Ավոկադոն, ավոկադենին (լատ.՝ Persea americana) մշտադալար պտղատու բույսերի տեսակ է, պատկանում է Lauraceae ընտանիքին: Ավոկադոյի պտուղները հարուստ են վիտամիներով և կարևոր հանքային նյութերով:
Ավոկադոյի կորիզը, որը ամբողջ պտղի քաշի մոտ կեսի կշիռն ունի, որպես կանոն դեն է նետվում: Սակայն դրանից կարելի է աճեցնել ավոկադոյի նոր լիարժեք ծառ, եթե իհարկե բնակլիմայական պայմանները թույլ տան, կամ սենյակային բույս: Որպես սենյակային բույս էլ ավոկադոն բավականին ոչ խստապահանջ է և առանձնահատուկ խնամքի կարիք չի զգացվում:
Աճեցման փուլերը
Նախ պետք է ընտրել և վերցնել արդեն հասած ավոկադոյի կորիզը և լվանալ: Շագանակագույն կլեպը կարելի է հանել, միևնույն է այն շուտով կքայքայվի: Այնուհետև պետք է կորիզը կախել բաժակում լցված ջրի մեջ՝ տափակ մասով դեպի ներքև: Ամենահեշտ ձևը կորիզը՝ իր բարձրության կեսից 2-3 մմ վերև, երեք տեղից ատամի չոփիկներով ծակելն է և դրանց վրա հենելը: Եթե չոփիկները չեն ծակում կորիզի կեղևը, կարելի է բարակ շաղափով մինչև 5 մմ խորությամբ անցքեր բացել:
Անհրաժեշտ կլինի սպասել 3 շաբաթից 3 ամիս մինչև կորիզի ճեղքվելը, այնպես որ բաժակը պետք է դնել երևացող տեղ և համարյա ամեն օր ջուր ավելացնել՝ այնպես, որ ջուրը 1-2 մմ ներքև լինի չոփիկների անցքերից:
Կորիզի ճեղքվելը նշան է, որ կորիզն արթնացել է և սկսում է ծլել: Ուրեմն պետք է կորիզը տեղափոխել և նույն դիրքով տնկել ոչ մեծ ծաղկաթաղարի հողի մեջ: Ծաղիկների համար նախատեսված սովորական հողախառնուրդը լիովին կբավարարի ավոկադոյի աճման պայմաններին: Կարելի է օգտագործել նաև այգուց վերցված սովորական հող:
Կորիզի կեսը թողնում ենք հողից դուրս: Աճեցման ողջ ընթացքում ջրելը պետք է լինի չափավոր, բայց հողը երբեք չպետք է չորանա, ուստի լավ դրենաժ պետք է լինի:
Մեկ, երկու շաբաթից կհայտնվի կարմրավուն ծիլը և կսկսի արագ աճել՝ օրական մոտ 1 սմ:
Ավոկադոյի խնամքը
Ավոկադոն արևադարձային բույս է, ուստի սիրում է խոնավ միջավայր: Տերևների հաճախակի ծողումը ջրով թույլ կտա բույսի համար բնականին մոտ պայմաններ ապահովել սենյակում: Եթե տերևները սկսում են չորանալ, ուրեմն օդը սենյակում շատ չոր է: Սենյակում ծառին հատկացված տեղը պետք է լինի լուսավոր, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների տակ, որոնք կարող են այրվածքների պատճառ դառնալ: Օդի ջերմաստիճանը չպետք է նվազի +12 աստիճանից:
Սկզբում ավոկադոն զարմանալիորեն արագ է աճում՝ առաջին 3 ամսում մոտ 50 սմ: Հետո աճը մի քիչ դանդաղում է: Ձևավորվում են մոտ 35 սմ երկարության, գեղեցիկ տերևներ: Երբ ծառը հասնի ձեզ անհրաժեշտ/հարմար բարձրության, անհրաժեշտ է գագաթը կտրել, որպեսզի կողային ճյուղեր սկսեն աճել:
Մեծ չափերի ավոկադենի աճեցնելու համար անհրաժեշտ է տարին մեկ ծառը տեղափոխել ավելի մեծ թաղարի մեջ և նորացնել հողը: Երբեմն ծառը կարող է տերևաթափ լինել, բայց դա չի նշանակում, որ ծառը մահացել է: Շարունակեք խնամքը նույն ձևով և շուտով նոր տերևներ կգոյանան:
Բնության մեջ ավոկադոն հասնում է 17 և ավելի մետր բարձրության: Բնականաբար, տանը նման աճի համար տեղ ապահովելն անհնար է: Վաղ թե ուշ ծառը կմահանա, բայց, մինչ այդ, մի քանի տարի կգեղեցկացնի ձեր բնակարանը իր փառթամ տերևներով և, չի բացառվում, ծաղիկներով: Իսկ պտուղներ սպասե սենյակային պայմաններում չարժե: