Ձիաձետ

Ձիաձետ (անգլ.՝ Horsetail, ռուս.՝ Хвощ, լատ.՝ Equisetum), ձիաձետազգիների ընտանիքի սպորակիր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 30-32 տեսակ։ Բազմամյա, շատերը մշտադալար, բարձրակարգ սպորավոր խոտաբույսեր են։ Կոճղարմատը խիստ ճյուղավորված է. դրանից առանձնանում են վերգետնյա երկայնակի ակոսավոր ընձյուղներ, որոնք, ինչպես և կոճղարմատը, մասնատված են կանոնավոր հերթագայվող հանգույցների և սնամեջ միջհանգույցների։ Հանգույցներում ամփոփված են թերզարգացած տերևափնջերը։ ճյուղերը դասավորված են փնջաձև և դուրս են գալիս հանգույցներից։ Ձիաձետը կատարում են կանաչ ցողունները և ճյուղերը։ Բազմանում են սպորներով։ Հայտնի է Զիաձետի 30 տեսակ։ Տարածված է ամենուրեք (բացառությամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի)։ Մեծ մասի ցողունը բարակ է և ոչ բարձր՝ մինչև 1 մ, միայն արևադարձային հարավա-ամերիկյան սողացող հսկա (Egiganteum) ունի 12 մ բարձրություն և 3 սմ հաստություն։

Հղումներ

Թխկի

Թխկի (անգլ.՝ Maple, ռուս.՝ Клен, լատ.՝ Acer), թխկազգիների ընտանիքի տերևաթափ ենթաընտանիքի ծառերի կամ թփերի ցեղ։
Թխկու շուրջ 150 ներկայացուցիչները բնականորեն աճում են հյուսիսային կիսագնդի բարեխառն և մերձարևադարձային գոտիներում։ Դրանք տարբեր մեծության ծառեր են և խոշոր թփեր։

Տարածումը Հայաստանում

Տարածված է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի անտառներում, լեռնալանջերին, Երևանի շրջակայքում և այլն։
Հայաստանում աճում է միայն հյուսիսային անտառային շրջաններին մերձալպյան անտառներում՝ սկսած 1600 մ բարձրությունից։ Հանդիպում է հաճարենու, կաղնու, կեչու և այլ տեսակների հետ խառը։ Միջին աճեցողության ծառ է՝ մինչև 15-16 բարձրությամբ և 40-60 սմ բնի տրամագծով։
Լայն կիրառություն ունի Հյուսիսային Հայաստանի վերին գոտու անտառային մշակույթներում։ Կանաչապատման պրակտիկայում քիչ է օգտագործվում։
Հիրիկանյան թխկին մինչև 20 մ բարձրությամբ ծառ է՝ տարածված Կովկասում, Իրանում, Թուրքիայում։
Հայաստանում հանդիպում է Զանգեզուրում, Վայքում, Մեղրիում՝ սկսած 1000 մ բարձրությունից մինչև անտառի վերին եզրը։ Մաքուր ծառուտներ չի կազմակերպում, աճում է կաղնու և բոխու անտառների համեմատաբար խոնավ աճատեղերում։ Վերաճը բավարար է։ Չորադիմացկուն է, ջերմասեր, դիմանում է նաև որոշակի սառնամանիքներին։
Լուսասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Գնահատվում է նաև որպես մեղրատու։ Բնափայտը սպիտակ է, ամուր և գեղեցիկ նախշերով։ Պիտանի է անտառային մշակույթներում և կանաչ տնկարկներում օգտագործելու համար։ Գեղեցիկ կամ դուրեկան թխկին միջին աճեցողության ծառ է՝ մինչև 15մ պարձրությամբ և 40-50սմ բնի տրամագծով։
Բարձր գեղազարդ է, պիտանի հանրապետության ցածրադիր բնակավայրրի կանաչապատման համար։
Վրացական թխկին ցածրաճ ծառ է՝ մինչև 6-8 մ բարձրությամբ և 50-60սմ բնի տրամագծով։ Երկարակյաց է՝ ապրում է մինչև 300 տարի։ Տարածված է Կովկասում և Իրանում, հանդիսանում է քսերոֆիլ բուսականության տիպիկ ներկայացուցիչ։
Հայաստանում հանդիպում է արիդային բոլոր տարածաշրջանների ստորին և միջին լեռնային գոտիներում՝ մինչև 1600 մ բարձրությունները։ Տերևները կոշտ են, եռբլթականի, որով և հեշտությամբ տարբերվում են Հայաստանում տարածված մյուս տեսակներից։ Պտուղները հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին, որոնք մեծ մասամբ վնասվում են տարբեր վնասատուների կողմից և կորցնում կենսունակությունը։
Ինքնացանկը մեծ մասամբ բացակայում է։ Չափազանց չորադիմացկուն և լուսասեր, ոչ պահանջկոտ հողի նկատմամբ։ Հանդիպում է «լուսավոր» անտառների (լայնատեր սաղարթավոր և գիհու տեսակների) կազմում, մաքուր ծառուտներ գրեթե չի կազմակերպում։ Հեռանկարային է չոր, քարքարոտ, էրոզացված լեռնալանջերի անտառապատման համար։ Հայաստանի կանաչապատման մեջ, տարբեր տիպի ու կատեգորիայի տնկարկներում օգտագործվում են նաև թխկու բազմաթիվ ներմուծված տեսակներ։ Դրանցից լայն տարածում ունեն հատկապես կեղծ սոսիատերև (A. pseudoplatanus L.), թաթարական (A. tataricum L.). հովհարանման (A. palmatum Thunb.) ու հացենատերև (A. negundo L.) թխկիները։

Ներկայացուցիչներ

Թխկի դուրեկան

Թխկի դուրեկանը (լատ.՝ Acer laetum) հանդիպում է միայն Տավուշի մարզի անտառների համեմատաբար խոնավ հողերում (ստորին և միջին լեռնային գոտիներում)։

Թխկի Տրաուտվետերի

Թխկի Տրաուտվետերի կամ բարձրլեռնայինը Կովկասի բնաշխարհիկ է, հանդիպում է Տավուշի և Լոռու մարզերի վերին լեռնային գոտու (1600-2000 մ բարձրություններում) հյուսիսային լանջերին։

Հղումներ