Tag Archives: թուրմ

Սոխի կլեպից պատրաստված թուրմը որպես պարարտանյութ և վնասատուների դեմ պայքարի միջոց

Սոխի կլեպը իսկական գանձ է օրգանական հողագործությամբ զբաղվող այգեպանի համար: Այն պարունակում է մի շարք օրգանական տարրեր, այդ թվում՝ կարոտին, ֆիտոնցիդներ, ինչպես նաև տարբեր վիտամիններ:
Կարոտինը բույսերի համար  հզոր հակաօքսիդանտ է, այն բարձրացնում է բույսերի դիմացկունությունը, օգնում է դիմադրել հիվանդություններին: Կարոտինը նաև բնական իմոնախթանիչ է:
Ֆիտոնիցիդներ կան սոխի ամբողջ զանգվածում, բայց հիմնականում կուտակվում են մակերեսային շերտերում ու կլեպի մեջ: Ֆիտոնիցիդները սպանում են վնասակար բակտերիաներին և սնկերին:
Որպես սածիլների առողջության գրավական, շատ օգտակար է սոխի կլեպից պատրաստված թուրմով դրանց ջրելը, ինչպես նաև ավելի մեծ բույսերը դրանցով ցողելը:
Թուրմով ջրելը նաև նպաստում է բույսերի արագ աճին

Կիրառումը

Սոխի կլեպներից պատրաստված թուրմի կիրառման արդյունավետությունը հաստատված է բազմաթիվ այգեգործների փորձով: Այն կիրառելի է բոլոր կլիմայական գոտիներում, բոլոր տեսակի հողերում, ինչպես նաև սենյակային և ջերմոցային բույսերի համար:
Ըստ բույսերի կան դոզավորման և կիրառման որոշակի տարբերություններ: Ստորև ներկայացված են կիրառման ձևեր՝ մի քանի ամենատարածված բույսերի համար:

Վարունգ

Ցավոք վարունգը իր աճի բոլոր փուլերում տարբեր փտախտերով հիվանդանալու հակում ունի: Դրա դեմն առնելու համար սեզոնի ընթացքում 3-4 անգամ պետք է թուփը մշակել սոխի կլեպի թուրմով:
Թփերը ցողելու համար նախատեսված թուրմը պատրաստում են այսպես. 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ  պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 4 լիտր  մաքուր պաղ ջուր: Ստացված լուծույթը սրսկիչի միջոցով ցողում են վարունգի թփերի վրա :
Սոխի կլեպները կարելի է նաև անմիջականորեն խառնել վարունգի մարգի հողին, մոտավորապես 3լիտր կլեպը 1ք.մ.-ին հաշվարկով: Այդ դեպքում հետագա սնուցումների կարիք չի լինի: Ավելին, սոխի կլեպի թուրմով հետագա սնուցումները կարող են գերհագեցնել վարունգը սոխի եթերային յուղերով, ինչը կբերի վարունգի դառնությանը:

Լոլիկ

Սոխի կլեպի թուրմով ջրելը շատ օգտակար է լոլիկի համար: Թուրմով սնուցումը ոչ միայն պաշտպանում է լոլիկի թուփը փտախտից, այլև ամրացնում է թուփը և աշխուժացնում աճը:

Առաջին սնուցումն անում են սածիլները տնկելուց մի քանի օր հետո:  2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ  պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 6 լիտր  մաքուր պաղ ջուր:
Ստացված լուծույթը ոչ թե ցողում են թփերի վրա, այլ լցնում են ցողունի շուրջը՝ 0,5-ական լիտր ամեն մատղաշ թփին և 1-1,5-ական լիտր մեկ ամսյա և ավելի մեծ թփերին: Երկրորդ սնուցումն անում են ծաղկման շրջանում:
Սնուցումներն արվում են երեկոյան: Բույսերը ջրում են սնուցումից 24 ժամ հետո:
Բացի արմատային սնուցումից, թռչող և սողացող վնասատուներից պաշտպանվելու համար, սեզոնի ընթացքում 2 անգամ, արվում է թփերի ցողում: Թփերըը ցողելու համար նախատեսված թուրմը պատրաստում են այսպես. 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ  պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 4 լիտր  մաքուր պաղ ջուր:

Այլ բանջարեղեն

Վերը, լոլիկի և վարունգի համար նշված ձևերով կարելի է սնուցել կարտոֆիլը, դդմիկը, շամամը, դդումը և այլ բանջարաբոստանային կուլտուրաներ:
Սոխի կլեպի թուրմը օգտագործվում է նև մրգատու ծառերի վնասատուների դեմ պայքարելու համար:

Սենյակային բույսեր

Իրականում շատ դյուրին է սենյակային բույսերի համար պարարտանյութ պատրաստելը: 1-2 սոխ կլպել, կլեպների վրա 1 լիտր տաք ջուր լցնել, սպասել 2 օր ու վերջ, կարող եք կիրառել: Քանի որ սոխի կլեպը ունի նաև վերականգնողական ազդեցություն, հիվանդ բույսերը արագ բուժելու համար կլեպները եռացնում են և ստացված ջուրով, սենյակային ջերմաստիճանի հասցնելուց հետո, ջրում են հիվանդ բույսը: Որպես կանոն, նման սնուցում ստանալուց հետո բույսերը վերակենդանանում են:
Սակայն կան սենյակային բույսեր՝ կակտուսներ, ֆիկուսներ, ալոյեներ, ընդհանրացնելով կարելի է ասել բոլոր հաստ ու հյութալի տերևներ ունեցող բույսերը, որոնց հակացուցված է սոխի կլեպից պատրաստված թուրմը: Դրանք կարող են թուրմի ազդեցությամբ դադարեցնել աճը:
***
Այսպիսով, սոխի կլեպից թուրմը էկոլոգիապես մաքուր միջոց է թե՛ բույսերը սնելու, թե՛ վնասատուներից պաշտպանելու համար: Դրա բոլոր բաղադրիչ նյութերը օրգանական են, չեն պարունակում նիտրատներ ու ամբողջությամբ կլանվում են բույսերի կողմից: Չիշտ է, համեմատած քիմիական նյութերի հետ արդունավետությունը ցածր է, բայց ձրի է և լիակատար անվտանգությունը երաշխավորված է:

Մոխիրը պարտեզում

Մոխիրը լավ բնական պարարտանյութ է, այն դյուրակլանելի տեսքով պարունակում է կալիում, կրածին, ֆոսֆոր, մարգանեց նաև մի շարք միկոէլեմենտներ: Ծղոտի մոխիրը ամենից հարուստն է, բայց ավելի մատչելի փայտատեսակների մոխիրը պակաս օգտակար չէ:

Մոխիրը որպես սերմերի ծլողականության խթանիչ

Սերմերի ծլելը արագացնելու համար ծղոտի կամ փայտի մոխրից պատրաստված թուրմի մեջ 3-6 ժամ թրջեք ցանկացած բանջարեղենի սերմերը, հետո չորացրեք ու ցանեք: Թուրմը պատրաստելու համար 2 ճաշի գդալ մոխիրը բացեք 1 լիտր ջրով և 48 ժամ դադարից հետո քամեք ու օգտագործեք: Ստացված թուրմը կարելի է նաև օգտագործել որպես պարարտանյութ՝ սածիլները կամ սենյակային բույսերը ջրելու համար:

Մոխիրը որպես պարարտանյութ

Մոխիր կարելի է խառնել գործնականում բոլոր բույսերի հողին: Երևի միայն գազարը չի սիրու մոխիրով հարստացված հողը: Մոխիրը կամ ուղղակիորեն խառնում են հողի հետ, կամ պատրաստում են թուրմ և դրանով ջրում կամ ցողում բույսերը:

Մոխիրը պտղատու ծառերի և թփերի համար

Ցանկացած ծառ կամ թուփ տնկելիս, որպեսզի տնկիները արագ կպչեն և զարգացնեն արմատները, խորհուրդ է տրվում փոսի մեջ մոտ 1 կգ մոխիր լցնել: Բացի այդ, խորհուրդ է տրվում ամեն 4 տարին մեկ մոխիրով հարստացնել ծառի կամ թփի շրջակա հողը: Այդ նպատակով ծառի բնի շուրջ փորվում է ոչ շատ խորը ակոս, որտեղ լցվում է 2 կգ մոխիր ու ծածկվում հողով:

Մոխիրը սոխի համար

Մոխիրն օգտագործվում է որպես լրացուցիչ սնուցման բաղադրիչ սոխի համար:

Մոխիրը կաղամբի համար

Միխիրն ավելացվում է կաղամբի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին, իսկ այնուհետև, հիմնական տեղը տնկելիս ավելացվում է տնկափոսի մեջ:

Միխիրն ավելացվում է պզպեղի և բադրիջանի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին: Մոխիրը այս բույսերի համար նախատեսված օրգանական և համալիր պարարտանյութերի մաս է կազմում: Բացի այդ, խոնավ և զով ամառներին, երբ այս բույսերին ավելի շատ կալիում է անհրաժեշտ, խորհուրդ է տրվում մոխիրը լցնել անմիջապես բույսերի տակ՝ 1-2 բաժակ ամեն քառակուսի մետրին:

Մոխիրը ելակի համար

Ելակին գարնան սկզբում լրացուցւիչ սնուցում են տալիս մոխրի թուրմով կամ մոխիրը խառնում են թփերին շրջակա հողին: Այսպիսի սնուցումը նպաստում է պտուղների շատացմանը: Ելակի նոր մարգ ստեղծելիս էլ մոխիր են լցնում տնկափոսորակների մեջ:

Մոխիրը շաղգամի համար

Մոխիր են լցնում այն ակոսների մեջ, ուր ցանում են շաղգամի սերմերը: Այնուհետև մոխիր են լցնում շաղգամի առաջին ծիլերի վրա: Հետագայում, երկու շաբաթը մեկ անգամ ջրում են մոխրի թուրմով (մեկ բաժակ մոխիր մեկ դույլ ջրին): Մոխիրը շաղգամի համար լավագույն պարարտանյութն է:

Մոխիրը վարունգի համար

Վարունգի սածիլը տնկելիս, ամեն փոսի մեջ լցնում են մեկական բաժակ մոխիր:

Մոխիրը լոլիկի համար

Մոխրի թուրմով սնուցում են լոլիկի սածիլները: Սածիլները տնկելիս ամեն փոսի մեջ ավելացնում են 2 ճաշի գդալ մոխիր:

Մոխիրը կարտոֆիլի համար

Խորհուրդ է տրվում ցանելուց առաջ սերմացու կարտոֆիլը փոշոտել մոխիրով կամ մեկ բուռ մոխիր լցնել տնկափոսի մեջ:

Մոխիրը բողկի համար

Հողը կալիումով հարստացնելու նպատակով խորհուրդ է տրվում մոխիր ավելացնել ցանման ակոսի մեջ: Եթե հողի մեջ կալիումի պակաս կա, բողկի արմատապտուղ չի  գոյանում:

Մոխիրը կոմպոստի համար

Մոխիրն արագացնում է օրգանական մնացուկների քայքայումը, ուստի այն լայնորեն կիրառվում է կոմպոստ սարքելիս և տաք մարգերում: Մոխիրը նաև հարստացնում է կոմպոստը, հագեցնում այն հանքանյութերով և միկրոէլեմենտներով:

Մոխիրը որպես վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոց

Անհիշելի ժամանակներից մոխիրն օգտագործվում է վնասարար մանրեների և միկրոօրգանիզմների դեմ: Կիրառվում է ինչպես մխրի թուրմով բույսերը, դրանց տերևները ցողելը, այնպես էլ դրանց վրա և դրանց շուրջ մոխիր ցանելը:

Մոխիրը որպես բերքի պահպանման միջոց

Մոխիրը հակասեպտիկ և հակասնկային հատկություն ունի, ուստի մոխիրով հաճախ մշակում են երկարատև պահպանման դրվող բանջարեղենը: Կարտոֆիլը, գազարը, ճակնդեղը փոշոտում են մոխրով, սխտորը դարսում են տուփի մեջ մոխիր լցնելով շերտերի արանքում:

Մոխիրի այլ կիրառումներ

Մոխիրն անհրաժեշտ է խառնել թթվային հողերի հետ: Այն բարելավում է հողի կառուցվածքը, բարենպաստ պայմաններ է ստեղծում հողում ապրող միկրոօրգանիզմների համար և նվազեցնում է թթվայնությունը: Միևնույն ժամանակ մոխրի կիրառումը հողի թթվայնությունը նվազեցնելու համար շատ ավելի անվտանգ է քան հանգած կրինը:

Մոխրով մշակում են բույսերի կտրվածքներն ու վնասված տեղերը:

Մոխիրը խառնում են փայտի թեփի հետ և օգտագործում են որպես ցանքածածկ:

Մի խոսքով, մի շտապեք թափել այգում առաջացող փայտանյութը; ` այրեք այն և օգտագործեք ի նպաստ ձեր բույսերի:

Ցիտրուսայինների կեղևներից թուրմ՝ վնասարար միջատների դեմ պայքարելու համար

Լիմոնի, նարնջի, մանդարինի և այլ ցիտրուսայինների կեղեվներից պատրաստված թուրմը կօգնի ձեզ պայքարռլ բույսերը վնասող միջատների, առանձնապես ուտիճների դեմ: Ահա մի քանի բաղադրատոմս.

  • 100 գրամ չորացրած, կամ եռակի ավել թարմ կեղևների վրա լցնել 1 լիտր ջուր և 3-4 օր պահել մութ վայրում։
  • 1 կգ կեղևները աղալ և լցնել 3 լիտրանոց տարողության մեջ: Տարողությունը լրացնել ջրով և պահել մութ վայրում 5 օր:
  • Չոր կեղևները լավ թրջել, քամելով զտել և ստացված լուծույթը բացել ջրով՝ 100 միլիլիտրին 10 լ ջուր հարաբերակցությամբ: Ստացված լուծույթին կարելի է ավելացնել նաև 40 գրամ տնտեսական օճառ։
  • Երկու նարնջի կեղևի վրա լցնել մեկ լիտր ջուր և պահել մութ, տաք տեղում մեկ շաբաթ: Այնուհետև քամելով զտել ու ստացված լուծույթին ավելացնել մի քիչ հեղուկ օճառ:

Ստացված լուծույթներով պետք է 2-3 անգամ ցողել կամ թրջած շորի կտորով մաքրել բույսերը՝ 1-3 օր ընդմիջում տալով: