Category Archives: Ցանքածածկում

Կոկոսի սուբստրատ

Կոկոսի սուբստրատը կամ Կոկոսային տորֆը (անգլ․՝ Coconut substrate, Cocopeat, Coconut Coir, ռուս․՝ Кокосовый субстрат, Кокосовый торф) ողջ աշխարհում, լայնորեն օգտագործվում է

սենյակային և այլ բույսեր, սածիլներ, տնկիներ, սունկ, միկրոկանաչի աճեցնելու, բույսերի կտրոններ արմատակալման դնելու համար պատրաստվող հողախառնուրդների մեջ, հիդրոպոնիկայում, ինչպես նաև հողը ցանքածածկելու համար։

Կոկոսի սուբստրատը պատրաստում են կոկոսի կեղևը և դրա մանրաթելերը աղալով։ Ստացվում է թեթև, փխրուն,օրգանական, շատ ուշ քայքայվող, չեզոք թթվայնությամբ, լավ խոնավություն կլանող ու պահող զանգված։

Կոկոսի սուբստրատը հիմնականում վաճառվում է մամլած աղյուսների տեսքով, ինչը շատ հարմար է տեղափոխման համար, իսկ օգտագործելուց առաջ այն պարզապես թրջում են և ստացվում է շատ ավելի մեծ, պատրաստի զանգված։

Մոտ 4 կգ սեղմված կոկոսի սուբստրատից (աղյուսի չափը 30x30x10 սմ) ստացվում է մոտ 60 լիտր պատրաստի սուբստրատ:

Կոկոսի սուբստրատի առավելությունները

Փորձված այգեգործները, գիտեն, որ բույսի համար շատ կարևոր է արմատային համակարգի զարգացումը: Եթե ​​արմատները զարգանում են փխրուն, թեթև հողում, ապա զարգացումն ավելի արագ է ընթանում, քան կարծր կավահողի մեջ: Բացի այդ, արմատներին անհրաժեշտ է խոնավություն և թթվածնի ազատ ներհոսք:

Նշված պայմաններն ապահովելու համար, հողախառնուրդներ կազմելիս, ավելացնում են տարբեր փխրեցնող, խոնավություն պահեստավորող հավելանյութեր՝ տորֆ, տորֆամամուռ, վերմիկուլիտ, ագրոպերլիտ և այլն: Այս նյութերից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը:

Ինչ վերաբերում է կոկոսի սուբստրատին, ապա այն ունի՝

  • ծակոտկեն կառուցվածք և կարող է մեծ քանակությամբ խոնավություն պահել իր մեջ ՝ այն աստիճանաբար տալով բույսերին: Միևնույն ժամանակ, այն նաև ապահովում է թթվածնի հասանելիությունը արմատներին:
  • չեզոք pH թթվայնություն, ինչը թույլ է տալիս այն օգտագործել գրեթե բոլոր բույսերի համար: Հարմարեցնելով յուրաքանչյուր բույսի տեսակին, կոկոսի սուբտրատին համապատասխան բաղադրիչ ավելացնելով, կարելի է փոխել հողախառնուրդի թթվայնությունը: Օրինակ, հողախառնուրդի թթվայնությունն ավելացնելու համար կարելի է ավելացնել վերնատորֆ (թթվային), իսկ փոքր-ինչ ալկալային հողախառնուրդ ստանալու համար ՝ կրաքար:
  • բացի խոնավությունից, նաև ջրի մեջ լուծված սննդարար տարրերը իր մեջ պահելու, այնուհետեւ աստիճանաբար բույսերին տալու հատկություն:
  • բազմակի օգտագործման հնարավորություն (մինչև 5 տարի):

Կոկոսի սուբստրատը օրգանական նյութ է։ Աստիճանաբար, մոտ 5 տարի անց, կոկոսի սուբստրատը ամբողջովին քայքայվում է և դառնում հողի հումուսի մաս:

Կոկոսի սուբստրատի կիրառման եղանակները

Սենյակային բույսեր աճեցնելը

Սենյակային կամ դրսի՝ կոնտեյներային բույսեր աճեցնելու համար կոկոսի սուբստրատը կարելի է օգտագործել կամ մաքուր վիճակում՝ բույսին հաճախ և անընդհատ սնուցում տալով, կամ հողախառնուրդի ձևով՝ սուբստրատին ավելացնելով այլ բաղադրիչներ՝ ճմահող, տերևային բուսահող, կոմպոստ, փտած գոմաղբ, ավազ և այլն:

Սածիլներ աճեցնելը

Քանի որ սուբստրատը ստերիլ է, սածիլներն աճեցնելիս սուբստրատի կիրառումը, ամենայն հավանականությամբ, կազատի մի շարք հիվանդություններից և խնդիրներից (սեւ ոտք, միջատներ և մոլախոտեր):

Ինքնին, մաքուր կոկոսի սուբստրատը գործնականում չունի սննդային որևէ արժեք, ինչը նշանակում է, որ կա՛մ այն ​​սերմեր ցանելուց առաջ պետք է հատուկ պարարտացվի, կամ, առաջին իսկական տերևները հայտնվելուց առաջ, պարարտացվի հեղուկ պարարտանյութերով:

Ընդհանուր ցանքից առանձնացնելուց հետո սածիլների և տնկիների աճեցնելը

Առանձնացվող բույսերը տնկում են կոկոսի սուբստրատի և պարտեզի ախտահանված հողի (1:1) խառնուրդի մեջ: Պարարտ և փխրուն հողախառնուրդ է ստացվում, իսկ սածիլները «մանկությունից» վարժվում են այգու հողի առանձնահատկություններին:

Բույսերի (տնկիների) տնկելը բաց գրունտում

Եթե տնկելուց առաջ ​​տնկափոսի մեջ լցվի այգու հողի և կոկոսի սուբստրատի խառնուրդ (մոտավորապես 1:1), ապա բույսի հարմարվելը նոր տեղին ավելի դյուրին և արագ տեղի կունենա, ավելի արագ կաճեն նոր արմատները։

Հողը ցանքածածկելը

Կոկոսի սուբստրատը կարող է օգտագործվել որպես ցանքածածկ կամ որպես բույսերի արմատները ցուրտ եղանակներին ջերմամեկուսացնելու միջոց:

Ինչպես ճիշտ նախապատրաստել կոկոսի մամլած սուբստրատը

Մամլած աղյուսը պետք է դնել որևէ ամանի մեջ և վրան ջուր, իսկ անհրաժեշտության դեպքում միանգամից պարարտանյութ պարունակող լուծույթ լցնել: Ասենք, 4 կիլոգրամանոց աղյուսի վրա լցվում է մոտ 25 լիտր ջուր, և, մեկ ժամ անց, ստացվում է մոտ 60 լիտր (6 դույլ) պատրաստի սուբստրատ: Եթե ​​միանգամից այդպիսի զանգվածի կարիքը չկա, ապա կարելի է սղոցով կտրել և օգտագործել աղյուսի մի մասը:

Կոկոսի սուբստրատի թերությունները

Ցավոք, այս աշխարհում ամեն ինչի մեջ միշտ ինչ-որ թերություններ կան: Ինչ վերաբերում է կոկոսի սուբստրատին, դրանք են՝

  • Համեմատաբար բարձր գինը Հայաստանում: Սա որոշ չափով սահմանափակում է դրա օգտագործումը՝ մանավադ բացօթյա օգտագործումը ցանքածածկ անելու համար։
  • Օգտագործելուց առաջ կոկոսի սուբստրատը պետք է թրջել և որոշ ժամանակ սպասել սուբստրատի պատրաստ լինելուն:
  • Կոկոսի արմավենիները հիմնականում աճում են ծովափերին և, վատ մշակման դեպքում, սուբստրատը կարող է ծովի աղ պարունակել։ Ապահով լինելու համար, օգտագործելուց առաջ պետք է ստուգել սուբստրատը և, կարիքն առաջանալու դեպքում, լվանալ այն։ Կանանց, սովորական նեյլոնե զուգագուլպաներըշատ հարմար են սուբստրատը ողողելու համար:
  • Վերջապես, գլխավորը. ցավոք, երբեմն վաճառքում հայտնվում են կոկոսի անորակ, ոչ ստերիլ և բույսերին վնասող նյութեր պարունակող սուբստրատներ: Պետք է գնել ստուգված արտադրողների ապրանքը։

Ելակի մշակությունը ցանքածածկման եղանակով

Ելակի մշակությունը ցանքածածկման եղանակով լավացնում է բերքի որակը և հեշտացնում ու քչացնում է մշակության աշխատանքները: Ցանքածածկի նյութերը ճնշում են մոլախոտերի աճը, հատկապես` միամյաների: Ցանքածածկի տակ գտնվող հողը ամռանը պահպանում է խոնավությունը, իջնում ոռոգման ջրի պահանջը: Դրա համար ցանքածածկը պետք է փռել անձրևից կամ ջրելուց հետո:
Ցանքածածկված հողը քիչ է տաքանում ու բույսի արմատների և ընդհանուր աճի համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում:
Մի շարք դեպքերում, ցանքածածկի նյութերը բույսերին պաշտպանում են վնասատուներից  և հիվանդություններից: Օրինակ, եղինջը որպես ցանքածածկ օգտագործելուց, բույսերին պաշտպանում է կողինջներից, գազարի և սոխի ճանճից, նեմատոդներից, բարելավվում է հողի կառուցվածքը: Բարձրանում է հումուսի պարունակությունը հողի մեջ, ակտիվանում է անձրևաորդերի կենսագործունեութթյունը, որի արդյունքում հողը դառնում է ավելի փխրուն, չի կեղևակալում:
Որոշ ցանքածածկող նյութեր, օրինակ, փտած  գոմաղբը ակմ  այգու  կոմպոստը,   բույսերին ապահովում են  լրացուցիչ սննդանյութերով:
Փխրուն ցանքածածկային նյութերը, որոնք պարունակում են կոպիտ օրգանական տարրեր, հանդիսանում են լավ մեկուսիչներ`  դրանք հողը պահպանում են այն վիճակում, որ վիճակում ցանքածածկվել է:  Հետևաբար  բույսի առավել  բարենպաստ աճի  համար հողը պետք է  ցանքածածկել,  երբ այն տաք է և  խոնավ:
Նախքան հողի  մուլչապատումը  պետք  է  կատարել քաղհան, արմատներով հանել բազմամյա մոլախոտերը, այնուհետև հողի մակերեսին շաղ տալ անհրաժեշտ օրգանական պարարտանյութեր, փխրեցնել հողի վերին շերտը, փռել ցանքածածկող նյութը և փոցխով հավասարեցնել:
Բանջարանոցային  մարգերում  ցանքածածկում են  միջշարային և միջբուսային տարածությունները: Բազմամյա տնկիների և բանջարեղենի շուրջը ամռանը ցանքածածկը չեն շարժում և աշնանը չեն հավաքում, այլ հաջորդ  տարվա գարնանը  փռում են  նոր  շերտ: Եթե որպես ցանքածածկ օգտագործվել է տորֆ կամ փտած գոմաղբ, ապա ցանքածածկը կարելի  է գարնանը խառնել հողի վերին շերտի հետ: Նույնը կարելի է անել նաև ծղոտի կտրվածքի հետ` ավելացնելով ազոտով հարուստ պարարտանյութ: Որպես ցանքածածկ կարելի է օգտագործել հետևյալ օրգանական նյութերը.
Տորֆը լավ  է  պաշտպանում  հողը արևի ճառագայթներից, պահպանում է խոնավությունը, ծանր  կավային հողերը դարձնում է փուխր, թեթև և օդաթափանց, իսկ ավազայինը` առավել կպչուն և խոնավատար: Համատարած ցանքածածկման համար պիտանի չէ:
Փայտի սղոցուքը, տաշեղը և ծառի կեղևը հարմար  է  օգտագործել  պտղատու  ծառերի  և  թփերի  ցանքածածկման համար:
Սոճու և եղևնու  փշերը  հանդիսանում  են  լավագույն ցանքածածկ նյութեր ելակի համար: Միջշարքերում փռվածքը խոչընդոտում  է  գորշ  փտման  տարածմանը, միաժամանակ  բաց գրունտում  պտուղները  մաքուր  են մնում անձրևից հետո:
Փտած  գոմաղբը  ցանքածածկման նպատակով լավ է խառնել հողի վերին շերտի հետ, որպեսզի սննդանյութերը, հատկապես ազոտական, չկորչեն:
Այգու  կոմպոստը  բարելավում  է  հողի կառուցվածքը, միաժամանակ պաշտպանում գերտաքացումից և սառեցումից:
Հնձած  խոտը  օգտագործվում  է  ինչպես  այգիների միջշարքերի այնպես էլ բանջարային մշակաբույսերի, ելակի մարգերի մուլչապատման համար: Օգտագործելուց առաջ պետք է արևի տակ լավ չորացնել:
Օրգանական նյութերով ցանքածածկումը ունի շատ առավելություններ: Ցանքածածկումը աշխատատար չէ: Այն առաջացնում է կոմպոստ նաև  հանդիսանում  է օրգանական պարարտանյութ: Առաջացնում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, որը տարածվում և օգտագործվում է ոչ միայն տվյալ բույսի կողմից, այլ նաև հարևան բույսերի կողմից:
Բացի օրգանական նյութերից, որպես  ցանքածածկ  կարելի է  օգտագործել  սև պոլիէթիլենային  թաղանթ: Այն  ևս պաշտպանում է մարգերը չորացումից,  քամիների և ոռոգման ջրի բերած մոլախոտերի սերմերը չեն ծլում, պահպանվում է հողի փխրունությունը, վաղ գարնանը հողը շուտ է տաքանում, ինչը նպաստում է բույսերի վաղ աճին և բերքատվությանը:
Նույնը կարելի է ասել ստվարաթղթով և/կամ թերթերի տրցակով ցանքածածկման մասին: Ստվարաթուղթն, իհարկե, գերադասելի է, բայց եթե չկա, ապա 20 շերտանոց թերթերի տրցակը լիովին կփոխարինի դրան:
Հողը սկզբում մաքրում են մոլախոտերից, փխրեցնում, հետո ծածկում ստվարաթղթով կամ թերթերի տրցակով՝ այնպես, որ բաց տեղեր չլինեն ու կտորները առնվազն 20 սմ միմյանց վրա գան: Այնուհետև, պարտիզպանի փոքր բահով անցքեր են բացվում ստացված ցանքածածկի մեջ, ուր տնկվում են ելակի թփերը: Տնկելուց հետո լավ ջրում են նույն անցքերի միջով՝ չոր թողնելով ցանքածածկի մյուս մասերը: Հնարավարության դեպքում, կարելի է ծղոտից ցանքածածկի ևս մեկ շերտ ավելացնել:
Նյութը վերցված է այստեղից և մի բոքր խմբագրված է և լրացված:

Փայտի սղոցուքը պարտեզում

Շատ պարտիզպաններ փայտի սղոցուքն օգտագործում են միայն որպես ջերմամեկուսիչ՝ բույսերը ցրտերից առաջ ծածկելու համար: Իրականում փայտի սղոցուքը (հետագա տեքստում կօգտագործենք կարճ անվանումը՝ թեփ), կարելի է նաև օգտագործել որպես օրգանական պարարտանյութ, ավելի ստույգ, որպես պարարտանյութի հիմք կամ որպես ցանքածածկ:

Փայտի սղոցուքը որպես օրգանական պարարտանյութ
Ուշադրություն: Թեփն առանձին, որպես պարարտանյութ հողին խառնել չի կարելի: Դա սկսնակ պարտիզպանների ամենատարածված սխալն է:
Հողին խառնված "հում" թեփը խիստ աղքատեցնում է հողը:

Փայտի մեջ շատ քիչ օգտակար տարրեր կան՝ 1-2% ազոտ կա ու մնացածը բալաստային նյութեր են, որոնք ձևավորում են ծառի բունը և ծառայում են սննդարար հյութերի տեղափոխմանը: Բայց կտրատած փայտի կամ փայտի թեփի վրա,  ժամանակի ընթացքում հայտնվում և ապրում են միկրոօրգանիզմներ, որոնք հարստացնում են նյութը օգտակար նյութերով: 2-3 տարի պարտեզի մի անկյունում լցված թեփը սևանում է, ինչը փտելու հետևանք է: Փտման գործընթացն ավելի արագացնելու համար թեփն ավելացնում են կոմպոստին, որտեղ քայքայվում է այլ օրգանական մնացուկների հետ խառնված և հարստացվում:
Թեփով լրացված կոմպոստն ավելի շուտ է տաքանում ու հասունանում, իսկ ստացված պարարտանյութն ավելի փխրուն է լինում և օդաթափանցիկ:

Ինչպես թեփով կոմպոստ պատրաստել

Թեփով կոմպոստը պատրաստում են հետևյալ բաղադրիչներից՝

Միզանյութը բացում են ջրով ու այդ լուծույթով ջրում են շերտ առ շերտ լցված թեփի, մոխիրի, խոտի ու տերևների և խոհանոցայն մնացուկների վրա:
Մեկ այլ բաղադրատոմսում ավելի շատ օրգանական նյութեր են օգտագործվում՝ ազոտի մեծ պահանջ ունեցող բույսերի համար:

  • Թեփ – 20 կգ;
  • Կովի գոմաղբ – 5 կգ;
  • Հնձած խոտ – 10 կգ;
  • Խոհանոցի օրգանական մնացուկներ – 3 կգ;
  • Ջուր – 5 լ:
Թեփով ցանքածածկում

Թեփով ցանքածածկումն անում են մոլախոտերի աճը զսպելու և հողի խոնավությունը պահպանելու համար: Բացի այդ, ինչպես վերը նշվեց, 2-3 տարի անց թեփը, միկրոօրգանիզմների ներգործությամբ հարստանում է օգտակար նյութերով և կոմպոստ պատրաստելու համար լավ հիմքանյութ դառնում:
Սակայն, պետք է հիշել, որ նույնիսկ գետնին փռված վիճակում, թեփը շատ օգտակար նյութեր է կլանում այնտեղից: Ուստի թեփով ցանքածածկ անելիս պետք է նախատեսել բույսերի՝ ազոտով հարուստ օրգանական պարարտանյութերով լրացուցիչ սնուցում:

Թեփի կիրառումը որպես փխրեցնող հավելանյութ

Չնայած չնչին սննդարար հատկությանը, թեփը հաճախ են խառնում հողի հետ՝ որպես փխրեցնող հավելանյութ: Պատճառն այն է, որ հեշտ ճարվող, էժան, թեթև բայց մեծ ծավալ ունեցող նյութ է: Միակ թերությունն, արդեն ասվեց, որ հողից օգտակար նյութեր է կորզում, ինչը ստպված ենք լինում կոմպենսացնել այլ պարարտանյութեր խառնելով:

Թեփի կիրառումը որպես ջերմամեկուսիչ

Թեփն, ինչպես վերն ասվեց, օգտագործում են ձմռան ցրտերից առաջ բույսերը ծածկելու համար: Դա անում են ուշ աշնանը, որպեսզի ծածկը մկների բույն չդառնա: Որպես կանոն, թեփով ծածկն էլ ծածկում են ջրամեկուսիչ ծածկով, որպեսզի թեփը չխոնավանա ու սառչի:

Ցանքածածկ (մոլչ, մուլչա)

Օրգանական հողագործության հիմնական խնդիրը հողը բնական եղանակով պարարտ պահելն է: Վորպեսզի գայանա և հարստացվի հողի հումուսը, այն պետք է ստանա օրգանական սնուցում: Հողի մեջ օրգանական նյութեր ներարկում են չորս

հիմնական եղանակներով՝ օրգանական ցանքածածկի միջոցով, սիդերատներ ցանելով, կոմպոստ կամ այլ օրգանական պարարտանյութեր խառնելով և տաք մարգեր սարքելով:

“Մերկությունը” հողի համար բնական վիճակ չէ: Բնական վիճակում հողը միշտ ծածակված է լինում ցանքածածկով՝ թափված տերևնորով, մահացած բույսերի և միջատների մնացորդներով և այլն: Փաստորեն, վայրի բնությունում օրգանիկայի մեծ մասը հողին հասնում է հենց ցանքածածկից: Ցանքածածքի ներքին, հողի հետ շփվող շերտը աստիճանաբար քայքայվում է ու դառնում հումուս:
Օրգանական հողագործությունում նաև ձգտում են որքան հնարավոր է հեշտացնել աշխատանքը հողի հետ: Ցանքածածկ անելով այլ խնդիրներ էլ են լուծվում: Հումուսի համար նյութ մատակարարելուց բացի ցանքածածկը արգելափակում կամ դժվարեցնում է մոլախոտերի աճը, պահպանում է հողի խոնավությունը, իսկ հողը փխրուն է դարձնում: Ուստի ցանքածածկի կիրառումը, բացի մոլախոտերի դեմ պայքարի, փխրեցման ու ջրելու համար ֆիզիկական աշխատանքը կրճատելուց խնայում է նաև ոռոգման ջուրը:
Բայց սա էլ ամբողջը չէ: Նշենք ևս երկու դրական կողմեր.

  • ցանքածածկը հանդիսանում է ջերմամեկուսիչ, ինչը որոշ չափով համահարթեցնում է հողի գիշերային ու ցերեկային ջերմաստիճանները;
  • ցանքածածկը պաշպանում է հողը քամու ու ջրային էրոզիայից:

Նշենք, որ վերջերս սկսել են լայնորեն կիրառվել արհեստական նյութերից պատրաստված, երբեմն գեղեցիկ գունավորված ցանքածածկեր: Ըստ էության ցանքածածկ է նաև հողի վրա փռվող մուգ, ոչ թափանցիկ ցելոֆանը, որի մեջ բացված անցքերում տնկում են մշակաբույսերը: Դրանք, իրենց դեկորատիվ հատկություններով հանդերձ, ունեն օրգանական ցանքածածկի համար վերը նշված բոլոր օգտակար հատկությունները, բացառությամբ թերևս ամենակարևորի՝ չեն սնում հողը օրգանիկայով:
Օրգանական ցանքածածկումը սկսում են գարնանը, երբ հողը, զրկվելով ձյունածածկից, տաքանում է և հայտնվում են առաջին բույսերը, իսկ ցանքածածկի վերջին շերտը դնում են խոր աշնանը՝ մինչև ձյան տեղալը: Բավարար նյութ ունենալու դեպքում, խորհուրդ է տրվում երկու շաբաթը մեկ 5-7 սմ հաստությամբ ցանքածածկի նոր շերտ ավելացնել:
Որպես օրգանական ցանքածածկ կիրառվում են հետևյալ նյութերը.

  • եղինջ, կռատուկ, մոլախոտեր, տերևներ;
  • հավաքված մշակաբույսերի մնացուկներ, սիդերատներ;
  • սիզամարգերից կամ մարգագետիններից հնձած խոտ, ծղոտ, չոր խոտ;
  • թուղթ, կարտոն, փայտի թեփ, մանրեցված կամ աղացած ծառակեղև ու ծառի ճյուղեր;
  • կոմպոստ, փտած գոմախբ:

Հնձած խոտը պետք է կիրառել թոշնելուց հետո: Հավաքված մոլախոտերը լավ կլինի նախապես 2-3 օր փռել արևի տակ:

Լավագույն ցանքածածկը կազմվում է տարբեր բաղադրիչների խառնուրդից:

Ազոտով հարուստ բաղադրիչներին (խոտ, մոլախոտեր, սիդրատներ) խառնում են ածխածնով հարուստները (ծղոտ, ծառակեղև, փայտի թեփ, տերևներ): Պետք չէ ցանքածածկ անել զուտ ածխածնով հարուստ նյութերով, քանի որ դրա հետևանքով արագ բազմացող միկրոորգանիզմները, այլ, ազոտ պարունակող սնունդ չգտնելով, սկսում են սնվել հողի միջի ազոտով, դժվարեցնելով մշակաբույսերի աճը:  Քանի որ ցրտելուց հետո միկրոֆլորան մահանում և հարստացնում է հողը ազոտով, միայն խորը աշնանը կարելի է ցանքածածկ անել միայն ածխածնով հարուստ նյութերով:
Փայտի թեփը քայքայվելուց հետո կարծրացնում է գրունտը, ուստի, խորհուրդ է տրվում այն միշտ խառնել խոտի հետ:
Ի դեպ թեփը պետք է լինի սաղարթավոր ծառերի փայտից, չոր, ոչ թարմ:
Մինչև ցանկածածկելը հաճախ անհրաժեշտ է լինում որոշակի նախապատրաստական աշխատանք տանել հողի հետ՝

  • քաղհան անել և մաքրել հողը մոլախոտերից ու արմատների մնացորդներից;
  • ջրել հողը, որպեսզի հետո ցանքածածկի միջոցով պահպանվի խոնավությունը;
  • մի քիչ չորանալուց հետո, փխրեցնել հողը մոտ 5-10 սմ խորությամբ:
Հղումներ