Ձվի կճեպը կազմում կան.
- Հեշտ յուրացվող կալցիումից – 93%;
- Օրգանական նյութեր – 3-4 %
- Մագնիում – 0,55%;
- Լուսածին (ֆոսֆոր) – 0,12%;
- Կալիում – 0,08%;
- Երկաթ, ծծումբ, ալյումինիում …
Ուշադրություն: Եթե որոշել եք հավաքել ձվի կճեպները որպես պարարտանյութ օգտագործելու համար, ապա ձուն կոտրելուց հետո, կճեպները անհրաժեշտ է մինչև չորանալը լավ լվանալ, որպեսզի կճեպի վրա չմնան սպիտակուցի մնացորդներ: Բանն այն է, որ սպիտակուցը, հայտնվելով հողում, սկսում է փտել, ինչը կարող է խթանել բույսերի համար հիվանդածին բակտերիաների զարգացումը: Լվացված կճեպները պետք է չորացնել: Որոշ այգեգործներ նաև խարկում են կճեպները՝ լիակատար ախտահանման և, հողի հետ խառնվելուց հետո, ավելի արագ քայքայման հասնելու համար:
Ի դեպ: Եփած ձվի կճեպը, բույսերը սնուցելու տեսանկյունից, համարյա անպետք է: Իմաստ ունի օգտագործել միայն հողի կամ կոմպոստի կառուցվածքը բարելավելու համար: Իսկ ջրով, որում եփել եք ձուն, սառչելուց հետո, կարելի է ջրել սենյակային բույսերը՝ այնտեղ կալցիում և այլ օգտակար տարրեր կան:
Ինչպես օգտագործել ձվի կճեպը այգում
Ձևավորված կարծիք կա, որ 1 ք.մ. գրունտը լավ պարարտացնելու համար անհրաժեշտ է 100 ձվի աղացած կամ մանրեցված կճեպ: Սակայն ավելի խնայողաբար և թիրախային կիրառման ձևեր էլ կան:
Ձվի կճեպը, նույնիսկ մեծ քանակի դեպքում, չի վնասում բույսերին, ուստի այն, մանրեցված կամ աղացած վիճակում, հանգիստ կարելի է լցնել տնկափոսերի մեջ՝ ցանկացած բույս տնկելուց առաջ:
Սենյակային բույսերի պարարտացում
Սենյակային բույսերի պարարտացման համար օգտագործում են աղացած կամ մանրեցված ձվի կճեպով պատրաստված թուրմ: 2-3 աղացած ձվի կճեպների վրա լցնում են 2լ ջուր ու սպասում 2-3 օր, մինչև կճեպից ջրին անցնեն օգտակար տարրերը:
Ի դեպ: Ձվի կճեպով կարելի է ծաղկա-թաղարներում դրենժային շերտ պատրաստել: Չորացրած և մանրեցված կճեպները 2-3 սմ հաստությամբ շերտով լցնում են ծաղկաթաղարի հատակին, այնուհետև ավելացնում են հողախառնուրդը:
Բոստանային մշակաբույսերի արմատային սնուցում
4-5 ձվի աղացած կճեպների վրա լցնում են 2 լ եռացրած ջուր, փակում են անոթը կափարիչով ու թողնում 5-7 օր, որ լուծույթը հասունանա: Այդ ընթացքում, օրական 1-2 անգամ լուծույթը խառնում են: Պատրաստի լուծույթը 1:3 հարաբերակցությամբ բացում են ջրով և ջրում են տաքդեղի, բադրիջանի և այլ բանջարեղենի սածիլները:
Հողի թթվայնության նվազեցում
Հայտնի է, որ հողի բարձր թթվայնությունը բացասաբար է ազդում բույսերի մեծամասնության վրա: Ձվի կճեպի օգնությամբ հողի թթվայնությունը նվազեցնում են, աստիճանաբար, տարեցտարի խառնելով այն գրունտի հետ՝ 1 ք.մ.-ին մինչև 100 ձվի կճեպ:
Հողի կառուցվածքի բարելավում
Ձվի կճեպը, բացի հողը պարարտացնելուց, բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնում է այն ավելի փխրուն և օդով հագեցած:
Վնասատուների դեմ
Իշախառանչը պալարային ու սոխուկային բույսերի համար ամենավտանգավոր վնասատուն է: Իշախառանչին վանելու համար մանրեցված ձվի կճեպները խառնում են արևածաղկի ձեթի հետ և թաղում են կարտոֆիլի կամ սոխուկավորների շարքերի արանքում կամ շուրջը փորված ակոսներում: Մեկ ամիս անց իշախառանչ այդ հատվածում չի լինի:
Բույսերի շուրջը լցված ձվի մանրեցված կճեպները պատնեշ են դառնում լորձնէակների համար, որոնք չեն սիրում խորդուբորդ մակերեսներով անցնել: