All posts by Partizpan

Ստվերադիմացկուն սենյակային բույսեր

Aglaomena

Ագլաոնեմա (անգլ․՝ Aglaonema, or Chinese evergreen, չին․՝ 粗肋草屬, ռուս․՝ Аглаонема, լատ․՝ Aglaonema): Հեշտ աճող սաղարթային բույս ​​է, որն իրեն լավ է զգում ցածր և միջին լուսավորության ներքո:

Անթուրիումը (անգլ․՝ Anthurium, ռուս․՝ Антуриум, լատ․՝ Anthurium): Միջինից ցածր լուսավորության պայմաններում ծաղկում է կարմիր, սպիտակ կամ վարդագույն ծաղիկներով: Ծաղկամանի հողը մշտապես խոնավ են պահում:

Բաղեղ անգլիականը և Բաղեղ ալժիրյանը լավ են աճում ցածր կամ միջին լույսավորության ներքո:

Բեգոնիա ռեքս, Փղականջ ռեքս (անգլ․՝ King begonia, ռուս․՝ Бегония рекс, լատ․՝ Begonia rex)։ Գնահատվում է գունագեղ սաղարթի համար: Դիմանում է միջինից ցածր լուսավորությանը։ Ջրել հողի չորանալուց հետո։

Դիֆենբախիան կամ Համրաբույսը (անգլ․՝ Dumb cane, ռուս․՝ Диффенбахия, լատ․՝ Dieffenbachia) նախընտրում է միջինից ցածր լուսավորությամբ տարածք: Պետք է թույլ տալ, որ հողը չորանա մինչև ջրելը:

Զամիոկուլկասը (կամ Զանզիբարի գանձ, Դոլարի ծառ), (անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant, Zuzu plant, ռուս.՝ Замиакулькас, Дволларовое дерево, լատ.՝ Zamioculcas) լավ է աճում չոր միջավայրում և ցածր լուսավորության ներքո:

Թուջե ծաղիկ (անգլ․՝ Cast Iron Plant, Bar-room plant, չին․՝ 蜘蛛抱蛋, ռուս․՝ Аспидистра высокая, լատ․՝ Aspidistra elatior)։ Եղունգի պես կոշտ այս բույսն աճում է լիարժեք ստվերում և կանոնավոր ջրվելու պահանջ նույնպես չունի:

Ծոփոր (անգլ․՝ Monstera, ռուս․՝ Монстера, լատ․՝ Monstéra): Հարմարվում է տարբեր ինտենսիվությամբ լուսավորությանը և ունի սենյակի օդը մաքրելու հատկություն։

Կալատեան (անգլ․՝ Calatheas, Prayer plant, ռուս․՝ Калатея, լատ․՝ Calathea) լավ է աճում միջինից ցածր լուսավորության պայմաններում: Լավ աճի համար անհրաժեշտ է կայուն խոնավություն: Որպես կանոն, որքան ցածր է լույսը, այնքան հազվադեպ կալատեան ծաղկում:

Մարանտա սպիտակաջիղ (անգլ․՝ Prayer Plant, ռուս․՝ Маранта беложильчатая, լատ․՝ Maranta leuconeura)։ Այս հիանալի բույսը հանդուրժում է թույլ լուսավորությունը, բայց շատ ավելի լավ է աճում պայծառ, ցրված լույսի ներքո։ Սիրում է փխրուն հող ու օդի խոնավություն։

Պոթոս ոսկեզոծը (անգլ․՝ Devil’s ivy, ռուս․՝ Эпипре́мнум золотистый, լատ․՝ Epipremnum aureum) թույլ լուսավորության սիրահար է։ Պետք է ունենա ցածրից չափավոր լույս և հողը չորանա մինչև նոր ջրելը:

Պտեր (անգլ․՝ Ferns, ռուս․՝ Папоротники, լատ․՝ Polypodióphyta)

Պտերի (ձարխոտերի) շատ տեսակներ, ներառյալ Button fern, Autumn fern, Rabbit’s foot fern, Maidenhair fern և այլն, լավ տարբերակ են ցածր լուսավորության պայմաններում աճեցնելու համար: Դրանց համար պետք է ապահովել մշտապես խոնավ հող և ցածր կամ միջին լուսավորություն:

Պլատիցերիումը նույնպես ձարխոտ է (անգլ․՝ Staghorn fern, ռուս․՝ Платицериум, լատ.՝ Platycerium) լավ է աճում օդի բարձր խոնավությամբ վայրերում, օրինակ, լոգասենյակներում:

Բնության մեջ պլատիցերիումներն աճում են ծառերի վրա և չունեն հողի պահանջ: Չափավոր լույսը բավարար է:

Թռչնի բույն պտեր (անգլ․՝ Bird’s Nest Fern, ռուս․՝ Асплениум гнездовой, Костенец, լատ․՝ Asplenium nidus)։ Արեւադարձային անտառների ծառերի ճյուղերին ու բներին է աճում այս էպիֆիտ բույսը։ Սիրում է կիսաստվերը և խոնավությունը:

Սանսևիերիան (Զոքանչի լեզու) (անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Jinn’s tongue, Bow string hemp, Snake plant և Snake tongue, ռուս.՝ Сансевие́ра, Сансевье́ра, Тёщин язык, Щучий хвост, լատ.՝ Sanseviera) լավ է աճում չոր միջավայրում և հեշտությամբ համակերպվում է չափավոր և թույլ լուսավորության հետ:

Սինգոնիում տերևատոտիկ (անգլ․՝ Arrowhead Plant, ռուս․՝ Сингониум ножколистный, լատ․՝ Syngonium podophyllum): Նվազագույն պահանջներով, հեշտ աճող բույս ​​է: Որպեսզի այն գեղեցիկ տեսք ունենա, անհրաժեշտ է կանոնավոր կերպով էտել:

Սպաթիֆիլում (անգլ․՝ Peace lily, ռուս․՝ Спатифиллюм, լատ․՝ Spathiphyllum)։ Նախընտրում է չափավորից մինչև ցածր լուսավորություն և մշտապես խոնավ հող: Նույնիսկ թույլ լուսավորության պայմաններում, ծաղկում է տարին մի քանի անգամ:

Վիշապենի (անգլ․՝ Lucky Bamboo, չին․՝ 富貴竹, ռուս․՝ Драцена Сандера, լատ․՝ Dracaena sanderiana) Վիշապենին Ասիայում անհիշելի ժամանակներից  համարվում է բարի բախտի և բարգավաճման խորհրդանիշ: Կարելի է թե՛ հողի, թե՛ միայն ջրի մեջ աճեցնել։ Լավ է աճում և՛ ցածր, և՛ միջին լուսավորված վայրում։

Քլորոֆիտում (անգլ.՝ Spider Plant, ռուս.՝ Хлорофитум, լատ.՝ Chlorophytum)։ Քլորոֆիտումները ամենահեշտ աճեցվող տնային բույսերից են: Դրանք հաջողությամբ հարմարվում և աճում են շատ տարբեր պայմաններում։

Ֆիլոդենդրոնը (անգլ.՝ Philodendron, ռուս.՝ Филодендрон, լատ.՝ Philodendron)  միջինից ցածր լուսավորության սենյակային բույս ​​է, որը նախընտրում է որ հողը չորանա մինչև նոր ջրելը:

Քիմիոն

Քիմիոնը [Քիմոն, Ճապուռ, Զիրե](անգլ․՝ Caraway, Persian cumin, ռուս․՝ Тмин, Кмин посевной, Индийская зира, լատ․՝ Cárum cárvi) նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։

Քիմիոնը բուրավետ և անուշաբույր խոտաբույս է: Սերմերը բույսի ամենաշատ օգտագործվող մասն են՝ օգտագործվում են որպես համեմունք, սակայն բույսի բոլոր մասերն են ուտելի:

Քիմիոնի սերմեր աճեցնելը որոշակի համբերություն է պահանջում, քանի որ բույսը երկամյա է և, ինչպես գազարը, սերմ է տալիս աճի երկրորդ տարում:

Առաջին տարին բույսի բարձրությունը հասնում է մոտ 20 սմ-ի, ունի գազարին նմանվող սաղարթ և երկար արմատ: Երկրորդ տարում բույսը եռապատիկ մեծանում է չափերով, և սաղարթը դառնում է ավելի փետրավոր՝ հաստ ցողուններով: Հովանոցների վրա հայտնվում են սպիտակ փոքրիկ ծաղիկներ, որոնք բացվում են մայիսին և մնում են մինչև ամառվա վերջ։ Ծաղկած ծաղիկները տալիս են փոքր կոշտ շագանակագույն սերմեր՝ քիմիոնի համեմունք, որը շատ երկրների խոհանոցների կարևոր համեմունք է:

Քիմիոն աճեցնելը

Լույսը
Ցանել արևկող տեղում։ Լույսի պակասի դեպքում կարող է աճի միայն երրորդ տարում ծաղկել։
Օդի ջերմաստիճանը
Զով եղանակ սիրող բույս է, բայց դիմանում է թե՛ ցրտին, թե՛ շոգին։
Ձմռանը, մուլչապատ վիճակում կարող է դիմանալ -30°C։
Օդի խոնավությունը
Շատ խոնավ կլիման նպաստավոր չէ, հարմար է 35-40% օդի խոնավությունը։
Ջրելը
Կանոնավոր, չափավոր։
Սնուցումը
Թեթևակի պարարտացնում են, երբ բույսերը հասնում են 7-8 սմ բարձրության և հաջորդ անգամ, երբ ծաղկում է: Սեզոնի կեսին բույսի շուրջը կոմպոստ են փռում:
Հանգստի շրջանը
Ձմռանը
Հողը/Հողախառնուրդը
Թեթև, պարարտ հող։ pH 6.0 – 7.0
Ծաղկամանը
Պետք է առնվազն 20,3 սմ խորությամբ կոնտեյներ: Բույսն ունի ուղղահայաց արմատ և այնքան էլ լավ չի աճում կոնտեյների մեջ։
Բազմացնելը
Սերմով։ Կարելի է ցանել աշնանը կամ գարնանը։
Սերմերը սկսում են ծլել օդի +8°C ջերմությունից սկսած։

Ցանելը

Քիմիոնը ավելի լավ է անմիջապես դրսում ցանել՝ վաղ աշնանը: Գարնանացանի դեպքում էլ նախընտրելի է անմիջապես այգում ցանել՝ տեղափոխելիս արմատը չվնասելու համար։ Տեխնիկապես քիմիոնի սածիլներ էլ կարելի է աճեցնել, բայց դրանք վաղ և զգուշորեն պետք է տեղափոխել այգի՝ մինչև արմատի մեծանալը։

Սերմերը ցանում են 5-10 մմ խորությամբ: Եթե ​​բույսն աճեցվում է որպես բանջարեղեն, ապա միմյանցից հեռավորությունը պետք է 20 սմ լինի: Սերմերի համար աճեցնելիս, մի քիչ ավելի հեռու։

Ընթացքը

Քիմիոնը աճում է գազարի պես: Աճի առաջին տարում բույսն հասնում է մոտ 20 սմ բարձրության: Հաջորդող գարնանը մաղադանոսի արմատի նման արմատից սկսվում է նոր գարնանային աճ: Ամռան սկզբին բույսը իր ծաղկի ցողունը հասցնում է մոտ 60 սմ բարձրության:

Բերքահավաք

Աղցանների կամ ապուրների համար, մատղաշ, ուտելի տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել ամռանը։ Երկրորդ տարվա աշնանը, ծաղկելն ավարտելուց մոտ մեկ ամիս անց, հավաքում են սերմերի գլուխները, փռելով շորի վրա չորացնում են, այնուհետև թափ են տալիս թղթե տոպրակի մեջ՝ սերմերն առանձնացնելու համար։ Սերմերը պահում են ապակյա տարայի մեջ՝ զով, մութ տեղում:

Քիմիոնի արմատները նույնպես կարող են փորվել երկրորդ տարին և օգտագործվել որպես արմատապալարային բանջարեղեն:

Հղումներ

Հեյխերա

Հեյխերան (անգլ.՝ Coral bells, Alumroot, ռուս.՝ Гейхера, լատ.՝ Heuchera) քարբեկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Արժեքավոր և լայնորեն տարածված դեկորատիվ բույսեր են,

հատկապես Հեյխերա արնագույնը (Heuchera sanguinea), որի հիբրիդային բազմաթիվ տեսակները հայտնի են նաև Heuchera hybrida (Heuchera hybrida) անվամբ:

Անվանվել է գերմանացի բժիշկ և բուսաբան Յոհան Հայնրիխ ֆոն Հեյխերի (1677-1746) պատվին։

Խնամքը

Լույսը
Լիարժեք արևից մինչև կիսաստվեր
Պայծառ գույները պահպանելու և ծաղկելու համար անհրաժեշտ է օրական առնվազն 4 ժամ ուղիղ արև։
Օդի ջերմաստիճանը
Աճի շրջանում՝ +20°C․․․+25°C
Ձմռանը՝ ոչ նվազ -15°C-ից
Օդի խոնավությունը
Անտարբեր է օդի խոնավության նկատմամբ, սակայն, սիրում է կանոնավոր ցողվել։
Ջրելը
Խոնավասեր է, ամռանը հողը միշտ թույլ խոնավ պահելու համար կարող է պետք լինի օրը 2 և ավելի անգամ ջրել;
Հողի ճահճացումը, սակայն, կարող է կործանել բույսը։
Սնուցումը
Համարյա կարիք չունի։ Աճի ողջ շրջանում, մեկ անգամ, կրկնակի կամ եռակի ցածր չափաբաժնով։
Հանգստի շրջանը
Ձմռանը անհրաժեշտ է ջերմամեկուսացնել կամ տեղափոխել զով, լուսավոր սենյակ։
Հողը
Լավ ջրաթափանցիկ, խոնավ, պարարտ հող, որը չեզոքից թեթևակի թթվային է՝ 6,0-ից 7,0 pH-ով: Որոշ տեսակներ, ինչպիսիք են H. sanguinea-ն, չեն հանդուրժում կավային կամ թթվային հողերը:
Ծաղկամանը
Դրենաժային մեծ ծակերով, լայն, ոչ շատ խոր։
Բազմացնելը
Թուփը կիսելով, տնկաշիվով, սերմով։

Որտե՞ղ տնկել

Տեղը որոշում են սորտային պահանջներին համապատասխան։ Վառ գույնի և խայտաբղետ սաղարթներ ունեցողների համար հարմար է վառ լուսավորված տարածքը: Մուգ կանաչ սաղարթ ունեցողների համար գերադասելի է կիսաստվերը։ Նախընտրելի է հեյխերան տնկել բակի արևմտյան կամ արևելյան հատվածում, որտեղ արևի ուղիղ ճառագայթների տակ կլինի միայն առավոտյան:

Սենյակային պայմաններում աճեցնելիս, պետք է ընտրել արևելյան պատուհանագոգերը:

Տեղափոխելը

Հեյխերան նույն տեղում կարող է բարեհաջող աճել միայն 5 տարի։ Այնուհետև, անկախ սնուցումների քանակից և հողի վերին շերտը փոխելու հաճախականությունից, պետք է այն հանել և նոր տեղում տնկել։ Այդ 5 տարիների ընթացքում բույսը կորցնում է իր դեկորատիվ տեսքը՝ ճյուղերը ձգվում են, թուփը կորցնում է ցրտադիմացկունությունը և ձմռան ցրտից մահանում է։

Վերատնկելիս երիտասարդացնում են թուփը՝ հեռացնում են վնասված հատվածները և շատ մեծացած թուփը բաժանում են ավելի փոքր մասերի։

Հեյխերայի տեսակները

Հնարավո՞ր է Հեյխերան աճեցվել սենյակում:

Այո, հեյխերան կարող է ձմռանը դառնալ սենյակային բույս: Ծաղկամանը պետք է տեղադրել արևոտ, բայց զով տեղում, այնպիսի մի տեղ, որտեղ գիշերը օդի ջերմաստիճանը +7…+15°C է:

Հղումներ

Սագոենի

Սագոենին (անգլ.՝ Cycas, ռուս.՝ Саговник, լատ.՝ Cycas) հնագույն սագոենազգիների (Cucadaceae) ընտանիքի բույսերի ցեղ է: Այս ցեղի բնական տիրույթն է Ասիան (Հնդկաստանից մինչև Ճապոնիա), Ինդոնեզիան, Ավստրալիան, Խաղաղ օվկիանոսի կղզիները և Մադագասկարը։

Սագոենիները մշտադալար, 2-15մ բարձրությամբ, բազմամյա բույսեր են, որոնք իրենց առավելագույն բազմազանությանը հասել են յուրայի և կավճի ժամանակաշրջաններում, երբ դրանք տարածվել էին գրեթե ամբողջ աշխարհում: Կավճի վերջում, երբ ոչ թռչնավոր դինոզավրերը անհետացան, Հյուսիսային կիսագնդի սոգոյենիների մեծ մասը նույնպես վերացավ:

Այժմ հաշվվում է սագոենիների մոտ 113 տեսակ։ Ամենահայտնի, որպես սենյակային բույս տարածված տեսակը Սագոենի ճապոնականն է (անգլ․՝ Japanese Sago Palm, ռուս․՝ Саговник поникающий, լատ․՝ Cycas revoluta) է:

Խնամքը

Լույսը
Պայծառ ծրված, կիսաստվեր։ Ամռանը կարելի է դուրս հանել, բայց արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանել։
Օդի ջերմաստիճանը
Աճի շրջանում՝ +20°C․․․+25°C
Ձմռանը՝ ոչ պակաս +15°C
Կարող է դիմանալ կարճատև ցրտացումներին, բայց -5°C-ից ցածր ջերմաստիճանը սպանում է բույսին։
Օդի խոնավությունը
Բարձր՝ 70%-80% Կանոնավոր ցողել, սրբել թաց սպունգով
Ջրելը
Ամռանը՝ չափավոր
Ձմռանը՝ քիչ
Սնուցումը
Աճի ողջ շրջանում, ամիսը մեկ անգամ, մագնիում և կալիում չպարունակող, օրգանական պարարտանյութերով։ Օրինակ՝ ձիու գոմաղբ։
Հանքային հեղուկ պարարտանյութով N-P-K (18,8,18)
Հանգստի շրջանը
Ձմռանը
Հողախառնուրդը
Լավ փխրուն, պարարտ, թույլ թթվայինից՝ չեզոք
Ծաղկամանը
Դրենաժային մեծ ծակերով
Երիտասարդ բույսերը տեղափոխում են 2-3 տարին մեկ։ Մեծ բույսերը չեն տեղափոխում, փոխում են հողի վերին՝ 5սմ շերտը։
Բազմացնելը
Կողքից աճող ձագուգներով, սերմով (հազվադեպ)

Կտրել կարելի է միայն ամբողջովին դեղնած ու դարչնագույն դարձած ճյուղերը: Ամբողջովին չդեղնած ճյուղերը կարող են վատացնել բույսի տեսքը, բայց դրանք դեռևս կլանում են բույսի համար օգտակար տարրեր, իսկ դրանց կտրելը կարող է խթանել մյուս ճյուղերի դեղնելը և վատթարացնել բույսի առողջությունը:

Հղումներ

Ֆատսիա

Ֆատսիան (անգլ․՝ Fatsia, ռուս․՝ Фатсия, լատ․՝ Fatsia) Արալիա (Araliaceae) ընտանիքի մշտադալար թփերի երեք տեսակների, փոքր ցեղ է։

Ծագումով Ճապոնիայի և Կորեայի հարավային շրջաններից է։

Ֆատսիայի երեք տեսակներն են՝

  • Fatsia japonica․ Հայրենիքը Հարավային Ճապոնիան, Հարավային Կորեան և Թայվանն են։
  • Fatsia oligocarpella․ Հայրենիքը Խաղաղ օվկիանոսի ճապոնական Բոնին կղզիներն են։
  • Fatsia polycarpa. Հայրենիքը Թայվանի լեռնային շրջաններն են։

Ճապոնական ֆատսիան այդ երեքից ամենատարածվածն է։ Այն լայնորեն կիրառվում է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, որպես դեկորատիվ բույս, ինչպես նաև աշխարհով մեկ՝ որպես սենյակային բույս։

Ճապոնական ֆատսիայի խնամքը սենյակային պայմաններում

Լույսը
Ցրված մեղմ լույս, կիսաստվեր, հեռու արևի ուղիղ ճառագայթներից։ Լավ է տանում արհեստական լուսավորությունը։
Օդի ջերմաստիճանը
Աճի շրջանում՝ +16..+27°C
Ձմռանը՝ +7…+13°C
Օդի խոնավությունը
Կարող է դիմանալ ցածր խոնավությանը, սակայն նախընտրելի է մոտ 60%-ը, շատ լավ է արձագանքում կանոնավոր ցողելուն։
Ջրելը
Խոնավասեր է Հողը միշտ թեթև խոնավ պետք է լինի, ճահճացումը կործանանար է։։
Ամռանը ջրում են 3 օրը մեկ։
Ձմռանը ջրում են 7 օրը մեկ։
Սնուցումը
Աճի ողջ շրջանում, 15 օրը մեկ, համալիր պարարտանյութով՝ առաջարկվողից երկու անգամ թույլ դոզայով։
Հանգստի շրջանը
Ձմռանը
Հողախառնուրդը
Կարելի է գնել պատրաստի հողախառնուրդ։
Պարտեզի հող (1)
Տորֆ (1)
Ավազ (1)
Ծաղկամանը
Նոր, քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ երբ արմատներին աճի տեղ չի մնում։
Լավ դրենաժ։
Բազմացնելը
Տնկաշիվերով, սերմով

Խորհուրդներ

  • Շաբաթը մեկ անգամ պետք է պտտել ծաղկամանը՝ որպեսզի բույսը բոլոր կողմերից համաչափ աճի։
  • Ֆատսիաները սիրում են ձմռան հանգիստը, այնպես որ լավ կլինի տեղափոխել տան ավելի զով բայց լուսավոր մաս։
Հղումներ

Դիֆենբախիա

Դիֆենբախիան կամ Համրաբույսը (անգլ․՝ Dumb cane, չին․՝ 花叶万年青属, ռուս․՝ Диффенбахия, լատ․՝ Dieffenbachia L) Araceae ընտանիքի արևադարձային, մշտադալար բույսերի ցեղ է։ Բնիկ է Հյուսիսային և Հարավային Ամերիկաների արևադարձային գոտիներում՝ Մեքսիկայից մինչև Արգենտինա: Որոշ տեսակներ լայնորեն մշակվում են որպես դեկորատիվ բույսեր,

հատկապես որպես տնային բույսեր։ Որոշ տեսակներ էլ տեղայնացվել են մի քանի արևադարձային կղզիներում:

Բնության մեջ հայտնաբերվել է դիֆենբախիայի մոտ 40 տեսակ։ Սենյակային պայմաններում դիֆենբախիան շատ արագ է աճում. կան տեսակներ, որոնք հինգ տարեկանում ունեն 200 սմ և ավելի բարձր հասակ։

Խնամքը

Լույսը
Պայծառ ծրված, կիսաստվեր
Օդի ջերմաստիճանը
Աճի շրջանում՝ +20°C․․․+30°C
Ձմռանը՝ ոչ պակաս +15°C
Օդի խոնավությունը
Բարձր, մոտ 65%։ Կանոնավոր ցողել։
Ջրելը
Ամռանը՝ առատ
Ձմռանը՝ չափավոր
Սնուցումը
Աճի ողջ շրջանում, 15-20 օրը մեկ:
Օգտագործում են կիր չպարունակող օրգանական կամ հանքային պարարտանյութեր։ Դոզան պետք է 2 անգամ կրճատվի արտադրողի կողմից առաջարկվող չափից:
Հանգստի շրջանը
Սեպտեմբեր-մարտ
Հողախառնուրդը
Լավ փխրուն:
Տորֆ, տերևային բուսահող, գետի ավազ, մանրեցված տորֆամամուռ (2:4:1:2)
Ծաղկամանը
Լավ դրենաժով։
Այլ ծաղկաման տեղափոխում են երբ արմատներն այլևս հնի մեջ չեն տեղավորվում։
Բազմացնելը
Գագաթային տնկաշիվերով, անդալիսով, սերմով (հազվադեպ)

Դիֆենբախիայի հութը թունավոր է։ Մաշկի վրա կարող է այրվածքներ առաջացնել։

Դիֆենբախիան շատ խոնավասեր բույս ​​է։ Այն չափազանց բացասաբար է արձագանքում միջանցիկ քամիներին և ջերմաստիճանի կտրուկ անկմանը:

Բույսը բացասաբար է արձագանքում կրին: Այս առումով, սաղարթը ցողելու և ոռոգելու ջուրը նախ պետք է ազատել նստվածքից կամ անցկացնել ֆիլտրով: Հարմար է նաև եռացրած ու սառեցրած ջուրը կամ անձրեւաջուրը։

Հղումներ

Նատրիումի գլուտամատ

Նատրիումի գլուտամատը (անգլ․՝ Monosodium glutamate [MSG], չին․՝ 味精, ռուս․՝ Глутамат натрия, լատ․՝ Natrii glutamas) համային հատկությունները

բարելավող սննդային հավելանյութ է (E621):

Այն սպիտակ, բյուրեղային փոշի է, որը հեշտությամբ լուծվում է ջրի մեջ։ Որպես սննդային հավելում օգտագործելը պայմանավորված է նրանով, որ այն փոխանցում է հիմնական համերից մեկը՝ ումամի, կամ այսպես կոչված «մսի համը»՝ ի շարս քաղցրից, աղիից, թթուից և դառից։

Նատրիումի գլուտամատի կիրառումը որպես պարարտանյութ

Անտեղյակները սովորաբար զարմանում են լսելով, որ նատրիումի գլուտամատը կարելի է օգտագործել որպես պարարտանյութ: Սակայն, չնայած որպես սննդային հավելված իր ոչ այնքան լավ համբավին, նատրիումի գլուտամատը լայնորեն ու հաջողությամբ կիրառում են սենյակային բույսերի սնուցման համար։

Նատրիումի գլուտամատը լավ պարարտանյութ է, քանի որ այն պարունակում է.

  • ազոտի, ֆոսֆորի և կալիումի համեմատաբար մեծ պաշար;
  • այնպիսի տարրեր, ինչպիսիք են ամոնիումը, սուլֆատը, կալցիումը, մագնեզիումը, օրգանական նյութերը:
  • մի շարք ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են բույսերի աճի համար:

Բոլոր վերը թվարկվածները կարևոր սննդանյութեր են բույսերի առողջ աճի համար։ Դրանցից յուրաքանչյուրը կատարում է իր հատուկ դերը.

  • Ազոտն օգնում է բույսին իր համար սնունդ ստեղծել ֆոտոսինթեզի միջոցով:
  • Ֆոսֆատները խթանում են արմատների աճը, մեծացնում են այլ սննդանյութերի կլանումը և ծաղկման խթանիչն են:
  • Կալիումը օգնում է բույսերին ավելի արագ աճել և կարգավորում է նյութափոխանակության գործընթացները, որոնք անհրաժեշտ են մրգերի և սերմերի զարգացման համար:
  • Օրգանական նյութերը կարող են բարելավել հողը և օգնում են ջրի և սննդանյութերի պահպանմանը: Դրանք նաև նպաստում են հողում օգտակար օրգանիզմների բազմացմանը, որոնք, իրենց հերթին, օգնում են պարարտանյութի արդյունավետ կլանմանը:
  • Ամինաթթուները նպաստում են բերքի առողջությանը և երկարացնում են պահպանման ժամկետները:
  • Ծծումբը ախտահանում է հողը և օժանդակում է ազոտի արդյունավետ կլանմանը:
Ուշադրություն։ Նատրիումի գլուտամատի մեծ քանակությունը կարող է սպանել բույսին։ Միայն չափավոր քանակությունն է օգտակար որպես պարարտանյութ:

Լուծույթը պատրաստելը

  • Փոքր և մինչև 1 տարեկան բույսերի համար 1 թեյի գդալ նատրիումի գլուտամատը խառնում են 4 լիտր հնեցված, գոլ ջրի հետ և սնուցում են բույսերը 2 շաբաթը մեկ անգամ։
  • Խոշոր կամ 1 տարեկանից մեծ բույսերի համար 0.5-1 թեյի գդալ նատրիումի գլուտամատը խառնում են 1 լիտր հնեցված, գոլ ջրի հետ և սնուցում են բույսերը շաբաթական մեկ անգամ։

Սնուցումը կարելի է կատարել ինչպես ջրելու, այնպես էլ բույսի սաղարթը ցողելու միջոցով: Սնուցման լավագույն ժամանակը ուշ երեկոն է:

Խոլորձների սնուցման համար խորհուրդ է տրվում 1 թեյի գդալ նատրիումի գլուտամատը խառնել 1 լիտր հնեցված, գոլ ջրի հետ և դրանով ցողել բույսի արմատներն ու տերևները։

Հղումներ

Մրոտող սունկ

Մրոտող սունկը կամ մրոտող բորբոսը (անգլ․՝ Sooty mold, ռուս․՝ Чернь կամ Сажистый грибок) բույսերի տարածված սնկային հիվանդություն է։ Ascomycete խմբի այս սնկերն աճում են բույսերի, դրանց պտուղների, նաև շրջակա օբյեկտների վրա, ինչպիսիք են ցանկապատերը, այգու կահույքը, քարերը և այլն:

Մրոտող սունկը սնվում է բույսի կամ պտղի արտադրած շաքարային արտազատումներից, կամ, եթե բույսը վարակված է մեղրաբույծ արտազատող միջատներով, դրանց մեղրաբույծով։ Մրոտող սունկը հաճախակի հայտնվում է թրփսերի, ալրատիզերի, վահանակիրների, սպիտակաթևիկների հարձակմանը ենթարկված, թուլացած բույսերի վրա։

Մրոտող սունկը ինքնին քիչ է վնասում բույսին, բայց աստիճանաբար տարածվելով արգելակում է տերևներում ընթացող ֆոտոսինթեզը և ապականում է բույսի տեսքը:

Մրոտող սնկից ազատվելու համար, առաջին հերթին պետք է վերացնել վնասատուներին, որոնց մեղրաբույծ արտազատումներով են սնվում դրանք։

Երբ բույսի տերևներին հայտնվում են մրոտող սնկերը, դրանց հեշտ չէ հեռացնել:

Լավագույն մեթոդներից մեկը վնասված բույսը ջրի և աման լվալու հեղուկի խառնուրդի մեջ ընկղմելն է: Մեկ ճաշի գդալ (15-18 մլ) աման լվալու հեղուկը լուծում են 4,5 լիտր ջրի մեջ։ Եթե ընկղմել հնարավոր չէ, այդ նոյն լուծույթով ցողում են բույսերը և/կամ առանձին-առանձին լվանում են տերևները: 15 րոպե անց բույսի սաղարթը լվանում են հոսող ջրի տակ: Հնարավոր է անհրաժեշտ լինի մի քանի շաբաթվա ընթացքում, մի քանի անգամ կրկնել այս բուժումը:

Բույսը լվալու համար կարելի է նաև օգտագործել սպիրտային թույլ լուծույթ կամ գարեջուր։ Վերջինը նաև փայլ է հաղորդում բույսի տերևներին։

Խոշոր բույսերը, ներառյալ ծառերը, բուժում են պղնձի և օճառի լուծույթով (5 գ պղնձի սուլֆատ և 150 գ օճառ 10 լիտր ջրի դիմաց): Կարելի է նաև Բորդոյի հեղուկով սրսկել։

Ընդհանրապես, եթե միջատները վերացվեն, մրոտող սունկը աստիճանաբար կչորանա և կթափվի։

Հղումներ

Կանաչ օճառ

Կանաչ օճառը կամ կալիումային օճառը (անգլ․՝ Potassium soap կամ Potash soap, ռուս․՝ Зеленое мыло) հատուկ տեսակի օճառ է, որն ունի երկու գործառույթ՝ որպես օճառ, այն օգտագործվում է մաքրելու համար, միևնույն ժամանակ միջատասպան միջոց է:

Կանաչ օճառը հիմնականում օգտագործվում է վնասատուներից և հիվանդություններից մրգատու, բանջարեղենային և սենյակային բույսերը պաշտպանելու համար: Օճառային հիմք ունենալով այն հեշտությամբ ծածկում և երկար մնում է մշակվող մակերեսների վրա։ Առաջացող բարակ թաղանթը պաշտպանում է բույսերի տերևներն ու ճյուղերը վնասատուներից և սնկերից։

Կանաչ օճառը պարունակում է միայն բնական բաղադրիչներ: Չնայած իր անվանը, այն իրական օճառ չէ, բայց ճարպաթթուների կալիումային աղերի շնորհիվ այն ունի թանձր օճառային հիմք (սոսինձային օճառ):

Կանաչ օճառի կազմում կան՝

  • կենդանական ճարպեր;
  • ճարպաթթուների կալիումային աղեր;
  • բնական բուսական յուղեր;
  • ջուր։

Կենդանական ճարպերից նախապատվությունը տրվում է խոշոր եղջերավոր անասունների և գառան պինդ ճարպերին: Բուսական յուղերից արտադրողները ընտրում են ավելի էժանները՝ սոյայի և արեւածաղկի յուղերը:

Կանաչ օճառի կիրառման ձևերը և այլ նյութերի հետ համատեղելիությունը

Կանաչ օճառի լուծույթով բույսերը ցողելը պաշտպանում է դրանք ֆիտոֆտորոզով, ալրացողով, գոնջուկով, ցիտոսպորոզով վարակվելուց։ Կիրառվում է նաև սպիտակաթևիկի, ալրատիզի, սարդոստայնային տիզի և ուտիճների դեմ։

Օտագործման եղանակներ.

  1. Այլ քիմիական նյութերի հետ: Բույսերը քիմիական նյութերով բուժելիս, 10 լիտր հակասնկային (ֆունգիցիդ) կամ միջատասպան (պեստիցիդ) պատրաստի լուծույթին ավելացնում են 100 մլ կանաչ օճառ: Օճառը, պարուրելով քիմիական նյութը, թույլ չի տալիս դրան արագ գոլորշիանալ, ինչը նպաստում է բույսերի խորը շերտեր ավելի ամբողջական ներթափանցմանը: Սա թույլ է տալիս ավելի արդյունավետ պայքարել հիվանդությունների դեմ և հասնել արագ, կայուն արդյունքների:
  2. Թուրմերի և եփկների հետ: Վնասակար միջատների և բույսերի հիվանդությունների դեմ պայքարելու համար հաճախ օգտագործվում են խոտաբույսերի, ծխախոտի, սխտորի, մոխրի թուրմեր և եփուկներ։ Դրանց ավելացնում են կանաչ օճառ՝ 10 լիտրին 50-100 միլիլիտր հարաբերակցությամբ։
  3. Միայն կանաչ օճառ։ Բույսերի հիվանդությունների կանխարգելման և վնասատու միջատներին վանելու համար պատրաստվում է Կանաչ օճառի լուծույթ՝ 250-400 մլ 10 լիտր ջրին: Ստացված լուծույթը լավ խառնում են և կիրառում հեղուկացիրով:

Կանաչ օճառը օգտագործվում է միայն բույսերի համար՝ որպես վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոց:

  • Պտղատու ծառեր և հատապտուղ թփերի համար: Հիվանդությունների կանխարգելման համար, տանձենին, խնձորենին, բալենին, սալորենին մշակում են վաղ գարնանը: Անհրաժեշտության դեպքում, ամառային սեզոնի ընթացքում բուժումը կրկնում են 2-3 անգամ: Ազնվամորին, փշահաղարջը, հաղարջը ցողում են գարնանը՝ ծաղկելուց առաջ և աշնանը՝ բերքահավաքից հետո:
  • Բանջարեղենային մշակաբույսերի համար: Լոլիկը, վարունգը, կաղամբը, կանխարգելման նպատակով, կարող են մշակվել սածիլների աճեցման ժամանակ: Ելակը, սոխը, սխտորը՝ վեգետացիոն շրջանում, կարտոֆիլը և այլ մշակաբույսերը` ըստ անհրաժեշտության:
  • Ծաղիկներն ու դեկորատիվ տնկարկները այգիներում և անձնական հողամասերում մշակում են վարակի առաջին նշանների հայտնվելու դեպքում: Ծաղկման ժամանակ բույսերը շատ զգույշ են ցողում ՝ փորձելով չդիպչել բացված ծաղիկներին և բողբոջներին:
  • Սենյակային բույսերի համար։ Սենյակային բույսերը կանաչ օճառով կարելի է մշակել ողջ տարին։ Մշակելուց հետո բույսը տեղադրում են մեծ տոպրակի մեջ կամ ծածկում պլաստիկ թաղանթով: Բույսի չորանալուց հետո, տերևները չեն լվանում:

Նախազգուշացում

Կանաչ օճառը թունավոր չէ, չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ: Այն վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի համար, չի կարող վնասել միջատներին, կենդանիներին և մարդկանց: Այնուամենայնիվ, դեռ կան կանոններ, որոնք պետք է պահպանվեն այս դեղամիջոցն օգտագործելիս:

  • Կանաչ օճառն օգտագործեք միայն բույսերը ցողելու համար, մի ավելացրեք այն արմատային բուժման համար:
  • Երբեք մի օգտագործեք ձեռքեր կամ իրեր լվանալու համար:
  • Կիրառելիս կրեք պաշտպանիչ իրեր`ակնոց, ռետինե ձեռնոցներ:
  • Բույսերը մշակելուց հետո, ողողեք հեղուկացիրը և այն տարան, որի մեջ լուծույթ է սարքվել:
  • Մաշկի և աչքերի լորձաթաղանթների հետ շփման դեպքում լուծույթը լվացեք առատ ջրով:
  • Որպեսզի կանաչ օճառը արդյունավետ գործի, օգտագործեք այն ըստ փաթեթի վրա գրված հրահանգների, արագ ազդեցություն ստանալու համար մի ավելացրեք չափաքանակները:
Ուշադրություն. Սենյակային բույսերի համար օգտագործելիս,  նախ պաշտպանեք ծաղկամանի հողը՝ հուսալիորեն ծածկելով այն պլաստիկ թաղանթով։

Հղումներ

Ինչպես մաքրել սենյակային բույսերի տերևները

Սենյակային բույսերի հիմնական խնամքը կայանում է դրանց բավականաչափ լույս, ջուր և, ժամանակ առ ժամանակ, սնունդ ապահովելու մեջ։ Իրականում, սենյակային բույսերի տերևների

մաքրումը, առաջնահերթություններից դուրս լինելով, նույնպես կարևոր է։ Տերևների վրա իջնող և կուտակվող փոշին, չորացած ջրից մնացած հետքերը և այլ տիպի լաքաները կարող են լրջորեն խանգարել տերևում ընթացող ֆոտոսինթեզին։ Փոշու բարակ շերտը, այդ առումով, մեծ խնդիր չի ստեղծում, բայց բույսի տեսքը վատացնում է, ուստի մաքրելու կարիքը պահպանվում է:

Տերևները ջրով մաքրելը

Նախ անհրաժեշտ է նշել, որ բույսերի տարբեր չափսերի տերևներին անհրաժեշտ է տարբեր տեսակի խնամք:

Սենյակային բույսերի տերևները ջրով մաքրելու համար.

  • խոշոր տերևները լվանում են մեկ առ մեկ՝ օգտագործելով ջրով թրջված, փափուկ սպունգ կամ լաթի կտոր: Լվալ պետք է նրբորեն, չվնասելով տերևի մակերեսը։
  • Մանր տերևները ձանձրալի կամ անհնար է մեկ առ մեկ մաքրել: Լավագույն լուծումն այն է, որ հեղուկացիրով մի փոքր ջուր ցողվի բույսի վրա և զգուշորեն թափահարվի այն:
  • Թավշյա տերևները մաքրում են փափուկ վրձնով։ Վրձինը կարելի է մի փոքր թրջել:
  • Ծաղկած ծաղիկները շատ նուրբ են և պետք չէ դրանց ոչինչ անել:
  • Փշերը, դրանց արանքները հարմար է մաքրել փափուկ վրձնով՝ առանց ջրի օգտագործման:

Տերևները գարեջրով մաքրելը

Չնայած ջրով մաքրելը բավարար է, տերևներին լրացուցիչ փայլ հաղորդելու համար, կարելի է ջրի փոխարեն գարեջուր օգտագործել: Սպունգը թաթախում են գարեջրի մեջ, լավ քամում են և դրանով են սրբում տերևները:

Տարբեր միջատների չհրապուրելու համար, չարաշահել այս մաքրման ձևը պետք չէ:

Տերևները քացախով մաքրելը

Քացախը էկոլոգիապես մաքուր, էժան միջոց է բույսերի տերևները մաքրելու համար: Այն օգտագործելու համար, ջրի և մի փոքր քացախի խառնուրդ են պատրաստում և օգտագործում վերը նշված ձևերով՝ ըստ տերևների տեսակի։

Տերևները կաթով մաքրելը

Տերևները մաքրելու մեկ այլ լավ տարբերակ է 1:10 հարաբերակցությամբ ջրով բացված կաթ կիրառելը: Բացի տերևներին փայլ տալուց, անքաշ կաթը հիանալի ֆունգիցիդ է, այնպես որ կարող է կանխել բույսերի վրա բորբոսի առաջացումը և ծաղկամանի հողի մակերեսի սպիտակելը։

Տերևները թեյի լուծույթով մաքրելը

Հայտնի է թեյի հակաօքսիդիչ և հակասնկային հատկությունը։ Թեյի լուծույթով տերևները լվալը, բույսը ցողելը և նույնիսկ ջրելը տոկունացնում են բույսը:

Որպես վնասատուների և սնկերի դեմ պայքարի միջոց, կիրառվում են նաև տերևների լվացումներ կանաչ օճառի, սպիրտի, ջրածնի պերօքսիդի և այլ լուծույթներով։