Սոյան (անգլ․՝ Soybean, ռուս․՝ Соя, լատ․՝ Glycine) բակլազգիների ընտանիքի միամյա խոտաբույս է։ Մշակության մեջ տարածված է թավոտ կամ մշակովի սոյան (Glycine max)։
Սոյան ջերմություն սիրող բույս է։ Լավ աճի համար անհրաժեշտ են տաք օրեր եւ առանց ցրտահարության գիշերներ: Առավել ակտիվ է աճում սոյան երբ օդի
ցերեկային ջերմաստիճանը +32 °C է, իսկ գիշերայինը՝ +22 °C : Օրվա լուսավոր ժամերի երկարությունը պետք է կազմի 12 ժամ:
Սոյայի թփի բարձրությունը միջինը 0,6-1 մետր է: Այն ունի երեքնուկ տերեւներ, որոնք բերքի հասունանալուց հետո թափվում են։
Սոյան ծաղկում մանր ծաղկաբույլերով, որոնք ուժեղ հոտ չեն ունենում, ուստի միջատներին շատ չեն հրապուրում։
Պատիճների երկարությունը չի գերազանցում 6 սմ-ը։ Դրանք առավելագույնը 4, ավելի հաճախ 2-3 կանաչավուն կամ դեղին հատիկներ են պարունակում:
Սոյա աճեցնելը
Սոյան կարեւոր գյուղատնտեսական մշակաբույս է, բուսական սպիտակուցի և ձեթի լավ մատակարար։ Բացի այդ, սոյան լավ շահութաբերություն է ապահովում։ Սոյայի աճեցման համար հատուկ պայմաններ չեն պահանջվում:
Սոյան ցանում են երբ հողը լավ տաքանում է, եւ չեն մոռանում ծաղկման շրջանում առատ ջրելու մասին:
Սոյան լավ կլինի ցանել այնտեղ, որտեղ նախկինում աճել են հացահատիկայիններ, եգիպտացորեն, կարտոֆիլ կամ ճակնդեղ։ Իսկ արևածաղիկից, կաղամբից կամ լոբազգիներից հետո ավելի լավ է չցանել:
Նույն տեղում, անընդմեջ սոյա չեն ցանում, քանի որ այն էականորեն աղքատացնում է հողը։ Սոյայից հետո, հաջորդ տարի նույն տեղում կարելի է ցորենի, րապսի, բանջարեղենի լավ բերք ստանալ:
Սոյա ցանելու համար, հողը պետք է պատրաստել նախապես։ Ընտրված տարածքում աշնանը անհրաժեշտ է կատարել հողի մոտ 20-30 սմ խորությամբ պարարտացում:
Սոյան ցանում են երբ հողը, ցանելու խորությամբ՝ 5 սմ վրա տաքանում է մինչև +10 °C և գիշերային ցրտահարությունների վտանգ այլևս չկա։ Շատ ավելի լավ է սպասել մինչև +12…+14 °C տաքանալը, այնպես որ, հաճախ ապրիլ-մայիսին են ցանում։ Բարենպաստ պայմանների դեպքում, առաջին ծիլերը հայտնվում են մեկ շաբաթից։
Սոյան շատ պահանջկոտ է ցանքի խորության նկատմամբ ։ Եթե ցանքը 5 սմ-ից խորն է, ապա բույսը չի ծլի: Շարքերի միջեւ հեռավորությունը թողնում են 40-60 սմ: Յուրաքանչյուր մետրին ցանում են մոտ 40 սերմ: Կարեւոր է հողի խոնավությունը, այն պետք է պահվի տարբեր ագրոտեխնիկական միջոցների կիրառմամբ: Օրինակ, հողի մակերեսը շատ թույլ են փխրեցնում, որ այն շուտ չչորանա։ Ցանքածածկը շատ լավ կօգնի այդ հարցում։
Սոյայի համար կարեւոր է հողի թթվայնությունը․ նախընտրելի են չեզոք կամ թույլ թթվային հողերը: Օպտիմալ տարբերակը pH 6,2 … 8 է: Ցածր pH արժեքների դեպքում սոյա չեն մշակում:
Սոյան պահանջկոտ է նաև լույսի նկատմամբ, երբ այն անբավարար է բույսը ձգվում է և վատ պտղաբերում։
Օդի +14 °C -ից ցածր ջերմաստիճանում սոյայի աճը դադարում է։
Կարևոր է ժամանակին քաղհան անել մոլախոտերը, փխրեցնել միջշարային հողը։ Առանց ջրելու և պարարտացնելու սոյայի լավ բերք չի ստացվում։
Սոյայի սերմեր ծլեցնելը
Սոյայի ծլած սերմերը սովորական սերմերից ավելի հարուստ են վիտամիններով և կենսաակտիվ նյութերով։ Սոյայի ծլեցված սերմերը պարունակում են մարդուն անհրաժեշտ ամինաթթուների ողջ տեսականին։
Դրանց ուտելը բարելավում է օրգանիզմի նյութափոխանակությունը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, օժանդակում է լյարդի աշխատանքին, բարելավում է գլխուղեղի աշխատանքը, հանում է մարդուն նյարդային վիճակից։
Ուշադրություն
Ծլեցնելու համար պետք չէ օգտագործել գնետիկ մոդիֆիկացիայի ենթարկված սոյա;
Օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը ծլեցնելու համար +20…+22°C է;
Ուտում են միայն հատիկից աճած ծիլերը, հատիկները չեն ուտում։
Ծլեցնելու համար՝
Հաշվի առնելով, որ թրջելուց հետո սոյայի զանգվածն ավելանալու է, վերցնում են հատիկների անհրաժեշտ քանակը, մաքրում են աղբից, դեն են նետում կոտրված կամ վնասված հատիկները։ Այնուհետև լավ լվանում են, քամում, լցնում խոր ամանի մեջ և վրան 5-6 անգամ շատ ջուր լցնում։ Ամանը դնում են տաք, արևի ուղիղ ճառագայթներից հեռու տեղում և թողնում, որ սերմերը 8-12 ժամ թրջվեն։
Թրջելն ավարտելուց հետո ջուրը թափում են կամ, հաշվի առնելով, որ այնտեղ տարալուծված կենսաակտիվ նյութեր կան, պահեստավորում են՝ այգու կամ սենյակային բույսերը ջրելու համար։
Սերմերը լցնում են ծլեցման ամանի մեջ, նորից լավ լվանում են և լավ քամում, այնուհետև դնում են մութ տեղում՝ թեքությամբ, բերնքսիվայր, որպեսզի և՛ ջուրը քամվի, և՛ սերմերի համար օդափոխանակություն լինի։
Օրական 3-4 անգամ, չհանելով ծլեցման ամանից, սերմերը ողողում են և նորից քամում ու դնում նույն դիրքով։ Դա անում են այնքան ժամանակ մինչև անհրաժեշտ երկարության ծիլեր աճեն։ Ընթացքում, օրական համտեսում են ծիլերը (ոչ հատիկները), որպեսզի, ըստ համի, որն օրեցօր փոփոխվում է, և ճաշակի, ընտրեն բերքահավաքի պահը։
Սովորաբար, 5-7 օրվա ընթացցում ծիլերն աճում են մոտ 5 սմ և պատրաստ են ուտելու համար։ Ուտելուց առաջ սերմերը լավ լվանում են։
Պահպանման ժամկետը
Սոյայի ծիլերը պահում են սառնարանում, ընթացքում օրը 2 անգամ և օգտագործելուց առաջ լվանալով։
Ի՞նչ է ներգործուն մանրէների տեխնոլոգիան՝ ՆՄ տեխնոլոգիան
ՆՄ տեխնոլոգիան (անգլ․՝ Effective microorganisms technology [EM technology], ռուս․՝ технология эффективных микроорганизмов [ЭМ технология]) հողագործական գործընթաց է, որով, ներգործուն մանրէների օգտագործմամբ, հողը պահվում է կենսաբանորեն ակտիվ վիճակում: Արդյունքում հողը առողջանում է և բերրի դառնում, ինչը թույլ է տալիս առատ, որակյալ և էկոլոգիապես մաքուր բերք ստանալ։
ՆՄ տեխնոլոգիան օրգանական հողագործության հենասյուներից է: Դրա կիրառումը թույլ է տալիս՝
էականորեն նվազեցնել կամ ընդհանրապես հրաժարվել հանքային պարարտանյութեր օգտագործելուց;
էականորեն բարելավել հողի կառուցվածքը, դարձնել այն փխրուն ու թափանցիկ օդի և ջրի համար;
արագացնել հողում գտնվող օրգանական նյութերի ֆերմենտացիան;
ամրապնդել բույսերի իմունային համակարգը, բարձրացնել կայունությունը հիվանդությունների նկատմամբ;
պաշտպանել բույսերը վնասատուներից;
բույսերի հզոր արմատներ ձևավորել, բարձրացնել դրանց ցրտադիմացկունությունը:
Ներգործուն մանրէների տեխնոլոգիայի կիրառումը ենթադրում է օրգանական հողագործության հետևյալ հետևյալ կանոններին հետևելը՝
Հողը չեն փորում։ Միայն մակերեսային (5-10 սմ) փխրեցում կարելի է անել։ Հողի տարբեր շերտերում, տարբեր տիպի բակտերիաներ են բնակվում։ Խոր փորելը խորքի, 15 սմի-ից ներքև ապրող, անաէրոբ բակտերիաները դուրս է բերում մակերես, որտեղ դրանք չեն կարող ապրել և հակառակը՝ աէրոբներին ուղարկում է խորք՝ խեղդվելու։ Խախտվում ու խցանվում են նաև հողի “շնչառական ուղիները”։
Բաց, մերկ, պարապ հող չպետք է լինի այգում։ Ազատ տեղ առաջանալու դեպքում, եթե աճեցնելու այլ բան չկա, հողը կամ պետք է ցանքածածկվի (մուլչապատվի) կամ էլ սեդերատներ ցանվեն։
Հրաժարում քիմիայից և հանքային պարարտանյութերից; Ցանկացած քիմիական սնուցում թմրանյութի ազդեցություն ունի հողի վրա։
Օրգանական պարարտանյութերը չեն թաղում հողի մեջ՝ փռում են մակերեսին՝ ցանքածածկի տակ։ Աճեցվող բույսերի արմատներից հեռու, ցանքածածկի տակ կարելի է նաև առողջ թռջնի, կովի, ձիու թարմ գոմաղբ հողին շաղ տալ։
Կերակրում են ոչ թե բույսերը այլ հողի կենդանական աշխարհը՝ սկսած օգտակար միկրոօրգանիզմներից, վերջացրած որդերով։ Դրանց կենսագործունեության արդյունքներն են ապահովում բույսերին աճի և բերքատվության համար անհրաժեշտ նյութերով։
Վերը թվարկված կանոնների 5-րդ կետի կարևորությունը պայմանավորված է հետևյալով։
Բնական պայմաններում, օրինակ անտառներում, ոչ ոգ հոգ չի տանում վայրի ծառերի, թփերի, ծաղիկների նկատմամբ։ Ոչ ոք չի փորում, փխրեցնում կամ պարարտացնում հողը։ Տեղի են ունենում ինքնակարգավորվող գործընթացներ։ Տերևները, չոր ճյուղերը, մեռած բույսերն ու փոքր ու մեծ կենդանիները հայտնվում են հողի մակերեսին, որտեղ միլիարդավոր մանրէներ վերամշակում են դրանք։ Վերամշակվածը, ինչպես նաև մշակողներին ուտում են քիչ ավելի մեծ էակները և նոր վերամշակում է տեղի ունենում։ Վերջնարդյունքում հողում առաջանում են բույսերի համար անհրաժեշտ, ի տարբերություն հանքային պարարտանյութերի, շատ ավելի հեշտ յուրացվելի տարրեր, որոնք էլ ապահովում են բույսերի կյանքը։
Ավելին, կենսագործունեության ընթացքում այդ միլիարդավոր մանրէները արտադրում են բույսերի համար կենսական անհրաժեշտություն ունեցող ածխածին գազ։
Եթե այգեգործին հաջողվում է վերը նկարագրված բնական գործընթացների ավելի ինտենսիվ տարբերակը ներդնել իր այգում, ապա թե՛ առատ ու որակյալ բերքն է ապահովվում, թե՛ հողն է միշտ առողջ ու բերրի մնում, թե շրջակա միջավայրին ոչ մի վանաս չի հասցվում։
Ցանկացած տիպի հողի դեպքում, եթե ցանքացածկի ու օրգանական պարարտանյութերի տեսքով մշտական սնունդ ապահովվի մանրէների համար, նույն ցանքածածկի ու ժամանակին ջրելու միջոցով հարմարավետ խոնավություն ու կիզիչ արևից պաշտպանություն լինի, շատ շուտ կստացվի առողջ, փխրուն ու բերրի հող։
Բնականաբար, ոչ բոլոր միկրոօրգանիզմներն են օգտակար հողի ու բույսերի համար։ Խնդիրը հենց օգտակարներին բազմացնելու և դրանց քանակով վնասակարներին ճնշելու ու վանելու մեջ է։
Տերուո Հիգա (Teruo Higa)
Մոտ կես դար առաջ, ճապոնացի գիտնական Տերուո Հիգային (Teruo Higa) հաջողվեց ոչ միայն առանձնացնել մի խումբ օգտակար միկրոօրգանիզմներ, այլև հայտնագործել, որ դրանք, մի մասը լինելով անաէրոբ, մյուսը՝ աէրոբ, կարող են սիմբիոզ կազմել ու հրաշքներ գործել։
Տարբեր տեսակի 80 միկրոօրգանիզմներից կազմված այդ սիմբիոզին, որում ընդգրկված են կաթնաթթվային և ֆոտոսինթեզող մանրէներ, խմորիչներ, ակտինոմիցեթներ (actinomycets), սնկեր, գիտնականը անվանեց «ՆՄ Ներգործուն մանրէներ» («EM» – Effective Microorganisms)։
Իր կյանքի ընթացքում պրն․ Հիգան ստեղծեց տարբեր ոլորտներում կիրառվող ՆՄ մի քանի ենթատեսակներ։ Հիմա, տարիներ անց, բացի հողագործությունից, «ՆՄ» տեխնոլոգիան կիրառում է գտել բազմաթիվ այլ ոլորտներում՝ սկսած բժշկությունից, վերջացրած շինարարությունով։
ՆՄ տեխնոլոգիան լայն կիրառում է գտել աշխարհի շատ երկրներում։ Ռուսաստանում մեծտարածում են գտել ՆՄ սեփական, ըստ մասնագետների, ավելի պարզունակ տեսակները։ Վաճառքում, մասնավորապես, կարելի է գտնել՝
Байкал ЭМ-1
Сияние 1,2,3
“ЭМ-БИО” Восток ЭМ-1
Бокаши
Тамир биозащита (биофунгицид)
Тамир биобарьер (биоинсектицид)
Անշուշտ, Համացանցի միջոցով կարելի է գտնել և գնել ճապոնական, ամերիկյան, չինական և այլ երկրների արտադրած ՆՄ պատրաստուկներ։
ՆՄ պատրաստուկների հետ աշխատելու մի քանի ընդհանուր կանոններ կան՝
պետք է հաշվի առնել, որ դրանք կենդանի օրգանիզմներ են պարունակում, ուստի սառեցնել, կարճատև ցրտահարել, կիզիչ արևի կամ բառձր ջերմաստիճանի ազդեցության տակ թողնել չի կարելի;
լուծույթներ պատրաստելիս, պետք բացառել ծորակի քլորացված ջուր օգտագործելը;
բույսերի և հողի մշակումը ՆՄ պատրաստուկներով կատարվում է անմիջապես պատրաստելուց հետո, առավելագույնը մեկ օրվա ընթացքում;
լուծույթներ պատրաստելիս, պետք է օգտագործել պլաստիկ, ապակյա կամ էմալապատ տարա։
Ձեռք բերված ՆՄ պատրաստուկներից յուրաքանչյուրն ունենում է դրանց հետագա պատրաստման (ակտիվացման, միկրոօրգանիզմների արթնացման), չափաբաժինների և կիրառման եղանակների մասին կից հրահանգներ։
Ընդհանուր առմամբ ՆՄ պատրաստուկները այգեգործությունում կիրառվում են՝
սերմերի եւ տնկանյութի նախնական մշակման համար;
հողի հարստացման համար;
ՆՄ կոմպոստի պատրաստման համար;
բույսերի արտաարմատային կամ արմատային սնուցման համար;
մոլախոտերի վերացման համար։
ՆՄ օգտագործմամբ պատրաստում են նաև բոկաշի թեփ (մերան), որի պատրաստման ու օգտագործման ոլորտների մասւն կարող եք կարդալ պարտիզպանի «Բոկաշի» հոդվածում։
ՆՄ տեխնոլոգիային առընչվող պարտիզպանի այլ հոդվածներ էլ կան՝
Բոկաշին (անգլ.՝ Bokashi, ռուս.՝ Бокаши) գործընթաց է, որի արդյունքում սննդային թափոնները եւ նմանատիպ օրգանական նյութերը վերածվում են պարարտանյութի, որը օգտակար տարրերով հարստացնում է հողը ու բարելավում է հողի կառուցվածքը:
Միևնույն ժամանակ բոկաշին, որը ճապոներեն նշանակում է ֆերմենտացված օրգանական նյութ, նաև մերան (kickstarter) հանդիսացող նյութի անունն է:
Բոկաշի մերանը ցորենի կամ այլ ացազգիների թեփի հիմքի վրա աճեցված, ներգործուն մանրեներ կոչվող, միլիարդավոր կաթնաթթվային բակտերիաների (Lactobacillus casei), ֆոտոսինթեզող բակտերիաների (Rhodopseudomonas palustris) եւ խմորիչների (Saccharomyces cerevisiae) խառնուրդ է։
Թարմ բոկաշի մերանը ինքնին պատրաստի պարարտանյութ է և լայնորեն օգտագործվում է օրգանական հողագործությունում, սակայն այն երկար կյանք չունի՝ պետք է անմիջապես կիրառվի։ Երկարատեև օգտագործման համար բոկաշին չորացնում են ու պահում հերմետիկ ամաններում կամ փաթեթավորում են ու հանում վաճառքի։ Պահպանման ժամկետը 2 տարի է:
Չորացված բոկաշին նույնպես պատրաստի օրգանական պարարտանյութ է ու, միևնույն ժամանակ, օգտագործվում է բոկաշի կոմպոստ պատրաստելու համար։
Բոկաշի կոմպոստ պատրաստելը
Կոմպոստ պատրաստելու ավանդական եղանակից բոկաշին տարբերվում է հետևյալով.
Առաջնանյութը բոկաշիում ոչ թե քայքայվում է, այլ ֆերմենտացվում է հատուկ բակտերիաների օգնությամբ;
Ֆերմենտացված նյութը կարելի է անմիջապես խառնել այգու հողի հետ՝ հասունացման լրացուցիչ ժամանակ չի պահանջվում։ Արդյունքում, գրեթե բոլոր օգտակար տարրերը մնում են հողում։
Բոկաշին անօդ (անաէրոբ) գործընթաց է, որտեղ խոհանոցային թափոնների ֆերմենտացման համար օգտագործվում Է հատուկ մանրէներով բնակեցված թեփ ու ելքում ստացվում է հարուստ, օրգանական պարարտանյութ, ինչպես նաև բույսերը ջրելով սնուցելու համար նախատեսված, սննդարար բոկշի թեյ։
Բոկաշիում, ի տարբերություն աէրոբ եղանակով ընթացող դասական կոմպոստավորման, կարելի է ֆերմենտացնել ամեն տեսակի խոհանոցային թափոն, այդ թվում, մսամթերք եւ կաթնամթերք, սակայն պարտիզպանը, միևնույն է, խորհուրդ է տալիս չանել դա։
Թափոնները մանրացվում են և շերտ առ շերտ լցվում են կոմպոստերի դույլի մեջ։ Շերտերն իրարից բաժանում են վաղօրոք մանրեներով բնակեցված թեփի՝ բոկաշի թեփի բարակ շերտով։ Բերնեբերան լցվելուց հետո, դույլը հերմետիկ փակում են և 10-12 օրով մի կողմ դնում: Ֆերմենտացիայի ընթացքում հեղուկ է դուրս ծորում դույլի հատակի անցքերից։ Այդ հեղուկը կոչվում է բոկաշի թեյ և շատ հարուստ է օգտակար նյութերով։ Այն հավաքում են շշերի մեջ և օգտագործում բույսերը սնուցելու համար։
Բոկաշիի համար վաճառվում են հատուկ խոհանոցային կոմպոստերներ և մանրեներով բնակեցված պատրաստի թեփ, որոնց օգնությամբ գործն առավել դյուրին է դառնում։
Երբ 10-12 օր անց կոմպոստի դույլը բացում են, միջի մթերքի մասնիկները դեռ լիովին քայքայված չեն լինում, սակայն արդեն ֆերմենտացված են։ Կարելի է շարունակել ֆերմենտացումը, բայց, եթե հնարավորություն կա, կարելի է բույսերի արմատներից քիչ հեռու թաղել այդ զանգվածը հողում փորված ակոսների մեջ՝ որպեսզի գործընթացն ավարտվի հողում և բոլոր օգտակար նյութերը մնան այնտեղ։
Բոկաշի մերանի կիրառման այլ եղանակներ
Որպես պարարտանյութ
Հողի գարնանային/աշնանային նախապատրաստման ընթացքում, կախված հողի հյուծվածության և/կամ քիմիկատներով աղտոտվծության աստիճանից, 1 մ2 -ին շաղ են տալիս 25-100 գ (0,5-2 բաժակ) բոկաշի։ Երեկոյան ժամերին, կամ ամպամած եղանակին բոկաշին, լավ կլինի սիդերատների սերմերի հետ խառնած, հավասարաչափ սփռում են հողի մակերեսին, այնուհետև թեթևակի փոցխով խառնում են մակերեսը և մուլչապատում։
Սերմեր ցանելիս, կամ բոկաշին խառնում են սերմերի հետ, կամ էլ լցնում են սերմերի, սոխուկների, պալարների կողքին՝ կախված բույսի մեծությունից և առանձնահատկությունից, 1 պտղունցից մինչև 1 բուռ։
Սածիլներ, տնկիներ, թփեր և ծառեր տնկելիս, փոսի հատակին բոկաշի են լցնում, ծածկում հողի շերտով, այնուհետև տնկում են բույսը։ Կարելի է նաև շաղ տալ բոկաշին նոր տնկած բույսի շուրջը և մուլչապատել։
Բույսերի արմատային սնուցման համար, բույսի բնից 10-50 սմ հեռավորության վրա շաղ են տալիս բոկաշին, մուլչապատում են և եթե կարիք կա, ջրում են։ Սնուցումների հաճախականությունը որոշում են հողի և բույսի վիճակից ելնելով։ Հողի 1 մ2 -ին տալիս են 25-100 գ (0,5-2 բաժակ) բոկաշի։
Սենյակային բույսերին սնուցելու համար, բոկաշին նույն ձևով է կիրառվում՝ կամ խառնում են ծաղկամանի հողի վերին շերտի հետ, կամ էլ շաղ տալիս ու մուլչապատում։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ բոկաշին շատ ուժեղ ներգործող է՝ չափն անցնել պատք չէ։ Սնուցումների աճախականնությունն ու չափաբաժինները պետք որոշել ամենացածր չափաբաժիններից սկսելով։
Սածիլներ աճեցնելու համար հողախառնուրդ պատրաստելիս, 1 դույլ 30% խոնավությամբ հողախարնուրդին ավելացնում են 25- 50 գ (0,5-1 բաժակ) բոկաշի, հետո լավ խառնում են, փաթեթավորում հերմետիկ տոպրակի կամ ամանի մեջ ու տաք, մութ տեղում պահում 20-30 օր։
Բոկաշին որպես ավանդական կոմպոստի հասունացման արագացուցիչ
Ավանդական կոմպոստի հասունացումն արագացնելու համար, շերտերի միջև շաղ են տալիս հող և բոկաշի մերանը՝ 10 կգ օրգանական զանգվածին 100 գ բոկաշի հաշվարկից ելնելով։
Բոկաշի թեյը նույնպես արագացնում է կոմպոստավորումը։ 1:10 ջրով բացված բոկաշի թեյով ջրում են կոմպոստի ամեն նոր շերտ՝ 1 մ2-ին 2 բաժակ։
Կանաչ խոտից ՆՄ թուրմ պատրաստելը
Կանաչ խոտից ՆՄ թուրմ պատրաստելու համար, ոչ մետաղական ամանի մեջ, 3/4-ի չափով լցնում են ցանկացած մանրեցված կանաչ խոտ (ամենաօգտակարն են՝ սեզախոտը, եղինջը, առվույտը, սագախոտը), վրան ջուր են լցնում և 15 լիտր ջրի հաշվարկով, ավելացնում են 1 բաժակ մուրաբա կամ քաղցր սիրոպ (մելասա, molasses, меласса) և 2-3 բաժակ բոկաշի։ Ստացված լուծույթը փակում են և, օդի +25…+35 °C ջերմության դեպքոմ, թողնում են 3-5 օր «եփվի»։
Պատրասի թուրմը, զտելուց հետո 1:10 հարաբերակցությամբ բացում են ջրով և օգտագործում են ջրելով բույսերը սնուցելու համար։
Ինչպես ինքնուրույն ներգործուն մանրեներից (ՆՄ) բոկաշի պատրաստել
Պատրաստի, չոր բոկաշի (բոկաշի թեփ, բոկաշի մերան) կարելի է գնել առցանց խանութներից։ Սակայն, ավելի էժան է գնել ներգործուն մանրեներ (ՆՄ) և ինքնուրույն պատրաստել բոկաշի։
Ինքնուրույն պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ՝
1 կիլոգրամ ցորենի կամ այլ հացազգիների թեփ;
100 միլիլիտր ներգործուն մանրեների լուծույթ, օրինակ «Байкал», «Сияние», ՆՄ-ից ինքնուրույն պատրաստված կամ ցանկացած այլ։
100 գրամ շաքարավազ (ցանկալի է շագանակագույն տեսակը);
100 գրամ ծովի աղ;
600 միլիլիտր թորած, անձրևային, ձնհալի կամ, ծայրահեղ դեպքում, առնվազն 24 ժամ հնեցված՝ քլորազերծ ջուր։ Ջուրը լավ կլինի գոլ լինի, ոչ տաք +36 °С-ից։
Սկզբում ջրին խառնում են ծովի աղը հետո շաքարավազը։
Աղի եւ շաքարի լուծվելուց հետո, ավելացնում են ներգործուն մանրեներին (ՆՄ):
Ստացված լուծույթը լցնում են թեփի վրա ու լավ խառնում՝ այնպես, որ զանգվածը հավասարաչափ խոնավանա և բռի մեջ հնարավոր լինի գունդ սարքել, որը, սակայն, դիպչելուց հեշտությամբ կփխլվի։ Անհրաժեշտ խոնավությունը ստանալու համար, խառնելու ընթացքում կարելի է, ըստ անհրաժեշտության, մի քիչ ջուր կամ մի քիչ թեփ ավելացնել։
Ստացված խառնուրդը լցնում են սև, ամուր ու հերմետիկ, պոլիէթիլենային տոպրակի մեջ, լավ սեղմում են, որ մեջը օդ չմնա։ Որքան քիչ օդ մնա փաթեթում, այնքան բարձր կլինի պատրաստի արտադրանքի որակը։ Տոպրակի բերանը պինդ կապում են ու այդ վիճակում 2 շաբաթ պահում են տաք սենյակում, մթության մեջ։ Այդ ընթացքում ներգործուն մանրեները, բազմանում են և բնակեցնում թեփի ողջ զանգվածը։
Եթե 2 շաբաթ անց փաթեթը բացելուց հետո խնձորի կամ թարմ թխած հացի ու կվասի հոտ է գալիս, ուրեմն ամեն ինչ ճիշտ է ընթացել և բոկաշին պատրաստ է։ Զանգվածի մակերեսին առաջացած միկրոսկոպիկ սպիտակ սնկերի հետքերը նույնպես վկայում են գործընթացի ավարտը։ Եթե սնկերի նշված հետքերը չկան, ուրեմն գործընթացն ավարտված չէ։ Պետք է նորից հանել օդը պարկից, կապել և ևս 1 շաբաթ շարունակել ֆերմենտացիան։
Իսկ եթե զանգվածից նեխածի հոտ է գալիս, նշանակում է ինչ-որ բան սխալ է ընթացել և ստացվածը օգտագործելի չէ։
ԻՆչպես հետագա օգտագործման համար պահպանել բոկաշին
Պատրաստված բոկաշին պետք է օգտագործել անմիջապես։ Իսկ եթե անհրաժեշտ է պահպանել այն հետագա օգտագործման համար, ապա պետք է մեկ օրում, մութ, տաք տեղում փռել և չորացնել այն:
Չորացնելուց հետո բոկաշին լցնում են ամուր, սև պոլիէթիլենային տոպրակի մեջ, օդը հանում են ու բերանը կապելուց հետո պահում են ջերմ մութ տեղում: Մոտ ամիսը մեկ անգամ բացում են տոպրակը, որպեսզի համոզվեն, որ բոկաշին լավ վիճակում է։ Եթե նյութից դեռ հաճելի՝ խնձորի, թարմ հացի կամ կվասի հոտ է գալիս, ուրեմն ամեն ինչ լավ է, կարելի է շարունակել նույն կարգով պահպանումը։ Իսկ եթե տհաճ հոտ կամ ավելորդ խոնավություն է առաջացել, անհրաժեշտ է նորից չորացնել բոկաշին։
Ինչպես առանց ներգործուն մանրեների (ՆՄ), բրնձի ջրից, կաթից, մելասայից և ցորենի թեփից, ինքնուրույն բոկաշի թեփ ստանալ
Առանց ներգործուն մանրեների կիրառման հնարավոր չէ ստանալ իրական բոկաշի, սակայն շատ այգեգործներ պնդում են, որ ներքո ներկայացվող ձևով ստացված բոկաշին համարյա ոչնչով չի զիջում իսկականին։
Անլվա բրինձը (1 մաս) խառնում են թորած, անձրևային, ձնհալի կամ, ծայրահեղ դեպքում, առնվազն 24 ժամ հնեցված՝ քլորազերծ ջրի հետ (2 մաս) լավ խառնում են և ստացված սպիտակ հեղուկն առանձնացնում են որևէ անոթի մեջ։ Անոթի բերանը փակում են մի քանի տակ ծալած մառլյայով։
Ստացված հեղուկը մոտ մեկ շաբաթ պահում են մութ և զով տեղում։
Մոտ մեկ շաբաթ անց հեղուկի վրա առաջանում է բարակ թաղանթ՝ սեր, իսկ անոթի հատակին՝ մի փոքր նստվածք կարող է լինել։ Առանց ցնցելու, միջնամասից պետք է քաշել հեղուկը և խառնել կաթի հետ՝ 10 մաս կաթ, 1 մաս հեղուկ համամասնությամբ։
Ստացված նոր հեղուկը լցնում են որևէ անոթի մեջ (ոչ շատ պինդ ձգված կափարիչով փակված, որպեսզի առաջացող գազերը դուրս գան) և մոտ 2 շաբաթ պահում են մութ և զով տեղում։
Մոտ 2 շաբաթ անց անոթի վերին մասում կուտակվում է կաթնաշոռատիպ զանգված իսկ ներքևում հետագա քայլերի համար անհրաժեշտ, դեղնավուն շիճուկն է։
Մոտ 3 լիտր քլորազերծ, տաք, բայց ոչ եռման ջրին խառնում են 4 ճաշի գդալ մելասա, այնուհետև խառնուրդին ավելացնում են 4 ճաշի գդալ (60 մլ) ստացված շիճուկից։
Ստացված լուծույթը լցնում են մոտ 5,5 կգ ցորենի թեփի վրա և լավ խառնում՝ այնպես, որ զանգվածը հավասարաչափ խոնավանա և բռի մեջ հնարավոր լինի գունդ սարքել, որը, սակայն, դիպչելուց հեշտությամբ կփխլվի։ Անհրաժեշտ խոնավությունը ստանալու համար, խառնելու ընթացքում կարելի է, ըստ անհրաժեշտության, մի քիչ ջուր կամ մի քիչ թեփ ավելացնել։
Ստացված խառնուրդը լցնում են սև, պինդ ու հերմետիկ, ցելոֆանե տոպրակի մեջ, լավ սեղմում են, որ մեջը օդ չմնա, տոպրակի վիզը կապում են ու այդ վիճակում 2 շաբաթ պահում են տաք սենյակում, մթության մեջ։ Այդ ընթացքում լակտոբացիլները, սնվելով մելասայով, բազմանում են և բնակեցնում թեփի ողջ զանգվածը։
Երկու շաբաթ անց, բոկաշի թեփը պատրաստ է օգտագործման համար։ Իսկ եթե անհրաժեշտ է այն որոշ ժամանակ պահել, ապա բոկաշի թեփը բարակ շերտով փռում են ու չորացնում, որից հետո պահում են հերմետիկ ամանների մեջ։ Տոպրակը բացելուց հետո, ճիշտ պատրաստված բոկաշի թեփը պետք է ոչ տհաճ թթվահոտ ունենա։
Ինդոլ-3-քացախաթթուն, ԻՔԹ (անգլ.՝ Indole-3-acetic acid, չին․՝ 吲哚-3-乙酸, ռուս.՝ Гетероауксин), աուքսինների դասի ամենատարածված բնական բուսական հորմոնն է։ Այն աուքսիններից ամենահայտնին է։
ԻՔԹ-ն ինդոլի ածանցյալն է, որը պարունակում է կարբօքսիմեթիլ խումբ։ Այն անգույն պինդ նյութ է, որը լուծվում է բևեռային օրգանական լուծիչներում։
Ինդոլ-3-քացախաթթվի կիրառումը բույսեր աճեցնելիս
Ինդոլ-3-քացախաթթուն կիրառվում է պտղատու, հատապտղային և դեկորատիվ մշակաբույսերի, սոխուկավոր և պալարային, բանջարեղենային և ծաղկային մշակաբույսերի սածիլների արմատավորումը խթանելու համար։
Ինդոլ-3-քացախաթթվով մշակելուց հետո լավ զարգացած արմատները նպաստում են բույսերի ճյուղերի ու տերևների արագ զարգացմանը, որոնք, իրենց հերթին, ապահովում են բույսի բարձր կենսունակություն և բերքատվություն:
Ինդոլ-3-քացախաթթվով բույսերը մշակում են հետևյալ դեպքերում․
Բույսը շատ թուլացած է, մահանում է, անհրաժեշտ է շտապ վերակենդանացում;
Պետք է սոխուկները թրջել և նախապատրաստել տնկելուն;
Տնկաշիվերով (կտրոններով) բազմացման համար։ Ինդոլ-3-քացախաթթվի լուծույթի մեջ տնկաշիվերի նախապես թրջելը արագացնում է արմատների առաջացումԸ;
Սենյակային պայմաններում սերմից աճեցված բույսերը (մանգո, լիմոն, նարինջ, մանդարին, ավոկադո և այլ) պատվաստելիս;
Բույսի ավելի առատ և երկարատև ծաղկման շրջան ստանալու համար (ջրելով);
Սնկայն հիվանդությունից տուժած, այնուհետև ֆունգիցիդով բուժված բույսերի վերակենդանացման համար;
Էպիֆիտ բույսերի, օրինակ խոլորձների, արմատների վիճակը կարգավորելու համար։
Ինդոլ-3-քացախաթթվի հաբերը կամ փոշին սկզբում տարալուծում են էթիլային սպիրտի մեջ (տաքացնելով), հետո նոր խառնում ջրի հետ։
Շատ կարևոր է հստակորեն կատարել փաթեթի վրա գրված հրահանգները և չխախտել նշված չափաբաժինները։ Չափաբաժնի մեծացումը բերում է միանգամայն հակառակ արդյունքի։
Սենյակային բույսերի մահվան հիմնական պատճառներից մեկը չափից շատ ջրելն է: Նորմալ կենսագործունեության համար, բույսերի արմատները թթվածնի կարիք ունեն:
Երբ ծաղկամանի մեջ ջուրը կուտակվում է և չի հեռացվում, հողը ճահճանում է, բույսի արմատները չեն կարողանում շնչել, դրանք բառացիորեն ջրախեղդ են լինում և սկսում են փտել:
Բույսը կարող է ջրախեղդ լինել տարբեր հանգամանքներում՝
Եթե ծաղկամանը շատ ավելի մեծ է բույսի արմատային համակարգից, բույսը չի կարողանում օգտագործել հողի ողջ խոնավությունը, եւ “պարապ” մնացած հողն ուղղակի ցեխի է վերածվում կամ ճահճանում է։
Երբ սենյակում ցուրտ է, գոլորշիացումը դանդաղ է ընթանում և հողը երկար ժամանակ չի չորանում։
Երբ չկան դրենժային անցքեր կամ դրանք խցանվել են, ապա ավելորդ ջուրը չի կարողանում դուրս գալ ծաղկամանից։
Կան նաև բույսեր, որոնք պարզապես չեն սիրում հաճախակի ջրվել։ Օրինակ՝ թանձրատերևուկները։
Բույսի ջրախեղդության նշանները
Առողջ բույսն աչքի է ընկնում նոր, վառ գույնի տերևներով ու ճյուղերով, արմատները սպիտակ և ճկուն են լինում, իսկ հողը հաճելի հոտ է ունենում։ Հակառակ դրան ջրախեղդ եղած բույսի հողից սկսում է նեխելու հոտ գալ, տերևները թուլանում, դալկանում են ու թափվում։ Փտող արմատները չեն կարողանում կլանել և դեպի տերևները մղել հողի միջի ջուրը, փոխարենը, փտելու հետևանքով առաջացող քայքայիչ, վնասակար նյութեր են հասնում դրանց։
Ի՞նչ պետք է անել
Դադարեցնել ջրելն ու պարարտացնելը։ Այևս ոչ մի կաթիլ ջուր, ոչ մի պարարտանյութ պետք չէ ավելացնել, որքան էլ բույսը շարունակի թառամել կամ կորցնել տերևները։
Տեղափոխել: Եթե բույսը ուժեղ լուսավորությամբ տեղում է, այն պետք է տեղափոխել ավելի մեղմ լույսով տեղ: Պայծառ լույսի ներքո բույսն ավելի շատ ջրի կարիք է ունենում։
Ստուգել ծաղկամանի դրենաժը։ Եթե դրենաժային անցքերը խցանված են, ապա անհրաժեշտ է վերականգնել դրանց գործառույթը՝ մաքրելով կամ լրացուցիչ անցքեր բացելով։
Չորացնել հողախառնուրդը։ Հողի վրա անձեռոցիկներ կամ թղթյա սրբիչներ փռել, սպասել մինչև ջրի ներծծելը, այնուհետև փոխել նորերով։
Ավելացնել օդ: Խեղդվող բույսի արմատները օդի կարիք ունեն։ Անհրաժեշտ է հնարավորին չափ փխրեցնել ծաղկամանի հողը և բարակ ձողիկով, չվնասելով արմատները, խոր անցքեր բացել հողի մեջ։
Ցողել տերևները։ Քանի որ խափանվում է տերևների ջրամատակարարումը, անհրաժեշտ է հնեցված, գոլ ջրով հաճախակի ցողել բույսի սաղարթը։
Սպասել մեկ շաբաթ։ Սովորաբար մեկ շաբաթից մինչև 10 օրվա ընթացքում վերականգնման նշաններ են ի հայտ գալիս: Մինչև հետևողական նոր աճ չարձանագրվի, բույսը պարարտացնել պետք չէ:
Նոր հողախառնուրդ։ Եթե բույսը շատ մեծ չէ, ապա այն փրկելու ամենաարդյունավետ և արագ միջոցը բույսը ծաղկամանից հանելն է ու հողախառնուրդը փոխելը։ Արմատներն անհրաշեշտ է զգուշորեն ազատել հին հողից, լվանալ, հեռացնել դրանց բոլոր փտած ու վնասված մասերը (կարելի է դրանից հետո, 15-20 րոպեով ընկղմել արմատները կալիումի պերմանգանատի թույլ լուծույթի մեջ), այնուհետև տնկել բույսը նոր հողախառնուրդի մեջ։ Եթե առողջ մնացած արմատների զանգվածը էականորեն փոքր է նախկինից, ապա, համապատասխան, ավելի փոքր ծաղկաման է պետք ընտրել։ Եթե հին ծաղկամանն է օգտագործվելու, ապա այն պետք է նախապես օճառով լավ լվանալ։
Ճապոնական աուկուբան (անգլ.՝ Spotted laurel, Japanese laurel, Japanese aucuba, Gold dust plant, ռուս.՝ Аукуба Японская, լատ.՝ Aucuba japonica) հոնազգիների ընտանիքի, աուկուբա ցեղի, մշտադալար, մինչև 5 մ բարձրությամբ թուփ է։
Տարածված է Ճապոնիայի և Կորեայի հարավում։ Աճում է մշտադալար բույսերի թփուտներում, ծովի մակարդակից 600 մ բարձրության վրա։ Խոնավ մերձարևադարձային կլիմայի բույս է։ Ստվերադիմացկուն է, գերադասում է բերվածքային հզոր, չափավոր խոնավ, սննդանյութերով հարուստ սևահողերը և կարմրահողերը։
Բազմացնում են սերմերով և կտրոններով (արմատակալեցնում են ապակու տակ՝ կլոր տարվա ընթացքում)։ Խայտաբղետ տերևներով ձևերը բազմացնում են պատվաստով։ Հայաստանում մշակվում է միայն Իջևանի դենդրարիումում,
որտեղ միանգամայն դիմացկուն է և թեթևակի ցրտահարվում է միայն ցուրտ և երկարատև ձմեռների պատճառով։
Աուկուբայի խնամքը սենյակային պայմաններում
Լույսը Պայծառ ծրված, կիսաստվեր
Օդի ջերմաստիճանը Աճի շրջանում՝ +20°C․․․+25°C Ձմռանը՝ +6°C․․․+12°C
Օդի խոնավությունը Ցողելը պարտադիր չէ, խոնավասեր չէ։
Ջրելը Շոգ եղանակին՝ առատ՝ վերին շերտի չորանալուց հետո Ձմռանը՝ չափավոր
Սնուցումը Աճի ողջ շրջանում, շաբաթական մեկ անգամ՝ համալիր պարարտանյութով։ Ձմռանը չեն սնուցում։
Հնդկայասամանը [Նիիմ, Ազադիրախթա] (անգլ.` Neem tree, Indian Lilac, չին․՝ 苦楝樹, ռուս․՝ Дерево ним, Азадирахта индийская, լատ.՝ Azadirachta indica) արևադարձային և մերձարևադարձային գոտիներում աճող ծառ է։
Աճում է նաև Իրանի հարավում գտնվող կղզիներում։ Հայրենիքը Հնդկաստանն է։
Հնդկայասամանը բավականին արագ աճող ծառ է, կարող է հասնել 15-20 մետր բարձրության, հազվադեպ 35-40 մ-ի։ Սաղարթը խիտ է, շրջանաձև, տրամագիծը կարող է կազմել 20-25 մ։
Հնդկայասամանի տերևներն օգտագործում են մաշկային հիվանդություններ բուժելու համար, քանի որ այն ունի հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ:
Հնդկաստանում հազարամյակներով են օգտագործել հնդկայասամանը.
իմունային համակարգը ամրացնելու;
արյունը մաքրելու (դետոքսիկացնելու);
լյարդի գործունեությունը բարելավելու;
մարսողական և շնչառական համակարգերը բուժելու համար։
Հնդկայասամանի պտուղներից և սերմերից են ստանում հանրահայտ նիիմ յուղը (անգլ.` Neem oil, ռուս․՝ Масло ним)։
Նիիմ յուղի հիման վրա պատրաստված լուծույթներով պայքարում են տիզերի, թրթուրների եւ սենյակային բույսերի այնպիսի վնասատուների դեմ, ինչպիսիք են սարդոստայնային տիզերը, ուտիճները, բշտիկոտները, սպիակաթևիկները, վահանակիրները, կեղծ
վահանակիրները, որդանները եւ այլ:
Նիիմ յուղի 1%-նոց լուծույթը նաև օգտագործում են բույսերի բորբոսի (mildews) և ժանգի (rusts), այլ սնկային (fungi) հիվանդությունների՝ Փտախտի (Root rot, Корневая гниль), (Black spot), (Sooty mold, Чернь) կանխարգելման եւ բուժման համար:
Հայտնի է, որ նիիմ յուղը արդյունավետորեն զսպում է նեմատոդների՝ արմատային կլոր որդերի բազմացումը։ Ընդորում, օգտակար՝ անձրևային որդերը չեն վնասվում։
Նիիմ յուղն անվտանգ է մարդու և ընտանի կենդանիների համար։ Նախատեսված է բոլոր բանաջարանոցային բույսերի, պտղատուների, հատապտղային և դեկորատիվ մշակաբույսերի, այդ թվում ՝ վարդերի և սենյակային բույսերի մշակման համար:
Նիիմ յուղի կիրառման ձևերը
Նիիմ յուղի լուծույթներն օգտագործում են ինչպես ցողելու եղանակով, այնպես էլ բույսերը ջրելով։
Նախազգուշացումներ
Չնայած անվնասությանը, հնդկայասամանի յուղը բավականի սուր, յուրահատուկ հոտ ունի;
Որոշ տեսակի բույսերի համար հնդկայասամանի յուղը կարող է վնասակար լիներ, ուստի, նախքան ամբողջ անծանոթ բույսի բուժում սկսելը, պատք է ցողել բույսի 2-3 տերեւները եւ սպասել առնվազն մեկ օր (ավելի լավ կլինի 1 շաբաթ): Համոզվելուց հետո, որ մշակումը չի ազդել տերևների վրա, շարունակել բուժումը;
Միջոցը կիրառելիս անհրաժեշտ է հետեւել վրան գրված բոլոր հրահանգներին։
Բույսի բուժումը պետք է սկսել վարակվածության կամ վնասատունների առաջին նշանները հայտնաբերելուց անմիջապես հետո։ Բույսի սաղարթն այնպես են ցողում, որպեսզի լավ թրջվեն տերևների երկու կողմերը և բոլոր ճյուղերը։
Ծանր վարակման դեպքերում իմաստ ունի նախ լվանալ բույսը միջատասպան օճառով։ Ապա, մաքրաջրելուց հետո, ցողել նիիմ յուղի պատրաստուկով։
Բորբոսի մլակներից ազատվելու համար, կարելի է նաև ծաղկամանի հողը ցողել կամ մի փոքր ջրել։
Բուժումն անմիջապես չի գործում, այն դանդաղ է գործում, ուստի կրկնակի բուժում, ըստ անհրաժեշտության, պետք է նախաձեռնել 1-2 շաբաթ անց: Իսկ պրոֆիլակտիկ նպատակով ցողումներ արվում են առնվազն ամիսը մեկ անգամ:
Բաղադրատոմսը
Այգեգործական խանութներում լինում են նիիմ յուղի հիմքի վրա պատրաստված հեղուկներ, բայց ավելի էժան եւ հեշտ է ինքնուրույն պատրաստելը։
Տարբերակ 1 (վերցված է ռուսական կայքից)
Մեկ թեյի գդալ (4 .9 մլ) նիիմի յուղը և 1 թեյի գդալ հեղուկ օճառը խառնում են 1 լիտր գոլ ջրի հետ։
Տարբերակ 2 ( վերցված է ամերիկյան կայքից)
1.5 թեյի գդալ (7.4 մլ) նիիմի յուղը և ¼ թեյի գդալ աման լվալու հեղուկը խառնում են 946.353 միլիլիտր (32 ounces) գոլ ջրի հետ։
Ստացված լուծույթն անհրաժեշտ է լավ խառնել և լցնել հեղուկացիրի մեջ։ Օգտագործելուց առաջ և ընթացքում հեղուկը պետք է հաճախակի թափահարել՝ որպեսզի այն միատարր մնա։
Բացօդյա բույսերի մշակումները պետք է իրականացվեն վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին՝ որպեսզի տերեւների վրա արեւայրուկներ չառաջանան: Ազդեցությունը ուժեղացնելու համար խորհուրդ է տրվում բաքային խառնուրդներ անել այնպիսի դեղամիջոցների հետ, ինչպիսիք են Էկոգելը, Ալիրին-Բ, Գամաիրը, Ֆիտովերմը:
Կլոր որդերը բույսերի ամենավտանգավոր վնասատուներից են։ Դրանք միկրոսկոպիկ ճիճուներ են, որոնք մակաբույծ են՝ հարձակվում են բույսի արմատի, ցողունի եւ տերեւների վրա, սնվում են բույսի հյութերով, ինչը հյուծում է բույսը, խաթարում է արտաքին տեսքը, նվազեցնում է բերքը, հաճախ նաև հանգեցնում մահվանը:
Պայքարը կլոր որդերի դեմ
Բույսերի վարա մակաբուծող կլոր որդերի 3 տեսակ կա՝
ցողունային
տերևային
արմատային
Ցողունային կլոր որդերը
Փոքր թելանման կլոր ճիճուներ են՝ առավելագույնը 2 մմ երկարությամբ: Համարվում են կլոր որդերի ամենավտանգավոր տեսակը։ Մշակաբույսերից այս վնասատուի հիմնական նախասիրությունների ցանկում են՝ պղպեղը, եգիպտացորենը, մաղադանոսը, սոխը եւ սխտորը, վայրի գազարը, վարունգը, լոլիկը եւ բողկը: Ծաղիկներից նախընտրում է՝ կակաչներին, հակինտներին, մեխակներին, բեգոնիաներին, ֆլոքսերին: Հատապտուղներից ամենաշատը ելակի վրա են հարձակվում: Հացահատիկներից սիրում է տարեկանն ու վարսակը: Գրեթե բոլոր լաոբազգիներին նույնպես։ Եվ սա ամբողջ ցուցակը չէ։
Ցողունային կլոր որդերը մակաբուծում են ողջ ամառաը և այդ ընթացքում էգերը ձվադրում են ավելի քան 200 ձու: Բույսի մեջ մակաբույծն ապրում է շուրջ տարին:
Ախտահարման արտաքին նշանները
Բույսի ցողունի մեջ ցողունային կլոր որդերն ներթափանցում են արմատից, ցողունից բացի, վնասում են տերևներն ու բողբոջները: Հարձակման ենթարկված բույսերը անհրապույր տեսք են ստանում, որդի գտնվելու մասերում, դրա արտաթորած թունավոր նյութերի և ֆերմենտների ազդեցությամբ, գոյանում են ուռուցքներ։ Նոր ճյուղերը վատ են զարգանում կամ ընդհանրապես կանգնում է աճը։ Բույսի վարակված մասերը նախ գունատվում են, ապա դառնում են շագանակագույն եւ ամբողջովին թոշնում են:
Տերևային կլոր որդերը
Այն տեղերում, որտեղ տերևային կլոր որդերը վնասել տերեւները, նկատվում է հյուսվածքների գունաթափում։ Այնուհետև այդ բծերը դեղնում են, հետո դառնում մանուշակագույն և, ի վերջո, սկսում են չորանալ։ Վնասված հյուսվածքները զգալիորեն ավելի բարակ են, նոր տերեւները փոքր են աճում և աստիճանաբար բույսը ամբողջությամբ չորանում ու մահանում է։ Տերևային կլոր որդերի զարգացումը, բազմացումը տեղի է ունենում մեկ բույսի մեջ՝ մինչեւ բույսի մահանալը։ Մեկ վարակված տերևի մեջ կարող են մինչեւ 15 հազար կլոր որդեր ապրել։ Այս տեսակի մակաբույծները գրունտի մեջ մտնում են միայն ժամանակավորապես՝ այլ բույս տեղափոխվելու համար։
Արմատային կլոր որդերը
Կլոր, մինչեւ 2 մմ երկարությամբ թելի նման ճիճուներ են։ Այս մակաբույծը կարող է տարեկան տալ 5-6 սերունդ։ Տարածվում է հողով, կարող է բերվել տնկիների, սածիլների հետ, կամ այգեգործական գործիքների միջոցով։ Արմատային կլոր որդերով կարող է վարակվել ցանկացախ տիպի գրունտ, նույնիսկ խանութից գնված հողախառնուրդը կարող է տհաճ անակնկալ մատուցել։
Այս մակաբույծները բավականին շատակեր եւ ամենակեր են, նրանց մենյուն բաղկացած է ավելի քան 2 հազար տեսակի բույսերից։ Առավել ենթակա են հարձակման լոլիկը, ոլոռը, հազարը, նեխուրը, սոխը, սխտորը, կաղամբը եւ ճակնդեղը։ Ախտահարման արտաքին նշաններից նշվում է բույսի դանդաղ աճը։ Կարող է թվալ, որ բույսն ունի ջրի կամ պարարտանյութի պակաս:
Փորված-հանված բույսի արմատները ծուռումուռ են, բարակ և ուռուցքներ ունեն։
Կլոր որդերով վարակված հողը բուժելու ժողովրդական մեթոդներ
Ցողունային եւ տերևային կլոր որդեր
Այս վնասատուներին վերացնելը հեշտ չէ, մանավանդ երբ դրանք հողում են։ Ավելին, պայքարի ոչ մի միջոց 100 տոկոսանոց չէ, այնպես որ կարևոր են կանխարգելիչ միջոցառումները․
Վարակված բույս հայտնաբերելու դեպքում, պետք է անմիջապես հանել հողից ու այրել այդ բույսը։ Ոչ մի դեպքում նման բույսը չի կարող դրվել կոմպոստի մեջ:
Միշտ պետք է վերահսկել հողի վիճակը, կլոր որդերը հաճախ բնակություն են հաստատում թթվայնություն ունեցող հողում։
Եթե ցանված լոբազգիների սերմերը երկար ժամանակ չեն ծլում, պետք է բացել հողն ու նայել սերմերի վիճակը։ Դրանք կարող են արդեն մի կլոր վորդերով պատված լինել։ Կարելի է օգտագործել պլաստիկ թաղանթով ցանքածածկումը, ինչի արդյունքում արևը լավ կտաքացնի թաղանթի տակի հողը եւ բարձր ջերմաստիճանը կսպանի որդերին։
Կան բույսեր, որոնք կարող են ոչնչացնել կլոր որդերին։ Դրանք են՝ аммобиум, тмин, гелихризум и акроклинум
Արմատային կլոր որդեր
Պակաս դժվար չէ արմատային կլոր որդերի դեմ պայքարը։ Քանի դեռ բույսը չի դադարեցրել աճը դժվար թե կասկածներ առաջանան։ Բույսի արտաքին նշաններն էլ կարող են մոլորեցնել, դրանք կարող են նման լինել այլ միջատների ազդեցությանը կամ բույսերի այլ հիվանդություններին: Հայտնաբերել արմատային կլոր որդերին հնարավոր է միայն բույսը փորել-հանելուց ու արմատը զննելուց հետո: Ինչպես ցողունայի և տերևային կլոր որդերի դեպքում, ավելի շուտ կօգնի վարակի կանխարգելումը:
Ծածկի տակ գտնվող գրունտում արմատային կլոր որդերին կարելի է ոչնչացնել բարձր ջերմաստիճանի ներգործությամբ, օրինակ գրունտը տաք գոլորշիով շոգեխաշելով։ Ցածր ջերմաստիճանն էլ է մահացու։
Արմատային կլոր որդերին վանելու հատկություն ունեն հետևյալ բույսերը՝ ծնեբեկը, բողկը, մանանեխը, թավշածաղիկը, վաղենակը եւ (Coreopsis)
Ընդհանուր կանխարգելիչ միջոցառումներ ցողունային եւ արմատային կլոր որդերի համար
Բույսերի՝ վնասատուների նկատմամբ առավել կայուն սորտերի օգտագործում:
Վարակված բույսերի արագ հեռացում եւ ոչնչացում:
Կենսապատրաստուկի կիրառում, որի գիշատիչ սնկերը ուտում են հողի միջի միջատներին ու թրթուրներին (Нематофагин, Nematofagin):
Սոխուկավոր բույսերը կարելի է փրկել սոխուկների ջերմային մշակմամբ:
Սիդերատներ ցանելը։ Գերադասելի են խաչածաղկավոր մշակաբույսերը:
Ցավոք, կլոր որդերից արագ ազատվել գրեթե անհնար է: Սակայն, եթե սովորություն դարձվի պատշաճ հոգ տանել այգու և բուսերի նկատմամբ, գրագետ ցանքաշրջանառություն անել, հարմար բոլոր արանքներում սովորական թավշածաղիկներ աճեցնել, որոնց ներկայությամբ կլոր որդերը կորցնում են վերարտադրվելու կարողությունը, ապա կարելի է զգալիորեն նվազեցնել կլոր որդերի տարածման ռիսկը։
Ալրատիզը (անգլ․՝ Mealybug, ռուս․՝ Мучнистый червец, լատ․՝ Pseudococcidae) սենյակային բույսերի վտանգավոր վնասատու է, որն արագ բազմանում է խոնավ ու տաք միջավայրում։
Նկարագրված է ալրատիզի ավելի քան 2200 տեսակ, որոնցից 330-ը տարածված են Եվրոպայում։
Ալրատիզի որձերը, ի տարբերություն էգերի և թրթուրների թևավոր են ու անվնաս՝ քանի որ զուրկ են բերանից։ Իսկ էգերն ու թրթուրները գոյատևում են բույսերի հյութը ծծելով։
Էգերը, ձվադրելու համար, բույսի վրա ընտրում են թաքուն, դժվարամատչելի տեղեր և մեկ անգամից կարող են 300-2000 ձու դնել։
Թրթուրները շատ շարժունակ են, արագ տարածվում են բույով մեկ և կարող են բույսից բույս տեղափոխվել քամու, մարդու կամ կենդանու միջոցով։
Ալրատիզերն արտաթորում են կպչուն զանգված, որը մնալով բույսի վրա, դառնում է սնկային հիվանդության օջախ։
Ալրատիզի դեմ պայքարը
Կանխարգելում
Անհրաժեշտ է պարբերաբար, ուշադիր զննել բույսերը, մանավանդ ալրատիզի համար հարմար մասերը՝ տերևների ներքին մակերեսը, կոկոնները, մատղաշ և նեղ տեղերը։
Պետք է մշտապես հետևել բույսի և ծաղկանոցի մաքրությանը, հեռացնել թափված ու չորացած տերևները, կտրել վնասված մասերը, խոնավ լաթով մաքրել տերևները, լողացնել բույսերը ցնցուղի տակ (տե՛ս, թե ինչպես մաքրել սենյակային բույսերի տերևները==>)։
Պետք է միշտ թեթևակի խոնավ պահել ծաղկամանի հողը, քանի որ ալրատիզը խորշում է թաց հողից։
Պատուհանի գոգին կամ ջերմոցում պետք չէ շատ խիտ տեղադրել բույսերը։
Նոր բույս ձեռք բերելու դեպքում, այն պետք է 1-2 շաբաթ մեկուսի՝ կարանտինում պահել և միացնել մյուս բույսերին միայն համոզվելուց հետո, որ բույսն առողջ է։
Պայքարի տնայնագործական միջոցներ
Եթե բույսերի վրա ալրատիզերի քանակը շատ մեծ չէ, կարելի է փորձել դրանց վերացնել հետևյալ միջոցներով՝
Օճառաջուր։ Տնտեսական կամ կանաչ օճառի ջրային լուծույթի մեջ թաթախված բամբակով մշակել բույսի բոլոր տերևներն ու ճյուղերը։
Օճառի սպիրտային լուծույթ։ Տեսանելի սպիտակ բծերը հեռացնելուց հետո, 1լ գոլ ջրին խառնում են 15 գ հեղուկ օճառ և 10 գ սպիրտ կամ օղի ու այդ լուծույթով լավ ցողում են բույսը։ Մի քանի ժամ անց բույսը լվանում են ցնցուղի տակ։
Սխտոր։ Ճզմած սխտորը խառնում են 70%-ոց սպիրտի և ջրի հետ՝ 1:1:3 հարաբերակցությամբ, զտելուց հետո, ստացված հեղուկով ցողում են բույսը։
Ցիտրուսային թուրմ։ 50-100 գ ցիտրուսային մրգի կլեպի վրա լցնում են 1 լիտր գոլ ջուր և 24 ժամից զտում են ու ցողում բույսը։
Վաղենակի թուրմ։ 100 գ վաղենակի չորացրած ծաղիկների վրա լցնում են 1 լ գոլ ջուր և թրմում են 24 ժամ։ Զտելուց հետո ցողում են բույսը։
Միջատասպան թունաքիմիկատներ
Ծանր դեպքերում, երբ տնայնագործական միջոցները չեն օգնում, միակ փրկությունը հատուկ միջատասպան (insecticide) նյութերն են՝ Актара, Фитоверм, Биотлин, Моспилан։
Վերը թվարկված համակարգային միջատասպան նյութերի գործողության ժամկետը մոտ 2 շաբաթ է, ուստի, ալրատիզի բոլոր սերունդներից ազատվելու համար անհրաժեշտ է լինում բույսի 2-3 մշակում անել՝ 14 օրը մեկ պարբերականությամբ։
Հյուսիս նայող պատուհանները տալիս են շատ միջին ուժգնության ցրված լույս, ինչը հարմար է ստվերադիմացկուն բույսերի համար: Այս ուղղությամբ արևի ուղիղ ճառագայթներ չեն լինում:
Հարավային պատուհան
Հարավ նայող պատուհանները ստանում են արևի ամենաշատ ուղիղ լույսը՝ գրեթե ողջ օրը, բացառությամբ վաղ առավոտից և ուշ հետկեսօրից: Հարավային պատուհանների գոգերը հիանալի տարբերակ են այնպիսի բույսերի համար, ինչպիսիք են կակտուսները, սուկուլենտները և ներսում աճեցվող համեմունքային խոտաբույսերն ու բանջարեղենը:
Արևելյան պատուհան
Արևելյան կողմի պատուհանները առավոտյան մի քանի ժամ ստանում ենուղիղ արև, իսկ մնացած ժամերին պայծառ ցրված լույս: Արևելյան կողմի պատուհանները հիանալի տարբերակ են արևադարձային բույսերի մեծ մասի համար, որոնք սիրում են վառ ցրված լույս:
Արևմտյան պատուհան
Արևմուտք նայող պատուհանները կեսoրից հետո և երեկոյան ստանում են ուղիղ արև, իսկ այլ ժամերին՝ պայծառ ցրված լույս: Արևմուտք ուղղված պատուհանների գոգերը լավ տարբերակ են այն բույսերի համար, որոնք սիրում են մասնակի ուղիղ լույս, օրինակ՝ սուկուլենտներն ու դրանց նման բույսերը:
Ինչպես պարզել, արդյոք բույսը ստանում է լույսի ճիշտ քանակություն
Բարեբախտաբար, բույսերը նշաններ են տալիս դրա վերաբերյալ։ Բավարար լույս չստացող բույսերը, դանդաղ են աճում, եթե ընդհանրապես աճում են, տերևները թուլանում են, դեղնում ու թոշնում։ Մյուս կողմից, չափից շատ ջերմության և արևի լույս ստացող բույսերը ստանում են դարչնագույն, տեղ-տեղ այրված տերևներ և տերևների ծայրեր: