Tag Archives: շաքարավազ

Կոմպոստի կույտը արագ փտեցնելու համար ներգործուն մանրեներով (ՆՄ) մերանի պատրաստում

Գոմաղբի կամ կոմպոստի կույտը արագ փտեցնելու համար կարելի է պատրաստել ներգործուն մանրեներ (ՆՄ) պարունակող մերան: ՆՄ մերանը պատրաստվում է հետևյալ կերպ:
Կես տուփ չոր խմորիչը և 3 թեյի գդալ  շաքարավազը լուծել մեկ բաժակ գոլ ջրի մեջ:
Ստացված լուծույթին ավելացնել մեկ բաժակ ցանկացած կենդանի բակտերիաներ պարունակող  կաթնաթթվային մթերք (թթված կաթ, մածուն, կեֆիր…):
Գոմաղբի կամ կոմպոստի կույտի մեջ բացել անցք, որի մեջ լցնել ստացված լուծույթը:
Մոտավորապես 2 ամսից ամբողջությամբ կփտի թարմ գոմաղբը, իսկ կոմպոստը կարելի կլինի օգտագործել արդեն 2 շաբաթից:
Մերանի մեկ կիրառման ձև ևս նշենք: Ջերմոցի ներսում դրեք մեկ դույլ ջրով բացված գոմաղբ և ավելացրեք մերանը: Լուծույթից անջատվող մեծ քանակությամբ ածխածինը կխթանի վարունգի, բադրիջանի, պղպեղի թփերի բուռն աճը:

Ներգործուն մանրեների (ՆՄ) պատրաստում բրնձի, կաթի և շաքարի օգտագործմամբ

Նախ պարզաբանենք թե ինչ են իրենցից ներկայացնում ներգործուն մանրեները: Գիտնականները պարզել են, որ հողի բերրիությունն ապահովելու գործում շատ մեծ դեր են խաղում օգտակար միկրոօրգանիզմները՝ ներգործուն մանրեները (ՆՄ)*: Դրանք հողին խառնված հանքային կամ օրգանական պարարտանյութերը վերածում են բույսերի համար յուրացվելի ձևի: Վաճառքոմ կարելի է գտնել տարբեր տեսակի ՆՄ պատրաստուկներ, սակայն այստեղ մենք կանդրադառնանք դրանց ինքնուրույն պատրաստելուն:
Պատրաստելու համար անհրաժեշտ կլինի.

  • Բրինձ – 1/4 բաժակ;
  • Ջուր – 1 բաժակ;
  • Կաթ – 10 բաժակ;
  • Շաքարավազ – 1 ճաշի գդալ:

Եվ այսպես, 1/4 բաժակ բրնձի վրա լցնում ենք 1 բաժակ ջուր ու խառնում այնքան մինչև ջուրը պղտորվի: Ստացված լուծույթն առանձնացնում ենք բրնձի հատիկներից և 7 օր պահում որևէ տաք ու ոչ լուսավոր տեղում: Բրինձն այլևս պետք չի գալու, կարող եք օգտագործել այն ուտեստ պատրաստելու համար:
7 օր անց լուծույթը խառնում ենք 10 բաժակ կաթի հետ և կրկին 5-7 օր պահում տաք ու ոչ լուսավոր տեղում: Այդ ընթացքում լուծույթի մակերեսին կառաջանա կաթնաշոռային զանգված, որը, ժամկետը լրանալուց հետո, պետք է հեռացնել, իսկ տակի շիճուկին ավելացնում ենք 1 ճաշի գդալ շաքարավազ:
Վերջ, ՆՄ պատրաստուկը կարող եք պահել սառը տեղում մինչև մեկ տարի:  Օգտագործելու համար շիճուկը պետք է խառնել սենյակային ջերմության ջրի մեջ՝ 1:20 հարաբերակցությամբ:
Որտե՞ղ և ո՞նց օգտագործել

  • Ջրել բույսերը;
  • Հեղուկացիրով շաղ տալ բույսերի տերևների վրա;
  • Սերմեր թրջելու համար:

Միայն հիշեք, որ բույսերի մշակումները ՆՄ-ով պետք է իրականացնել երբ օդի ջերմաստիճանը բարձր է +18°С-ից և և ոչ արևի ուղղիղ ճառագայթների ներքո: Արևի ճառագայթները սպանում են մանրեներին, իսկ ցրտին դրանք չեն աճում ու բազմանում:
* Անգլերեն դրանք կոչվում են՝ effective microorganisms (EM) իսկ ռուսերեն՝ эффективные микроорганизмы (ЭМ):