Tag: կրոտոն

  • Կոդիեում խայտաբղետ

    Կոդիեում խայտաբղետը (անգլ.՝ Garden croton, ռուս.՝ Кодиеум пестрый, Кротон, լատ.՝ Codiaeum variegatum pictum) Իշկաթնուկների ընտանիքին պատկանող բազմամյա, մշտադալար թուփ է: Բնական միջավայրը՝ Մալազիայի և Արևելյան Հնդկաստանի արևադարձային ջունգլիներն են: Շատ գեղեցիկ, բայց նաև շատ քմահաճ բույս է:

    Շուրջ տարին կայուն՝ 20-22 աստիճան ջերմությունը ամենահարմարավետն է Կոդիեում խայտաբղետի համար: Բացի այդ բույսը մշտապես օդի խոնավության կարիք ունի: Չոր օդը կործանարար ազդեցություն է ունենում: Խորհուրդ է տրվում բույսը հաճախակի ցողել գոլ ջրով ու պարբերաբար լվալ տերևները երկու կողմից:

    Ամռանը Կոդիեում խայտաբղետը հանգիստ է տանում մինչև +27°С օդի ջերմությունը, իսկ ձմռանը՝ մինչև +15°С անկումը:
    Կարող է դիմանալ ավելի ցածր աստիճանի կարճատև անկումներին:

    Տեղի ընտրությունը

    Կոդիեում խայտաբղետը լավ է աճում տաք և լուսավոր տեղում, սակայն ոչ արևի ուղիղ ճառագայթների ներքո:

    Խնամքը

    Ամենադժվարը ձմռանը ջերմային և խոնավության ռեժիմներն ապահովելն է: Խորհուրդ է տրվում բույսը տեղադրել լուսավոր տեղում, իսկ ծաղկամանը դնել ջրով ու խիճով լի ափսեի վրա:
    Սնկային հիվանդություններից խուսափելու համար, խորհուրդ է տրվում տերևները  ջրով ցողել օրվա առաջին կեսին, որպեսզի երեկոյան դրանք արդեն չոր լինեն:
    Պաշտպանեք բույսը միջանցքահովերից:
    Կոդիեում խայտաբղետը կարելի է ձևավորել կտրելով գագաթային աճի կետերը:
    Նոր ծաղկամանի մեջ տեղափոխում են գարնանը: Հողախառնուրդը սովորական՝ սենյակային բույսերի համար նախատեսված:
    Կոդիեում խայտաբղետը նեղվածք սիրում է, այնպես որ մեծ ծաղկամանների մեջ տնկել պետք չէ:

    Ջրելն ու սնուցելը

    Ամռանը Կոդիեում խայտաբղետը պետք է առատ ջրել և, ինչպես ասվեց, տերևները ցողել ջրով: Գերադասելի է ջրել գոլ, եռացրած, հետո սառեցված, կամ անձրևի ջրով:
    Ձմռանը ջրել քիչ՝ այնքան որ հողը չչորանա:

    Ամռանը, շաբաթը մեկ անգամ Կոդիեում խայտաբղետը անհրաժեշտ է սնուցել համալիր պարարտանյութով:

     Աճը

    Բնական միջավայրում Կոդիեում խայտաբղետը կարող է 3 մետրից ավելի բարձրույան հասնել: Սենյակային պայմաններում 60 սմ ավել չի բարձրանում ու աճն էլ բավականին դանդաղ է:

     Թունավորությունը

    Կոդիեում խայտաբղետի ճյուղերի, տերևների ու սերմերի միջի հյութը կարող է մարդու մոտ ալերգիկ բորբոքումներ առաջացնել, իսկ, օրինակ, կատվի օրգանիզմումի համար կարող է մահաբեր լինել:

     Բազմացումը

    Կոդիեում խայտաբղետը բազմացնում են կտրոններով և, հազվադեպ, սերմերով:

    Կտրոնով բազմացումը

    Կտրոնները գերադասելի է կտրել գարնանաը: Կտրելուց հետո կտրոնները որոշ ժամանա պահում են ջրի մեջ, որպեսզի միջի կաթնահյութը մաքրվի: Այնուհետև թողնում են մեկ գիշեր չորանա:
    Արմատավորման համար պատրաստում են հողախառնուրդ, որը կազմված է տորֆի և լվացած խոշոր ավազի հավասար մասերից:
    Արմատավորելու համար օդի ամենահարմար ջերմությունը՝  +27…+29°С:

    Բարձր խոնավություն ապահովելու համար, տնկած կտրոնները ծածկում են պոլիէթիլենային թաղանթով՝ օդափոխության համար թողնելով փոքրիկ անցքեր:

    Մինչև արմատավորման ավարտը, կտրոնները պետք է չմնան արևի ուղիղ ճառագայթների ներքո:

    Տնկելուց 3-4 շաբաթ անց կտրոնների վրայից թաղանթը հանում են և լավ աճ ցույց տված կտրոնները տեղափոխում են առանձին ծաղկամանների մեջ:

     Հնարավոր խնդիրներ
     Սարդոստայնային տիզ

    Տերևի ներքևի կողմում բարակ սարդոստայնի թելերի առկայությունը հուշում է, սարդոստայնային տիզ կոչվող վնասատուի հարձակման մասին: Այդ վնասատուները հայտնվում են, եթե սենյակի օդը չափից ավելի տաք ու չոր է:

    Պետք է ուշադիր զննել բոլոր տերևները, լվանալ դրանք և ավելի հաճախ բույսը ցողել ջրով: Եթե դա չօգնի, պետք է մշակել բույսը համապատասխան ինսեկցիտիդով:

    Ալրատիզեր

    Սպիտակ, կարծես ալյուրով պատված փոքրիկ տիզերին հեշտ է նկատել: Պետք է մաքրել և ոչնչացնել դրանց, իսկ եթե շատ է տարածված, բույսը մշակել համապատասխան ինսեկտիցիդով:


     Լուսավորության պակաս

    Եթե Կոդիեում խայտաբղետի լուսավորությունը բավարար չէ,  տերևները գունաթափվում են: Նման դեպքում պետք է բույսը ավելի լուսավոր տեղ տեղափոխել, կամ ապահովել լրացուցիչ արհեստական լուսավորություն:

    Հղումներ