Tag: սոխի կլեպ

  • Օրգանական պարարտանյութեր

    Օրգանական են կոչվում այն պարարտանյութերը, որոնք բույսերը սնուցող բացառապես օրգանական միացություններից կազմված նյութեր են պարունակում:

    Այս հոդվածում մենք օրգանական պարարտանյութերի կամ դրանց բաղադրիչների ցանկ կներկայացնենք, հղումներ տալով համապատասխան հոդվածներին, ուր մանրամասներ կգտնեք դրանց օգտակարության, պատրաստման ու կիրարկման ձևերի վերաբերյալ:

    ԳՈՄԱՂԲ

    Գոմաղբը անհիշելի ժամանակներից օգտագործվող բնական պարարտանյութ է: Այն պարունակում է ազոտ, լուսածին (ֆոսֆոր), կալիում, ինչպես նաև բույսերի լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ մի շարք միկրոէլեմենտներ՝ կիր, մագնեզիա, ծծումբ, քլոր, կրեմնիում:

    Մանրամասն գոմաղբի մասին ==>

    ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍ (ՈՐԴԱԿՈՄՊՈՍՏ)

    Որդերի օգնությամբ մշակված գոմաղբը վերածվում է շատ օգտակար կենսահումուսի՝ պարարտանյութի, որը իր մի շարք չափանիշներով գերազանցում է հանքային պարարտանյութերին:

    Մանրամասն կենսահումուսի մասին ==>

    ԿՈՄՊՈՍՏ

    Կոմպոստը օրգանական հողագործության մեջ ամենատարածված և մատչելի օրգանական պարարտանյութն է: Այն ստացվում է օրգանական աղբի, բյույսերի տերևների և այլ մնացորդների համապատասխան պայմաններում փտեցմամբ:

    Մանրամասն կոմպոստի մասին ==>

    ՁԻՈՒ ԳՈՄԱՂԲ

    Ձիու թրիքը պարունակում է ազոտ, կալիում,  լուսածին (ֆոսֆոր) և մի շարք այլ օգտակար նյութեր: Այն կիրառելի է բույսերի մեծամասնության սնուցման համար:

    Մանրամասն ձիու գոմաղբի մասին ==>

    ՃԱԳԱՐԻ ԳՈՄԱՂԲ

    Ճագարի գոմաղբը, այլ կենդանիների գոմաղբի համեմատ, ամենաօգտակարն է: Այն  պարունակում է ազոտ, կալիում,  լուսածին (ֆոսֆոր), մագնիում, կալցիում և մի շարք այլ օգտակար նյութեր:

    Մանրամասն ճագարի գոմաղբի մասին ==>

    ԹՌՉՆԻ ԾԵՐՏ

    Թռրչնի ծերտը իրավամբ համարվում է ամենաարժեքավոր օրգանական պարարտանյութը: Այն պարունակում է ազոտ, կալիում,  լուսածին (ֆոսֆոր), և մագնիում: Ընդորում, այդ բաղադրիչների խտությունը 3-4 անգամ բարձր է քան այլ օրգանական պարարտանյութերում:

    Մանրամասն թռչնի ծերտի մասին ==>

    ՍԻԴԵՐԱՏՆԵՐ

    Սիդերատները բույսեր են, որոնք աճեցվում են հիմնական կուլտուրայից առաջ՝ հողը հարստացնելու, օգտակար նյութերով հագեցնելու և հողի կառուցվածքը բարելավելու նպատակով:

    Մանրամասն սիդերատների մասին ==>

     ՏՈՐՖ

    Տորֆի պարունակում է՝

    • ածխածին` 50-60%
    • ջրածին 5-6.5%
    • թթվածին` 30-40 %
    • ազոտ` 1-3%
    • ծծումբ` 0.1-1.5%

    Մանրամասն տորֆի մասին ==>

    ԵՂԻՆՋ

    Եղինջը պարունակում է՝

    • կրածին – 37%;
    • կալիում – 34%;
    • մագնիում – 6%;

    Կան նաև մի շարք այլ միկրոէլեմենտներ:

    Մանրամասն եղինջի մասին ==>

     ԿԱՆԱՉ ԽՈՏ

    Բույսերի համար ամենակարևոր սնուցման նյութերից մեկը, մանավանդ աճի սկզբնական փուլում, ազոտն է:  Ազոտ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից, սակայն ամենամատչելին դրանցից կանաչ խոտն է: Խոտի թուրմով բույսերի սնուցումը ամենաէժան, բայց շատ արդյունավետ ձևն է:

    Մանրամասն խոտի մասին ==>

    ՓԱՅՏԻ ՄՈԽԻՐ

    Փայտի մոխիրը կրածինի, կալիումի, մագնիումի, նատրիումի և մի շարք այլ օգտակար նյութերի արժեքավոր աղբյուր է:

    Մանրամասն մոխիրի մասին ==>

    ՓԱՅՏԻ ՍՂՈՑՈՒՔ

    Քչերն են տեղյակ թեփի օգտակարության մասին և օգտագործում են միայն որպես ցանքածածկ: Բայց, համապատասխան մշակման ենթարկելով, թեփը կարելի է օգտագործել որպես պարարտանյութ, ավելի ստույգ, որպես հիմք համակցված օրգանական պարարտանյութի համար: Թեփի լավագույն մշակման եղանակը կոմպոստին ավելացնելն է:

    Մանրամասն թեփի մասին ==>

    ԲԱՆԱՆԻ ԿԵՂԵՎ

    Բանանի կեղևը հարուստ է կալիումով, կրածինով և լուսածինով (ֆոսֆոր): Կեղեվները կարելի է թաղել հողի մեջ և դրանք արագ, մոտ տաս օրում կյուրացվեն հողում առկա միկրոորգանիզմների կողմից: Կարելի է նաև չորացնել կեղևները և աղալուց հետո խառնել հողին: Բանանի կեղևից պատրաստած թուրմով բույսերը սրսկելով կարելի է վերացնել ուտիճներին:

    Մանրամասն բանանի կեղևի մասին ==>

    ՁՎԻ ԿՃԵՊ

    Ձվի կճեպում կա՝

    • հեշտ յուրացվող կալցիում – 93%;
    • մագնիում – 0,55%;
    • լուսածին (ֆոսֆոր) – 0,12%;
    • կալիում – 0,08%;
    • ավելի քիչ քանակով պարունակում է երկաթ, ծծումբ, ալյումին:

    Մանրամասն ձվի կճեպի մասին ==>

    ՍՈԽԻ ԿԼԵՊ

    Սոխի կլեպը հարուստ է  կարոտինով,  ֆիտոնիցիդներով և B և PP խմբերի վիտամիններով: Օգտագործվում է հիմնականում թուրմը՝ բույսերը ջրելու կամ ցողելու համար:

    Մանրամասն սոխի կլեպի մասին ==>

    ԽՄՈՐԻՉ

    Խմորիչի (թթխմորի) կենսազանգվածի հիմք են հանդիսանում սնկերը, որոնք հարուստ են սպիտակուցով և այլ օգտակար նյութերով,  օրինակ, օրգանական երկաթով, ամինաթթուներով և այլևայլ մակրո և միկրոէլեմենտներով:

    Մանրամասն թթխմորի մասին ==>

    ՍՈՒՐՃԻ և ԹԵՅԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐ

    Սուրճի և թեյի մնացորդները պարունակում են որոշակի քանակությամբ օգտակար միկրոէլեմենտներ: Թեև դրանց օգտագործման արդյունավետության վերաբերյալ վեճեր կան, միանշանակ է, որ թափել չարժէ՝ կոմպոստին ավելացնելը կամ հողի հետ խառնելը կբարելավեն զանգվածի կառուցվածքը և ավելի փխրուն կդարձնեն:

    Մանրամասն սուրճի և թեյի մնացորդների մասին ==>

    ՈՍԿՐԱԼՅՈՒՐ

    Ոսկրալյուրը պարունակում է՝

    • լուսածին (ֆոսֆոր);
    • կրածին;
    • կենսաբանորեն ակտիվ նյութեր;
    • միկրոէլեմենտներ (մագնիում, նատրիում, երկաթ, պղինձ, ցինկ, մարգանեց, կոբալտ, յոդ), որոնք չափավոր քանակության դեպքում շատ լավ ազդեցություն ունեն բույսերի աճի վրա:

    Մանրամասն ոսկրալյուրի մասին ==>

    ՁԿՆԱԼՅՈՒՐ

    Ձկնալյուրի մոտավոր կազմը հետևյալն է.

    • Հում պրոտեին — 59-63%;
    • Ճարպ — 5-9 %;
    • Ջուր 5-9%;
    • Կալցիում — 5-7%;
    • Ազոտ — 4-10%;
    • Լուսածին (Ֆոսֆոր) -3%:

    Մանրամասն ձկնալյուրի մասին ==>

    Հալվեի հյութ

    Հալվեի հյութն ունի մանրեասպան հատկություն, պարունակում է սաթի, խնձորի, դարչնի և կիտրոնի օրգանական թթուներ և բազմաթիվ այլ օգտակար տարրեր: Հալվեի տերևները և ցողունները պարունակում են հակաօքսիդիչներ (B, E և C վիտամիններ, բետա-կարոտին), կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր:

    Մանրամասն հալվեի հյութի մասին ==>

  • Սոխի կլեպից պատրաստված թուրմը որպես պարարտանյութ և վնասատուների դեմ պայքարի միջոց

    Սոխի կլեպը իսկական գանձ է օրգանական հողագործությամբ զբաղվող այգեպանի համար: Այն պարունակում է մի շարք օրգանական տարրեր, այդ թվում՝ կարոտին, ֆիտոնցիդներ, ինչպես նաև տարբեր վիտամիններ:
    Կարոտինը բույսերի համար  հզոր հակաօքսիդանտ է, այն բարձրացնում է բույսերի դիմացկունությունը, օգնում է դիմադրել հիվանդություններին: Կարոտինը նաև բնական իմոնախթանիչ է:
    Ֆիտոնիցիդներ կան սոխի ամբողջ զանգվածում, բայց հիմնականում կուտակվում են մակերեսային շերտերում ու կլեպի մեջ: Ֆիտոնիցիդները սպանում են վնասակար բակտերիաներին և սնկերին:
    Որպես սածիլների առողջության գրավական, շատ օգտակար է սոխի կլեպից պատրաստված թուրմով դրանց ջրելը, ինչպես նաև ավելի մեծ բույսերը դրանցով ցողելը:
    Թուրմով ջրելը նաև նպաստում է բույսերի արագ աճին

    Կիրառումը

    Սոխի կլեպներից պատրաստված թուրմի կիրառման արդյունավետությունը հաստատված է բազմաթիվ այգեգործների փորձով: Այն կիրառելի է բոլոր կլիմայական գոտիներում, բոլոր տեսակի հողերում, ինչպես նաև սենյակային և ջերմոցային բույսերի համար:
    Ըստ բույսերի կան դոզավորման և կիրառման որոշակի տարբերություններ: Ստորև ներկայացված են կիրառման ձևեր՝ մի քանի ամենատարածված բույսերի համար:

    Վարունգ

    Ցավոք վարունգը իր աճի բոլոր փուլերում տարբեր փտախտերով հիվանդանալու հակում ունի: Դրա դեմն առնելու համար սեզոնի ընթացքում 3-4 անգամ պետք է թուփը մշակել սոխի կլեպի թուրմով:
    Թփերը ցողելու համար նախատեսված թուրմը պատրաստում են այսպես. 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ  պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 4 լիտր  մաքուր պաղ ջուր: Ստացված լուծույթը սրսկիչի միջոցով ցողում են վարունգի թփերի վրա :
    Սոխի կլեպները կարելի է նաև անմիջականորեն խառնել վարունգի մարգի հողին, մոտավորապես 3լիտր կլեպը 1ք.մ.-ին հաշվարկով: Այդ դեպքում հետագա սնուցումների կարիք չի լինի: Ավելին, սոխի կլեպի թուրմով հետագա սնուցումները կարող են գերհագեցնել վարունգը սոխի եթերային յուղերով, ինչը կբերի վարունգի դառնությանը:

    Լոլիկ

    Սոխի կլեպի թուրմով ջրելը շատ օգտակար է լոլիկի համար: Թուրմով սնուցումը ոչ միայն պաշտպանում է լոլիկի թուփը փտախտից, այլև ամրացնում է թուփը և աշխուժացնում աճը:

    Առաջին սնուցումն անում են սածիլները տնկելուց մի քանի օր հետո:  2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ  պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 6 լիտր  մաքուր պաղ ջուր:
    Ստացված լուծույթը ոչ թե ցողում են թփերի վրա, այլ լցնում են ցողունի շուրջը՝ 0,5-ական լիտր ամեն մատղաշ թփին և 1-1,5-ական լիտր մեկ ամսյա և ավելի մեծ թփերին: Երկրորդ սնուցումն անում են ծաղկման շրջանում:
    Սնուցումներն արվում են երեկոյան: Բույսերը ջրում են սնուցումից 24 ժամ հետո:
    Բացի արմատային սնուցումից, թռչող և սողացող վնասատուներից պաշտպանվելու համար, սեզոնի ընթացքում 2 անգամ, արվում է թփերի ցողում: Թփերըը ցողելու համար նախատեսված թուրմը պատրաստում են այսպես. 2 բաժակ խիտ լցրած սոխի կլեպի վրա լցվում է 2 լիտր եռման ջուր և 48 ժամ  պահվում է զով տեղում: Հետո թուրմը մզում են և ավելացնում ևս 4 լիտր  մաքուր պաղ ջուր:

    Այլ բանջարեղեն

    Վերը, լոլիկի և վարունգի համար նշված ձևերով կարելի է սնուցել կարտոֆիլը, դդմիկը, շամամը, դդումը և այլ բանջարաբոստանային կուլտուրաներ:
    Սոխի կլեպի թուրմը օգտագործվում է նև մրգատու ծառերի վնասատուների դեմ պայքարելու համար:

    Սենյակային բույսեր

    Իրականում շատ դյուրին է սենյակային բույսերի համար պարարտանյութ պատրաստելը: 1-2 սոխ կլպել, կլեպների վրա 1 լիտր տաք ջուր լցնել, սպասել 2 օր ու վերջ, կարող եք կիրառել: Քանի որ սոխի կլեպը ունի նաև վերականգնողական ազդեցություն, հիվանդ բույսերը արագ բուժելու համար կլեպները եռացնում են և ստացված ջուրով, սենյակային ջերմաստիճանի հասցնելուց հետո, ջրում են հիվանդ բույսը: Որպես կանոն, նման սնուցում ստանալուց հետո բույսերը վերակենդանանում են:
    Սակայն կան սենյակային բույսեր՝ կակտուսներ, ֆիկուսներ, ալոյեներ, ընդհանրացնելով կարելի է ասել բոլոր հաստ ու հյութալի տերևներ ունեցող բույսերը, որոնց հակացուցված է սոխի կլեպից պատրաստված թուրմը: Դրանք կարող են թուրմի ազդեցությամբ դադարեցնել աճը:
    ***
    Այսպիսով, սոխի կլեպից թուրմը էկոլոգիապես մաքուր միջոց է թե՛ բույսերը սնելու, թե՛ վնասատուներից պաշտպանելու համար: Դրա բոլոր բաղադրիչ նյութերը օրգանական են, չեն պարունակում նիտրատներ ու ամբողջությամբ կլանվում են բույսերի կողմից: Չիշտ է, համեմատած քիմիական նյութերի հետ արդունավետությունը ցածր է, բայց ձրի է և լիակատար անվտանգությունը երաշխավորված է: