Թեյը կամ Չինական կամելիան (անգլ․՝ Tea tree, ռուս․՝ Чай, Чайный куст, или Камелия китайская, լատ․՝ Camellia sinensis) թեյազգիների (Theaceae) ընտանիքի, մշտադալար թփերի կամ փոքր ծառերի տեսակ է, որի տերևները և բողբոջները օգտագործվում են թեյ արտադրելու համար: Պետք չէ շփոթել Camellia sinensis թեյը նույնպես թեյ
անվանվող Melaleuca alternifolia– ի՝ որից թեյի ծառի յուղ են ստանում կամ Նոր Զելանդիայի թեյի ծառի՝ Leptospermum scoparium-ի հետ, դրանք տարբեր բույսեր են:
Թեյի հայրենիքը Հարվ-Արևելյան Ասիայի արևադարձային և մերձարևադարձային, լեռնային անտառների գոտիներն են։
Կա թեյի երկու հիմնական սորտ՝ Camelia. sinensis var. sinensis եւ Camelia sinensis var. assamica: Սպիտակ թեյը, դեղին թեյը, կանաչ թեյը, մուգ թեյը և սեւ թեյը, բոլորը, տարբեր մշակումներ կիրառելով, ստացվում են այդ երկու սորտերից։
Ինչպես տանը թեյ աճեցնել
Սենյակային պայմաններում սովորաբար աճեցնում են թեյի Camelia. sinensis var. sinensis տեսակը։ Բնական պայմաններում մոտ 2 մետր բարձրության հասնող թեյի այս թուփը տանը, ծաղկամանում հասնում է 40-50 սմ բարձրության, ծաղկում է գեղեցիկ, նուրբ ծաղիկներով։ Մյուս տեսակը շատ ավելի պահանջկոտ է արտաքին պայմանների նկատմամբ։
Սերմից աճեցնելը
Սերմից թեյ աճեցնելը հեշտ չէ. թեյի սերմերը շատ ցածր ծլողունակություն ունեն, ուստի ցանել պետք է որքան հնարավոր է թարմ, նոր հավաքած սերմեր և մեծ քանակի, որպեսզի գոնե մի մասը ծլի։
Թեյի սերմերը կլոր, մուգ շագանակագույն են, 10-13 մմ տրամագծով:
Սովորաբար թեյը ցանում են ձմռան վերջում կամ գարնան սկզբին։
Ցանելուց առաջ թեյի սերմերը 2 օր թրջում են գոլ ջրի մեջ, ամեն օր ջուրը թարմացնում են, հետո ցանում 3 սմ խորությամբ՝ ետևյալ հավասար մասերից կազմված հողախառնուրդի մեջ՝
- ճմահող;
- տերևային բուսահող;
- փտած գոմաղբ;
- խոշոր ավազ։
Թույլ թթվայնությամբ հողը ամենահարմարն է թեյի աճեցման համար։
Ցանելուց հետո պետք է հողը հեղուկացիրով առատորեն խոնավացնել, ջերմոցային վիճակ ստանալու համար, ցանքը ծածկել ապակով կամ պլաստիկով և դնել տաք տեղ։ Սերմերը բավական երկար են ծլում՝ 1,5-2,5 ամիս:
Առաջին ծիլերը հայտնվելուց հետո ցանքը տեղափոխում են պայծառ լուսավորության տակ, որոշ ժամանակ անց հանում են ծածկը և երբ առաջին իսկական տերևները ձեւավորվեն, կարելի է սածիլները տեղափոխել առանձին, փոքր ծաղկամանների մեջ։ Չարժե անմիջապես մեծ տարաներ ընտրել:
Կտրոնով բազմացնելը
Թեյի կանաչ կտրոններ կտրում են գարնանը կամ ամռանը բույսը էտելուց հետո: Կտրվում են տարեկան ճյուղերից՝ 6-8 սմ երկարությամբ։ Յյուրաքանչյուր կտրոնի վրա թողնում են 3-4 տերև: Կտրոնի ներքևի մասի կտրվածքը թեք են անում, կտրվածքը մշակում են արմատակալումը խթանող նյութերով հետո տնկում հողախառնուրդի մեջ։
Տնկարկի համար նույնպես ջերմոցային պայմաններ են ստեղծում։
Խնամքը
Թեյի թուփը բավականին լավ է հարմարվում լուսավորությանը, իրեն լավ կզգա ինչպես արևոտ լուսամուտի պատուհանագոգին, այնպես էլ լուսավոր սենյակի խորքում: Բայց բույսը պաշտպանել է պետք կեսօրի Արևի ուղիղ և կոշտ ճառագայթներից: Պետք է նկատի ունենալ, որ եթե լուսավորությունը «միակողմանի» է, ժամանակի ընթացքում թեյի թուփը կարող է նկատելիորեն թեքվել դեպի լույսի աղբյուրը, մյուս կողմից տեղի և դիրքի կտրուկ փոփոխություններ բույսը չի սիրում։ Ծաղկամանը խորհուրդ է տրվում պտտել աստիճանաբար, շատ փոքր քայլերով։ Լուսավորության ցածր մակարդակի դեպքում ճյուղերը կարող են ձգվել:
Թեյի թուփը շատ ավելի պահանջկոտ է օդի ջերմաստիճանի նկատմամբ: Գարնանն ու ամռանը նրան պետք է օրական առնվազն +20°C ջերմաստիճան, բայց ուշ աշնանը և ձմռանը արժե բույսը պահել +8…+10°C- ից ոչ ավելի բարձր ջերմաստիճանում գտնվող սենյակում (ապակեպատ պատշգամբ, տեռաս և այլն): Իհարկե, առանց այս հանգստյան ժամանակահատվածի, թեյը չի մեռնի, բայց թուփը շատ ավելի վատ տեսք կունենա և իրեն վատ կզգա: Տաք սենյակում ձմռանը թեյի թուփը պահելիս, պետք է օդի բարձր խոնավություն ապահովվի և հեռու պահվի ջեռուցող սարքերից։
Ընդհանրապես, թարմ և բավարար խոնավ օդի առկայությունը թեյի առողջ թփի աճեցման կարևոր պայման է: Ուստի հնարավորության դեպքում, ամռանը, երբ գիշերվա օդի ջերմաստիճանը +15°C- ից բարձր է, թուփը ծաղկամանով պետք է հանել այգի կամ բաց պատշգամբ։
Թուփը պետք է կանոնավոր կերպով ջրել գոլ, հնեցված ջրով։ Ծաղկամանի հողը պետք է միշտ խոնավ լինի, պարբերաբար փխրեցվի և մուլչապատվի։ Ծաղկամանի լավ դրենաժը պետք է ապահովագրի հողակույտը ճահճացումից։ Ծաղկման շրջանում ջրելը կրճատում են, բայց տերևները շարունակում են առատ ցողել։
Ինչ վերաբերում է թեյի թուփը սնուցելուն, ապա դա արվում է ողջ տարվա ընթացքում, բացառությամբ ձմռան հանգստի ժամանակահատվածի: Բույսը սնուցում են երկու շաբաթը մեկ համալիր պարարտանյութերով։
Թեյի թփի համար մեկ այլ անհրաժեշտ բան է էտը (թփի ձևավորումը): Առաջին անգամ երիտասարդ թուփը էտում են երկրորդ տարում, վաղ գարնանը՝ կտրելով հիմնական ճյուղի աճի կետը մոտ 15 սմ բարձրության վրա՝ առատ ճյուղավորումը խթանելու համար: Ապագայում, ամեն տարի միաժամանակ, բոլոր հիմնական ճյուղերը կրճացնում են 30-35 սմ երկարություն թողնելով, միաժամանակ հեռացնելով վնասված և թույլ ճյուղերը:
Սենյակային պայմաններում թեյի թուփը գործնականում չի հիվանդանում, իսկ վնասատուներից կարող է ենթարկվել ուտիճների և վահանակիրների հարձակմանը։
ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>
ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>
Մոտավորապես երեք տարին մեկ անգամ, մեծահասակ թփերը, չվնասելով հողակույտը, տեղափոխում են 2 անգամ ավելի մեծ ծաղկամանի մեջ, կամ հանում և կարճացնում են արմատները:
Ամռանն ու աշնանը թեյի թուփը ուրախացնում է անուշահոտ սպիտակ ծաղիկներով, իսկ ձմռան սկզբին ձևավորվում են սերմերը։
Ճիշտ խնամքի դեպքում, թեյի թուփը մեկ տարում մոտ 30 սմ աճ է ունենում։ Ծաղկել սկսում է մոտ 1,5 տարեկանից։
Բույսի անձնագիրը
Լույսը Պայծառ ծրված, կիսաստվեր | |
Օդի ջերմաստիճանը Աճի շրջանում՝ +20°C․․․+25°C Ձմռանը՝ +8°C․․․+10°C | |
Օդի խոնավությունը Կանոնավոր ցողել | |
Ջրելը Վերին 5․․․10 սմ շերտի չորանալուց հետո | |
Սնուցումը Աճի ողջ շրջանում, 15 օրը մեկ | |
Հանգստի շրջանը Ձմռանը (կարող է չլինել, բայց ցանկալի է) | |
Հողախառնուրդը Լավ փխրուն, թույլ թթվային | |
Ծաղկամանը Դրենաժային մեծ ծակերով Առնվազն 2 անգամ մեծ արմատի հողագնդից | |
Բազմացնելը Տնկաշիվով (6-8 սմ), սերմով |