ՇՇԱԴԴՈՒՄ

Շշադդումը (անգլ․՝ Calabash, Bottle gourd, ռուս․՝ Лагенария, լատ․՝ Lagenaria siceraria), դդմազգիների (Chenopodiaceae) ընտանիքի Lagenaria ցեղի Vulgaris ընտանիքին պատկանող միամյա, միատունկ մշակաբույս է։

Շշադդմի պտուղները կարող են ունենալ տարբեր չափսեր և ձևեր, մասնավորապես՝ շշաձև, երկարավուն, գլանաձև և այլն։ Լրիվ հասունացման շրջանում պտղի ներքին հյուսվածքները չորանում են, արտաքին պատը փայտանում է, կարծրանում և ամրանում։ Սննդի համար պիտանի են երկարավուն պտուղներով բույսերը՝ միայն մատղաշ վիճակում։

Շշադմի հայրենիքը համարվում է Հարավային Աֆրիկան, ըստ որոշ դիտարկումների նաև Հնդկաստանը և Միջին Ասիան։ Չինաստանում շշադդումը սկսել են մշակել շուրջ 2000 տարի առաջ։

Պտուղների երկարությունը հասնում է 1,5-2 մետրի, քաշը 3-7 կգ։ Պտղից պատրաստում են աղցաններ, տարբեր սոուսներ, պյուրե, խավիար և բլիթներ։ Թերհաս պտուղը, ինչպես դդմիկի դեպքում, տապակում են, թթու դնում, մսով և բրնձով լցոնում, կամ չորացնում են։

Շշադդումը մագլցող բույս է, ուստի հենարաններ կամ թառմա են սարքում, կամ ցանում են ծառերին, ցանկապատերին մոտ։

Շշադդմի ծաղիկները խոշոր են, սպիտակ և բացվում են օրվա երկրորդ կեսին, լրիվ բացվում են երեկոյան ժամերին, երբ շրջակայքում միջատները քիչ են։ Այս պատճառով, լավ բերք ստանալու համար անհրաժեշտ է արհեստական փոշոտում անել, քանի որ բույսը խաչաձև փոշոտվող է։ Մեկ բույսից կարող է ստացվել մինչև 30 կգ բերք։ Սերմ ստանալու համար սովորաբար թողնում են առաջին պտուղները, որոնք հասունանում են աշնանը։ Սերմերը պահում են օդի 16-20 °C ջերմության պայմաններում։ Կեղևն ամրանալուղց հետո սերմերը կտրում-հանում են։

Շշադդմի պտղի գագաթնային մասը հեռացնելով և սերմնազատելով կարելի է այն օգտագործել որպես կճուճ կամ այլ ամանեղեն։

Շշադդմի երկու գլխավոր հատկանիշերը

Շշադդմի պտղի մի մասը կարելի է ծայրից կտրել ու օգտագործել, իսկ թփին մնացած մասը, ապաքինելով իր “վերքը”, կշարունակի աճել ու երկարել։ Միայն թե, կտրել պետք է չոր եղանակին, որ կտրված տեղը արագ փակվի և սնկային վարակ չներթափանցի պտղի մեջ։

Մյուս հատկանիշն այն է, որ շշադդումը շատ բարձր բերքատվություն ունի։ Երկարավուն շշադդմի պտուղնորն, օրինակ, շատ արագ են մեծանում՝ երկու շաբաթում հասնում են 1,5-1,8 մետր երկարության։

Տնկելը

Բաց գրունտում շշադդումն աճեցնում են սածիլներով կամ անմիջապես ցանելով։ Հողը նախապատրաստում են նախորդող աշնանը՝ փորում են և պարարտացնում փտած գոմաղբով, իսկ գարնանը, ձյան հալչելուց հետո, մեկ անգամ էլ են փխրեցնում հողը և, վերին շերտի չորանալուց հետո, հարթեցնում։

Անմիջապես գրունտում ցանելու դեպքում, այնպիսի ժամկետ են ընտրում, որպեսզի հետադարձ ցրտերը չհամընկնեն 10-15 սմ բարձրության հասած ցողունների հետ։

Սածիլները բաց գրունտ պետք է տեղափոխել մեծ զգույշությամբ՝ բույսի արմատները շատ նուրբ են լինում։ Մարգում փոքրիկ փոսիկներ են բացում, որտեղ տնկում են սածիլները։ Փոսիկների միջև պետք է լինի առնվազն մեկ մետր հեռավորություն։

Շշադդմին լավ, պայծառ լուսավորություն է անհրաժեշտ, իսկ հողը պետք է պարարտ ու ոչ թթվային լինի։ Տնկելուց հետո ջրում են գոլ ջրով՝ մեկ բույսին մոտ մեկ լիտր ջուր ապահովելով։

Ուշադրություն։ Բաց գրունտի պայմաններում, արաջին շաբաթվա ընթացքում պետք է պաշպանել բույսը կիզիչ արևից։

Խնամքը

Խնամքը պետք է սկսել սածիլը բաց գրունտ տեղափոխելու օրվանից։

  1. Անմիջապես տնկելուց հետո պետք է չոր, փտած գոմաղբով կամ տորֆով մուլչապատել ցողունի շուրջը։
  2. Անհրաժեշտության դեպքում, գիշերները պետք է ջերմամեկուսացնել ողջ բույսը՝ ընդհուպ մինչև ծաղկելը։
  3. Երբ թուփը հասնի մինչև մեկ մետր բարձրության, անհրաժեշտ է հետագա աճի համար հենարան ապահովել։
  4. Երկու մետր բարձրության հասնելուց հետո գագաթը կարելի է կտրել։ Որպեսզի պտուղները պինդ ու մեծ լինեն, կարելի է նոսրացում անել՝ հեռացնել որոշ ճյուղավորումներ ու սերմնարաններ։
  5. Շշադդմին փոշոտում են միջատները, բայց լավ բերք ստանալու համար անհրաժեշտ է արհեստականորեն փոշոտել։ Պտուղները լիովին հասունանում են փոշոտումից 1,5-3 ամիս անց։
  6. Վեգետացիոն ողջ շրջանում անհրաժեշտ է փխրեցնել հողը՝ լավացնել թթվածնի հոսքը դեպի արմատները։
  7. Ջրել պետք է ամեն օր, գոլ ջրով։

Սնուցումը

Խորհուրդ է տրվում երկու շաբաթը մեկ լրացուցիչ սնուցում ապահովել շշադդմի համար՝ հողը հաջորդաբար պարարտացնել օրգանական և ոչ օրգանական պարարտանյութերով։ Սերմնարանների սաղմնավորման ժամանակ, շատ արդյունավետ է փայտի մոխիրով պատրաստված լուծույթով ջրելը։ 10 լիտր ջրին 2 բաժակ մոխիր են խառնում։

Բազմացումը

Սածիլներ սկսում են աճեցնել մարտ-ապրիլին։ Սերմերը նախապես, մեկ օր թրջում են։ Ցանում են օրգանական նյութերով ոչ շատ հագեցած հողում՝ երեք սանտիմետր խորությամբ։ Առաջին ծիլերը հայտնվելուց հետո, դրանք տեղափոխում են առանձին ծաղկամաններ։ Սածիլների հետագա խնամքը չի տարբերվում սովորական դդմի խնամքից։ Սածիլները բաց գրունտ տեղափոխելու համար պատրաստ են լինում 35-40 օրից։

Հիվանդություններ և վնասատուներ

Այլ դդմազգիների համեմատ շշադդումն ավելի կայուն է հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ։ Ճիշտ խնամքը, պտուղների մեկուսացումը հողից և գռունտը չճահճացնելը կազատեն ձեզ համարյա բոլոր խնդիրներից։ Պետք չէ շշադդում աճեցնել այն տեղում, որտեղ մինչ այդ աճեցրել եք վարունգ, դդմիկ, դդում կամ այլ դդմազգիներ։ Լավագույն նախորդող մշակաբույսերն են՝ կաղամբը, կարտոֆիլը, այլ պալարային մշակաբույսերը, լոբազգիները և սոխը։

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *