Լուսավորություն. պայծառ, ցրված լույս;
Օդի ջերմաստիճանը. ամռանը՝ ամենաբարենպաստ ջերմաստիճանը՝ 20°C է, ձմռանը՝ 15-17°;
Օդի խոնավությունը. բարձր, ցանկալի է երկու օրը մեկ ցողել
Ջրելը. գարնանը և ամռանը՝ հողի վերին շերտի չորանալուց երկու օր անց, ձմռանը՝ սահմանափակ
Սնուցումը. գարնանից սկսած մինչև ուշ աշուն սնուցել երկու շաբաթը մեկ դեկորատիվ բույսերի համար նախատեսված պարարտանյութերով;
Հողը. պետք է ջրաթափանց լինի, թեթև և բերրի: Լավագույն կազմությունը` 3 մաս ճմահող, մեկ մաս տորֆային հող և 1,5 մաս գետի խոշոր ավազ;
Բազմացումը. բազմացնում են մինչև 10սմ երկարությամբ կտրոններով, ավելի լավ է այն բազմացնել գարնանը, երբ օդի ջերմաստիճանը հասնում է 24 °C;
Աճը. բավականին արագ է աճում, ամռան ընթացքում հեշտությամբ 30 սմ և ավելի;
Ծաղկելը. Առավելապես ծաղկում է բնության մեջ , ծաղիկները նման են ութոտնուկի շոշափուկներին: Պտուղները, ծաղիկները և կոկոնները բույսի տարբեր տեսակների մոտ տարբեր գույների են` կարմիր, դեղնավուն, նարնջագույն, սպիտակ կամ մորու գույնի;
Հնարավոր դժվարությունները. ամռանը շատ շոգի պայմաններում կամ ձմռան շատ ցածր ջերմաստիճանի և շատ ջրելու դեպքում կարող են թափվել տերևները: Ոչ բավարար լուսավորության ժամանակ տերևները խունանում են, իսկ շատ լուսավորության ժամանակ նրանց վրա հայտնվում են բաց բծեր:
Շեֆլերայի տեսակները
Շեֆլերա ջանին
Շեֆլերա ջանին ամենագեղեցիկ ենթատեսակներից է: Կարող է հասնել մինչև 2 մետր բարձրության: Խայտաբղետ, դեղնականաչավուն տերևներով բույսը թարմություն ու գեղեցկություն է կհաղորդի ցանկացած ինտերիերի:
Շեֆլերա ջանին առանց առանձնահատուկ խնամքի, հեշտությամբ աճում է տաք և խոնավ միջավայրում, պայծառ լուսավորված, բայց արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված տեղում:
Խնամքի առանձնահատկությունները
- Ձմռանը սենյակում օդի ջերմաստիճանը պետք է լինի +14°С ոչ ցածր, իսկ ամռանը ամենահարմարավետ ջերմաստիճանը +25°С է:
- Ջրելը պետք է չափավոր լինի, ջրախեղդ անելով կարող եք շատ շուտ զրկվել շեֆլերայից: Մյուս կողմից չի կարելի թույլ տալ հողի լրիվ չորանալը:
- Պարբերաբար ջրով ցողել պետք է: Խոնավ միջավայր ապահովելու համար, կարելի է նաև բույսը ծաղկամանով տեղադրել ջրով ու խիճով լի լայն ամանի մեջ:
- Փոշոտ միջավայրում լավ կլինի խոնավ սպունգով պարբերաբար մաքրել տերևները:
- Շաբաթը մեկ ունիվերսալ կամ օրգանական պարարտանյութերով լրացուցիչ սնուցման կարիք ունի բուռն աճի շրջանում: Ձմռանը լրացուցիչ սնուցման կարիք չկա:
Բազմացումը
Շեֆլերա ջանին կարելի է բազմացել՝
- կտրոններով;
- սերմերով;
- ճյուղը արմատավորելով:
Կիսափայտացած կտրոնները մշակում են արմատակալման խթանիչով և տնկում ավազից ու տորֆից բաղկացած, խոնավ սուբստրատի մեջ: Տնկիները ծածկում են ապակով կամ ցելոֆանով, ապահովում են միջավայրի + 22°С հնարավորին չափ կայուն ջերմաստիճան:.
Սերմերով բազմացնում են շատ հազվադեպ: Ցանում են վաղ գարնանը՝ ապահովելով ջերմոցային պայմաններ և օդի ոչ պակաս քան +18°С ջերմություն:
Շեֆլերան ինքնուրույն “ձագեր” չի առաջացնում: Ճյուղի վրա արմատներ ստանալու համար, դրա վրա կեղևի փոքր կտրվածք է արվում, որի վրա դրվում է խոնավ մամուռ ու փաթաթվում ցելոֆանով: Մամուռը միշտ խոնավ պետք է պահվի: Ճյուղը կարմատակալի 2 ամսում, ինչից հետո այն կտրում ու տնկում են առանձին ծաղկամանի մեջ:
Հողախառնուրդը
Շեֆլերաների համար հարմար է արմավենիների համար նախատեսված հողախառնուրդը:
Հողախառնուրդն ինքնուրույն պատրաստելու համար վերցնում են՝
- ճմահող – 1 մաս;
- տերևային բուսահող -1 մաս;
- տորֆ վերին շերտի (վերնատորֆ) – 1 մաս;
- ավազ, խոշոր, լվացած – 1/2 մաս:
Ծաղկամանը, որտեղ տնկում կամ տեղափոխում են շեֆլերան պետք է ունենա լավ դրենաժ՝ 3-8 սմ խորությամբ:
Հիվանդություններ և վնասատուներ
Շեֆլերա ջանինի հիվանդությունները հիմնականում վատ պայմանների ու խնամքի հետևանք են լինում:
Օրինակ,
- զանգվածային տերևաթափ կարող է լինել օդի ցածր ջերմաստիճանի կամ ջրախեղդ լինելու հետևանքով:
- շագանակագույն բծերը կամ խամրած գույները միջանցահովերի կամ վատ ոռոգման հետևանք են:
- արմատի նեխելը կապվաած է չափից շատ ջրելու հետ:
Վնասատուներն են՝ բշտիկոտները (տրիպսերը, thrips, трипсы), տիզերը (клещи), վահանակիները (վահանամիջատ, щитовока). Դրանցից ազատվելու ամենապարզ ձևը բույսի տերևները օճառաջրով լվանալն է: Եթե չօգնեց, պետք է կիրառել հատուկ քիմիկքտներ: