Խնկունին (այլ անվանումներ՝ Հազրեվարդ, Լվացտակի ծառ, Լուսնտակի ծառ, անգլ.՝ Rosemary, ռուս.՝ Розмарин, լատ.՝ Rosmarinus officinalis) խուլեղինջազգիների, շրթնածաղիկների ընտանիքի բույսերի ցեղ է։
Մշտականաչ թփեր են, ուղիղ, վեր բարձրացող, երբեմն՝ տարածված ճյուղերով։ Տերևները նստադիր են, կաշեկերպ, գծային, կլորացած ծայրերով։ Ծաղիկները երկնագույն են, երկշուրթ, հավաքված ողկուզաձև ծաղկաբույլում։ Ծաղկող ընձյուղներից ու տերևներից ստանում են համեմունք, եթերային յուղ, որն օգտագործվում է բժշկության մեջ և օծանելիքի արտադրությունում։
Աճեցման պայմանները
Խնկունին ջերմասեր, լուսասեր և ցրտադիմացկուն բույս է: Եթե ցրտահարության սպառնալիք չկա, բաց գրունտում աճեցնելը լավագույն ձևն է: Մեծահասակ բույսերը կարող են դիմանալ մինչև -4°C ցրտահարությանը: Խնկունին ամռանը շատ արևի կարիք ունի, իսկ ձմռանը զովության՝ +10․․․+13°C, հակառակ դեպքում թուփը չի ծաղկի: Ձմռանը լույսի տևողությունը պետք է լինի 6-8 ժամ, ուստի խնկունուն հաճախ անհրաժեշտ է լինում լրացուցիչ լուսավորություն: Լույսի բացակայության պատճառով թփի վերին տերևները կդառնան պակաս խիտ, երկարավուն:
Բույսը սիրում է փխրուն, լավ ջրաթափանցիկություն ունեցող, կրաքարային հողեր: Այն չի սիրում չափազանց թաց կամ թթվային հողեր: Չնայած այս խնկունին պահանջկոտ բույս է, այն շատ հազվադեպ է հիվանդանում և չի վախենում վնասատուներից:
Սենյակային պայմաններում խնկունու աճեցման համար անհրաժեշտ է գնել տերակոտե կամ կավե ծաղկաման: Ծաղկամանը պետք է լավ դրենաժային շերտ ունենա։ Կարելի է օգտագործել խճաքարեր կամ կերամզիտ: Անհրաժեշտ է պարբերաբար օդափոխել սենյակը և պտտել բույսը ՝ հավասարաչափ զարգացած սաղարթ կազմավորելու համար:
Ամռանը կարելի է ծաղկամանը տեղափոխել պատշգամբում կամ, ժամանակավորապես տնկել այգում: Պետք է հիշել, որ խնկունին չի սիրում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ: Խնկունին լավ հարևանություն է անում ռեհանի, ուրցի, դափնու ու մաղադանոսի հետ, այնպես որ դրանք կարելի է աճեցնել մեկ տարայի մեջ:
Դրսում աճող խնկունին ուժեղ բույս է: Նա չի վախենում վնասատուներից: Սենյակում աճողներն ավելի թույլ են, ուստի դրանք կարող են հիվանդանալ կեղծ ալրացողով, վնասվել սպիտակաթևիկներից կամ ուտիճներից: Վնասատուներից ազատվելու համար բավական է մի քանի անգամ օճառաջրով լողացնել բույսը (հողը պետք է պաշտպանված լինի թրջվելուց):
Ջրելը
Խնկունի ջրելը պետք է լինի պարբերական և չափավոր: Բույսը չի սիրում ուժեղ խոնավություն, այն ավելի հեշտ կհանդուրժի երաշտը: Եթե թփի տերեւները սկսեն դեղնել, նշանակում է ՝ բույսը բավարար խոնավություն չունի: Եթե շատ է ջրվում, այն կարող է զանգվածաբար թափել տերևները, և արմատը կարող է փտել: Եթե տերևները խունացել են, սկսում են չորանալ և թուփը արևի ճառագայթների տակ է, ապա սա նշանակում է, որ ժամանակն է բույսը տեղափոխել կիսաստվեր:
Քանի որ խնկունին սիրում է հողի ալկալային հավասարակշռությունը, այն կարելի է առանց վախի ջրել ծորակի հնեցված ջրով: Ժամանակ առ ժամանակ կարելի է ցողել բույսը, դրանից բույսը կգեղեցկանա:
Սնուցումը
Գարնանը հողի հետ ազոտ պարունակող պարարտանյութ են խառնում, օրինակ, միզանյութ կամ սելիտրա։ Դրանից հետո, յուրաքանչյուր 30 օրը մեկ, խնկունին սնուցում են համալիր հանքային պարարտանյութի լուծույթով: Աշնանը օգտագործում են այնպիսի պարարտանյութեր, որոնք պարունակում են միայն ֆոսֆոր և կալիում:
Բազմացումը
Խնկունին կարելի է բազմացնել սերմերով, կտրոններով, անդալիսի կամ թուփը կիսելու միջոցով։
Ցանելուց առաջ սերմերը պետք է 1-2 օր թրջել: Սերմերի ծլելու համար օպտիմալ ջերմաստիճանը +12․․․+22°С է: Սերմեր ցանում են փետրվարի վերջին կամ մարտի սկզբին: Ցանում են 0.3-0.4 սմ խորությամբ, քանի որ սերմերը մանր են: Կարևոր է, որպեսզի ցանքը ջրախեղդ չարվի, հողը պետք է լինի չափավոր խոնավ: Մեկ ամիս անց հասունացած ծիլերը կարելի է տեղափոխել առանձին ամանների մեջ: Գարնան վերջին ցրտահարությունիվ հետո սածիլները կարելի է տնկել պարտեզում՝ 50 սմ միմյանցից հեռու: Եթե նախատեսվում է փոքր թփեր աճեցնել, ապա բույսերի միջեւ 10 սմ հեռավորությունը բավարար կլինի:
Այգում տնկելիս տնկափոսի մեջ լցնում են գետի ավազի, բերրի հողի և տորֆի հավասար մասերի խառնուրդ: Բացի այդ, արդյունքում ստացված խառնուրդի յուրաքանչյուր կգ-ի համար ավելացնում են մեկ ճաշի գդալ մանրացված կավիճ։
Կտրոններով (տնկաշիվերով) խնկունին բազմացնելու համար անհրաժեշտ է հունիսի վերջին կտրլ երիտասարդ ճյուղերը: Կտրոնների երկարությունը պետք է լինի 8-10 սմ: Կտրոնները տնկում են 45° անկյան տակ և մոտ 5 սմ խորությամբ, միմյանցից 10 սմ հեռու։ Կարելի է կտրոնները արմատակալման դնել ջրի մեջ։ Կտրոններն արագ արմատավորվում են և սկսում են արագ աճել:
Անդալիսի միջոցով բազմացնելիս, թփի ճյուղերից մեկը կամ մի քանիսը կռացնում են և ծածկում հողով՝ գագաթը թողնելով դրսում։Ծաղկելուց հետո արմատակալած ճյուղն առանձնացնում են թփից ու առանձին տնկում։
Բերքահավաքը
Մատղաշ, անուշահոտ ճյուղերը կտրում են ծաղկման ժամանակ, շոգ ժամին: Այնուհետև ճյուղերը չորացնում են և համեմունքը պատրաստ է օգտագործման համար: