Category Archives: Բազմացում

Ինչպես թաղարի մեջ կարտոֆիլ աճեցնել

Որպես կանոն, թաղարի մեջ ցանելու համար կարտոֆիլի սերմացու պետք է գնել հունվար-փետրավար ամիսներին, որպեսզի կարտոֆիլի ծլելու համար բավարար ժամանակ լինի:
Թաղարի մեջ կարտոֆիլ աճեցնելու համար, ետևեք ներքոշարադրյալ 10 քայլերին:

Բանջարեղենի կամ այգեգործական խանութից գնեք ձեր նախընտրած սորտի կարտոֆիլը:
Դրեք սերմացուն որևէ պաղ բայց լուսավոր տեղ, որպեսզի այն ծլի: Հենց ծիլերը աճեն 2 սմ, կարտոֆիլը պատրաստ է ցանվելու համար:
Թաղարի մեջ, խորության 1/4 չափով, լցրեք կոմպոստ, մակերեսին տեղադրեք սերմացուն/սերմացուները և ծածկեք կոմպոստի նոր շերտով:
Թփերի աճին համընթաց ավելացրեք կոմպոստը:
Չմոռանաք կոմպոստը պարբերաբար ջրելու անհրաժեշտության մասին:
Շարունակեք ավելացնել կոմպոստը մինչև թաղարը լցվի ամբողջությամբ:
Հետո կարտոֆիլը կծաղկի: Եթե ծաղիկները պտուղ դառնան, չուտեք դրանք՝ թունավոր են:
Ծաղկելուց հետո դադարեցրեք ջրելը: Բույսի վերգետնյա մասը կսկսի մահանալ:
Երբ թփի վերգետնյա հատվածը ամբողջովին մահանա, կարող եք բերքահավաք անել:
Եթե անմիջապես չեք օգտագործելու, կարտոֆիլները պահեք թղթյա պարկերում, զով և մութ տեղում:

Հող՝ սածիլներ աճեցնելու համար

hogh_satsilԲանջարանոցային բույսերի մեծամասնության համար պահանջվում է նեյտրալ հող, որի рН ցուցանիշը մոտ է 7-ին:
Սերմերը ցանելու համար նախատեսված հողախառնուրդ պատրաստելու համար վերցվում է՝
  • հող պարտեզից (2 բաժին);
  • կենսահումուս (1 բաժին);
  • տորֆ (1 բաժին);
  • ոչ փշատերեվ ծառի փայտի թեփ կամ գետի խոշոր ավազ (1 բաժին);
  • փայտի մոխիր (1լ հողախառնուրդին 1-1,5 ճաշի գդալ):
Սերմերը ցանելու համար նախատեսված, թե՛ պատրաստի գնված, թե՛ սեփական բաղադրիչներով պատրաստված հողախարնուրդը խորհուրդ է տրվում վարակազերծել:
Վարակազերծման ձևերից մեկը հողախառնուրդի սառեցումն է, բայց վարակազերծման 100 տոկոսանոց  երաշխիք այդ ձեվը չի ապահովում: Ավելի արդյունավետ է խառնուրդի ջերմային մշակումը: Մասնագետները խորհուրդ են տալիս

35-40 րոպե, եռացող ջրի գոլորշու վրա, մանր անցքերով փլավքամիկի կամ ցանցի մեջ շոգեխաշել հողախառնուրդը կամ եռման ջուր լցնել վրան: Ընդ որում, հիվանդությունների նախականխման համար եռման ջրին անհրաժեշտ է ավելացնել կալիումի պերմանգանատ (մարգանցովկա), (10 լիտր ջրին 3 գ) և լավ խառնել:

Բանջարեղենի սերմերի ցանքի տեխնիկան

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մանր սերմերի ցանքին: Դրանք պետք է ցանել ոչ խոր ակոսներում, որի տոփանված հատակին դնում են գազարի, սոխի սերմերը մեկը մյուսից 1-1.5 սմ, իսկ ճակնդեղինը և շաղգամինը` 1-2 սմ հեռավորությամբ: Սերմերը խիտ չպետք է ցանել:

Ակոսի հատակին տոփանումը նպաստում է սերմերի արագ ծլման, որովհետև հողի ներքին շերտերց ջուրը բարձրանում է սերմերին: Դրանից հետո սերմերը պետք է ծածկել 0.5սմ բուսահողով (հողի և հումուսի խառնուրդով): Ցրված խառնուրդը թեթև տոփանում են ձեռքի ափով, վերևից նորից լցնում բուսահող կամ 1-2սմ շերտով տորֆ, որոնք պաշտպանում են ակոսը չորանալուց: Ուշացած ցանքի դեպքում ակոսի հատակը պետք է ցնցուղով (առանց մաղիկի) ջրել, ջուրը ներծծվելուց հետո ցանել սերմերը և ծածկել հողով:

Բանջարեղենի սերմերի տափանման (խցման) խորությունը

Սերմերը շատ խորը ցանելու հետևանքով սերմերի ծլումը դանդաղում է կամ դադարում, աճելու դեպքում էլ ծիլերը չեն կարող դուրս գալ մակերևույթ: Իսկ սերմերը ոչ խորը ցանելու դեպքում կարող է խոնավությունը չբավականացնել, որովհետև հողի վերին շերտերը սովորաբար արագ են չորանում: Մանր սերմերի համար (շաղգամ, գազար) լավագույն արդյունք է տալիս 1-2 սմ խորությամբ ցանելը, միջին սերմերի համար (ճակնդեղ, վարունգ)` 2-3 սմ և խոշորների համար (ոլոռ, ընդեղեն, լոբի)` 3-5 սմ:

Պտղատու կուլտուրաների բազմացումը աչքապատվաստով

Աչքապատվաստը կատարում են ամառային խիստ շոգերից հետո‘ բույսերի երկրորդ հյութաշարժության ժամանակ, երբ պատվաստակալի կեղեւը հեշտ է բաժանվում բնափայտից եւ աչքի (բողբոջի) բացվելու վտանգը անցած է լինում: Սա լինում է նախալեռնային եւ լեռնային շրջաններում հուլիսի վերջից օգոստոսի վերջերը,իսկ ցածրադիր շրջաններում մոտավորապես օգոստոսի առաջին տասնօրյակից մինչեւ սեպտեմբերի կեսերը, բայց կարելի է նաեւ մի քիչ ավելի շուտ աչքապատվաստ կատարել: Այս դեպքում աչքը կբացվի եւ կտա 10-15սմ եւ ավելի երկարության շիվ, որն անհրաժեշտ կլինի փաթաթել ու պաշտպանել ձմռան ցրտերից: Դա արագացնում է պատվաստաշվի աճը համարյա մեկ վեգետացիայով:
achqapatvast
Աչքապատվաստը կատարվում է հետեւյալ կերպ. պատվաստողը ձախ  ձեռքով բռնում է կտրոնը եւ պատվաստի դանակով նրանից վահանաձեւ հանում 2-3 սմ երկարությամբ բողբոջը‘ կեղեւի եւ բնափայտի բարակ շերտի հետ միասին ու պահում այն նույն ձեռքում: Ապա պատվաստակալի հյուսիսային կողմից արմատավզիկի կեղեւի վրա պատվաստի դանակով T-աձեւ կտրվածք է անում եւ նույն դանակի հետեւի մասի ոսկրիկի օգնությամբ թեթեւակի կեղեւը բարձրացնելով, ձախ ձեռքով վահանիկը զգուշությամբ դնում է կտրվածքի մեջ, լավ նստեցնում ու երկու ձեռքերի բութ մատերով սեղմում բացված կեղեւը դեպի պատվաստաչքը: Եթե վահանիկի ծայրը դուրս է մնում, այն զգուշությամբ կտրում են պատվաստակալի վրա հորիզոնական կտրվածք արված տեղում եւ, աչքը լրիվ տեղավորելուց հետո, անմիջապես կապում: Սովորական աչքապատվաստով բազմացնելիս ընկուզենին միշտ լավ արդյունք չի տալիս, ուստի այն բազմացնում են քառանկյունի եւ օղակաձեւ կտրվածքով‘ աչքապատվաստով:
Օղակաձեւ պատվաստը կատարվում է գարնանը‘ աճող աչքով կամ ամռան երկրորդ կեսին‘ քնած աչքով, հետեւյալ կերպ. գարնանը, երբ սկսվում է հյութաշարժությունը, կամ ամռանը‘ բույսերի երկրորդ աճի ժամանակ, սերմնաբույսերի վրա, մեկը մյուսից 3-4 սմ հեռավորությամբ (նկատի են ունենում պատվաստաբողբոջի չափը) օղակաձեւ երկու կտրվածք են անում, ապա կեղեւը զգուշությամբ հանում: Ընտրում են պատվաստակալի հաստության պատվաստացու կտրոն եւ նրա բողբոջը (աչքը) կեղեւի հետ միասին կտրվածքի երկարությամբ կտրելով օղակաձեւ, հանում եւ անմիջապես հագցնում են պատրաստած սերմնաբույսի (պատվաստակալի) կտրվածքին ու ամուր կապում: Պատվաստի այս եղանակը ապահովում է ընկուզենու համեմատաբար բարձր կպչողականություն:
Պատվաստելուց մոտավորապես մեկ-երկու շաբաթ անցնելուց հետո պետք է ստուգել այն եւ անհրաժեշտության դեպքում, եթե աչքապատվաստը կպել է, կապը թուլացնել, իսկ եթե չի կպել, ապա անմիջապես կատարել կրկնապատվաստ‘ առաջին անգամ կատարված պատվաստի հակառակ կողմից:
Աչքապատվաստը կարելի է կատարել նաեւ գարնանը‘ բույսերի մեջ հյութաշարժությունը սկսվելուց հետո, երբ պատվաստակալի կեղեւը բնափայտից լավ է անջատվում: ոյություն ունեն կտրոնապատվաստի մի շարք ձեւեր, որոնցից համեմատաբար լայն տարածված են անգլիական կամ բարելավված պատվաստը, կողապատվաստը, ճեղքապատվաստը, պատվաստը, պատվաստը կեղեւի տակ եւ այլն: Կտրոնապատվաստը կատարում են վաղ գարնանը‘ մինչեւ բողբոջների բացվելը, որի համար կտրոնները (միամյա շիվեր) վերցնում են ուշ աշնանը եւ ձմռանը, խնամքով պահում հով նկուղներում‘ խոնավ ավազի կամ մամուռի մեջ, այնպես, որ մինչեւ պտվաստելն աչքերը չբացվեն:Կտրոնապատվաստով ամենից հաջող բազմացվում են խնձորենին եւ տանձենին:

Խաղողի բազմացումը

Խաղողի սորտը պահպանելու համար այն բազմացնում են միայն վեգետատիվ եղանակով` ցողունային կտրոններով, պատվաստներով, անդալիսով:

Կտրոններով բազմացում:

Բարձրորակ արմատակալներ աճեցնելու համար անհրաժեշտ է կտրոնները վերցնել նախապես ընտրված մաքրասորտ, առողջ, ուժեղ աճեցողություն ունեցող բերքատու վազերի միամյա մատերից:
Միամյա մատերից վերցրած կտրոնները լավ են արմատակալում և դիմացկուն են արտաքին անբարենպաաստ պայմանների նկատմամբ: Մթերված կտրոնները պետք է լինեն լավ փայտացած, նորմալ երկարության միջհնգույցային տարածություններով, 5-12 մմ հաստությամբ և 50-100 սմ երկարությամբ: Կտրոնների հիմքի և վերին կտրվածքները կատարում են հանգույցների մեջտեղից:
Սովորաբար կտրոնները մթերում են աշնանը` կիսալուսնի փուլում, քանի որ փորձը ցույց է տվել, որ դրանք ավելի լավ են արմատակալվում, քան գարնանը` լիալուսնի ժամանակ մթերածները:
ՈՒսումնասիրությունները հաստատել են նաև, որ շիվերի միջին մասից մթերված կտրոնները ավելի լավ են արմատակալում, քան ծայրի մասից վերցրածները:
Կտրոնները կապում են խրձերով և պիտակավորում ըստ սորտերի:
Նախքան տնկելը բարձր կպչողականություն ստանալու համար անհրաժեշտ է կտրոնները մշակել աճման խթանիչով (հիբեռլին, ինդոլիլ, քացախաթթու և այլն):
Մթերված կտրոնները կապում են փոքր խրձերով և հիմքի մասով` 2-3 սմ չափով, դնում են այդ խթանիչներից 0,1-0,3%-ոց որևէ լուծույթի մեջ և պահում 12-24 ժամ:
Կտրոնների արմատակալումը և կպչողականությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է դրանք ենթարկել կիլչեցման և ներքևի աչքից մեկ սմ երկարությամբ մանրատամ սղոցով կամ այգեգործական դանակով թույլ քերծվածք կատարել:
Այդ նպատակով առավոտյան թարմացված և մշակված կտրոնների խրձերը գլխիվայր, խիտ շարում են վաղօրոք պատրաստված խրամատի մեջ:
Որպեսզի կտրոնի աչքերը չբացվեն, խրձերի արանքները լցնում են խոնավ ավազ:
Խրձերի վրա 3-5 սմ շերտով ցնում են փայտի խոնավ թեփ կամ ավազ, այնուհետև 15 սմ գոմաղբ, որից հետո առատ ցնցուղով ջրում են: Խրամատը ծածկում են պոլիեթիլենային թաղանթով կամ ապակյա շրջանակով որոնք կարգավորում են խոնավության և ջերմային ռեժիմը:
Կիլչեցման համար նպաստավոր է 20-25 աստիճան ջերմությունը, խոնավությունը պետք է լինի 10-12%: Պարբերաբար խոնավացնում են և տասը օր անց կտրոնների ստորին կտրվածքի վրա ստուգում կայլուսի առաջացման վիճակը:
Կիլչեցումն ավարտված է համարվում, երբ կտրոնների վրա գոյանում է բաց գույնի փուխր հյուսվածք` կայլուս:
Կտրոնների կիլչեցման տևողությունը 18-20 օր է, որից հետո խրձերը արագ տեղափոխում են դաշտ և տնկում տնկարանում սովորական ձևով:
60-75 սմ միջշարային և 15 սմ միջբուսային հեռավորությամբ:
Տնկարանում մշակության և խնամքի բոլոր ագրոտեխնիկական աշխատանքները կատարում են ըստ հրահանգների:
Արտադրված տնկանյութը պետք է ունենա լավ զարգացած` 30-40 սմ երկարությամբ և 3-4 առանցքային արմատներ, որոնք պատված կլինեն մեծ թվով փնջաձև մազարմատներով:

Այգու հիմնումը

Խաղողի վազը կարող է աճել բոլոր հողատիպերում, բացառությամբ ճահճուտ և աղուտ հողերում:
Խաղողի քիշմիշային և սեղանի սորտերն ուժեղ աճում են և բարձր բերք են տալիս հումուսով հարուստ, կուլտուր-ոռոգելի, թեթև ստրուկտուրային և հզոր վարելաշերտ ունեցող, խոնավությամբ ապահովված հողերում:
Խաղողի տնկարքները կամ այգիները պետք է հիմնադրել 1-2 տարեկան կենսունակ արմատակալներով: Շարքերում վազերը դասավորվում են շախմատաձև, շարքային և քառակուսի: Մեղրիի տարածաշրջանում տնկման սխեման, ըստ վազերի աճեցողության, այսպիսին է.
-թմբային այգիներում 1,5 x 1,0 մ,
-լարային, շպալերային այգիներում` 2,25×1,5 մ:
Այգետնկման ժամանակ ուշահաս սորտերը պետք է տեղաբախշել հարավային կողմնադրության տարածքի վրա:
Թույլ աճեցողություն ունեցող սորտերը տեղաբախշվում են տնտեսության առավել բերրի հողերում:

Գ.Մարգարյան, ՙՍյունիքի ԳԱՄԿ՚ ՓԲԸ խորհրդատու
http://www.banugorc.am/