Գետնաելակը (անգլ.՝ Strawberries, ռուս.՝ Земляника, լատ.՝ Fragaria), գետնամորի, ելակ, իծամորի, ոչխարի մորի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30-35), Հայաստանում՝ 3 տեսակ՝ գետնաելակ անտառային (F. vesca), գետնաելակ կանաչ (F. viridis) և գետնաելակ անանասի (F. ananassa)։ Վերջին տեսակը, որին անվանում են ելակ, իր բազմաթիվ սորտերով տարածված է միայն մշակության մեջ՝ գրեթե բոլոր մարզերում։ Վայրի վիճակում տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերում։