Էպիֆիլումը (անգլ.՝ Climbing cacti, Orchid cacti and Leaf cacti, ռուս.՝ Эпифиллум, լատ.՝ Epiphyllum) էպիֆիտային կակտուսների ցեղի անվանումն է, որն ընդգրկում է 20 տեսակի բույսեր: Բնական պայմաններում էպիֆիտային կակտուսներն աճում են Մեքսիկայից մինչև Ամերիկայի արևադարձային գոտին:
Աճում են որպես թուփ, ձևավորում են փայտացող բուն և տափակ, տերևանման ճյուղեր: Իրական տերևները մանր թեփուկների տեսք ունեն, իսկ ծաղիկները խոշոր են, ձագարանման և հոտավետ:
Ծաղիկների արտակարգ գեղեցկության համար էպիֆիլումն ունի նաև խոլորձ-կակտուս անվանում:
Նույնիսկ սենյակային պայմաններում, արհեստական, խաչաձև փոշոտման միջոցով կարելի է ստանալ սալորի չափսի պտուղներ, որոնք բուրավետ են, ուտելի և ունեն քաղցր, էկզոտիկ համ:
https://youtu.be/LAO7O5th4AM
Տեսակները
Էպիֆիլում քառթավոր
(Эпифиллум зазубренный, Epiphyllum crenatum)
Քառթավոր էպիֆիլումը 1 մետր բարձրության հասնող կիսա էպիֆիտ կակտուս է: Կողային տերևանման ճյուղերը հաստ են, կարող են մինչև 70 սմ երկարել և 4-10 սմ լայնք ունենալ:
Ծաղիկը բացվում է գիշերը:
Էպիֆիլում թթվատերև
(Эпифиллум кислолепестной, Epiphyllum oxypetalum)
Թթվատերև էպիֆիլումը խոշոր՝ մինչև 3 մ բարձրության հասնող բույս է, ձևավորում է երկար, փայտացող ճյուղեր: Երկրորդական ճյուղերը տափակ են ու մինչև 10 սմ լայնություն ունեն: Ծաղիկները սպիտակ են, ունեն մինչև 20 սմ երկարություն: Պտուղները կարմիր են:
Կան շատ հբրիդային տեսակներ, որոնք տարբերվում են ծաղիկների գույնով:
Էպիֆիլում Լաու
Ձևավորում է 3-5 մմ երկարությամբ, 1-5 հատ մազանման, դեղնադարչնագույն փշեր:
Ծաղիկները բացվում են երեկոյան և, որպես կանոն մնում են բացված 48 ժամ:
Էպիֆիլում անկյունավոր
(Эпифиллум угловатый, Epiphyllum anguliger)
Անկյունավոր էպիֆիլումը լավ ճյուղավորված թփի տեսք ունեցող բույս է: Ճյուղերը ներքին մասում կլոր են կամ, հազվադեպ, եռանկյունաձև: Կողային ընձյուղները նշտարաձև են, կտրատված եզրերով: Ճյուղերն ունենում են մինչև 1 մետր երկարություն և 4-8 սմ լայնք:
Ծաղիկները խոշոր են և բուրավետ:
Էպիֆիլում Հուկերի
(Эпифиллум Хукера, Epiphyllum hookeri)
Հուկերի էպիֆիլումը մինչև 10 սմ պարագծով, կոշտ, աղեղնաձև, երբեմն խոնարհված ճյուղերով կակտուս է:
Ծաղիկները սպիտակ ու խոշոր են:
Էպիֆիլում ֆիլանտուս
(Эпифиллум филлантус, Epiphyllum phyllanthus)
Ֆիլանտուս էպիֆիլումը 50-100 սմ ճյուղեր ձևավորող կակտուս է: Երկրորդային տերևանման ճյուղերն ունենում են 25-50 սմ երկարություն:
Ծաղիկներն ունենում են 4-18 սմ պարագիծ:
Էպիֆիլում Թոմասի
(Эпифиллум Томаса, Epiphyllum thomasianum)
Թոմասի էպիֆիլումը թփանման կակտուս է, որի խոնարհվող ճյուղերը կարող են երկարել մինչև 4 մետրի:
Խնամքը
Լուսավորությունը
Առատ ծաղկելու համար էպիֆիլումներին անհրաժեշտ է որքան հնարավոր է պայծառ, ծրված լուսավորություն: Դրանք լավ են աճում արևմտյան և արևելյան պատուհանագոգերին: Հյուսիսային պատուհանի գոգին առատ ծաղկում ակնկալել պետք չէ, իսկ հարավային պատուհանի գոգին աճեցնելիս բույսը, այրվածքներից խուսափելու համար, կեսօրին մոտ ժամերին պետք է ստվերել: Ամռանը խորհուրդ է տրվում էպիֆիլումը հանել պատշգամբ, կամ այգի՝ թարմ օդի, դնել լուսավոր տեղում, բայց ոչ Արևի ուղիղ ճառագայթների ներքո:
Օդի ջերմաստիճանը
Էպիֆիլումների համար +20 – +25°C օդի ջերմությունը ամենից հարմարավետն է: Ձմռանը, հանգստի շրջանում, եթե հնարավոր է, ջերմաստիճանը նվազեցնում են մինչև +10- +15°C:
Օդի ջերմաստիճանի նվազումը +5°C-ից կարող է մահաբեր լինել էպիֆիլումի համար:
Օդի խոնավությունը
Էպիֆիլումները պահանջկոտ չեն օդի խոնավության նկատմամբ, բայց, խորհուրդ է տրվում ամռան շոգին հնացված ջրով պարբերաբար ցողել բույսը :
Ջրելը
Էպիֆիլումները, ինչպես և խոնավ անտառներում աճող բոլոր կակտուսները, պետք է ջրել շատ ավելի հաճախ քան չոր կլիմայում աճողները: Ծաղկամանի հողը միշտ պետք է չափավոր խոնավ լինի:
Ջուրը պետք է փափուկ լինի, հնացված, սենյակի ջերմաստիճանի:
Ձմռանը ավելի քիչ են ջրում, իսկ շատ զով սենյակում պահելու դեպքում, ընդհանրապես չեն ջրում: Գարնանը ջրելը մի քիչ շատացնում են, իսկ կոկոններ հայտնվելուց հետո սկսում են առատ ջրել:.
Պարարտացումը
Գարնանն ու ամռանը էպիֆիլումներին խորհուրդ է տրվում սնուցել ամսական 2 անգամ՝ կակտուսների համար պատրաստված պարարտանյութերով: Ծաղկի կոկոններ հայտնվելու դեպքում կարելի է սնուցում անել գոմաղբի լուծույով (1 մաս գոմաղբը լուծել 4 մաս ջրում): Ծաղկելուց հետո, մինչև ցրտերը, այդպիսի սնուցումներ կարելի է անել 2 շաբաթը մեկ: Գոմաղբի լուծույթի փոխարեն կարելի է սնուցում անել սենյակային բույսերի համար նախատեսված, սովորական, ազոտ պարունակող պարարտանյութով:
Հողախառնուրդը
Հողը պետք է պարարտ լինի: Կարելի է օգտագործել կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդը՝ ավելացնելով դրան տորֆ, կամ տերևային բուսահող և ավազ:
Հողախառնուրն ինքնուրույն պատրաստում են հետևյալ բաղադրատոմսով՝
- Տերևային հումուս – 4 մաս;
- Ճմահող – 1 մաս;
- Ավազ – 1 մաս;
- Մանրեցված փայտածուխ – 1 մաս:
Հողի թթվայնությունը՝ рН 5-6:
Կիրը հակացուցված է:
Տեղափոխումը
Անհրաժեշտության դեպքում այլ ծաղկաման տեղափոխելն անում են ծաղկելուց հետո: Պետք է հաշվի առնել, որ արմատների համար նեղվածքը նպաստում է բույսի ծաղկելուն, այնպես որ ամենամյա տեղափոխության կարիք չկա: Ծաղկամանը պետք է լինի ոչ բարձր, լայն և ծակոտկեն, քանի որ էպիֆիլումների մեծամասնության արմատները թույլ զարգացած են:
Տեղափոխելուց հետո բույսը որոշ ժամանակ ստվերում են պահում և զգուշությամբ են ջրում:
Ծաղկելը
Փետրվարի երկրորդ կեսին, հանգստի շրջանից հետո, էպիֆիլումը սկսում է աճել և, լավ պայմաններում, սկսում են կոկոններ գոյանալ: Այդ ընթացքում բույսը պետք չէ տեղաշարժել՝ կոկոնները կարող են թափվել:
Որպես կանոն էպիֆիլումները գարնանն են ծաղկում: Ծաղիկները 4-5 օր բացված են մնում: Ծաղկման շրջանում բույսը պետք է հաճախակի ջրել, ցողել և սնուցել: Լավ խնամքի դեպքում էպիֆիլումը կարող է մեկ անգամ էլ աշնանը ծաղկել:
Տերևանման ճյուղերին զուգահեռ կարող են աճել բարակ, եռանկյունաձև ճյուղեր, որոնք ավելի լավ է կտրել, քանի որ դրանց վրա համարյա երբեք ծաղիկ չի գոյանում:
Բազմացումը
Էպիֆիլումները կարելի է բազմացնել սերմերով, կտրոններով կամ թուփը կիսելով:
Սերմից աճեցնելու դեպքում, սկզբում հայտնվում է խիտ փշերով դասական կակտուս, սակայն, ժամանակի հետ ճյուղերը սկսում են տափակել, դառնալ տերևանման և կորցնում են փշերը:
Սերմերի ծլելու համար հողի լավագույն ջերմաստիճանը +20 – +25°С տիրույթում է:
Լավ խնամքի դեպքում սերմով աճեցված էպիֆիլումը ծաղկում է 4-5 տարեկանում:
Կտրոնով բազմացնելու համար, տափակ, տերևանման ճյուղից կտրում են 10-15 սմ երկարությամբ կտրոն, որի ներքևի հատվածը սրացնում են՝ դարձնելով սլաքաձև: Այնուհետև կտրոնը 2-3 օր կախում են ուղղահայաց դիրքում, որպեսզի միջի հյութը թափվի և կտրվածքը չորանա: Չորանալուց հետո կտրոնը տնկում են 7 սանտիմետրանոց ծաղկամանի կամ տնկամանի մեջ, որտեղի հողախառնուրդը բաղկացած պետք է լինի՝
- Տերևային հումուսից – 1 մաս;
- Ավազից – 0,25 մաս;
- Ճմահողից– 2 մաս:
Հողախառնուրդի մակերեսին, 2 սմ խորությամբ, լվացված գետի ավազի շերտ են լցնում, իսկ կտրոնները տնկում են 1 սմ խորությամբ: Տնկելուց հետո 24 ժամ պահում են ստվերում և չեն ջրում:
Պարտիզակն ունի Ֆիլանտուս էպիֆիլումի կտրոնները պարզապես ջրում արմատակալելու դրական փորձ:
Հիվանդություններ և վնասատուներ
Վիրուսային մոզաիկան հիվանդություն է, որի ժամանակ էպիֆիլումի տերևանման ճյուղերին հայտնվում են բազմաթիվ մանր, բաց գույնի բծեր, սկսում են չորանալ ընևյուղների ծայրերը և թափվում են կոկոնները:
Բուժելը շատ դժվար է, ավելի հեշտ և ճիշտ է ոչնչացնել հիվանդ բույսը:
Հիմնական վանասատուներն են վահանակիրը, տիզը և ալրատիզը:
Բացոդյա պայմաններում պետք է զերծ պահել լորձնէակների հարձակումից:
Երբեմն բույսի վրա հայտնվում են լայնացող, շրջանաձև, խցանակեղևատիպ բծեր: Պատճառը կարող է լինել սնկային վարակումը (ֆուզարիոզ կամ այլ):