթ և երկար արմատ: Երկրորդ տարում բույսը եռապատիկ մեծանում է չափերով, և սաղարթը դառնում է ավելի փետրավոր՝ հաստ ցողուններով: Հովանոցների վրա հայտնվում են սպիտակ փոքրիկ ծաղիկներ, որոնք բացվում են մայիսին և մնում են մինչև ամառվա վերջ։ Ծաղկած ծաղիկները տալիս են փոքր կոշտ շագանակագույն սերմեր՝ քիմիոնի համեմունք, որը շատ երկրների խոհանոցների կարևոր համեմունք է:
Քիմիոն աճեցնելը
![]() | Լույսը Ցանել արևկող տեղում։ Լույսի պակասի դեպքում կարող է աճի միայն երրորդ տարում ծաղկել։ |
![]() | Օդի ջերմաստիճանը Զով եղանակ սիրող բույս է, բայց դիմանում է թե՛ ցրտին, թե՛ շոգին։ Ձմռանը, մուլչապատ վիճակում կարող է դիմանալ -30°C։ |
![]() | Օդի խոնավությունը Շատ խոնավ կլիման նպաստավոր չէ, հարմար է 35-40% օդի խոնավությունը։ |
![]() | Ջրելը Կանոնավոր, չափավոր։ |
![]() | Սնուցումը Թեթևակի պարարտացնում են, երբ բույսերը հասնում են 7-8 սմ բարձրության և հաջորդ անգամ, երբ ծաղկում է: Սեզոնի կեսին բույսի շուրջը կոմպոստ են փռում: |
![]() | Հանգստի շրջանը Ձմռանը |
![]() | Հողը/Հողախառնուրդը Թեթև, պարարտ հող։ pH 6.0 – 7.0 |
![]() | Ծաղկամանը Պետք է առնվազն 20,3 սմ խորությամբ կոնտեյներ: Բույսն ունի ուղղահայաց արմատ և այնքան էլ լավ չի աճում կոնտեյների մեջ։ |
![]() | Բազմացնելը Սերմով։ Կարելի է ցանել աշնանը կամ գարնանը։ Սերմերը սկսում են ծլել օդի +8°C ջերմությունից սկսած։ |
Ցանելը
Քիմիոնը ավելի լավ է անմիջապես դրսում ցանել՝ վաղ աշնանը: Գարնանացանի դեպքում էլ նախընտրելի է անմիջապես այգում ցանել՝ տեղափոխելիս արմատը չվնասելու համար։ Տեխնիկապես քիմիոնի սածիլներ էլ կարելի է աճեցնել, բայց դրանք վաղ և զգուշորեն պետք է տեղափոխել այգի՝ մինչև արմատի մեծանալը։
Սերմերը ցանում են 5-10 մմ խորությամբ: Եթե բույսն աճեցվում է որպես բանջարեղեն, ապա միմյանցից հեռավորությունը պետք է 20 սմ լինի: Սերմերի համար աճեցնելիս, մի քիչ ավելի հեռու։
Ընթացքը
Քիմիոնը աճում է գազարի պես: Աճի առաջին տարում բույսն հասնում է մոտ 20 սմ բարձրության: Հաջորդող գարնանը մաղադանոսի արմատի նման արմատից սկսվում է նոր գարնանային աճ: Ամռան սկզբին բույսը իր ծաղկի ցողունը հասցնում է մոտ 60 սմ բարձրության:
Բերքահավաք
Աղցանների կամ ապուրների համար, մատղաշ, ուտելի տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել ամռանը։ Երկրորդ տարվա աշնանը, ծաղկելն ավարտելուց մոտ մեկ ամիս անց, հավաքում են սերմերի գլուխները, փռելով շորի վրա չորացնում են, այնուհետև թափ են տալիս թղթե տոպրակի մեջ՝ սերմերն առանձնացնելու համար։ Սերմերը պահում են ապակյա տարայի մեջ՝ զով, մութ տեղում:
Քիմիոնի արմատները նույնպես կարող են փորվել երկրորդ տարին և օգտագործվել որպես արմատապալարային բանջարեղեն: