Պոմիդորի, տաքդեղի և բադրիջանի սածիլները Արարատյան հարթավայրի պայմաններում կարելի է աճեցնել ջերմատան, տաքացվող և արևային ջերմոցներում, բաց գրունտի սածիլանոցներում, իսկ նախալեռնային և լեռնային շրջաններում միայն տաքացվող ջերմոցներում: Սածիլի աճեցումը ջերմատան պայմաններում
Ցանքը կատարել 5x5x5սմ3 սնման մակերես ունեցող խոռոչիկների մեջ: Որպես սուբստրատ կարելի է օգտագործել տորֆ, 3 մաս տորֆ 1 մաս կենսահումուս կամ ըստ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում կատարած փորձերի արդյունավետ է նաև 4 մաս տորֆ, 4 մաս ճմահող, 2 մաս կենսահումուս խառնուրդի օգտագործումը: Նախքան ցանելը լավ ջրվում են խոռոչիկները սննդարար լուծույթով: Փայտիկի օգնությամբ յուրաքանչյուր խոռոչիկում դրվում է 1 սերմ: Ցանքից հետո սերմերը ծածկվոմ են տորֆի բարակ շերտով և պոլիէթիլենային թաղանթով հավասարաչափ ծլելու համար: Այրումներից խուսափելու համար պոլիէթիլենայինթաղանթը ծածկել թերթով:
Շուտ ծլելու համար կարելի է տեղադրել ջեռուցման խողովակների վրա: Ջերմությունը հավասարչափ բախշելու համար պետք է խոռոչիկները տեղադրվեն խողովակներից բարձր 20-30սմ: Եթե խոռոչիկները տեղադրվում են հողի վրա, ապա այն պետք է լինի հնարավորին չափ հարթ և ծածկված լինի սպիտակ պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի արմատները զերծ մնան հողի մեջ թափանցելուց /արմատները կվնասվեն վերատնկման ժամանակ/ և հողի հիվանդություններից: Ծլման շրջանում պահպանել խոնավությունը: Ծլելուց անմիջապես հետո հեռացնել պոլիէթիլենային թաղանթը, որ չայրի սածիլները և ջրել սննդարար լուծույթով: Սննդարար լուծույթը պատրաստել 10լ ջրին ավելացնելով ամոնյակային սելիտրա 5-10գ; սուպերֆոսֆատ 40-50գ; ծծմբաթթվային կալիում 15-20գ: Եթե հնարավոր չէ ճարել բոլոր նշված պարարտանյութերը ապա օգտագործել նիտրոամոֆոսի 40-60գ-ը 10լ ջրում լուծույթը; Խոնավության և լավագույն ջերմաստիճանի (24-260C)–ի պայմաններում սովորաբար պոմիդորի սերմերը ծլում են 4-5 օրում: Շաքիլատերևների բացվելուց հետո ջերմաստիճանը իջեցվում է մինչև ցերեկը 18-200C իսկ գիշերը 15-160C, որը պահպանում է սածիլները ձգվելուց: Մի շաբաթ հետո ջերմաստճանը բարձրացվում է ցերեկը արևային եղանակին 20-220C, ամպամած օրերին մինչև 18-190C, գիշերը 17-180C : Սածիլները ջրել չափավոր: Ցանկալի է ջրել առավոտյան շուտ:
Տաքդեղի համար ջերմաստիճանային պայմանները ավելի բարձր են : Մինչև սերմերի ծլելը 25-300C 4-7 օրվա ընթացքում մինչև ծլելը, որից հետո իջեցնում են 16-180C ցերեկը և գիշերը 12-140C: Հաջորդ օրերը արևոտ եղանակին մինչև 22-280C, ամպամաշ օրերին մինչև 18-200C ցերեկը և գիշերը 15-160C: Տաքդեղի սածիլները ջրում են ավելի առատ, քանի որ նրանք ավելի զգայուն են խոնավության անբավարվածությանը:
Բադրիջանի սածիլները աճեցվում են տաքդեղի սածիլների նման: Հաշվի պետք է առնվի այն հանգամանքը, որ բադրիջանի սածիլները ավելի զգայուն են հողի բերրիությանը, ավելի ջերմասեր են և դանդաղ են զարգանում վաղ հասակում: Կարելի է սածիլները խոռոչիկներից անմիջապես տեղափոխել դաշտ մինչև 40 օրական հասակը: Վերատնկում
Եթե դաշտ են տեղափոխվելու 40-65 օրական սածիլներ, ապա անպայման պետք է վերատնկվեն ավելի մեծ մակերես ապահովող ամանների մեջ: Ամենահարմար ժամկետը վերատնկման համար 1-2 իսկական տերևի փուլն է, որը ծլելուց 10-14օր հետո է: Ընտրում են առողջ, լավ զարգացած բույսերը: Խոռոչիկների հողը լավ ջրում ենք և 1-2 ժամ հետո շատ հեշտությամբ դուրս են գալիս փոքրիկ թաղարիկները: Տեղափոխում ենք ամանների մեջ, որոնք ունեն 10×10 x10 սմ խոր. ծավալ: Տաքդեղը և բադրիջանը կարող են վերատնկվել ավելի փոքր 6-8 սմ տրամգիծ ունեցող ամանների մեջ: Ամանները կարող են լինել թղթից, պլասմասայից, կարող են լինել պոլիէթիլենային տոպրակներ, որոնց տակը պետք է լինեն անցքեր օդի թափանցման համար:
Նախքան վերատնկելը ամանների տորֆը ջրում ենք համեմատաբար ավելի խիտ սննդարար լուծույթով: Սննդարար լուծույթների խտությունների տարբերությունը խթանում է արմատային համակարգի զարգացմանը: Վերատնկումից հետո օգտագործել սննդարար լուծույթ գ/լ – ամոնյակային սելիտրա-10, սուպերֆոսֆատ-50, ծծմբաթթվային կալիում-20, մագնեզիումի սուլֆատ-10: Սնուցում ենք առաջին անգամ 1-2 շաբաթ անց վերատնկումից հետո և 7-10 օր դաշտ տեղափոխելուց առաջ: 10 լ լուծույթի ծախսը 1.5-2.5քառ.մ-ին Երբ բույսերի տերևները կպնում են իրար, անհրաժեշտ է հեռացնել իրարից, անհրաժեշտ լուսավորվածություն ապահովելու համար: Սածիլները կարելի է դաշտ տեղափոխել ծաղկած և կոկոնակալած վիճակում, 50-65 օրական սածիլներ: Սածիլի աճեցումը արևային ջերմոցներում
Ջերմոցներում օգտագործվում է 3 մաս տորֆ, 1 մաս բուսահող, 1 մաս ճմահող հողախառնուրդը, որի յուրաքանչյուր խորանարդ մետրին ավելացվում է 2-4 կգ ազոտական պարարտանյութ, 4-5 կգ սուպերֆոսֆատ և 2-2.5 կգ կալիումական պարարտանյութ: Ջերմոցի հողը անյպես պետք է լցնել, որ շրջանակը ծածկելուց հետո հողի մակերեսի և ապակու միջև 12-15սմ ազատ տարածություն մնա: Ջերմոցում հողախառնուրդը լցնում են 15-18 սմ շերտով: Պոմիդորը ցանելու համար օգտագործում են ատամնավոր, իսկ բադրիջանի և տաքդեղի սածիլների համար` ճաղավոր մարկյոռներներ: Ցանելուց հետո սերմերը ծածկում են 0.5-1սմ հողաշերտով: Սերմերը ցանելուց հետո պետք է ջրել, ծածկել ապակեպատ շրջանակներով և տաք ծածկոցներով: Մինչև սերմերի ծլելը ջերմոցներում պահպանում են 22-240 ջերմություն: Ծիլերը երևալուց հետո մինչև առաջին իսկական տերևը և ցերեկը, և գիշերը ջերմաստիճանը պետք է իջեցնել 12-150–ի: Առաջին տերևները երևալուց հետո մինչև դաշտ փոխադրելը, ցերեկները ջերմաստիճանը պետք է պահպանել 22-240-ի սահմաններում, իսկ գիշերը իջեցնել 12-140 , որպեսզի բույսերը չձգվեն, լավ արմատային համակարգ կազմակերպեն, լինեն կարճ և հաստ: Արևոտ տաք օրերին, երբ դրսում ջերմությունը հասնում է 12-150-ի, անհրաժեշտ է ջերմոցները ցերեկվա ընթացքում բոլորովին բաց պահել և շրջանակները ծածկել միայն գիշերները: Սերմերը ծլելուց հետո ամենակարևոր աշխատանքը խիտ ծլած բույսերը ժամանակին նոսրացնելն է: Պետք է նոսրացնել առաջին իսկական տերևները երևալու ժամանակ և թողնել շարքում բույսը- բույսից 5-6սմ, իսկ լեռնային շրջաններում 8-10սմ հեռավորությամբ: Հանած բույսերը կարելի է վերատնկել այլ ջերմոցում: Բադրիջանի և տաքդեղի բույսերը կարելի է ավելի խիտ թողնել: Սածիլի ելքը 1քառ.մ կարող է լինել 400-500հատ: Վերատնկման դեպքում 300հատ նոսրացրած բույսերի վրա շաղ տալ հողախառնուրդ մինչև շաքիլատերևը և ջրել, որը նպաստում է մազարմատների առաջացմանը: Հետագա խնամքի աշխատանքներն են` օդափոխություն, քաղհան, փխրեցնում, ջրում, սնուցում: Սածիլները պետք է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով: Առաջին սնեցումը տալ թռչնաղբահեղուկով, որը պատրաստվում է հետևյալ ձևով.1 մաս չոր թռչնաղբին ավելացվում է 1 մաս ջուր և թողնվում մինչև պճպճա, որից 4-5օր հետո 1 դույլը նոսրացվում է 8-10դույլ ջրով: 1դույլ նոսրացրած լուծույթը տալ 250-300 բույսին, որից հետո ջրել 2 դույլ մաքուր ջրով: Երկրորդ սնեցումը տալ 15 օր հետո հանքային պարարտանյութերի լուծույթով, որը պատրաստվում է հետևյալ կերպ. 18-20գ ամոնիակային սելիտրա, 40-50գ սուպերֆոսֆատ,15-20գ կալիումական աղ լուծում են 1-2 դույլ մաքուր ջրում: Երրորդ սնեցումը կատարվում է գոմաղբահեղուկով տնկելուց 10օր առաջ: Տավարի թարմ գոմաղբը նոսրացվում է 5-6 անգամ: Գոմաղբահեղուկը հողին տալիս է կպչողականություն և ապահովում է սածիլները հողագնդով դաշտ տեղափոխելը: Լավ աճեցրած սածիլը դաշտ տեղափոխելուց պետք է ունենա 5-7 տերև, լինի կարճ, հաստ և մուգ կանաչ գույնի, ունենա լավ զարգացած արմատային համակարգ:
Աղբյուրը` «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն»
Ջրի կենսական նշանակությունը բույսերի համար հայտնի է: Բույսերը 80 և ավելի տոկոսով կազմված են ջրից: Ջրի միջոցով են սնուցող նյութերը շրջանառվում բույսի մեջ, ինչը թույլ է տալիս աճել ու բերք տալ: Հաշվել են, որ 1 կգ կանաչ զանգված գոյացնելու համար բույսերին անհրաժեշտ է 20-40 լ ջուր:
Նկատած կլինեք, որ բնության մեջ բույսերի համար ո՛չ ոռոգման, ո՛չ պարարտացման և, ընդհանրապես, արտաքին միջամտության կարիք չկա: Բույսերը հարմարված են բնակլիմայական պայմաններին, աճում են կլանելով անհրաժեշտ նյութեր հողից և մթնոլորտից, հետո մահանում են ու իրենց մնացորդներով վերադարձնում են հողին բերրիությունը: Մտեք անտառ և տեսեք, թե բույսերի մնացորդների ինչ հաստ ու պարարտ շերտով է պաշտպանված հողը, ոնց է խոնավ ու տաք պայմաններում եռում այնտեղ կենդանական աշխարհի կյանքը: Ամեն ինչ ներդաշնակ է, փոխկապակցված ու նպատակաուղղված վերարտադրությանը: Հողը երբեք չի աղքատանում, միշտ առողջ է ու նյութերով բալանսավորված: Օրգանական հողագործությունն էլ խնդիր է դնում առավելագույնս մոտեցնել այգու միջավայրը բնականին:
Եթե հաջողվում է գոնե մասամբ ներդնել բնական էկոհամակարգը այգիներում, ապա ոռոգման համար օգտագործվող ջրի ծախսը էապես կրճատվում է:
Խնդիրը պարզ է՝ ստեղծել պայմաններ հողում ջրի կուտակման ու պահպանման համար:
Ինչպես կուտակել ջուրը
Բնականաբար խոսքը բույսերի համար ամենաօգտակար՝ անձրևի և ձյան տեսքով տեղացող ջրի մասին է: Ձյունը: Ի տարբերություն “մերկ” հողի, սիդերատներով ցանված, բույսերի ու կենդանական այլ մնացորդներով ծածկված հողը ավելի լավ է պահպանում ձնածածկույթը: Առաջին ձյունն էլ անմիջապես չի հալչում դիպչելով դեռ տաք հողին: Քամիներն էլ չեն կարող հեշտությամբ քշել ձյունը: Մի խոսքով, ցանքածածկված հողը նպաստում է ձյան կուտակմանը այգում: Անձրևի ջուրը կուտակելու համար սովորաբար այգիներում տեղադրվում են մեծ տարողություններ կամ կառուցվում են արհեստական լճակներ և այնտեղ են ուղղում տարբեր շինությունների կտուրներից ջրհորդաններով իջնող անձրևաջուրը:
Որքան մեծ խորությամբ հողը խոնավանա, այնքան երկար չի չորանա: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հողը ծակոտկեն կառուցվածք ունենա: Հողի ծակոտկենությունը կարող են ապահովել որդերը, եթե ապրելու ու բազմանալու համար բավարար օրգանական սնունդ գտնեն այդ նույն հողում: Սիդերատների աճեցումը նույնպես նպաստում է դրան, որովհետև հնձելուց հետո սիդերատների արմատները մնալով հողում փտում են և ծակոտկեն դարձնում հողը: Բացի այդ ցանքածածկումը թույլ չի տալիս արևի ճառագայթներին չորացնել հողը: Միևնույն ժամանակ ցանքածածկված, ծակոտկեն հողը թափանցելի է թե՛ ջրի, թե՛ գոլորշու համար, ինչը նույնիսկ շոգ օրերին թույլ է տալիս ջերմաստիճանների տարբերության հաշվին կոնդենսատ կուտակել հողում:
Եվս մեկ խորհուրդ: Հողը չորացնող քամիներից պաշպանելու համար ծառերից և թփերից բնական պատնեշներ ստեղծեք:
Խմելու ջրով ջրելը
Բնակչության մատակարարվող ջուրը ընթարկվում է մաքրման և քլորով մանրեազերծման: Քլորացված ջուրով բույսերը ջրելը վնասակար է, կարող է այրել բույսերի արմատները: Ջուրը քլորից գոնե մասամբ ազատելու համար հարկավոր է այն թողել բաց վճակում առնվազն 24 ժամ: Ավելի արդյունավետ մաքրման միջոց է ֆիլտրացումը: Ֆիլտրացումը թույլ է տալիս ամբողջապես ազատել ջուրը քլորից, սակայն ծախսատար միջոց է:
Բույսերի համար վնասակար է նաև ջրի կոշտությունը՝ կրածինով ու մագնիումով գերհագեցածությունը: Այս դեպքում արդեն ֆիլտրացումը միակ փափկացնելու միջոցն է:
Որ ժամերին ջրել
Շոգ եղանակին լավագույն ջրելու ժամանակը ուշ երեկոն է, երբ շոգը կոտրվել է և առջևում համեմատաբար զով գիշերն է ու գոլորշիացումը մեծ չէ:
Ջրել կարելի է նաև վաղ առավոտյան՝ մինչև շոգն ընկնելը:
Չի կարելի ջրել ցերեկվա կիզիչ շոգին, այլապես կարող եք պարզապես խաշել բույսերի արմատները, քանի որ թաց հողի ջերմակլանողունակությաունը կտրուկ մեծանում է:
Ինչպես ջրել
Ամենաարդյունավետ և խնայողական ոռոգման ձևը կաթիլային ոռոգումն է: Ջուրը վերգետնյա կամ անդրգետնյա խողովակներով հասցվում է անմիջապես բույսի արմատների մոտ, իսկ կաթիլ առ կաթիլ, դանդաղ ոռոգումը ապահովում է հողի համաչափ ու խորը խոնավացում:
Ավանդական եղանակներով՝ ռետինե խողովակով, դույլով կամ ցնցուղով ջրելիս հաշվի առեք, որ բույսերի մեծամասնությունը չի սիրում երբ ջուրն ընկնում է տերևներին: Բացի այդ, արևի ճառագայթների ներքո տերևի վրա հայտնված ջրի կաթիլը դառնում է խոշորացույցի ոսպնյակ և կարող է այրվածքներ պատճառել:
Ինչ պարբերականությամբ ջրել
Որևէ պարբերականություն ընտրելն անիմաստ է, քանի որ եղանակից կախված հողը կարող է ուշ կամ շուտ չորանալ: Ի դեպ հողի վերին, 2-3 սմ շերտի չորանալը դեռ չի վկայում, որ ջրելու ժամանակն է, պետք է ստուգել ավելի խորը շերտերի խոնավության աստիճանը:
Գոյություն ունեն հողի խոնավությունը չափող բավականին էժան սարքեր:
Կարելի է նաև փորել հողը և բռի մեջ սեղմելով ու տրորելով եզրակացության հանգել:
Ինչ ջերմություն պետք է ունենա ջրելու ջուրը
Հողի ջերմությունից էապես սառը ջրով ջրելը կարող է ստրեսի մեջ գցել բույսերին, իսկ որոշ բույսերի արմատների համար մպարզապես մահացու լինել:
Կանաչեղենը, արմատապտուղները, կաղամբը, կարտոֆիլը չեն վախենում սառը ջրից:
+17 – +18 աստիճանից ցածր չպետք է լինի լոլիկի, պղպեղի, բադրիջանի, ինչպես նաև ճակնդեղի ծիլերի ջրելու ջուրը:
Առանձնապես զգայուն են ջրի ջերմաստիճանի նկատմամբ վարունգը, դդումը, դդմիկը, սեխը: +20 աստիճանից ցածր ջերմություն ունեցող ջրով դրանց ջրելը դանդաղեցնում է այդ բույսերի արմատների ձևավորումը:
Մոխիրը լավ բնական պարարտանյութ է, այն դյուրակլանելի տեսքով պարունակում է կալիում, կրածին, ֆոսֆոր, մարգանեց նաև մի շարք միկոէլեմենտներ: Ծղոտի մոխիրը ամենից հարուստն է, բայց ավելի մատչելի փայտատեսակների մոխիրը պակաս օգտակար չէ:
Մոխիրը որպես սերմերի ծլողականության խթանիչ
Սերմերի ծլելը արագացնելու համար ծղոտի կամ փայտի մոխրից պատրաստված թուրմի մեջ 3-6 ժամ թրջեք ցանկացած բանջարեղենի սերմերը, հետո չորացրեք ու ցանեք: Թուրմը պատրաստելու համար 2 ճաշի գդալ մոխիրը բացեք 1 լիտր ջրով և 48 ժամ դադարից հետո քամեք ու օգտագործեք: Ստացված թուրմը կարելի է նաև օգտագործել որպես պարարտանյութ՝ սածիլները կամ սենյակային բույսերը ջրելու համար:
Մոխիրը որպես պարարտանյութ
Մոխիր կարելի է խառնել գործնականում բոլոր բույսերի հողին: Երևի միայն գազարը չի սիրու մոխիրով հարստացված հողը: Մոխիրը կամ ուղղակիորեն խառնում են հողի հետ, կամ պատրաստում են թուրմ և դրանով ջրում կամ ցողում բույսերը:
Մոխիրը պտղատու ծառերի և թփերի համար
Ցանկացած ծառ կամ թուփ տնկելիս, որպեսզի տնկիները արագ կպչեն և զարգացնեն արմատները, խորհուրդ է տրվում փոսի մեջ մոտ 1 կգ մոխիր լցնել: Բացի այդ, խորհուրդ է տրվում ամեն 4 տարին մեկ մոխիրով հարստացնել ծառի կամ թփի շրջակա հողը: Այդ նպատակով ծառի բնի շուրջ փորվում է ոչ շատ խորը ակոս, որտեղ լցվում է 2 կգ մոխիր ու ծածկվում հողով:
Մոխիրը սոխի համար
Մոխիրն օգտագործվում է որպես լրացուցիչ սնուցման բաղադրիչ սոխի համար:
Մոխիրը կաղամբի համար
Միխիրն ավելացվում է կաղամբի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին, իսկ այնուհետև, հիմնական տեղը տնկելիս ավելացվում է տնկափոսի մեջ:
Միխիրն ավելացվում է պզպեղի և բադրիջանի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին: Մոխիրը այս բույսերի համար նախատեսված օրգանական և համալիր պարարտանյութերի մաս է կազմում: Բացի այդ, խոնավ և զով ամառներին, երբ այս բույսերին ավելի շատ կալիում է անհրաժեշտ, խորհուրդ է տրվում մոխիրը լցնել անմիջապես բույսերի տակ՝ 1-2 բաժակ ամեն քառակուսի մետրին:
Մոխիրը ելակի համար
Ելակին գարնան սկզբում լրացուցւիչ սնուցում են տալիս մոխրի թուրմով կամ մոխիրը խառնում են թփերին շրջակա հողին: Այսպիսի սնուցումը նպաստում է պտուղների շատացմանը: Ելակի նոր մարգ ստեղծելիս էլ մոխիր են լցնում տնկափոսորակների մեջ:
Մոխիրը շաղգամի համար
Մոխիր են լցնում այն ակոսների մեջ, ուր ցանում են շաղգամի սերմերը: Այնուհետև մոխիր են լցնում շաղգամի առաջին ծիլերի վրա: Հետագայում, երկու շաբաթը մեկ անգամ ջրում են մոխրի թուրմով (մեկ բաժակ մոխիր մեկ դույլ ջրին): Մոխիրը շաղգամի համար լավագույն պարարտանյութն է:
Մոխիրը վարունգի համար
Վարունգի սածիլը տնկելիս, ամեն փոսի մեջ լցնում են մեկական բաժակ մոխիր:
Մոխիրը լոլիկի համար
Մոխրի թուրմով սնուցում են լոլիկի սածիլները: Սածիլները տնկելիս ամեն փոսի մեջ ավելացնում են 2 ճաշի գդալ մոխիր:
Մոխիրը կարտոֆիլի համար
Խորհուրդ է տրվում ցանելուց առաջ սերմացու կարտոֆիլը փոշոտել մոխիրով կամ մեկ բուռ մոխիր լցնել տնկափոսի մեջ:
Մոխիրը բողկի համար
Հողը կալիումով հարստացնելու նպատակով խորհուրդ է տրվում մոխիր ավելացնել ցանման ակոսի մեջ: Եթե հողի մեջ կալիումի պակաս կա, բողկի արմատապտուղ չի գոյանում:
Մոխիրը կոմպոստի համար
Մոխիրն արագացնում է օրգանական մնացուկների քայքայումը, ուստի այն լայնորեն կիրառվում է կոմպոստ սարքելիս և տաք մարգերում: Մոխիրը նաև հարստացնում է կոմպոստը, հագեցնում այն հանքանյութերով և միկրոէլեմենտներով:
Մոխիրը որպես վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոց
Անհիշելի ժամանակներից մոխիրն օգտագործվում է վնասարար մանրեների և միկրոօրգանիզմների դեմ: Կիրառվում է ինչպես մխրի թուրմով բույսերը, դրանց տերևները ցողելը, այնպես էլ դրանց վրա և դրանց շուրջ մոխիր ցանելը:
Մոխիրը որպես բերքի պահպանման միջոց
Մոխիրը հակասեպտիկ և հակասնկային հատկություն ունի, ուստի մոխիրով հաճախ մշակում են երկարատև պահպանման դրվող բանջարեղենը: Կարտոֆիլը, գազարը, ճակնդեղը փոշոտում են մոխրով, սխտորը դարսում են տուփի մեջ մոխիր լցնելով շերտերի արանքում:
Մոխիրի այլ կիրառումներ
Մոխիրն անհրաժեշտ է խառնել թթվային հողերի հետ: Այն բարելավում է հողի կառուցվածքը, բարենպաստ պայմաններ է ստեղծում հողում ապրող միկրոօրգանիզմների համար և նվազեցնում է թթվայնությունը: Միևնույն ժամանակ մոխրի կիրառումը հողի թթվայնությունը նվազեցնելու համար շատ ավելի անվտանգ է քան հանգած կրինը:
Մոխրով մշակում են բույսերի կտրվածքներն ու վնասված տեղերը:
Մոխիրը խառնում են փայտի թեփի հետ և օգտագործում են որպես ցանքածածկ:
Մի խոսքով, մի շտապեք թափել այգում առաջացող փայտանյութը; ` այրեք այն և օգտագործեք ի նպաստ ձեր բույսերի: