Դաղձ

Դաղձը (անգլ.՝ Mentha, Mint, ռուս.՝ Мята, լատ.՝ Méntha) շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս է։ Բոլոր տեսակներին բնորոշ է սուր հոտավետ բուրմունք, նրանց մեծ մասը պարունակում է մեծ քանակությամբ մենթոլ։ Այս ընտանիքի բույսերը իրարից տաբերվում են քիմիական կազմով, արտադրում են նյութափոխանակության տարբեր ցնդող նյութեր՝ մետաբոլիտներ (նյութափոխանակիչներ), այսպես կոչված՝ ցնդող արոմատիկ նյութեր, որոնք արտադրում են տարբեր հոտեր և մեծ քանակությամբ եթերային յուղեր։
 Դաղձի յուղի հիմնական բաղադրամասը ստացվում է դրա մեջ պարունակվող մենթոլից։ Մենթոլը մաշկի և լորձաթաղանթի հետ շփվելիս հրահրում է սառնության զգացողություն, դրա հետ մեկտեղ նեղանում են արտաքին արյունատար անոթները և լայնանում ներքին օրգանների անոթները։ Դաղձի յուղն օժտված է հզոր հականեխային և թեթև թմրեցնող հատկությամբ։ Բժշկության մեջ դաղձն օգտագործվում է լեղապարկի և լյարդի հիվանդությունների ժամանակ։ Դրանից պատրաստված թուրմերը, եփուկներն ու դեղպատրաստուկներն օգնում են որոշ լեղաքարային հիվանդությունների դեպքում, ուժեղացնում աղիների գալարակծկքանը, մաքրում օրգանիզմը խարամներից, բացի այդ, այն նշանակվում է կոլիտների և էնթերոկոլիտների դեպքում։
Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս դաղձ օգտագործել կենտրոնական նյարդային համակարգի, սրտային հիվանդությունների, մանկական գեղձախտի (ռախիտի) բուժման համար։ Դաղձի թեյը բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը։ Այն կենարար ըմպելիք է։ Վայրի, օրգանական դաղձի չորացված հումքը օգտագործվում է սնունդների մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը։

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *