
Ագլաոնեման (անգլ.՝ Aglaonema, Chinese evergreen, ռուս.՝ Аглаонема, լատ.՝ Aglaonema) մշտադալար խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ է:
Հայրենիքը հարավ-արևելյան Ասիան է: Մեծաքանակ թթվածին արտադրող բույս է: Մաքրում է օդը մրջնալդեհիդներից (ֆորմալդեհիդ, formaldehyde), բենզոլից և այլ տոքսիններից:
Ագլաոնեմայի որոշ տարածված տեսակներ
Aglaonema ‘Cutlass’ Aglaonema ‘Emerald Bay’ Aglaonema ‘Harlequin’ Aglaonema modestum Aglaonema nitidum Aglaonema ‘Red Gold’ Aglaonema ‘Silver King’ Aglaonema ‘Silver Queen’ Aglaonema ‘Suzy’ Aglaonema widuri, ‘Red Peacock’ Aglaonema nitidum
Խնամքը
Ինչպես արևադարձային, անձրևային անտառների բոլոր բույսերին, ագլաոնեմաներին անհրաժեշտ է ջերմություն և խոնավություն։ Դրանք չեն սիրում սառը քամիներ և արևի կիզիչ լույս:
Լուսավորություն: Կանաչ տերևներով ագլաոնեմաները լուսավորության նկատմամբ պահանջկոտ չեն: Դրանք կարող են աճել ցանկացած վայրում: Խայտաբղետ տեսակներին, սակայն, անհրաժեշտ է պայծառ, ցրված լույս:
Օդի ջերմաստիճանը: Ձմռանը օդի ջերմաստիճանը չպետք է նվազի +16°С- ից, իսկ սառը, միջանցիկ քամիներն ընդհանրապես անընդունելի են: Աճի համար օպտիմալ ջերմաստիճանային տիրույթը +20…+25°C է: Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումներն անընդունելի են ագլաոնեմայի համար:
Օդի խոնավությունը: Ագլաոնեման նախընտրում է օդի բարձր խոնավությունը: Ամռանը նպատակահարմար է ամեն օր ցողել բույսը: Անհրաժեշտ է պարբերաբար մաքրել տերևները փոշուց: Չի կարելի բույսի տերևները պատել փայլեցնող լուծույթով:
Ջրելը: Բնության մեջ ագլաոնեման համարյա ամեն օր առատ ջրվում է, սակայն այն աճում է օդի և ջրի համար լավ թափանցիկ հողում: Սենյակային պայմաններում, վեգետացիոն շրջանում ագլաոնեման առատ են ջրում, աշնանը և ձմռանը ավելի քիչ։ Հողի չափից ավելի չորացումը վտանգավոր է ագլաոնեմայի համար: Ոչ պակաս վտանգավոր է ջրի ճահճացումը ծաղկամանում։
Սնուցումը։ Ակտիվ աճի շրջանում, ամսական 2 անգամ ագլաոնեմային սնուցում են համալիր, հեղուկ պարարտանյութով: Ձմռանը սնուցման կարիք չկա:
Տեղափոխումը: Երիտասարդ բույսերը նոր, քիչ ավելի մեծ ծաղկաման են տեղափոխում ամեն տարի, գարնանը, այնուհետև 3-5 տարին մեկ անգամ՝ ըստ անհրաժեշտության։ Շատ մեծ ծաղկաման ընտրել պետք չէ՝ ագլաոնեման տերևների լավ աճ է ունենում, երբ դրա արմատները մի փոքր նեղվածքի մեջ են: Ծաղկամանի լավ ջրահեռացումը պարտադիր է։
Հողախառնուրդը: Ագլաոնեմայի համար հողախառնուրդը պետք է լինի թեթև և փխրուն, իսկ ջրի համար՝ թափանցելի: Խառնուրդը կազմում են տերևային բուսահողից, տորֆից և ավազից (2: 1: 1) ՝ մանրացված փայտածուխի հավելումով: Կարող է լինել նաև հետևյալ կազմը՝ 1 մաս տորֆ, 1 մաս տերևային բուսահող 1 մաս թեթև ճմահող և 2 մաս ավազ: Ագլաոնեման լավ է աճում հիդրոպոնիկայում:
Բազմացումը։ Ագլաոնեման բազմացնում են սերմերով, կտրոններով և “ձագուկների” տարանջատմամբ: Ագլաոնեմայի բազմացումը բավականին դժվար է, քանի որ այն դանդաղ է աճում: Ամենահեշտ ձևը, ծաղկամանը փոխելիս, “ձագուկներն” առանձնացնելն է:
Վնասատուները։ Առավել հաճախ, ագլաոնեմայի վրա հարձակվում են սենյակային բույսերի ընդհանուր վնասատուները` թրիփսերը, վահանակիրները և ուտիճները: Օդի բարձր ջերմաստիճանի և չոր օդի դեպքում, վտանգավոր է կարմիր սարդոստայնային տիզը։
Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել բույսը՝ ժամանակին վնասատուներին հայտնաբերելու և սովորական, մեխանիկական եղանակով դրանցից ազատվելու համար: