Tag: անթուրիում

  • Անթուրիում

    Անթուրիումը (անգլ.՝ Anthurium, ռուս.՝  Антуриум, լատ.՝ Anthurium) պատկանում է նվիկազգիների (Araceae) ընտանիքին։ Բնության մեջ աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկաների արևադարձային գոտիներում: 500-ից ավելի անթուրիումի տեսակներ կան:
    Եթե փնտրում եք սենյակային ծաղիկ, որը աշնանն ու ձմռանը պայծառ գույներ կավելացնի ձեր բնակարանին, գնեք անթուրիում: Ճիշտ խնամքի դեպքում այն ծաղկում է համարյա անընդհատ: Կան նաև անթուրիումի այնպիսի տեսակներ, որոնք արժեքավոր են շնորհիվ իրենց տերևների գեղեցկության:

    Ուշադրություն

    Անթուրիումի բոլոր տեսակները թունավոր են, խնամելիս պետք է զգույշ լինել և հեռու պահել մանկահասակներից:

    Իրականում անթուրիումի ծաղիկ համարվող վառ գույն ունեցող մասը բուն ծաղիկի՝ կոնաձև, սպիտակ կողրիկի ծածկոց-տերևն է: Երբ ծաղկելն ավարտվում  է այդ ծածկոց-տերևը կանաչում է և վերածվում է սովորական տերևի:
    Անթուրիումը բուրմունք ունի: Տարբեր տեսակների բուրմունքը տարբեր է:
    Անթուրիումը կարող է մինչև 70 սմ բարձրության հասնել:

    Անթուրիումի սենյակային տեսակները

    1. Սենյակային պայմաններում հիմնականում հիբրիդային տեսակներ են աճեցնում: Ամենատարածվածը Անդրեի Դակոտա Անթուրիումն է, որը վառ կարմիր “ծաղիկներով” ծաղկում է շուրջ տարին:
    2. Տարածված է նաև Շերցերի Անթուրիումը, որի ծածկոց-տերևներն ավելի կլորավուն են: Ծաղիկները կարող են լինել կարմիր, նարնջագույն կամ բծավոր սպիտակ:
    3. Ինչպես ասվեց, կան նաև զուտ գեղեցիկ տերևների համար աճեցվող տեսակներ:

    Խնամքը

    Լուսավորությունը

    Անթուրիումին անհրաժեշտ է ցրված, պայծառ լույս՝ առանց արևի ուղիղ ճառագայթների: Չնայած անթուրիումին հաճախ դասակարգում են որպես ստվերադիմացկուն բույս, խոր ստվերում այն լավ չի աճի ու չի ծաղկի:
    Հյուսիսային պատուհանագոգերն, օրինակ, ամենահարմարավետ տեղը չեն անթուրիումի համար: Լավագույն տեղերը արևմտյան և արևելյան պատուհանների մոտ են:

    Օդի ջերմաստիճանը

    Անթուրիումը ջերմություն սիրող բույս է: Ձմռանը օդի ջերմաստիճանը չպետք է նվազի + 16-ից: Ամռանը ամենահարմարավետ ջերմաստիճանը +28 է:
    Կարևոր խնդիր է բույսը միջանցքահովերից, իսկ ձմռանը նաև ջեռուցման սարքերից հեռու պահելը:

    Օդի խոնավությունը

    Խոնավասեր է: Լավ կլինի անթուրիումի ծաղկամանը տեղադրել  լայն, ջրով ու ավազով կամ մանր խճաքարով լի տակդիրի վրա, ինչպես նաև պարբերաբար ջրով ցողել բույսի շրջակա օդը: Բուսի տերևները ցողելը այնքան էլ ցանկալի չէ, քանի որ ջրի կաթիլները չորանալուց հետո սպիտակ բծեր են թողնում տերևների վրա:
    Տերևների վրայի փոշին անհրաժեշտ է մաքրել փափուկ, խոնավ սպունգով:

    Ջրելը

    Ջրում են երբ չորանում է ծաղկամանի հողի վերին շերտը: Կարևոր է թույլ չտալ ոչ հողի լրիվ չորացումը, ոչ էլ ճահճացումը:
    Օդի ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ քչացնում են ջրելու հաճախականությունը

    Տեղափոխելը

    • Արագ աճն ու ծաղկելն ապահովելու համար, մինչև 5 տարեկան դառնալը անթուրիումը ամեն տարի տեղափոխում են նոր՝ քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ: Հինգ և ավելի տարեկան բույսերը տեղափոխում են 3 տարին մեկ:
    • Տեղափոխելիս ստուգում են բույսի արմատների վիճակը և հեռացնում են վնասված, փտած արմատները, իսկ կտրված քները մշակում են ածխափոշով:
    • Կարևոր է նոր ծաղկամանում լավ դրենաժային շերտ ստեղծելը:
    • Եթե բույսը “ձագուկներ” է տվել, դրանք կարելի է առանձնացնել:
    • Ծաղկաման ընտրելիս նկատի ունեցեք, որ բույսի փոքր-ինչ նեղված վիճակը խթանում է ծաղկելը, իսկ ազատ տեղ ունենալը նպաստում է “ձագուկների” ի հայտ գալուն:

    Հողախառնուրդը

    Հողախառնուրդը պետք է լինի պարարտ ու թեթև, որպեսզի արմատներին օդ հասնի:  Ցանկալի է, որ հողախառնուրդում լինեն  ճմահող, փշատերևի մանրեցված (2-5 սմ կտորներ) կեղևվ  խոշոր ավազ, պեռլիտ ու փայտածուխ:
    Հողախառնուրդի անհրաժեշտ թթվայնությունը՝  թույլ թթվային (pH 5,5-6,5):

    Մտղաշ բույսերի համար հողախառնուդի բաղադրատոմս
    • Տորֆ – 1 մաս;
    • Սֆագնում-մամուռ – 1 մաս;
    • Սոճենու մանրեցված կեղև (2-5 սմ կտորներ) – 1 մաս;
    • Պերլիտ – 1 մաս:
    Մեկ և ավելի տարեկան բույսերի համար հողախառնուդի բաղադրատոմս
    • Տորֆ – 2 մաս;
    • Ճմահող – 0,5 մաս;
    • Սոճենու մանրեցված կեղև (2-5 սմ կտորներ) – 1 մաս;
    • Տերևային բուսահող – 1 մաս;
    • Սֆագնում-մամուռ – 1 մաս;
    • Խոշոր կարմիր ավազ կամ մանրեցված աղյուս – 1 մաս;
    • Փայտածուխ – 0,2 մաս:

    Սնուցումը

    Գարնանն ու ամռանը անթուրիումը լրացուցիչ սնուցման կարիք ունի: Օգտակար կլինի նաև պարբերաբար, ջրելու հետ մեկտեղ առտաարմատային սնուցում կազմակերպելը:

    Բազմացումը

    Անթուրիումը բազմացնում են՝

    1.  Բույսը տեղափոխելիս խոշոր բույսերը բաժանելով կամ “ձագուկներն” առանձնացնելով: Բաժանելու համար բույսը կտրատում են սուր, ախտազերծված դանակով, իսկ կտրվածքները մշակում են ածխափոշով: Առանձնացված բույսերը ջրում են չափավոր՝ գերխոնավ հողի մեջ “ձագուկները” չեն կպնի:
    2. Տերև ու օդային արմատ ունեցողկտրոնը արմատակալման դնելով:
    3. Սերմերով: Սակայն տնական պայմաններում սերմեր ստանալն ու դրանցով բազմացնելը բավականին բարդ գործ է: Անհրաժեշտ է ճիշտ ժամանակին արհեստական փոշոտում կազմակերպել, այնուհետև ճիշտ ժամանակին սերմը վերցնել ու անմիջապես տնկել: Անթուրիումի պտուղներն ու սերմերն էլ հասունանում է 9-12 ամսում, իսկ սերմից աճեցված բույսը սկսում է ծաղկել երրորդ տարում միայն:

    Բույսի երիտասարդացումը

    Աճին զուգահեռ անթուրիումի ներքևում մնացած տերևները մահանում են, իսկ նորերը աճում են գագաթից: Ժամանակի հետ բույսը կարող է կորցնել իր դեկորատիվ տեսքը, ուստի երիտասարդացման կարիք է առաջանում:
    Երիտասարդացման համար կտրում և ջրի կամ այլ սուբստրատի մեջ արմատակալման են դնում բույսի գագաթը՝ անհրաժեշտ քանակությամբ հանգուցամեջեր թեղնելով վրան:

    Հղումներ