ԱՐԵՎԵԼՅԱՆ ԽՈՒՐՄԱՅԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Արևելյան խուրման (անգլ.՝ Kaki, ռուս.՝ Хурма́ восто́чная, լատ.՝ Diospyros kaki) էբենազգիների ընտանիքի պտղատու, սաղարթավոր ծառ է։ Երկտուն կամ միատուն բույս է։ Հայրենիքը Չինաստանն է։ Հայաստանում աճող մերձարեւադարձային կուլտուրաներից ամենացրտադիմացկունն է: Ուժեղ աճող, տերեւաթափ ծառատեսակ է, բազմանում է ստրատիֆիկացված սերմերով եւ աչքապատվաստով` կովկասյան խուրմայի սերմնաբույսերի վրա, ապրում է 60-70 տարի:
Սերմերից աճեցրած ծառը ավելի դիմացկուն է, բայց բերքատվության է անցնում 5-6 տարուց հետո, պատվաստած ծառը` երկու երեք տարուց հետո, սակայն պատվաստի ժամանակ կեղեւում եղած դաբաղանյութերը խանգարում են կպչողականությանը: Մասնագետները պատվաստը կատարում են շատ արագ, որի շնորհիվ ապահովում են բարձր կպչողականություն: Սաղարթը բրգաձեւ է կամ գնդաձեւ, մեկ տարեկան ճյուղերի հիմքից հաշված 3-6-րդ բողբոջներից առաջացած ընձյուղների վրա հիմնադրվում են ծաղկաբողբոջները, որոնք հաջորդ գարնանը ծաղկում եւ բերք են տալիս: Դրանից վերեւ գտնվող բողբոջներից գոյանում են աճող, չպտղաբերող շվերը:
Արեւելյան խուրման ձեւավորում են 5-ճյուղանի կամ նոսրացած հարկային համակարգով:
Բունը թողնում են 60-70սմ բարձրությամբ, դրանից վերեւ ստեղծում են 4-5 կմախքային ճյուղեր եւ մեկ ուղեկցող: Այնուհետեւ ձեւավորում են մյուս պտղատու տեսակների նման: Պտղաբերող ծառերը էտում են ամեն տարի, ընդ որում նոսրացման կարգով հեռացնում են անցյալ տարվա պտղաբերած ճյուղերը, չորուկները եւ սաղարթը խտացնող ավելորդ ճյուղավորումները, թույլ կարճացնում են մեկ տարեկան ճյուղերը 6-րդ բողբոջից աճի նոր վերելք ստեղծելու եւ պտղաբերող ճյուղերի թիվը ավելացնելու համար:
Արեւելյան խուրման ուշ է ծաղկում եւ գարնանային ցրտահարություններից չի տուժում, սակայն ամառային կիզիչ շոգն ու օդի չորությունը որոշ չափով բացասաբար են անդրադառնում: Պտուղները խոշոր են (100-400գ), կլորավուն կամ տափակ, հասունանում են հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին եւ պահվում են մինչեւ մարտ, պարունակում են 10-14% շաքարներ (չորացրած վիճակում 60% եւ ավելի), վիտամիններ, կարոտին, օրգանական թթուներ: Ըստ պտղամսի գույնի եւ տտիպության, կապված փոշոտման ու սերմերի քանակության հետ, սորտերը բաժանվում են երեք խմբի`
– Կայուն սորտեր, որոնց պտղամսի գույնը չի փոփոխվում փոշոտումից եւ տալիս են քաղցր ոչ տտիպ) պտուղներ: Այս խմբին են պատկանում Չինեբուլի եւ Փույու սորտեր:
– Կայուն սորտեր, որոնց պտղամիսը գույնը չի փոխում փոշոտումից, բայց տալիս են (տտիպ պտուղներ (Խաչիա սորտը):
– Փոփոխվող սորտեր: Առանց փոշոտման գոյացած պտուղները բաց դեղնավուն են և տտիպ, իսկ փոշոտումից առաջացածների պտղամիսը (եթե պարունակում են չորսից ոչ պակաս սերմեր) ունենում է մուգ գորշ գույն ու քաղցր է, նույնիսկ խակ վիճակում:
Հայաստանում շրջանացված են արեւելայն խուրմայի Զենջի Մարու, Խիակումե եւ Խաչիա սորտերը:
Խիակումե
Պտուղները 300-400գ. քաշով են, կլոր կամ կլորավուն տափակ ձեւի, հյութալի, քաղցր, փոշոտվածները սերմերով մուգ շագանակագույն, փոշոտված պտուղների պտղամիսը տտիպ չէ, դաբաղանյութերը բացակայում են, մուգ նարնջագույն է, հատուկ մուգ դարչնագույն գծերով, հաճելի համով, թելավորություն չի զգացվում: Այսպիսի պտուղներն անվանում ենՙԿորոլյոկ՚: Չփոշոտվածներն առանց սերմերի` բաց դեղնավուն, դոնդողանման, հյութալի, հալվող, քաղցր, լավ որակի, լրիվ հասունացման ժամանակ տտիպ չէ, կանաչ եւ չհասունացած վիճակում` խիստ տտիպ: Պտուղն այս վիճակում սերմեր չի պարունակում: Այս սորտը համեմատաբար ցրտադիմացկուն է, ծաղկում է հունիսին, փոշոտվելիս աննշան չափով թափվում են վարսանդները եւ պտուղները: Պտուղները հավաքում են հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին, փոխադրունակ են եւ պահունակ: Ծաղիկներն իգական են, արական ծաղիկներ չունի: Պտղի միջին քաշը 195գ է: Պտուղները խնձորանման են, կլորավուն, մասամբ` տափակ: Յուրաքանչյուր ծառի վրա, պտուղների ձեւը տարբեր է, փոփոխական, կախված սերմերի քանակից եւ դասավորությունից, պտղի գագաթը կլոր է, սեւ կետով կամ շրջանագծերով, իսկ հիմքը փոս ընկած կամ համարյա հավասար:
Զենջի-մարու (շոկոլադնայա)
Այս սորտը ներմուծված է Նիկիտսկի պետական բուսաբանական այգուց, տարածված է Հայաստանի հյուսիսարեւելյան գոտում: Ծառը փոքր է, պտուղները 150գ քաշով, գնդաձեւ, քաղցր: Հանդիսանում է լավ փոշոտիչ Խիակումե եւ մյուս սորտերի համար: Ծառերը միջին մեծության են: Սաղարթը գնդաձեւ: Պտուղները մանր են` 50-55գ քաշով: Դրանց ձեւը ավելի հաճախ կլորավուն է, հազվադեպ է քիչ երկարավուն-կլոր: Հասունացած պտուղների մաշկը բարակ է, կոպիտ, մուգ նարնջակարմիր, համատարած քիչ մոխրագույն մոմափառով: երհասունացած վիճակում տտիպ չեն: Այս տեսակը բավական ցրտադիմացկուն է, ծաղկում է հունիսին, ինքնափոշոտվող է: Պտուղները հասունանում են հոկտեմբերի 2-րդ կեսին եւ նոյեմբերի առաջին տասնօրյակում: Փոխադրունակ է: Սորտը համարվում է լավ փոշոտիչ մյուս սորտերի համար:
Փույու
Ծառը միջին աճեցողության է, խաչաձեւ փոշոտվող: Պտուղները 200 եւ ավելի գրամ քաշով, քաղցր ուտվում են նաեւ չհասունացած վիճակում:
Խաչիա
Ծառն ուժեղ աճող է, պտղաբերում է առանց փոշոտման: Պտուղները 300-400գ քաշով են, լրիվ հասունացման ժամանակ շատ քաղցր եւ արժեքավոր են հատկապես չորացման համար:
Չինեբուլի (պրեւոսխոդնի)
Ծառը ուժեղ աճող է, ունի կոմպակտ պսակ եւ պտղաբերում է առանց փոշոտման: Պտուղները 250 գրամ քաշով են, տափակավուն, պտղամիսը քաղցր է եւ օգտագործվում է լրիվ չհասունացած վիճակում: Տալիս է նաեւ բարձրորակ չիր:
Կովկասյան խուրմա
Հայաստանում տարածված է Ալավերդու, Իջեւանի, Նոյեմբերյանի եւ Կապանի տարածաշրջաններում, վայրիացած վիճակում: Ծառերը գեղեցիկ են, բրգաձեւ սաղարթով, ապրում են 100 տարի եւ ավելի աճը շատ ուժեղ է, հասնում է 25 մ բարձրության: Կեղեւը մոխրագույն է, տերեւները միջակ մեծության, օվալաձեւ-երկարավուն, երկտուն բույս է, երբեմն լինում է միատուն: Բազմանում է սերմերով: Խուրմայի պտուղները լինում են մանր, մինչեւ 2-2,5սմ տրամագծով: Պտղաբերում են ամեն տարի եւ տալիս են առատ բերք: Պտուղներն օվալագնդաձեւ կամ կլոր տափակավուն են, գույնը սկզբում կանաչ, իսկ հասունանալիս` դեղնանարնջագույն, բայց այդ վիճակում դեռեւս ուտելու համար պիտանի չէ: Աշնանը պտուղները սկսում են փափկել, փոխելով իրենց գույնը, դառնում են կապտասեւ գույնի` արծաթագույն խավով պատած, ունի մեղրի համ: Պտուղները լայն չափով օգտագործվում են բնակչության կողմից:
Արեւելյան խուրմայի (արքայախնձորի, արքայանարնջի, կորոլյոկի) մշակության եւ բազմացման մի քանի առանձնահատկություններ
Գոյություն ունեն արեւելյան խուրմայի մշակության մի շարք առանձնահատկություններ, որոնց կիրառմամբ բարձրանում է բերքատվությունը, ավելանում է ծառերի երկարակեցությունը, ստացվում են որակյալ պտուղներ, ծառերը խույս են տալիս գարնանային ցրտահարությունից եւ, վերջապես, ապահովվում է խոշոր պտուղներով ամենամյա բերք:
Արեւելյան խուրման ժողովրդի կողմից ամենասիրված եւ գնահատվող պտղատեսակներից է, այն օգտագործվում է թարմ եւ չոր վիճակում, օգտակար է եւ պարունակում է մեծ քանակությամբ ջուր, շաքարներ` գյլուկոզայի եւ ֆրուկտոզայի ձեւով, օրգանական թթուներ, վիտամին C, կարոտին, երկաթ, լուսածին (ֆոսֆոր), յոդ, տանին, տտպող նյութեր: Գրականության մեջ նշվում է <<դիոսպիրոսե>> անվանումը, որը լատիներենից թարգմանաբար կոչվում է աստվածների կերակուր:
Արքայախնձորը լավ աճում է Մեղրու, Կապանի, Իջեւանի, Թումանյանի տարածաշրջաններում, ինչպես նաեւ Ղարաբաղի ցածրադիր գյուղերում` ծովի մակերեւույթից 400-700մ բարձրության վրա:
Տնկարանի կազմակերպումը – Աշնանը` նոյեմբեր ամսին, հավաքում ենք վայրի Կովկասյան կամ Վիրգենյան տեսակների սերմերը, 15-20 օր պահելուց հետո առանձնացնում ենք սերմերը պտղամսից, չորացնում եւ պահում մինչեւ հունվար ամիսը: Հունվարի երկրորդ կեսին սերմերը խառնում ենք մաքուր, լվացված ավազի հետ` 1:6 հարաբերությամբ, լցնում որեւէ ամանի մեջ, որը պետք է ներքեւի մասից անցքեր ունենա, թրջում եւ դնում ստրատիֆիկացիայի: Ավազախառը սերմերը պետք է միշտ խոնավ լինեն եւ պահվեն 10-15օC-ում, նկուղում: Մեր պայմաններում մարտի սկզբին, նկուղում պահված սերմերը սկսում են ծլել: Ավազախառը զանգվածը զգուշորեն լվանում ենք հոսող ջրի տակ, որպեսզի ծիլերը չվնասվեն: Սերմերը պատրաստ են ցանքի համար:
Ցանքը կատարում ենք արեւոտ, նախապես պարարտացված, ավազակավային մեխանիկական կազմով հողերում: Կարեւոր է ցանքի ժամանակ սերմերի խտության պահպանումը` շարքը շարքից 70-80 սմ եւ սերմը սերմից 2-2.5 սմ հեռավորության վրա: Հունիս ամսին կատարում ենք նոսրացում այն հաշվով, որպեսզի պահպանվի միջբույսային նորմալ հեռավորությունը: Հետագա գյուղատնտեսական աշխատանքները` քաղհան, փխրեցում, ոռոգում, սնուցում, կատարում ենք ըստ պահանջի`1գծմ-ից կարելի է ստանալ 20-25 ստանդարտ տնկի: Կարելի է կատարել նաեւ շախմատաձեւ, խտացված ցանք` նույն տարածքից ավելի շատ տնկի ստանալու համար:
Ցանքը կարելի է կատարել նաեւ սերմերը առանց ստրատիֆիկացիայի դնելու` նոյեմբերի սկզբին եւ լավ ոռոգել:
Տնկարանի հետ կապված հետագա աշխատանքները` պատվաստում, պատվաստի թուլացում, վայրակների հեռացում եւ այլն կատարում ենք հաջորդ տարի: Կապված գարնան զարթոնքի հետ, երբ դեռ բողբոջները քնած են, մայր դաշտի առողջ ծառերից կտրում ենք անհրաժեշտ քանակի կտրոններ: Կտրոնները պետք Է լինեն միջին հաստության (ծայրամասից եւ հիմքից կտրոններ չենք վերցնում):
Պատվաստի համար վերցրած կտրոնները կապում ենք խրձիկներով (յուրաքանչյուրում 30-40հատ) եւ ձիգ փաթաթում փայլաթիթեղով այնպես, որ բաց տեղ չլինի ու դնում ենք սառնարանի ներքեւի մասում: Պատվաստի աշխատանքները սկսելուց 2-3 ժամ առաջ սառնարանից հանում ենք խրձիկները, վերցնում անհարաժեշտ քանակով կտրոններ, հիմքի մասից հեռացնում ենք 2-3սմ եւ հիմքի մասով դնում ջրով լցված ամանի մեջ այնպես, որ 3-4սմ լինի ջրի մեջ: Ջրի մեջ1-1,5 ժամ պահելուց հետո սկսում ենք պատվաստի գործողությունը: Օգտագործում ենք միայն առողջ աչքեր:
Պատվաստակալի հյութաշարժությունը պետք Է սկսված լինի, որպեսզի կեղեւը ազատ բացվի: Բարձր կպչողականություն ապահովելու համար պետք Է վերցնել հաստ կտրոնից (պատվաստացուից) եւ հակառակը: Հետագա աշխատանքները տնկարանում նույնն են, ինչպես մյուս ծառատեսակների համար:
Արեւելյան խուրմայի տնկիների բազմացման գործում մեծ ներդրում ունեն մեղրեցիներ, գյուղատնտեսներ Յուրիկ Առաքելյանը, Ավետիք Արիստակեսյանը, Գեւորգ Մարգարյանը, մանկավարժ Արտաշես Ասլանյանը եւ շատ ուրիշներ, որոնց տնկարաններոմ աճեցված տասնյակ հազարավոր տնկիներ արդեն բերք են տալիս Ղարաբաղում, Կապանում, Իջեւանում եւ այլ վայրերում: Հիշյալ մարդկանց սերունդները եւ հարազատները այժմ էլ զբաղվում են տնկարանային տնտեսությամբ:
Մեղրու տարածաշրջանում այժմ մշակվում են արեւելյան խուրմայի 6 տեսակ, որոնցից են Խիակումեն (կարալյոկ), Ջենջի-մարուն, Խաչիան: Ամենամեծ մենածառերն արդեն 50–55 տարեկան են, նրանցից յուրաքանչյուրը կարող է 400-600կգ բերք տալ, եթե պահպանվի խնամքի ագրոտեխնիկան:
Արեւելյան խուրման պետք է պարարտացնել ազոտական, կալիումական, ֆոսֆորական եւ օրգանական պարարտանյութերով (գոմաղբ, կոմպոստ, կենսահումուս, կենսապարարտանյութեր): Խիստ կարեւոր է ուշ աշնանային ոռոգումը բերքահավաքից հետո: Բերքատվության համար կարեւոր է նաեւ միջշարային եւ միջբուսային հեռավորության պահպանումը` Մեղրու պայմաններում նպատակահարմար է շարքը շարքից 8մ եւ ծառը ծառից 6մ հեռավորությունը: Մեղրեցին միջշարքային տարածությունն օգտագործում է բանջարեղենի մշակության համար, իսկ միջծառային տարածություններում տնկում են նռնենի եւ դեղձենի, որոնք 5-6 տարի բերք են տալիս` չխանգարելով արքայախնձորի աճին:
Մեղրու բնակլիմայական պայմանները բարենպաստ են արեւելյան խուրմայի համային հատկանիշների ձեւավորման համար, այն շատ քաղցր է: Մեղրու բերքը տեղափոխման համար հարմար է, պահպանում է իր գեղեցիկ տեսքը նաեւ սառնարանային պայմաններում: Բերքահավաքը կատարում ենք ընտրովի, պտուղները կարող են մեծանալ միչեւ 250-300գ:
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԽՈՒՐՄԱՅԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԸ, ՊԱՅՔԱՐԸ ՆՐԱՆՑ ԴԵՄ
Մեղրիի կեղծ վահանակիր
Ուժեղ վարակվածության դեպքում մեկը մյուսին խիստ սեղմված էգերի գաղութները լայն շերտով ծածկում են ծառերի ճյուղերը եւ նրանց չորացման պատճառ դառնում: Մարտի վերջին, ապրիլի սկզբին, թրթուրները դուրս են գալիս ծածկույթից եւ մաշկափոխվում: Արուները թռչում են ապրիլի վերջին, մայիսի սկզբին, այդ ժամանակ էլ տեղի է ունենում բեղմնավորություն եւ ձվադրություն: Հունիսի կեսին դուրս եկած թրթուրները տարածվում են ճյուղերի եւ շվերի վրա: Տարեկան տալիս է մեկ սերունդ:
Պայքարի միջոցառումներ
Հաշվի առնելով նրանց բաց կյանքի անցնելու ժամանակահատվածը` նպատակահարմար է քիմիական պայքարի աշխատանքները կատարել հունիսի 2-րդ տասնօրյակում` հետեւյալ պրեպարատներից որեւէ մեկով.
* БИ-58 Նոր 2 լ/հա (10 լ ջրում 20-25 մլ) կամ
* Դեցիս 0.5 լ/հա (10 լ ջրում 5-8 մլ) կամ
* Դուրսբան 2 լ/հա (10 լ ջրում 20-25 մլ):
Արեւմտյան տարազույգ կեղեւակեր
2-3 մմ երկարության վնասատուներ են, տարածված են ամենուրեք, վնասում են ինչպես մշակովի, այնպես էլ անտառային ծառատեսակները: Կենսակերպը ուսումնասիրված չէ: Տալիս է մեկ սերունդ:
Պայքարի միջոցառումներ
* БИ-58 Նոր 2 լ/հա (10 լ ջրում 20-25 մլ) կամ
* Դուրսբան 2 լ/հա (10 լ ջրում 20-25 մլ):
Շերտավոր պտղացեց
Թրթուները վնասում են դալար շիվերը, կրծելով մտնում են նրանց մեջ եւ փչացնում: Վնասում են նաեւ պտուղները` սնվելով նրանց մեջ: Տալիս է 3 սերունդ:
Պայքարի աշխատանքները
Առաջին սրսկումը կատարել մայիսի 2-րդ տասնօրյակում, 2-րդ` հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին:
* Սումիցիդին 1 լ/հա (10 լ ջրում 10 մլ) կամ
* Տալստար 0.6 լ/հա (10 լ ջրում 6 մլ):
Մոխրագույն փտում
Մասսայական զարգացումը եւ տարածումը նկատվում է ամառվա երկրորդ կեսերից, բարձր ջերմաստիճանի եւ խոնավության առկայության պայմաններում: Առաջին հերթին վարակվում են այն պտուղները, որոնք վնասված են լինում մեխանիկական եղանակով կամ վնասատուների կողմից: Վարակված պտուղները սկզբում ունեն մոխրագույն երանգավորում, հետագայում պտուղները ձեռք են բերում սպիտակ գունավորում: Վարակված պտուղների մեծամասնությունը թափվում են, իսկ ծառերի վրայի պտուղները չորանում եւ ձեռք են բերում մուգ կապույտ` սեւին խփող երանգավորում:
Պայքարի աշխատանքներ
Հեռացնել եւ ոչնչացնել թափված եւ ծառերի վրայի չորացած պտուղները: Ժամանակին կատարել վնասատուների դեմ պայքարի աշխատանքներ: Աշնանը կամ վաղ գարնանը ծառերը սրսկել բորդոյան հեղուկի 3%-անոց լուծույթով: Վեգետացիայի ընթացքում, ծաղկումից հետո 2 անգամ 15 օր ընդմիջումով սրսկել տոպսին պրեպարատի 0.2% լուծույթով (10 լիտր ջրին 20գ):
Ճյուղերի չորացում կամ ցիտոսպորոզ
Տարածված է ամենուրեք, վարակվում են հիմնականում թույլ աճ ունեցող ծառերը: Հիվանդությունն առաջացնում է որոշակի ճյուղերի կեղեւի չորացում, որի հետևանքով կարող է չորանալ նաեւ ամբողջությամբ բույսը: Վարակի հետեւանքով ծառերի կեղեւը ձեռք է բերում կարմրամոխրագույն երանգ: Կեղեւը բնափայտից անջատվում է եւ դառնում լպրծուն:
Պայքարի աշխատանքներ
Աշնանը կամ վաղ գարնանը կատարել ծառերի սրսկումներ 3% բորդոյան հեղուկով կամ 5% երկաթարջասպի լուծույթով: Վեգետացիայի ընթացքում 4 անգամ սրսկել սկորի 0.02% (10 լ ջրին 2 մլ) կամ կուպրոքսատի 0.6% (10 լ ջրին 60-70գ) կամ զատոյի 0.02% (10 լ ջրին 2-3գ) պրեպարատներից որեւէ մեկով:
Տերեւների սեւ բծավորություն
Ի հայտ է գալիս ամառվա երկրորդ կեսերից: Վարակվում են տերեւները առաջացնելով սև բծավորություն, տերեւները չորանում եւ թափվում են:
Պայքարի աշխատանքներ
Բների շրջակայքի փոր, սպիտակեցում, թափված տերեւների եւ պտուղների հեռացում ու ոչնչացում:
Աշնանը եւ վաղ գարնանը սրսկել բորդոյան հեղուկի 3% լուծույթով: Վեգետացիայի ընթացքում 2 անգամ սրսկել տոպազի 0.05% (10 լ ջրին 5 մլ) եւ սկորի 0.02% (10 լ ջրին 2 մլ) խառնուրդը կամ 3 անգամ օքսիխոմի 0.2% (10 լ ջրին 20գ) լուծույթը :
Բոտրիտիս
Առաջացնում է պտուղների նեխում եւ զանգվածային պտղաթափ: Վարակի աղբյուր են հանդիսանում ծառերի վրա մնացած պտղաբաժակները եւ վարակված պտուղները: Հիվանդության համար նպաստավոր է բարձր խոնավությունը: Արտաքին նշաններն են պտղաբաժակի եւ պտուղների միացման տեղում հյուսվածքների շագանակագույն երանգավորումը, որը հետագայում տերեւների, ընձյուղների եւ պտուղների վրա առաջացնում է մուգ բծավորություն: Վերջինիս հետեւանքով պտուղների փայլն անհետանում է եւ պտուղները խամրած տեսք են ստանում:
Պայքարի աշխատանքներ
Հեռացնել վարակված տերեւները եւ պտուղները: Աշնանը կամ վաղ գարնանը սրսկել բորդոյան հեղուկի 3% լուծույթով: Վեգետացիայի ընթացքում կիրառել ռիդոմիլ Գոլդի 0.25% լուծույթ (10 լ ջրի մեջ 20-25գ) կամ կուպրոքսատի 0.5% (10 լ ջրի մեջ 50-60գ) լուծույթներից որեւէ մեկը` 2 անգամ 15-20 օր ընդմիջումով:
Նյութը վերցված է այստեղից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *