Ֆիկուս բենջամինան (անգլ․՝ Weeping fig, ռուս․՝ Фикус бенджамина, լատ․՝ Ficus Benjamina): Բարակ, խոնարվող ընձյուղներով և ձվաձև, սրածայր տերևներով մշտադալար ծառ է: Կան թե՛ կանաչ տերևներով, թե՛ խայտաբղետ տեսակներ:
Բնական պայմաններում հասնում է մինչև 25 մետր բարձրության, տարածված է Հնդկաստանում, Չինաստանում, Հարավարևելյան Ասիայում և Ավստրալիայի հյուսիսում:
Ֆիկուս բենջամինան ամենատարածված սենյակային բույսերից է: Լայնորեն օգտագործվում է ֆիտոդիզայնում և կանաչապատման համար:
Խնամքը
- Օդի ամենահարմարավետ ջերմաստիճաններն են՝ 25—30 °C ամռանը և 16—20 °C ձնռանը;
- Չի սիրում օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ և միջանցահովեր;
- Չի սիրում հաճախակի ջրվել, սիրում է հաճախ ցողվել ջրով;
- Չի սիրում արևի ուղիղ ճառագայթների ներքո լինել;
- Կանաչատերև տեսակները կարող են աճել կիսաստվերում, իսկ խայտաբղետները պետք է պայծառ, ցրված լուսավորությամբ տեղում աճեցնել:
Բազմացումը սերմերով
Ֆիկուս բենջամինին սերմերով բազմացնելը շատ բարդ գործ է և հազվադեպ է կիրառվում: Սերմերը նախապես պետք է մշակել աճի խթանիչով (1 օր թրջել «Гетероауксин»-ի, «Эпин»-ի կամ «Гумат»-ի լուծույթում) և ֆունգիցիդով և ցանել խոնավ, թեթև, փխրուն հողախառնուրդի մակերեսին: Ոմանք խորհուրդ են տալիս սերմերը ծածկել ավազի 0,5 սմ շերտով: Բարձր խոնավություն ապահովելու համար պետք է ստեղծվեն ջերմոցային պայմաններ՝ ցանքը ծածկվի ապակով, ցելոֆանով կամ պլաստիկ շշով: Մինի ջերմոցը պատք է պարբերաբար, օրը 10-15 րոպեով օդափոխել: Սերմերի ծլելու համար պետք է նաև ապահովել կայուն, 25-30 աստիճան ջերմություն: Հողախառնուրդը պետք է միշտ խոնավ լինի: Ծլելուց հետո, ծիլերի համար պետք է լավ լուսավորություն ապահովվի:
Խորհուրդ է տրվում անհրաժեշտ քանակությունից էականորեն ավելի սերմեր ցանել, հաշվի առնելով դրանց ցածր ծլողունակությունն ու հետագայում ծիլերից լավագույնները ընտրելու հնարավորություն ունենալը:
Առաջին տերևների գոյացումից հետո, լավագույն ծիլերը պետք է տեղափողել դրենաժ ունեցող առանձին ծաղկաբաժակների մեջ:
Բազմացումը տնկաշիվերով
Ֆիկուս բենջամինին, ինչպես ֆիկուսների շատ ուրիշ տեսակներ, հեշտորեն բազմացվում է տնկաշիվերով: Մինչև 15 սմ երկարությամբ տնկաշիվերը կտրում են սուր դանակով: Մկրատով չի կարելի, այդպես կտրելուց շիվի հյուսվածքը ը ճզմվում են, ինչի հետևանքով էականորեն դանդաղում է արմատագոյացումը: Տնկաշիվի վրա թողնում են 2-4 տերևներ, մեծ տերևները հեռացնում են՝ խոնավության կորուստը նվազեցնելու միտումով: Կաթնահեղուկը, որը դուրսէ մղվում տնկաշիվի կտրվածքներից պետք է անպայման լվանալ հոսող ջրի տակ, այլապես, չորանալով այն նույնպես կարգելակի արմատագոյացումը:
Կաթնահեղուկի հոսքը դադարելուց հետո, տնկաշիվը թողնում են 1-2 ժամ մաքուր օդին չորանա:
Տնկաշիվերը կարելի է արմատակալման դնել ջրի մեջ կամ հատուկ պատրաստված սուբստրատի՝ խոնավ ավազի, տորֆի և ագրոպեռլիտի խառնուրդի մեջ: