Tag Archives: հապալասենի մրտենական

Հապալաս

Հապալասը (Հապալասենի մրտենական, անգլ.՝ European blueberry, Bilberry, ռուս.՝ Черника, լատ.՝ Vaccinium myrtillus) ցածրահասակ թուփ է: Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Մոնղոլիայում, Հյուսիսային Ամերիկայում, Սիբիրում:

Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան անտառային շրջաններում, որտեղ աճում է մերձալպյան և ալպյան գոտիներում։

Ուտելի պտուղները չափազանց արժեքավոր են. օգտագործվում են ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված վիճակում։ Մեծ է նաև մրտենական հապալասի բուժիչ նշանակությունը։ Օգտագործում են ստամոքսային հիվանդությունների, բրոնխների կատարի, ռախիտի, շաքարախտի դեպքում։ Հատապտուղներում պարունակվում է 7 % շաքար, մինչև 1,2 % թթուներ, 1,4 % ազոտական նյութեր, պեկտին, խեժ, դաբաղանյութեր և ներկանյութեր։ Սերմերի մեջ մինչև 30 % ճարպ է պարունակվում, տերևներում միրտիլլին (որը ներգործում է ինսուլինի նման), 7% դաբաղանյութեր։

Հապալասն ունի մի շարք ձևեր, որոնք միմյանցից տարբերվում են պտուղների գույնով (սպիտակ, կարմիր, սև՝ առանց կապտավուն խավի), տերևների ձևով (մանր, կլոր, լայն-ձվաձև) և այլն:

Սերմից հապալաս աճեցնելը

  • Ցանելու լավագույն ժամկետը վաղ գարունն է;
  • Մինչև ցանելը սերմերի ստրատիֆիկացիան (սառնարանի բանջարեղենի հարկաբաժնում 1-3 ամիս պահելը) բարձրացնում է դրանց ծլողունակությունը;
  • Ցանել առնվազն +15.5 °C ջերմության հասած հողում;
  • Հողը պետք է լավ դրենաժ ունենա և թեթև թթվային լինի;
  • Ցանել մոտ 6 մմ խորությամբ;
  • Սերմերի ծլելը՝ մինչև 3 ամսում;
  • Մշտական տեղի լուսավորությունը՝ լիարժեք արև։
Ինչպես ցանել

Հապալասի սերմերը պետք է ցանել տորֆամամուռով (սֆագնում) լի կոնտեյների մակերեսին, հետո ծածկել մոտ 6 մմ խորությամբ հողի շերտով։ Ցանքը պետք է միշտ խոնավ պահել և թույլ տալ, որ ծիլերը մամուռում աճեն, հասնելով մինչև 5-ից 7.5 սմ հասակի:

Ծաղկաթաղարում հապալաս աճեցնելը

Հապալասը ծաղկաթաղարում աճեցնելն այնքան հեշտ է և արդյունավետ, որ իմաստ ունի փորձել, նույնիսկ եթե հակաօքսիդիչներով հարուստ այս բույսը այգում աճեցնելու համար բավարար տեղ կա: Ծաղկաթաղարում աճող հապալասենին կարող է ծաղկել և պտուղաբերել 6-8 ժամ արևի լիարժեք լուսավորություն ունեցող ցանկացած տարածքում: Միայն մի կարևոր պայման կա՝ խաչաձև փոշոտման համար, միմյանցից 60-90 սմ հեռավորության վրա 2-3 հապալասենի պետք է աճեն։

Աճեցնելու պայմանները

  • Հասուն բույսի ծաղկաթաղարը պետք է առնվազն 46 սմ խորություն ունենա։ Լավ դրենաժը պարտադիր է;
  • Հապալասենին շատ թթու հողի կարիք ունի։ Անհրաժեշտ է հողախառնուրդի pH 4.0-4,8 մակարդակ, որպեսզի բույսը կարողանա ջուր ու սննդանյութեր կլանել հողից և պտղաբերի։ Բնականաբար, այգում այդպիսի հող հազիվ թե ճարվի։ Ծաղկաթաղարի մեջ տնկելը հնարավորություն է տալիս ավելի լավ վերահսկել հողախառնուրդի թթվայնության մակարդակը: Կարելի է պատրաստի հողախառնուրդ գնել կամ պատրաստել ինքնուրույն։ Հողի ճիշտ խառնուրդով սկսելու համար, ծաղկաթաղարի մոտ 2/3-ը լցնում են սովորական բույսերի համար նախատեսված հողախառնուրդ, հետո ավելացնում են թթվասեր բույսերի համար նախատեսված հողախառնուրդ (հարմար են ռոդոդենդրոնների, ազալիաների և կամելիաների համար վաճառվող հողախառնուրդները):

Եթե պատրաստի թթվային հողախառնուրդ չկա, կարելի է օգտվել ԱՄՆ Կոռնելի համալսարանի մշակած բաղադրատոմսից՝ հավասար մասերով խառնել տորֆամամուռն ու վերմիկուլիտը, ապա ավելացնել 11-5-11 փոշի պարարտանյութ: Ստացված հողախառնուրդի pH մակարդակը ստուգելուց հետո, անհրաժեշտության դեպքում, կամ բարձրացնում են թթվայնությունը երկաթի սուլֆատ հավելելով, կամ էլ իջեցնում կրաքարով։

Մեկ այլ բաղադրատոմս էլ կա։ Հավասար մասերով խառնում են պարտեզի հողը, փտած գոմաղբն ու խաշար ավազը։ Այնուհետև ստուգում են ստացված հաղախառնուրդի թթվայնությունն ու, անհրաժեշտության դեպքում, ավելացնում են երկաթի սուլֆատ՝ թթվայնությունը բարձրացնելու համար:

  • Հապալասենին առատ ոռոգման կարիք ունի, բայց դրան դուր է գալիս նաև ավազոտ, լավ ջրահեռացնվող հողը: Այլ կերպ ասած, դրանք չեն սիրում նստել ջրի մեջ, այնպես որ հողը պետք է պահել մշտապես խոնավ, բայց ոչ թաց:
  • Հապալասենին պետք է օրական 6-8 ժամ արևի լիարժեք լուսավորություն ունենա։
  • Շատ պարարտացնելու կարիք չկա։ Վաղ գարնանը, մեկ անգամ, գերադասելի է օրգանական պարարտանյութով, պարարտացումը լիովին բավարար է։ Շատ կարևոր է պարբերաբար ստուգել և կարգավորել հողի թթվայնությունը։

Հղումներ