Tag: քարխոտ

  • Բույսերի սնուցում թարմ խոտի թուրմով

    Բույսերի համար ամենակարևոր սնուցման նյութերից մեկը, մանավանդ աճի սկզբնական փուլում, ազոտն է:  Ազոտ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից, սակայն ամենամատչելին դրանցից կանաչ խոտն է: Խոտի թուրմով բույսերի սնուցումը ամենաէժան, բայց շատ արդյունավետ ձևն է:

    Եղինջի թուրմ

    Եղինջից պատրաստված թուրմը կիրառելի է համարյա բոլոր մշակաբույսերի համար, այն հարուստ է ազոտով և այլ օգտակար տարրերով: Մանրամասն եղինջի և դրանից պատրաստվող սննդարար թուրմերի մասին կարդացեք այստեղ:

    Մոլախոտերի թուրմ

    Բույսերի համար սննդարար թուրմ կարելի է պատրաստել համարյա բոլոր մոլախոտերից: Քարխոտը, վայրի մանանեխը, օշինդրը, երիցուկը, երեքնուկը, բոլորի կանաչ զանգվածն էլ կարելի է օգտագործել սննդարար թուրմ պատրաստելու համար: Կարելի է ավելացնել նաև գազոնի հնձած խոտը:
    Թուրմ պատրաստելու համար, մոլախոտերի կանաչ զանգվածը կտրատում կամ աղում են և լցնում տակառի կամ այլ հարմար անոթի մեջ՝ մոտավորապես անոթի բարձրության 2/3 չափով: Վրան լցվում է այնքան ջուր, որ ծածկի ողջ կանաչ զանգվածը:
    Որպես մերան կարելի է ավելացնել մի քիչ նախկինում պատրաստված թուրմ, կամ պատրաստի կոմպոստ, փտած գոմաղբ, թթվի ջուր:
    Ոչ ցուրտ եղանակին, 7-10 օր անց թուրմը եռ գալուց հետո պատրաստ կլինի: Պատրաստ լինելու մասին վկայում է թուրմին բնորոշ սուր հոտը:
    Ստացված թուրմը բացում են ջրով՝ 1:10 հարաբերակցությամբ և դրանով ջրում են բույսերը:
    Մոլախոտի թուրմով բույսերի սնուցում կարելի է անել ամսական 2-3 անգամ:
    Չնայած պատրաստման շատ պարզ եղանակին, մոլախոտերի թուրմը շատ լավ պարարտացնում է հողը, իսկ առաջացած թափոնը՝ նեխած խոտի մնացուկները նույնպես կարելի է օգտագործել՝ որպես պարարտանյութ խառնելով հողի վերին շերտի հետ կամ որպես ցանքածածկ:

    Կարելի է օգտակար տարրերով էլ ավելի հարուստ թուրմ ստանալ, եթե լուծույթին ավելացնել թթխմոր (10 լ լուծույթին 0,25-0,5 կգ թթխմոր): Թթխմորը եռման պրոցեսը արագացնելուց բացի կհարստացնի թուրմը հետևյալ տարրերով՝
    1. Ամոնյակի սուլֆատ;
    2. Կարբամիդ;
    3. Դիամոնիումֆոսֆատ;
    4. Կալիում;
    5. Մագնիում;
    6. Ծծումբ;
    7. Կավիճ;
    8. Սոդա;
    9. Բոր;
    10. Կալցիում: