Tag: шалфей

  • Եղեսպակ

    Եղեսպակը (անգլ.՝ Sage, ռուս.՝ Шалфе́й, լատ.՝ Salvia) շրթնածաղկավորների (Lamiaceae) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ է։ Հայտնի է Եղեսպակի 700-ից ավելի տեսակ: Պարտեզներում և տանը՝ որպես սենյակային բույս ամենատարածվածը Եղեսպակ դեղատուն է (լատ.՝ Salvia officinalis):

    Եղեսպակի տեսակների մեծամասնության համար գերադասելի են թեթև, պարարտ, նորմալ թթվայնությամբ հողերը (5,5- 6,5 pH): Լավ կլինի տնկել պարտեզի լավ լուսավորված հատվածում: Հողը, որտեղ գարնանը պետք է տնկվի Եղեսպակ, հարստացնում են փտած գոմաղբով կամ կոմպոստով:
    Եղեսպակը իր տեղում կարող է աճել մինչև 8 տարի:
    Սերմերը լավ ծլողունակություն ունեն, ուստի կարելի է տաքերն ընկնելուն պես ցանել բաց գրունտում՝ առանց սածիլավորման, կամ խոր աշնանը՝ մինչև ձնածածկ:
    Սերմերը ցանում են մինչև 2 սմ խորությամբ, միմյանցից 20-30 սմ հեռու:
    Տնկելուց մեկ տարի անց Եղեսպակը էտելով նորացնում են (ճյուղերը կտրում են հողից 10 սմ բարձրության վրա):
    Եղեսպակը երաշտադիմացկուն է, սակայն խոնավությունն է ապահովում, որպեսզի տերևները հյութալի ու քնքուշ լինեն:
    Ջրում են լավ, բայց ոչ շատ հաճախ: Ջրախեղդ վիճակն անընդունելի է:
    Բերքահավաքն անում են ծաղկման շրջանում: Թարմ տերևները կարելի է ուտել կամ օգտագործել որպես թեյի հավելված ու ուտեստի համեմունք: Կարելի է նաև փնջեր կապել և չորացնել մութ, տաք, չոր ու լավ օդափոխվող տեղում:

    Ինչպես աճեցնել Եղեսպակը, որպես սենյակային բույս

    Որպես բազմամյա աճեցվում է միայն Եղեսպակ դեղատուն, իսկ մյուս, դեկորատիվ տեսակները ստիպված ենք ցանել ամեն տարի:
    Հասուն Եղեսպակի համար անհրաժեշտ է 1,5 լիտրից ոչ պակաս տարողությամբ ծաղկաման: Իսկ ցանել ու մինչև 6 ամիս պահել կարելի է փոքրիկ պլաստիկ կամ թղթյա բաժակների մեջ:
    Լավ խնամքի դեպքում, բազմամյա Եղեսպակը առնվազն 5 տարի կապրի ձեր պատուհանագոգին:

    • Ծաղկամանի հողը պետք է պարարտ լինի, իսկ ծաղկամանը ունենա լավ դրենաժ: Եթե ուզում եք օգտագործել պարտեզի հողը, ապա անպայման ախտազերծեք այն:
    • Ծաղկամանը կարող է լինել ցանկացած տիպի:
    • Ջրել ոչ շատ հաճախ, բայց առատ, որպեսզի հողակույտը ամբողջովին թրջվի:
    • Ցանելուց առաջ սերմերը կարելի է 24 ժամ խոնավացնել բամբակի կամ բամբակյա կտորի մեջ:
    • Եղեսպակը լավ է տանում կիսաստվերը, սակայն կորցնում է եթերայուղերը: Լավագույն պայմանն է երբ օրական 6-8 ժամ արևի լուսավորություն կա:
    • Եղեսպակը չի սիրում միջանցքահովեր:
    • Լավ կլինի ամիսը մեկ անգամ ցնցուղի տակ լվանալ Եղեսպակի թուփը:

    Եղեսպակը սենյակում աճեցնելը դժվար չէ, այն պահանջկոտ բույս չէ: Կարևոր է, որ ջրախեղդ չարվի, ջրվի ոչ շատ հաճախ, բայց առատ և լինի ցրված լույսի ներքո՝ ոչ Արևի ուղղակի ճառագայթների ներքո կեսօրին:
    Որպեսզի Եղեսպակտ լավ ճյուղավորվի, 40-50 օրը մեկ պետք է կտրատել ընձյուղները, սակայն օգոստոսին, ծաղկելուց առաջ էլ չկտրատել:

    Հղումներ