Category Archives: Սիդերատներ

Լոբին որպես սիդերատ

Լոբին (լատ.՝ Phaseolus vulgaris), ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս է։ Ըստ թփի ձևի՝ լոբին կարող է լինել փաթաթվող և թփային։
Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին։ Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում՝ 20-23%)։ Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են։ Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու հանքային աղեր։
Լոբին աճելիս նաև հարստացնում է հողը ազոտով:
Լոբին ջերմասեր մշակաբույս է, սերմերը ծլում են 12-15 աստիճան ջերմության դեպքում, իսկ ծիլերը և բույսը չեն դիմանում 0 ստիճանին:
Ցանելուց առաջ լոբու սերմերը 20 րոպե թրջում են կալիումի պերմանգանատի 1 տոկոսանոց (10 գ՝ 1 լ ջրին)  լուծույթի մեջ, հետո լավ լվանում հոսող ջրի տակ, այնուհետև չորացնում ստվերում:
Եթե լոբին ցանվում է բերքի համար ապա.
Թփային լոբին ցանում են 5-6 սմ խորությամբ, իրարից 20-25 սմ հեռավորության վրա, իսկ շարքերի միջև թողնում են 40 սմ: Փաթաթվող լոբու շարքերի միջև թողնում են 50 սմ տարածություն և ցանում են 25-30 սմ իրարից հեռու: Ամեն բույսի համար տնկում են մինչև 1,5 մ բարձրությամբ ձողեր կամ նախատեսում են այլ հարմարություններ, որպեսզի բույսը փաթաթվելով վեր աճի:
Լոբին գերադասում է չեզոք և թույլ թթվայնություն ունեցող հողեր (рН 6-7):
Սիդերացիայի համար լոբին ցանում են շատ ավելի խիտ և հնձում ու հողին են խառնում մինչև ծաղկելը:

Սոյան որպես սիդերատ

Սոյա, (լատ.՝ Glycine), պատկանում է բակլազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղին։ Այն ունի մի քանի տասնյակ տեսակ։ Մշակության մեջ տարածված է թավոտ կամ մշակովի սոյա (Glycine․ hispida կամ Clycine max)։ Սոյա մշակովին միամյա է, վեգետացիոն շրջանը 90-160 օր է։ Արմատները խորանում են մինչև 1,5 մ և ավելի: Դրանց վրա բնակվում են բակտերիաներ, որոնք օդից ազոտ են կորզում, ինչով ոչ միայն ապահովում են սոյային, այլև որոշ քանակությամբ պաշարում են հողում:
Սոյան ճյուղավորվում է ու կազմում է մինչև 1 մ բարձրության թուփ:
Բակլազգիների մեջ սոյան առաջատար բույսի համարում ունի, քանի որ, բացի սիդերատ լինելուց, լայնորեն օգտագործվում է որպես սննդամթերք և անասնակեր: Սոյայի սպիտակուցը, իր հատկություններով, շատ մոտ է կենդանական ծագման սպիտակուցներին: Սոյայի չոր խոտը արժեքավոր անասնակեր է և իր սննդարարությամբ չի զիջում առվույտին ու  երեքնուկին:
Սոյան որպես սիդերատ հնձում և խառնում են հողին մինչև ծաղկելը:

Հղումներ

Վաղենակը որպես սիդերատ

Վաղենակ, (նարգիզ) (անգլ.՝ Marigold, ռուս.՝ Календула, լատ.՝ Calendula), աստղածաղկազգիներ (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 տեսակ։
Հայաստանում էնդեմիկ է 1 տեսակ՝ պարսկական (լատ.՝ calendula persica)։  Վաղենակ դեղայինը (լատ.՝ Calendula officinalis) և՛ դեղաբույս է, և՛ շատ տարածված, 20-75 սմ բարձրությամբ դեկորատիվ ծաղիկ է, որը կարելի է օգտագործել նաև որպես սիդերատ:
Հայտնի է, որ վաղենակը վանում է թիթեռներին ու տիզերին, իսկ թրաշուշանների հետ աճողը կարող է փրկել վերջիններիս բշտիկոտներ կոչվող վնասատուներից:
Վաղենակի դեղայինի կազմում կան եթերային յուղեր, ֆիտոնիցիդներ, դաբաղող նյութեր ու մեծ քանակությամբ միկրո և մակրոէլեմենտներ: Այդ օգտակար տարրերով հագեցած, երիտասարդ, կանաչ ծիլերը՝ հնձվելուց ու հողին խառնվելուց հետո, հողում մնացած արմատներով հանդերձ, քայքայվելով, լավ սննդարար միջավայր են ստեղծում:
Որպես ցանքածածկ օգտագործելու դեպքում էլ, վաղենակի հողի հետ շփվող մասերը աստիճանաբար քայքայվում են կամ ուտվում են որդերի ու միկրոօրգանիզմների կողմից, ինչից հետո վերածվում են ազոտով, լուսածինով, կալիումով և այլ օգտակար տարրերով հարուստ հումուսի:
Վաղենակի սերմերը ցանում են 2-3 սմ խորությամբ:

Հղումներ

Հնդկոտեմ

Հնդկոտեմ, (անգլ.՝ Nasturtium, ռուս.՝ Настурция, Капуцин, լատ.՝ Tropaeoium) պատկանում է հնդկոտեմների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային և

Կենտրոնական Ամերիկաներն են։ Ընտանիքում կան Հնդկոտեմի մոտ 50 միամյա և բազմամյա տեսակներ: Հայաստանի կլիմայական պայմաններում աճեցվում են որպես միամյա բույսեր:

Բազմացումը՝ սերմերով: Հնդկոտեմի սերմերը պահպանում են ծլողունակությունը մինչև 4 տարի:  Բաց գրունտում սերմերը ցանում են ապրիլ-մայիսին՝ նախապես մեկ օր թրջելով: Կարելի և ավելի վաղ ժամկետներում սածիլավորել: Ամեն փոսիկի մեջ ցանում են 3-4 սերմ: Բույսերի միջև անհրաժեշտ հեռավորությունը կախված է տեսակից: Թփաձև տեսակների միջև թողնում են  20-30 սմ, իսկ սփռվողների միջև՝ առնվազն 40 սմ: Հնդկոտեմը սկսում է ծաղկել ցանելու օրվանից 40-60 օր անց:

Հնդկոտեմը առողջացնում է սնկային հիվանդություններով վնասված հողը, իսկ ճյուղերն ու տերևները հարուստ են ասկորբինաթթվով:

Գերմանական աղբյուրները նշում են, որ Հնդկոտեմը լավ կանաչ պարարտանյութ է՝ մրգատու ծառերի բների շուրջ և  պտղատու թփերի շարքերի արանքում աճեցնելու համար (1-2 հատ 1 ք.մ. վրա): Ի տարբերություն այլ սիդերատների, Հնդկոտեմը կարելի է աճեցնել մինչև լրիվ հասունանալը և հաջորդ տարվա համար սերմեր հավաքել: Ձմռանը Հնդկոտեմը մահանում է, իսկ արմատները հրապուրում են Անձրևորդերին, որոնց համար Հնդկոտեմի արմատների մնացորդները պարզապես դելիկատես են:

Տեղը

Գերադասում է արևկող, քամուց պաշտպանված տեղեր: Կիսաստվերում ավելի շատ տերևներ է ձևավորում և ավելի քիչ ծաղիկներ:

Հողը կարող է լինել կավահող կամ ավազակավային, ոչ շատ պարարտ, բայց փխրուն, խոնավ ու չճահճացող:

Խնամքը

Ջրում են ոչ հաճախ, բայց առատ: Պարբերաբար փխրեցնում են հողն ու մոլախոտերի քաղհան անում: Ամռանը Հնդկոտեմին սնուցում են ծաղկելուց առաջ:

Դեկորատիվ նպատակով Հնդկոտեմն օգտագործում են ուղղահայաց և հորիզոնական կանաչապատման համար:

Հնդկոտեմի միկրոկանաչի աճեցնելը

Հնդկոտեմի ծաղիկը շքեղ է, բայց նրա միկրոկանաչու համը կարող է զարմացնել՝ սուր համ ունի, ինչպես մանանեխը կամ ճապոնական վասաբին։ Բացի այդ, հնդկոտեմի բոլոր մասերը ուտելի են։ Ծլողունակությունը բարձրացնելու համար կարելի է սկզբում, 1-2 ժամ տաք ջրի մեջ թրջել սերմերը։ Հընդկոտեմը նախընտրում է խոնավ միջավայր, իսկ դա կարող է նպաստել բորբոսնելուն։ Եթե հողի վրա բորբոս հայտնվի, պետք է ջրով բացված ջրածնի պերօքսիդ ցողել մակերեսին։

Մինչև ցանելը թրջելըԱյո, 4-8 ժամ
ՀամըԿծու, մանանեխի կամ վասաբիի համին նման
ԳույնըԹավ դեղին/կանաչ տերևներ, կանաչ/վարդագույն ցողուններ
Օգտակար նյութերը Տերևներն ու սերմերը մեծ քանակությամբ օգտակար նյութեր են պարունակվում, այդ թվում ՝ եթերային յուղեր եւ բուսական հակաբիոտիկներ, ասկորբինաթթու, սելեն, երկաթ եւ յոդ, կարոտին, կալիում, ֆոսֆոր եւ ծծումբ, A, B1 եւ B2 վիտամիններ ․․․
Հատկությունը Ամրացնում է իմունային համակարգը: Ունի հակաբիոտիկ եւ հակամանրէային հատկություններ: Կիրառելի է միզուղիների վարակներ եւ շնչառական հիվանդություններ բուժելու համար։
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար) 56-57 գրամ
Մթության մեջ պահելը2-3 օր
Ծլելը4-7 օրում
ԼույսըՊայծառ, ցրված արևի լույս կամ արհեստական՝ 16 ժամ միացած, 8 ժամ անջատած։
Բերքահավաքը 14-16 օրից
Օգտագործելը Դնում են պանիրների, բանջարեղենային աղցանների եւ ձվով ուտեստների մեջ: Օգտագործում են ուտեստները ձևավորելու համար։

Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։

Աճեցնելը՝ քայլ առ քայլ

  1. Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
  2. Ըստ ամանի մակերեսի առանձնացված սերմերի խմբաքանակը լավ լվանալ հոսող ջրի տակ, նկատված օտար տարրերն ու վնասված հատիկները հեռացնել։
  3. Լցնել որևէ խոր ամանի մեջ, վրան լցնել սերմերի ծավալից առնվազն 3-4 անգամ ավել ջուր և թողնել 4-8 ժամ։ (Նախապես թրջելը էապես արագացնում է սերմերի ծլելը։ Ավելի երկար թրջել չի կարելի՝ կարող է ֆերմենտացիա սկսվել և սերմերը կկորցնեն ծլողունակությունը։)
  4. Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մի քիչ պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
  5. Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ծաղել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
  6. Թրջելն ավարտելուց հետո, սերմերը քամել և հավասարաչափ բաշխել հողի մակերեսին եւ վրան լցնել նույն հողախառնուրդի բարակ շերտ՝ այնքան, որ սերմերը հազիվ ծածկվեն։ Ի դեպ, քամված ջուրը ճիշտ կլինի չթափել, այլ օգտագործել սենյակային բույսերը ջրելու համար՝ այնտեղ տարալուծված օգտակար նյութեր կան։
  7. Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
  8. Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել և դնել նույն տեղում:
  9. Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
  10. Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
  11. Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 7-9 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանքգ առնել։ Ամեն դեպքում, միկրոկանաչին ուտելու համար պատրաստ է երբ ունի 2-4 տերև։
Հղումներ

ԱՐԵՎԱԾԱՂԻԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Արևածաղիկը (անգլ.՝ Sunflower, ռուս.՝ Подсолнечник, լատ.՝ Helianthus), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույս է։ Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան։ 400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին «արևի ծաղիկ»։
Արևածաղիկը ոչ պահանջկոտ, միամյա բույս է: Ունի խորը (մինչև 2 մ) արմատներ:
Ձևավորում է մեծ կանաչ զանգված, բայց, որպես սիդերատ աճեցնելիս, հնձում են մինչև ծաղկելը:
Արևածաղիկը լավ է աճում հողի բոլոր տիպերի վրա, բայց գերադասում է թեթև և բերրի հողերը:
Արև և ջերմություն սիրող բույս է և չի դիմանում ցրտահարությանը: Միայն ծիլերն են, որ կարող են դիմանալ մինչև -5 ցրտին:
Սերմերը ցանում են 2-5 սմ խորությամբ: Մոտ 2 ամիս անց, երբ բույսն ունի մոտ 0,5 մ բարձրություն ու դեռ չի ծաղկել, հնձում են և խառնում հողի հետ:

Հղումներ

ՖԱՑԵԼԻԱՆ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Ֆացելիան (անգլ․՝ Phacelia, ռուս․՝ Фацелия, լատ.՝ Phacelia) արագ աճող, միամյա բույս է: Հնձել կարելի է ցանելուց 1,5 ամիս հետո, ինչը թույլ է տալիս սեզոնի ընթացքում մինչև 4 անգամ ցանել ու բերք ստանալ:
Ֆացելիան կարելի է օգտագործել որպես հողի բուսածածկ ու տնկել մեջը բոստանային մշակաբույսերի սածիլները, կամ ցանել ֆացելիան կարտոֆիլի շարքերի արանքներում: Ֆացելիան փառթամ, հեշտ յուրացվող սննդարար տարրերով և ազոտով հարուստ կանաչ զանգված է ձևավորում, իսկ արմատները փխրեցնում են նույնիսկ ծանր, կավային հողերը: Հողի հետ խառնած ու հողով ծածկված ֆացելիայի կանաչ զանգվածը, քայքայվելով, օրգանական սնունդով և հանքային միկրոտարրերով հարստացնում է այն:
Ֆեցալիան հանգիստ աճում է հողի բոլոր տեսակների վրա՝ ներառյալ ավազուտներն ու քարքարուները: Կարող է աճել կիսաստոերում, երաշտադիմացկուն է և ցրտադիմացկուն՝ կարող է դիմանալ մինչև 9 աստիճան ցրտին:
Այս սիդերատը նաև ուժեղ ֆիտոսանիտարական ազդեցություն ունի՝ թույլ չի տալիս սնկային և վիրուսային հիվանդություններին զարգանալ, վանում է վնասատու միջատներին (մորեխ, проволочники, կլոր որդեր), իջեցնում է հողի թթվայնությունը:  Իսկ ծաղկող ֆացելիան գրավիչ է օգտակար՝ վնասատուներին վերացնող միջատների համար:
Լավ արդյունք է տալիս երբ ֆեցալիան ցանում են ոչ թե որպես մոնոկուլտուրա, այլ լոբազգի սիդերատների հետ խառնված: Ցանել կարելի է սկսած վաղ գարնանից մինչև ուշ աշուն՝ թողնելով աճածը ձյան տակ:
Խորհուրդ է տրվում ցանել շարքերով, 2 սմ խորությամբ, կամ ավելի խոր թեթև գրունտերի դեպքում: Հունձն ու հողին խառնելը անում են մինչև ծաղկելը, երբ կա օգտակար նյութերով առավել մեծ հագեցվածություն:

Հղումներ

ՀՆԴԿԱՑՈՐԵՆԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Հնդկացորենը (լատ.՝ Fagopyrum) հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Հհնդկացորեն մշակովին (Fagopyrum esculentum) լայնորեն տարածված, ուտելի տեսակն է: Ունի աճի բարձր արագություն,

ստեղծում է մեծ կանաչ զանգված, հասնում է մինչև 50 սմ բարձրության, իսկ արմատը խորանում է մինչև 150 սմ:

Հնդկացորենը հողից շատ լավ կորզում է ֆոսֆատային տարրերը, իսկ կանաչ զանգվածի քայքայվելուց հետո, հարստացնում է հողը օրգանական ու հանքային տարրերով (կալիում, լուսածին):
Հնդկացորենը բարելավում է հեղի կառուցվածքը, ջուրն ու սնունդը կորզում է խորքից՝ ենթահողից: Այդ պատճառով է, որ հնդկացորենը ցանում են աղքատ, հյուծված, ծանր ու թթվային հողերը վերականգնելու համար:
Հնդկացորենը երաշտադիմացկուն է, չի չորացնում հողը, ուստի լայնորեն օգտագործվում է նաև այգիներում ծառերի ու թփերի արմատամերձ հողերի, մինչև 1,5 մ խորությամբ գազա և ջրափոխանակումը բարելավելու համար:
Հնդկացորենը ջերմասեր բույս է, ուստի ցանում են երբ եղանակը կայուն տաք է:
Որպես սիդերատ աճեցվող հնդկացորենը հնձում են մինչև ծաղկելը և  խառնում, ծածկում են հողով: Անմիջապես դրանից հետո կարելի է հնդկացորենի նոր ցանք անել: Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա կարելի է երրորդ ցանքն էլ անել և թողնել զանգվածը ձյան տակ:

Հղումներ

ՎԱՐՍԱԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Վարսակը (անգլ.՝ Oat, ռուս.՝ Овёс, լատ.՝  Avena),  հացազգիների ընտանիքի խոտաբույս է։ Վարսակը, ինչպես և Աշորան, արագ կանաչ զանգված է ձևավորում, ուստի այն կարելի է աճեցնել ազատ տարածքում՝ գարնանից աշուն, կամ հիմնական մշակաբույսերից առաջ և հետո:
Վարսակը դիմանում է ցրտին, բայց կտրուկ ցրտահարումները մահաբեր են նրա համար:
Վարսակն իրեն լավ է զգում, բացի աղուտներից ու ավազուտներից, բոլոր տիպի հողերում: Բարելավում է թթվային ու տորֆային հողերը:
Վարսակի արմատները շատ լավ փխրեցնում են հողը և բարելավում կառուցվածքը, ինչպես նաև վերացնում են արմատի փտախտ (корневая гниль) հիվանդությունը:
Համեմատած այլ սիդերատների հետ, վարսակը առանձնապես չի պարարտացնում հողը, այնպես որ, այն, որպես կանոն, ցանում են Ոլոռի կամ Վիկի հետ խառնած:
Ցանում են գարնանից մինչև աշուն՝ այն հաշվարկով, որ մինչև ցրտերը հասցնեն հնձել և խառնել հողի հետ:
Ծանր, կավային հեղերում ցանում են 3 սմ խորությամբ, իսկ թեթև հողերում՝ 6 սմ:
Ծլելու շրջանում պահանջկոտ է խոնավության հանդեպ:
Հնձում են մինչև հասկերի առաջանալը: Քայքայվելիս Վարսակը թեթև յուրացվելի կալիում է փոխանցում, ինչպես նաև օրգանական նյութեր:

Հղումներ

ԱՇՈՐԱՆ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Աշորան (անգլ.՝ Rye, ռուս.՝ Рожь, լատ.՝ Secále cereále) Որպես ամենացրտադիմացկուն սիդերատ ցանում են աշնանացան Աշորան: Նաև հարմար է խոպան հողերի համար: Զարգացած արմատային համակարգը լավ փխրեցնում է հողը և յուրացնում այնտեղից այլ բույսերին ոչ մատչելի նյութեր՝ փոխակերպելով, ի վերջո, հեշտ յուրացվելի ձևի:
Աշնանացան Աշորան շատ լավ պաշտպանում է հողը քամու և ջրի էրոզիայից, իսկ ձմռանը նպաստում է ձյան կուտակմանը:
Աշորան լավ է աճում համարյա բոլոր տիպի հողերում, բացառությամբ չափից ավելի խոնավ և ծանր հողերի: Ունի հողը ցամաքեցնելու հատկություն, այնպես որ ցանում են բավարար տեղումներ ունեցող վայրերում:
Աշնանացան Աշորան ցանում են աշնանը, իսկ հնձում և խառնում են հողի վերին շերտի հետ գարնանը՝ հիմնական մշակաբույսերը տնկելուց/ցանելուց 2-3 շաբաթ առաջ:
Աշորան լավ է աճում աշնանացան Վիկի և Կանճրակի հետ խառը ցանքերում:
Ցանում են 3-5 սմ խորությամբ, թեթև հողերում ավելի խորը:
Քայքայվելով Աշորայի կանաչ զանգվածը հարստացնում է հողը կալիումով և օրգանական մնացուկներով:

Հղումներ

ԲԱՐԲԱՐՈՒԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

Բարբարուկը (լատ.՝ Barbaréa) խաչա-ծաղկավորների ընտանիքի խոտաբույս է: Այն օրգանական տարրերով շատ լավ հարստացնում է հողը: 100 ք.մ. վրա կարող է գոյացնել մինչձ 200 կգ կանաչ զանգված:
Բարբարուկը խստապահանջ չէ հողի տիպերի նկատմամբ և իրեն լավ է զգում նույնիսկ ծանր կավային հողերում:  Բացառություն է, թերևս, հումուսով աղքատ ավազահողերի պարագան:
Բարբարուկը սիրում է լավ ոռոգում, խոնավության պակասը բացասաբար է ազդում բույսի աճի վրա:
Ցանում են 2-3 սմ խորությամբ, գարնանը՝ հողը տաքանալուց հետո, իսկ աշնանացան սորտերը աշնան սկզբում:
Հնձում են մինչև զանգվածային ծաղկումը՝ ցանելուց մոտավորապես 1-1,5 հետո:

Հղումներ