Մոմաբաղեղը (Հոյա) (անգլ.՝ Waxplant, Waxvine, Waxflower, Hoya, ռուս.՝ Хойя, լատ.՝ Hoya), պատկանում է թունաթափազգիների (Asclepiadaceae) ընտանիքին։ Հայրենիքը հարավային ու հարավարևելյան Ասիան, Ավստրալիան, Պոլինեզիան են:
Կենսաբանական նկարագիր
Սենյակային, մագլցող բույսերից մեկն է։ Տերևները մսոտ են ու հաստ։ Աստղաձև, վարդագույն, բուրավետ ծաղիկները, որոնք հովանոցաձև դասավորված են ծաղկակոթունի վրա, չափազանց գեղեցիկ են և կարծես մոմից պատրաստված լինեն։ Պսակաթերթիկների վրա արտաթորվող մեղրանման հեղուկի կաթիլները ալմաստի նման փայլփլում են արևի ճառագայթների տակ։ Մշակության մեջ գլխավորապես հանդիպում է մոմաբաղեղը (H.carnosa R.Br.), որի երկարությունը հասնում է մոտավորապես 6 մ-ի։ Հաստ, ձվաձև կաշենման տերևները փայլուն են, կանաչադեղնավուն երանգով։ Փոքրիկ աստղաձև ծաղիկները սպիտակ են, վարդագույն կենտրոնով, արձակում են ուժեղ, դուրեկան բուրմունք։ Ծաղկաթափից հետո ծաղկակոթուները չպետք է հեռացնել, քանի որ հետագա տարիներին դրանց վրա բացվում են նոր ծաղիկներ։ Ցողունը բարակ և թույլ է, այդ պատճառով բույսը բարձրացնում և փռում են պատաճաղերի վրա։
Մշակում
Մոմաբաղեղը ամառվա ընթացքում պահվում է պատշգամբում, կիսաստվերի տակ։ Այս շրջանում պետք է ջրել առատ և բույսը հաճախակի ցողել գոլ ջրով։ Բարձր արդյունք է տալիս թռչնաղբի կամ գոմաղբի հեղուկով սնուցելը։ Ձմռանը խորհուրդ է տրվում թաղարները տեղավորել լույսին մոտ, 16-18° ջերմության պայմաններում ջրելով չափավոր և սակավ։ Գարնանը պետք է բույսերը վերատնկել, երիտասարդները տարին մեկ անգամ, իսկ տարիքավորները՝ 2-3 տարին մեկ։ Հողախառնուրդ պատրաստելու համար կարելի է վերցնել 3 մաս ճմահող կամ այգու հող, 1 մաս տերևահող, 1 մաս գոմաղբ և 1 մաս ավազ։ Բազմացվում է սերմերով և կտրոններով։ Արմատակալեցված կտրոնները սկզբնական շրջանում բավական դանդաղ են աճում։ Առատ ծաղկումը սկսում է 4-5 տարեկան հասակից։ Բնակարանային պայմաններում մշակվող մոմաբաղեղը կարող է ապրել տասնյակ տարիներ։
Մոմաբաղեղի ամենատարածված տեսակներն են՝
Մոմաբաղեղ մսեղը, Хойя мясистая, Hoya carnosa
Մոմաբաղեղ չքնաղը, Хойя прекрасная, Hoya bella
Մոմաբաղեղ վեհաշուքը, Хойя величественная, Hoya imperialis
Մոմաբաղեղ բազմածաղկավորը, Хойя многоцветковая, Hoya multiflora
Մոմաբաղեղ մանրածաղիկ, Хойя мелкоцветковая, Hoya parviflora
Մոմաբաղեղ լինեարիս, Хойя Линеарис, Hoya linearis