Category: Միկրոկանաչի

  • Հնդկոտեմ

    Հնդկոտեմ, (անգլ.՝ Nasturtium, ռուս.՝ Настурция, Капуцин, լատ.՝ Tropaeoium) պատկանում է հնդկոտեմների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային և

    Կենտրոնական Ամերիկաներն են։ Ընտանիքում կան Հնդկոտեմի մոտ 50 միամյա և բազմամյա տեսակներ: Հայաստանի կլիմայական պայմաններում աճեցվում են որպես միամյա բույսեր:

    Բազմացումը՝ սերմերով: Հնդկոտեմի սերմերը պահպանում են ծլողունակությունը մինչև 4 տարի:  Բաց գրունտում սերմերը ցանում են ապրիլ-մայիսին՝ նախապես մեկ օր թրջելով: Կարելի և ավելի վաղ ժամկետներում սածիլավորել: Ամեն փոսիկի մեջ ցանում են 3-4 սերմ: Բույսերի միջև անհրաժեշտ հեռավորությունը կախված է տեսակից: Թփաձև տեսակների միջև թողնում են  20-30 սմ, իսկ սփռվողների միջև՝ առնվազն 40 սմ: Հնդկոտեմը սկսում է ծաղկել ցանելու օրվանից 40-60 օր անց:

    Հնդկոտեմը առողջացնում է սնկային հիվանդություններով վնասված հողը, իսկ ճյուղերն ու տերևները հարուստ են ասկորբինաթթվով:

    Գերմանական աղբյուրները նշում են, որ Հնդկոտեմը լավ կանաչ պարարտանյութ է՝ մրգատու ծառերի բների շուրջ և  պտղատու թփերի շարքերի արանքում աճեցնելու համար (1-2 հատ 1 ք.մ. վրա): Ի տարբերություն այլ սիդերատների, Հնդկոտեմը կարելի է աճեցնել մինչև լրիվ հասունանալը և հաջորդ տարվա համար սերմեր հավաքել: Ձմռանը Հնդկոտեմը մահանում է, իսկ արմատները հրապուրում են Անձրևորդերին, որոնց համար Հնդկոտեմի արմատների մնացորդները պարզապես դելիկատես են:

    Տեղը

    Գերադասում է արևկող, քամուց պաշտպանված տեղեր: Կիսաստվերում ավելի շատ տերևներ է ձևավորում և ավելի քիչ ծաղիկներ:

    Հողը կարող է լինել կավահող կամ ավազակավային, ոչ շատ պարարտ, բայց փխրուն, խոնավ ու չճահճացող:

    Խնամքը

    Ջրում են ոչ հաճախ, բայց առատ: Պարբերաբար փխրեցնում են հողն ու մոլախոտերի քաղհան անում: Ամռանը Հնդկոտեմին սնուցում են ծաղկելուց առաջ:

    Դեկորատիվ նպատակով Հնդկոտեմն օգտագործում են ուղղահայաց և հորիզոնական կանաչապատման համար:

    Հնդկոտեմի միկրոկանաչի աճեցնելը

    Հնդկոտեմի ծաղիկը շքեղ է, բայց նրա միկրոկանաչու համը կարող է զարմացնել՝ սուր համ ունի, ինչպես մանանեխը կամ ճապոնական վասաբին։ Բացի այդ, հնդկոտեմի բոլոր մասերը ուտելի են։ Ծլողունակությունը բարձրացնելու համար կարելի է սկզբում, 1-2 ժամ տաք ջրի մեջ թրջել սերմերը։ Հընդկոտեմը նախընտրում է խոնավ միջավայր, իսկ դա կարող է նպաստել բորբոսնելուն։ Եթե հողի վրա բորբոս հայտնվի, պետք է ջրով բացված ջրածնի պերօքսիդ ցողել մակերեսին։

    Մինչև ցանելը թրջելըԱյո, 4-8 ժամ
    ՀամըԿծու, մանանեխի կամ վասաբիի համին նման
    ԳույնըԹավ դեղին/կանաչ տերևներ, կանաչ/վարդագույն ցողուններ
    Օգտակար նյութերը Տերևներն ու սերմերը մեծ քանակությամբ օգտակար նյութեր են պարունակվում, այդ թվում ՝ եթերային յուղեր եւ բուսական հակաբիոտիկներ, ասկորբինաթթու, սելեն, երկաթ եւ յոդ, կարոտին, կալիում, ֆոսֆոր եւ ծծումբ, A, B1 եւ B2 վիտամիններ ․․․
    Հատկությունը Ամրացնում է իմունային համակարգը: Ունի հակաբիոտիկ եւ հակամանրէային հատկություններ: Կիրառելի է միզուղիների վարակներ եւ շնչառական հիվանդություններ բուժելու համար։
    Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար) 56-57 գրամ
    Մթության մեջ պահելը2-3 օր
    Ծլելը4-7 օրում
    ԼույսըՊայծառ, ցրված արևի լույս կամ արհեստական՝ 16 ժամ միացած, 8 ժամ անջատած։
    Բերքահավաքը 14-16 օրից
    Օգտագործելը Դնում են պանիրների, բանջարեղենային աղցանների եւ ձվով ուտեստների մեջ: Օգտագործում են ուտեստները ձևավորելու համար։

    Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։

    Աճեցնելը՝ քայլ առ քայլ

    1. Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
    2. Ըստ ամանի մակերեսի առանձնացված սերմերի խմբաքանակը լավ լվանալ հոսող ջրի տակ, նկատված օտար տարրերն ու վնասված հատիկները հեռացնել։
    3. Լցնել որևէ խոր ամանի մեջ, վրան լցնել սերմերի ծավալից առնվազն 3-4 անգամ ավել ջուր և թողնել 4-8 ժամ։ (Նախապես թրջելը էապես արագացնում է սերմերի ծլելը։ Ավելի երկար թրջել չի կարելի՝ կարող է ֆերմենտացիա սկսվել և սերմերը կկորցնեն ծլողունակությունը։)
    4. Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մի քիչ պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
    5. Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ծաղել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
    6. Թրջելն ավարտելուց հետո, սերմերը քամել և հավասարաչափ բաշխել հողի մակերեսին եւ վրան լցնել նույն հողախառնուրդի բարակ շերտ՝ այնքան, որ սերմերը հազիվ ծածկվեն։ Ի դեպ, քամված ջուրը ճիշտ կլինի չթափել, այլ օգտագործել սենյակային բույսերը ջրելու համար՝ այնտեղ տարալուծված օգտակար նյութեր կան։
    7. Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
    8. Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել և դնել նույն տեղում:
    9. Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
    10. Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
    11. Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 7-9 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանքգ առնել։ Ամեն դեպքում, միկրոկանաչին ուտելու համար պատրաստ է երբ ունի 2-4 տերև։
    Հղումներ
  • Ռեհան

    Ռեհան աճեցնելը տանը և բակում. Ռեհանի տեսակները. Ռեհանի արագ բազմացումը տնկաշիվերով:

    Ռեհանը օգտակար բույս է և անփոխարինելի համեմունք: Առանձնապես համով է ռեհանը լոլիկի հետ: Ռեհանը հարուստ է եթերային յուղերով և С, В1, В2, РР վիտամիններով: Ռեհանն օգտագործվում է նաև որպես տնական խոտային կոսմետիկայի բաղադրիչ: Լավ պայմաններում ռեհանն աճում է և՛ բաց երկնքի տակ, և՛ ջերմոցներում, և՛ պատշգամբի թաղարներում և, նույնիսկ տանը՝ լուսամուտի գոգին:

    Ռեհան (անգլBasil, ռուսБазиликլատ.՝ Ocimum), այլ անուններն են՝ շահասպրամ, արքայիկ, ասպրամ, պատրուճ: Հայրենիքը Հնդկաստանն է,  լայնորեն օգտագործվում է հնդկական և թամիլական բժշկության մեջ: Հայաստանի բոլոր մարզերում տարածված է ռեհան մշակովին (Ocimum basilicum): Միամյա է։ Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում։ Ծաղկում է հունիսից մինչև հոկտեմբեր:

    Օգտագործվում է թարմ վիճակում որպես կանաչի ու բազմազան կերակուրների մեջ, թարմ և չորացրած, որպես համեմունք։ Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը։

    Սուրբ Ռեհան (անգլ.՝ Holy Basil, Tulsi, ռուս.՝ Базилик свяще́нный, լատ.՝ Ocimum sanctum):

    Սուրբ Ռեհանը 0,5-1,5 մ բարձրությամբ արևադարձային թուփ է: Տերևներն ունենում են 2-4 սմ երկարություն: Մանր, գեղեցիկ ու բուրումնավետ ծաղիկները կազմում են ծաղկաբույլեր: Սուրբ Ռեհանը հինդուիստական կրոնական խորհրդանիշերից է:

    Բուրավետ ռեհան  (Ocimum basilcum)

    Ռեհան Բուրավետը, կամ Ռեհան Կամֆարայինը ամենատարածված տեսակն է, որն աճեցվում է ողջ աշխարհում: Այս տեսակի թփերը հասնում են մինչև 50 սմ բարձրության և ունեն բավականին տտիպ, մեխակի համը հիշեցնող համ:

    Բուրավետ ռեհանի լավագույն տեսակներն են.

    Ռեհան Կախարդական Միքայել (Basil Magical Michael)  — շատ լավ թփակալում է:

    Ռեհան Մամոնտ (Basil Mammoth)  — ունի խոշոր տերևներ և բավականին սուր համ:

    Ռեհան Ջենովայի Հսկա (Basil Genovese Gigante) – իտալացիների սիրելին:

    Ռեհան դարչնային

    Դարչնային, կամ Մեքսիկական ռեհանը ունի մանուշակագույն ծաղիկներ, թուփը հասնում է մինչև 50 սմ բարձրության, իսկ տերևներն համն ունի դարչնային երանգ:

    Մանուշակագույն ռեհան

    Հայաստանում ամենատարածված տեսակը մանուշակագույն ռեհանն է: Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, գագաթնային մասը՝ թավոտ, բարձրությունը՝ 20–80 սմ: Տերևները ձվաձև են, ատամնաեզր: Ծաղիկները կեղծ տերևանութներում են, սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն: Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանման է: Մանուշակագույն ռեհանի տարածված տեսակներ են՝ Osmin Purple, Red Rubin, Purpurascens և Purple Ruffles:

    Ռեհան կիտրոնային

    Կիտրոնային ռեհանն ունի ուժեղ լիմոնի հոտ և համ: Այս տեսակը գոյացնում է մեծ ծավալի տերևային զանգված՝ մինչև 250 գրամ մեկ թփից: Կիտրոնային ռեհանը հաճախ է օգտագործվում ձկնային ուտեստներում: Հայտնի են Կիտրոնային ռեհանի Mrs. Burns, Lesbos տեսակները:

    Ռեհան թաիլանդական կամ անիսոնային

    Ռեհանի աճեցման առանձնահատկությունները

    Շրջակա միջավայրի պայմանները

    Ռեհանը շատ ջերմասեր է և չի հանդուրժում նույնիսկ փոքր սառնամանիքները (0°C և ցածր), այն շատ վատ է աճում ցածր դրական ջերմաստիճաններում: Սերմերը արագ ծլում են միայն բարձր ջերմաստիճանում: Օդի +25…+35 °Cջերմության դեպքում ծիլերը հայտնվում են 4–7 օրվա ընթացքում, +20…+22 °C–ի դեպքում` 9–11 օրում։ +10°C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում սերմերը սկսում են փտել և գրեթե չեն ծլում: Ռեհանի սածիլները լավ են աճում մինչև 10 սմ խորության վրա հողի +18…+20°C ջերմության դեպքում։ Ռեհանի աճի և զարգացման համար օպտիմալ ջերմաստիճանը +25°C է։

    Ռեհանը պահանջում է մշտապես չափավոր խոնավ հող, խոնավության պակասը բացասաբար է անդրադառնում բույսերի վեգետատիվ զանգվածի վրա։ Հողում խոնավությունը պահպանելու և մոլախոտերին ճնշելու համար, խորհուրդ է տրվում ցանքածածկ անել ռեհանի շուրջը։

    Ռեհան լավ է աճում արևկող, լավ լուսավորված վայրերում: Կիսաստվերում նվազում է կանաչ զանգվածի բերքատվությունը, ինչպես նաև եթերայուղի քանակն ու որակը։

    Ռեհանը պահանջում է լավ դրենաժով, բերրի հող՝ օրգանական նյութերի բարձր պարունակությամբ: Այն կարող է աճել 4,3-8,2 pH-ով հողերում, սակայն ռեհանի համար pH 6,4-ը օպտիմալ է։ Եթե ​​հողում բավարար քանակությամբ սննդանյութեր չկան, հիմնական պարարտանյութին ավելացվում է 135–135–135 կգ/հա N–P2O5–K2O։

    Ռեհանի համար լավագույն նախորդներն են վարունգը, կարտոֆիլը, լոբազգիները։ Շատ լավ տարբերակ է սպիտակ մանանեխ + գարնանային գարին որպես ծածկույթ, որն օգնում է հողը մաքրել մոլախոտերից և ռեհանի կանաչի մեջ մակրոէլեմենտներ (ազոտ, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, կալցիում) կուտակել։

    Հիվանդությունների ուժեղ զարգացման վտանգի պատճառով, խորհուրդ չի տրվում ռեհան աճեցնել առանց ցանքաշրջանառության, ինչպես նաև Lamiaceae ընտանիքի մշակաբույսերից հետո (անանուխ, եղեսպակ, կիտրոնի բալասան, սուսամբար և այլն)։

    Ռեհանի բազմացումը սերմով և տնկաշիվերով

    Մեծամասամբ ռեհանը բազմացնում են պարզապես սերմերը ցանելով: Ընդորում, կարելի է ցանել անմիջապես բաց երկնքի տակ, կամ սկզբում սածիլներ աճեցնել ջերմոցում կամ տանը:

    Ցանելուց առաջ խորհուրդ է տրվում սերմերը 1-2 օր պահել խոնավ կտավի կամ ջրի մեջ:

    Սերմերը ծլում են 5-7 օրում: Ծիլերը լավ լուսավորության կարիք ունեն՝ օրական առնվազն 16 ժամվա ընթացքում: 5 սմ բարձրության հասած սածիլները կարելի է տեղափոխել իրենց մշտական տեղը: 4-6 տերևներ գոյանալուց հետո կարելի է կտրել բույսի ծայրը, որպեսզի կողային շիվեր աճեն և թփակալում լինի:

    Ռեհանի աճող թփից կամ, նույնիսկ խանութից գնված թարմ ռեհանից կարելի է հեշտությամբ ստանալ նոր տնկաշիվեր:  Պետք է պարզապես գագաթից կամ մեջտեղից կտրված շյուղը դնել ջրի մեջ: 5-7 օրից շյուղերը կսկսեն արմատակալել, իսկ 2 շաբաթից պատրաստի սածիլները կարելի կլինի տնկել մշտական տեղում:

    Խնամքը

    Ռեհանի աճեցման գլխավոր պայմաններն են՝ պարբերաբար ջրարփիացվող փխրուն, ջրանցիկ հողը, արևկող տեղը, տաք եղանակը: Ռեհանը շատ լավ աճում է նաև ծաղկաթաղարի մեջ, սակայն թաղարի մեջ աճեցվող բույսերը լրացուցիչ սնուցման կարիք ունեն: Ռեհանի համար խորհուրդ է տրվում սնուցում անել ազոտով հարուստ օրգանական պարարտանյութերով: Ձմռանը ռեհանով ծաղկաթաղարը պետք է տեղափոխել տաք տեղ՝ թեկուզ խոհանոցի լուսամուտի գոգը: Եվ ընդհանրապես, սենյակում, լավ լուսավորության առկայությամբ ռեհան կարելի է աճեցնել շուրջ տարին: Լավագույն ջերմաստիճանը ռեհանի աճեցման համար +25⁰ է:

    Այգում աճեցնելիս, նկատի ունեցեք, որ ռեհանի համը հաճելի է նաև վնասատուներին: Բույսը պետք է պաշտպանել խխունջներից ու մաղասէակներից:

    Ռեհանի համար լավ “հարևան” են լոլիկը, պղպեղը, ծնեբեկը, հազարը, կաղամբը:

    Ինչպես հավաքել ռեհանը

    Լրացուցիչ բերքից չզրկվելու համար ճիշտ կլինի ոչ թե արմատներով հանել ռեհանը հողից, այլ կտրել վերևի մասից՝ բույսի վրա թողնելով առնվազն 4 տերևներ: Եթե սերմ կամ ծաղիկներ ստանալու անհրաժեշտություն չկա, գոյանալուն պես պետք է կտրել նաև սերմակոկոնները:

    Ռեհանի ծլեցված սերմեր և միկրոկանաչի աճեցնելը

    Ուտելու համար ռեհանի սերմեր ծլեցնելը

    Սերմերը լավ լվանում են և 2-3 օր թրջում են՝ փոխելով ջուրը յուրաքանչյուր 12 ժամը մեկ (կամ ավելի հաճախ)։

    Ինչպես ռեհանի միկրոկանաչի աճեցնել

    • Թրջելը: Ոչ, անհրաժեշտություն չկա։
    • Ողողել/քամել: Պարտադիր չէ, ցողելը լավագույն ձևն է խոնավությունն ապահովելու համար:
    • Ծլելու ժամկետը։ 2-3 օր։
    • Պատրաստ լինելը։ Մոտ 15 օրից:

    Ավելի մանրամասն աճեցման մասին

    Քայլ 1․ Նախապատրաստում

    Լավ կլինի ստուգված մատակարարից որակյալ սերմեր ձեռք բերել: Աճեցնելու համար անհրաժեշտ է սաղր աման (օրինակ 25սմ x50սմ չափի մատուցարան), որի վրա պետք է լցնել 2-2,5 սմ բարձրությամբ ստերիլ հող կամ այլ, օրինակ կոկոսի մանրաթելի, սուբստրատ։

    Քայլ 2Ցանելը

    Հողը կամ սուբստրատը լավ խոնավացնում են և ռեհանի սերմերը խիտ ու հավասարաչափ ցանում են ողջ մակերեսին։ Սերմերը խոնավությունը պետք է կլանեն սուբստրատից, այնպես որ շատ կարևոր է այն մշտապես խոնավ պահել։ Ցանքը ծածկելու կարիք չկա։

    Քայլ 3․ Խնամքը

    Ցանելուց 2-3 օր անց սերմերը կսկսեն ծլել։ Ցանքը պետք է տեղադրել լուսավոր վայրում և պարբերաբար ցողել։

    Քայլ 4․ Բերքահավաք

    Մոտ 15 օրից ռեհանի ծիլերը հասնում են 5-8 սմ բարձրության և պատրաստ են բերքահավաքին։

    Ռեհանի միկրոկանաչու օգտակարությունը

    Ռեհանի միկրոկանաչին լի է օգտակար տարրերով, այն պարունակում է պրոտեին, E, A, K, B6 և C վիտամիններ, ինչպես նաև կրածին, երկաթ, ցինկ, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր և կալիում։

    Բացի այդ ռեհանի միկրոկանաչին ունի՝

    • Հակաբորբոքայի և հակաբակտերիալ հատկություն։
    • Կրածինի շնորհիվ ատամներն ու ոսկորները ամրացնելու հատկություն։
    • Հորմոնալ կարգավորման հատկություն։
    • Արյան արտադրության խթանման և մակարդելիության կարգավորման հատկություն։

    Հղումներ