Tag Archives: քրիստոսածաղիկ

Ղանձլամեր

Ղանձլամերը  (Եղեբորոս, Մրտի տակ, Ծննդյան վարդ, Քրիստոսածաղիկ, անգլ.՝ Christmas roseWinter rose, ռուս.՝ Морозник, Зимовник, լատ.՝ Helleboarus), գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 24 տեսակ։ Տարածված է Եվրոպայում, հատկապես Միջերկրածովյան երկրներում, Արևելքից մինչև Փոքր Ասիա։ Սովորաբար ղանձլամերը աճում է լեռներում, ստվերային վայրերում։ Հայաստանում աճում է մեկ տեսակ՝ Ղանձլամեր կովկասյան (Helleboarus caucasicus)։ Հանդիպում է Լոռու մարզի անտառներում և անտառեզրերին։

Թունավոր է։ Օգտագործվում է բժշկության մեջ։

Ղանձլամերը կարծես այգեպանի երազանք լինի, ցրտադիմացկուն ու ստվերադիմացկուն է, խոշոր, վառ գույներով ծաղկում է շուրջ տարին, այո՛ նաև ձմռան ծրտին, պահանջկոտ չէ, դիմացկուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: Մեղրատու է։

Բազմացումը

Ղանձլամերը կարելի է բազմացնել մինչև 3 տարեկան թուփը կիսելով կամ սերմերով: Նախընտրելի է սերմերով բազմացումը, քանի որ բույսը շատ վատ է տանում տեղահանումն ու բաժանումը, իսկ որոշ տեսակներ կիսվելուց հետո աճում են բայց այլևս չեն ծաղկում:
Սերմերը լավ ծլողունակություն ունեն, եթե հավաքվում են կիսահասուն վիճակում և անմիջապես ցանվում են: Սերմերը գնելիս պետք է նկատի ունենալ, որ 6 ամսից ավելի պահված սերմերը իսպառ կորցնում են ծլողունակությունը:
Սերմերը ցանում են անմիջապես բաց գրունտում՝ 1 սմ խորությամբ:

Որտեղ և ինչպիսի գրունտում աճեցնել

Ղանձլամերը լավ կաճի մեղմ ստվերում, ծառերի շուքի ներքո, սակայն իրեն վատ չի զգում նաև արևի տակ:

Պահանջկոտ չէ գրունտի նկատմամբ: Լավ կլինի, որ այն լինի պարարտ, փխրուն և ոչ թթվային: Եթե գրունտի թթվայնությունը բարձր է, պետք է այն կրով չեզոքացնել: Առանձնապես դուրեկան է ղանձլամերի համար գրունտում տերևայն հումուսի առկայությունը: Կործանարար է ղանձլամերի համար ճահճացած գրունտը:

Խնամքը

Ղանձլամերն ապրում է 10 տարուց ավելի: Ինչպես ասվեց, այն լավ չի տանում տեղահանումն ու տեղափոխումը, ուստի լավ կլինի տնկել այնպիսի տեղում, որ հետագայում տեղափոխելու կարիք չառաջանա: Հաշվի առնելով, որ ղանձլամերը բազմանում է նաև ինքնասերմանումով, որպես խնամք մնում է միայն գրունտի փխրեցումը, ցանքածածկումը և սնուցումը՝ օրինակ, ոսկալյուրով ու փայտի մոխիրով: Ցանքածածկն արվում է կոմպոստով կամ տերևային բուսահող:
Ջրելու կարիքն առաջանում է միայն երաշտի դեպքում:

Կիրառումը

Ղանձլամերը լայն տարածում է գտել որպես նիհարացնող, օրգանիզմը մաքրող, նյարդերը հանգստացնող միջոց:  Սակայն պետք է իմանալ, որ բացի հակացուցումներից (սրտանոթային խնդիրներ, հղիություն, ստամոքսի հիվանդություններ, երիկամների խնդիրներ և այլն), այն թունավորում է առաջացնում ցուցվածից ավել չափաբաժիններով օգտագործման դեպքում:

Ղանձլամեր կովկասյանի արմատները վաճառվում են որպես միզամուղ, լեղամուղ, կծկանքալույծ (սպազմոլիտիկ), լուծողական և հակաուռուցքային միջոց: Ցուցված են՝ ճարպակալման, օստեոխոնդրոզի, հոդերի, նյարդերի հիվանդությունների, նորագոյացությունների, փորկապություն դեպքերում:

Հղումներ