Tag: հումուս

  • Ի՞նչ է հումուսը

    Հումուսը (լատ.՝ humus, հող), հողի օրգանական, սովորաբար մուգ գունավորված մասն է, որը ձևավորվում է բուսական և կենդանական մնացորդների քայքայումից։ Հումուսի բաղադրության մեջ են մտնում հումինաթթուները (առավել կարևոր են հողի բերրիության համար) և ֆուլվոթթուները։ Հումուսը պարունակում է բույսերի սննդառության հիմնական տարրերը, որոնք մանրէների ներգործությունից դառնում են մատչելի բույսերի համար։ Հումուսի քանակով և որակական կազմով են պայմանավորված հողի գույնը, կառուցվածքը, ջրա-ֆիզիկական առանձնահատկությունները, կլանունակությունը և այլն։ Հումուսը հողի գենետիկական տիպերի ամենակարևոր ցուցանիշներից է. օրինակ, Հայաստանում կիսաանապատային հողերը պարունակում են 1-2% հումուս, շագանակագույն հողերը՝ 2-4% , սևահողերը՝ 4, 5-12%, լեռնամարգագետնային հողերը՝ 8-32%։
    Հողի հումուսի պահպանումն ու ավելացումը հողագործի ամենակարևոր խնդիրներից է:
    Հումուսի ավելացման համար անհրաժեշտ միջոցառումներն են.

  • Տերևային բուսահող

    Տերևային բուսահողը (անգլ․՝ Leafmould, ռուս․՝ Листовая земля) չի պարունակում օգտակար նյութեր, բայց, հողի կառուցվածքը բարելավելու համար հոյակապ հավելված է:

    Օգտագործվում է նաև որպես ցանքածածկ (mulch, мульча)։ Տերևային բուսահողը որպես կանոն պատրաստում են աշնանը՝ տերևաթափից հետո, երբ առատ նյութ կա:

    Պատրաստելը շատ դյուրին է: Տերևները հավաքում են, խոնավացնում, լցնում մեծ ցելոֆանե տոպրակի մեջ: Տոպրակի պարունակությունը լավ մամլում են, տոպրակի բերանը կապում, տոպրակը մի քանի տեղից ծակծկում են և դնեում ստվերոտ տեղում և մոռանում առնվազն մեկ տարով:

    Սնկերը, որոնք քայքայելու են տերևները, թթվածնի կարիք համարյա չունեն, բայց բարձր խոնավություն են պահանջում:
    Պատրաստման ժամկետը կախված է պահպանման պայմաններից՝ օդի ջերմաստիճանից, խոնավությունից և տերևների ծառատեսակից:

    Պատրաստման ժամկետը կրճատելու համար կարելի է.

    • պահեստավորելուց առաջ կտրատելով կամ աղալով մանրացնել տերևները;
    • տերևների հետ խառնել թարմ, կանաչ խոտ;
    • 2-3 ամիսը մեկ խառնել տոպրակի պարունակությունը:

    Վաճառքում լինում են նաև հատուկ տերևային բուսահող պատրաստելու համար նախատեսված տոպրակներ:

    Սկզբունքորեն, տերևային բուսահողը կարելի է օգտագործել նաև կիսապատրաստ վիճակում՝ երբ դեռ ընդհանուր փխրուն զանգվածի մեջ նշմարվում են առանձին պահպանված տերևներ և տերևների պոչեր: Այդ վիճակում էլ այն կարելի է խառնել ծաղկաթաղարների մեջ լցվող հողի հետ, կամ լցնել բույսերի շուրջ ու խառնել հողի հետ:

    Ամբողջովին պատրաստ տերևային բուսահողը միատարր, փխրուն զանգված է:

    Բացի կիսապատրաստ բուսահողի համար նշված օգտագործման ձևերից, ամբողջովին պատրաստ տերևային բուսահողի մեջ կարելի է սերմեր ցանել և սածիլներ աճեցնել:

    Սենյակային բույսերի համար լավ խարնուրդ պատրաստելու համար էլ խորհուրդ է տրվում օգտագործել հավասար քանակությամբ տերևային բուսահող, կոմպոստ և մանր կարմիր ավազ: