Category Archives: Պարարտացում

Բանանի կեղև

Բանանի կեղևը հարուստ է կալիումով, կրածինով և լուսածինով (ֆոսֆոր): Կեղեվները կարելի է թաղել հողի մեջ և դրանք արագ, մոտ տաս օրում կյուրացվեն հողում առկա միկրոորգանիզմների կողմից: Կարելի է նաև չորացնել կեղևները և աղալուց հետո խառնել հողին: Բանանի կեղևից պատրաստած թուրմով բույսերը սրսկելով կարելի է վերացնել ուտիճներին:

Բանանի կեղևը որպես պարարտանյութ օգտագործելու 4 ձև
  1. Խառնել հողի հետ

Ամենահեշտ ձևն է: Մկրատով կամ դանակով պետք է կտրատել բանանի կեղևները և խառնել հողի մակերեսային շերտի հետ: Մոտ 10 օրում բանանի կեղևի կտորները իսպառ վերանում են՝ դրանք վերամշակում են հողի միջի մանրեները:

2. Պատրաստել թուրմ
  • Երեք լիտրանոց բանկայի մեջ գցել 3 բանանի կեղև, վրան լցնել սենյակային ջերմության ջուր ու սպասել 2 օր:
  • Ջուրը քամել, ստացված թուրմին ավելացնել նույն քանակությամբ ջուր:
  • Ստացված լուծույթով ջրել սածիլները և բույսերը:
  • Բանաի կեղևի մնացորդները, որպես պարարտանյութ խառնել հողի հողի հետ կամ լցնել կոմպոստի կույտի վրա:
3. Չորացնել և աղալ
  • Բանանի կեղևները չորացնել արևի տակ կամ ջեռուցման սարքերի վրա;
  • Չորացած կեղեվները աղալ սրճաղացով;
  • Ստացված փոշուց մեկական թեյի գդալ ավելացնել սածիլների ամեն մի բաժակին կամ, ըստ չափսերի 1-10 ճաշի գդալ  լցնել թփերի ու ծառերի տնկափոսերի մեջ:
4. Ավելացնել կոմպոստի կույտին

Բանանի կեղևները կտրատել և լցնել կոմպոստի կույտի վրա: Կարելի է կոմպոստը պատրաստել զուտ բանանի կեղեվի կտորների ու հողի կիրառմամբ, սակայն, որպես կանոն, այգում միշտ էլ կգտնվեն կոմպոստին խառնելու այլ օրգանական մնացուկներ:

Ուշադրություն: Բանանները կլպելուց առաջ պետք է հոսող ջրով լավ լվանալ, քանի որ դրանք, երկարատև պահպանման համար, կարող են մշակված լինել տարբեր, այդ թվում կանցերոգեն, նյութերով:

Ձվի կճեպ

Ձվի կճեպը կազմում կան.

  • Հեշտ յուրացվող կալցիումից – 93%;
  • Օրգանական նյութեր – 3-4 %
  • Մագնիում – 0,55%;
  • Լուսածին (ֆոսֆոր) – 0,12%;
  • Կալիում – 0,08%;
  • Երկաթ, ծծումբ, ալյումինիում …

Ուշադրություն: Եթե որոշել եք հավաքել ձվի կճեպները  որպես պարարտանյութ օգտագործելու համար, ապա ձուն կոտրելուց հետո, կճեպները անհրաժեշտ է մինչև չորանալը լավ լվանալ, որպեսզի կճեպի վրա չմնան սպիտակուցի մնացորդներ: Բանն այն է, որ սպիտակուցը, հայտնվելով հողում, սկսում է փտել, ինչը կարող է խթանել բույսերի համար հիվանդածին  բակտերիաների զարգացումը: Լվացված կճեպները պետք է չորացնել: Որոշ այգեգործներ նաև խարկում են կճեպները՝  լիակատար ախտահանման և, հողի հետ խառնվելուց հետո, ավելի արագ քայքայման հասնելու համար:
Ի դեպ: Եփած ձվի կճեպը, բույսերը սնուցելու տեսանկյունից, համարյա անպետք է: Իմաստ ունի օգտագործել միայն հողի կամ կոմպոստի կառուցվածքը բարելավելու համար: Իսկ ջրով, որում եփել եք ձուն, սառչելուց հետո, կարելի է ջրել սենյակային բույսերը՝ այնտեղ կալցիում և այլ օգտակար տարրեր կան:

Ինչպես օգտագործել ձվի կճեպը այգում

Ձևավորված կարծիք կա, որ 1 ք.մ. գրունտը լավ պարարտացնելու համար անհրաժեշտ է 100 ձվի աղացած կամ մանրեցված կճեպ: Սակայն ավելի խնայողաբար և թիրախային կիրառման ձևեր էլ կան:
Ձվի կճեպը, նույնիսկ մեծ քանակի դեպքում, չի վնասում բույսերին, ուստի այն, մանրեցված կամ աղացած վիճակում, հանգիստ կարելի է լցնել տնկափոսերի մեջ՝ ցանկացած բույս տնկելուց առաջ:

Սենյակային բույսերի պարարտացում

Սենյակային բույսերի պարարտացման համար օգտագործում են աղացած կամ մանրեցված ձվի կճեպով պատրաստված թուրմ: 2-3 աղացած ձվի կճեպների վրա լցնում են 2լ ջուր ու սպասում 2-3 օր, մինչև կճեպից ջրին անցնեն օգտակար տարրերը:
Ի դեպ: Ձվի կճեպով կարելի է ծաղկա-թաղարներում դրենժային շերտ պատրաստել: Չորացրած և մանրեցված կճեպները 2-3 սմ հաստությամբ շերտով լցնում են ծաղկաթաղարի հատակին, այնուհետև ավելացնում են հողախառնուրդը:

Բոստանային մշակաբույսերի արմատային սնուցում

4-5 ձվի աղացած կճեպների վրա լցնում են 2 լ եռացրած ջուր, փակում են անոթը կափարիչով ու թողնում 5-7 օր, որ լուծույթը հասունանա: Այդ ընթացքում, օրական 1-2 անգամ լուծույթը խառնում են: Պատրաստի լուծույթը 1:3 հարաբերակցությամբ բացում են ջրով և ջրում են տաքդեղի, բադրիջանի և այլ բանջարեղենի սածիլները:

Հողի թթվայնության նվազեցում

Հայտնի է, որ հողի բարձր թթվայնությունը բացասաբար է ազդում բույսերի մեծամասնության վրա: Ձվի կճեպի օգնությամբ հողի թթվայնությունը նվազեցնում են, աստիճանաբար, տարեցտարի խառնելով այն գրունտի հետ՝ 1 ք.մ.-ին մինչև 100 ձվի կճեպ:

Հողի կառուցվածքի բարելավում

Ձվի կճեպը, բացի հողը պարարտացնելուց, բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնում է այն ավելի փխրուն և օդով հագեցած:

Վնասատուների դեմ

Իշախառանչը պալարային ու սոխուկային բույսերի համար ամենավտանգավոր վնասատուն է:  Իշախառանչին վանելու համար մանրեցված ձվի կճեպները խառնում են արևածաղկի ձեթի հետ և թաղում են կարտոֆիլի կամ սոխուկավորների շարքերի արանքում կամ շուրջը փորված ակոսներում: Մեկ ամիս անց իշախառանչ այդ հատվածում չի լինի:
Բույսերի շուրջը լցված ձվի մանրեցված կճեպները պատնեշ են դառնում լորձնէակների համար, որոնք չեն սիրում խորդուբորդ մակերեսներով անցնել:

Խմորիչ

Խմորիչի կենսազանգվածի հիմք են հանդիսանում սնկերը, որոնք հարուստ են սպիտակուցով և այլ օգտակար նյութերով,  օրինակ, օրգանական երկաթով, ամինաթթուներով և այլևայլ մակրո և միկրոտարրերով:
Խմորիչով պատրաստված պարարտանյութերը արդյունավետ սնուցում են հանդիսանում բույսերի մեծամասնության համար և նկատելիորեն բարելավում են դրանց աճը: Կարելի է նշել բույսերի վրա դրական ազդեցության մի շարք գործոններ:
Մանսվորապես խմորիչը.

  • Բարձրացնում է սածիլների դիմացկունությունը, խթանում աճը նույնիսկ ոչ բավարար լուսավորության պայմաններում;
  • Արագացնում է բույսի աճը նպաստում է ուժեղ արմատակալմանը;
  • Նպաստում է շիվերի և ելակի թփերի արմատառաջացմանը:

Խմորիչը, որպես պարարտանյութ, գործում է հողում առկա միկրոորգանիզմների բազմացման համար բարենպաստ ու սննդարար միջավայր ստեղծելով: Արդյունքում միկրոորգանիզմները արագ բազմանալով, ավելի արագ են մշակում հողում առկա օրգանական նյութերը՝ արտաթորելով հողի մեջ ազոտ և կալիում:

Ինչպես խմորիչից պարարտանյութ պատրաստել

Խմորիչից պարարտանյութ պատրաստելը դյուրին է: Կիրառելի են և՛ չոր, և՛ հում, բրիկետավորված տեսակները: Եթե նույնիսկ խմորիչ չունեք, կարելի է սննդարար լուծույթ ստանալ օգտագործելով հաց կամ պաքսիմատ:
Սնուցող լուծույթի կազմի մեջ կարելի է ներմուծել տարբեր բուսական բաղադրիչներ: Օրինակ, մեծ այգու բույսերը պարարտացնելու համար խորհուրդ է տրվում համատեղել թթխմորն ու կանչ խոտի թուրմը:
Միայն մոլախոտերը չեն օգտագործում ազոտ պարունակող խառնուրդներ պատրաստելու համար: Խառնուրդին կարելի է ավելացնել կարտոֆիլի կլեպ, տերևներ, գայլուկի թփեր:
Ի դեպ, գայլուկի և խմորիչի կիրառմամբ լուծույթ պատրաստելը լավագույն տարբերակն է, քանի որ գայլուկն ինքն իրենով արդեն լավ խմորիչ է և մեծ քանակությամբ ազոտ է պարունակում:
Խմորիչով պատրաստված լուծույթը կենսաբանորեն ակտիվ խտանյութ է, որը կարելի է օգտագործել, գործնականում բոլոր բույսերի սնուցման համար:

Սնուցում լոլիկի, տաքդեղի և վարունգի համար

Լոլիկի, տաքդեղի ու վարունգի թուփը խմորիչով պատրաստված պարարտանյութով սնուցում են, երբ սածիլն արդեն լավ արմատավորվել է՝ բաց գրունտ տեղափոխելուց առնվազն 1 շաբաթ հետո:
Երկրորդ անգամ նույնպիսի սնուցում անում են ծաղկելուց առաջ:
Առաջարկվում է հետևյալ բաղադրատոմսը՝

  • Չոր խմորիչ – 10 գ;
  • Հավի ծերտի թուրմ – 0,5 լ;
  • Փայտի մոխիր – 0,5 լ;
  • Շաքարավազ – 5 ճաշի գդալ;
  • Ջուր – 10 լ:

Թփերը սնուցելու համար, ստացված լուծույթը, 1:10 հարաբերակցությամբ բացում են ջրով: Քանի որ, լուծույթի մեջ հավի ծերտ կա, լուծույթը պետք է լցնել, ոչ թե անմիջապես արմատին, այլ քիչ հեռու՝ բնի շուրջը:
Նոր աճած, մատղաշ թփերի շուրջ բավարար է 0,5 լ լուծույթ լցնելը, իսկ հասուն թփերին պետք է առնվազն 2 լ:
Սնուցման դրական ազդեցությունը տեսանելի կլինի 3-4 օրից՝ թուփը նկատելիորեն փառթամանում է, իսկ տերևները հաստ ու հյութալի են դառնում:
Մեր ընթերցողներից մեկի առաջարկած, լոլիկի սնուցման համար ևս մեկ բաղադրատոմս
100 գ խմորիչը և կես բաժակ շաքարավազը բացում ենք 3 լ ջրով, անոթը ծածկում ենք մառլյայով և թողնում ենք մեկ շաբաթ խմորվի: Պատրաստ լինելուց հետո, ստացված լուծույթի 1 բաժակը բացում ենք 10 լ ջրով և ջրում լոլիկի թփերը՝ ամեն թփին մոտ 1 լիտր:

Սենյակային բույսերի և բացօդյա ծաղիկների սնուցումը

Սենյակային բույսերի և բացօդյա աճող ծաղիկների համար խմորիչի կիրառմամբ պարարտանյութը կազմում են հետևյալ բաղադրիչներով՝

  • Ջուր – 10 լ;
  • Չոր խմորիչ – 10 գ;
  • Շաքարավազ – 3 ճաշի գդալ:

Օգտագործելուց առաջ ստացված լուծույթը պետք է պահել առնվազն 3 ժամ տաք տեղում, որպեսզի խմորում ընթանա: Այնուհետև լուծույթը բացում են ջրով՝ 1:5 հարաբերակցությամբ և ջրում են բույսերը:
Այդպիսի լուծույթով սնուցումը օգտակար է Հիրիկների, Քաջվարդերի, Քրիզանթեմների, Թրաշուշանների, Վարդերի և, ընդհանրապես, այն ծաղիկների համար, որոնք մեծ վեգետատիվ զանգված են ձևավորում:
Խմորիչից պատրասված պարարտանյութով սնուցում շատ են սիրում վարդերը: Եթե սեզոնի ընթացքում 2 անգամ այդպիսի սնուցում տալ վարդի թփերին, ապա դրանք ոչ միայն ավելի լավ ու բուրավետ ծաղիկներ կունենան, այլև ավելի հեշտ կանցկացնեն ձմեռը:

Սուրճի և թեյի մնացորդներ

Լավ այգեպանի մոտ ոչ մի օգտակար բան չի թափվում, նույնիսկ խմած սուրճի մրուրն ու թեյի խոտը կարելի է հավաքել և օգտագործել այգում: Չէ որ դրանք օրագանական նյութեր են ուրեմն քայաքյվելով, թեկուզ ոչ էականորեն, բայց կհարստացնեն հողը:  Իրականում սուրճի մրուրն ունի ացխածին-ազոտ 20:1 հարաբերակցություն կամ 1,5% ազոտի պարունակություն, ինչը համեմատելի է հնձած/կտրած խոտի հետ:
Մնացուկներում կան նաև մագնիում և կալիում, շատ քիչ լուսածին, կալցիում և երկաթ:
Այդ մնացորդները կարելի է խառնել հողի հետ, ինչը կբարելավի հողի կառուցվածքը: Կարելի է ցանքածածկ անել կամ լցնել տնկափոսերի մեջ, ի վերջո, կարելի է ավելացնել կոմպոստի կույտին: Սուրճի և թեյի մնացորդենի թթվայնությունը կնպաստի կոմպոստի արագ փտմանն ու հասունացումը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ բույսի շուրջ լցված սուրճի մրուրը վանում է այգուց լորձնէակներին: Սուրճի մեջ կա նաև ծծումբ, որը օգտակար է սխտորի աճի համար, քանի որ պաշտպանում է բույսը նեխելուց:
Նկատել են նաև, որ կատուներին որևէ տեղ կեղտոտել չթողնելու համար բավական է այդ տեղում լցնել սուրճի մնացորդներ և նարինջի կեղևի կտորներ:

Գոմաղբ

Գոմաղբը՝ հողագործության մեջ օգտագործվող ամենահին, ամենատարածված բնական պարարտանյութն է: Օրգանական պարարտանյութի այս տեսակը բույսերի համար ազոտի, լուսածինի (ֆոսֆոր) և կալիումի, ինչպես նաև մի ամբողջ շարք բույսի կենսագործունեության համար անհրաժեշտ միկրոտարրերի՝ մասնավորապես, կրի, մագնեզիումի, ծծումբի, քլորի և կրեմնիումի մատակարար է:
Քիմիական պարարտանյութերի կողմնակիցները հաճախ նշում են գոմաղբի ոչ այնքան արդյունավետ լինելը, դրա ոչ հստակ բալանսավորված կազմը, կիրառման անհարմարություններն ու, վերջապես, ոչ հաճելի հոտը: Իսկապես այդպես է, բայց, այդ բոլորով հանդերձ, գոմաղբն ունի առավելություն, որը չունեն հանքային ու քիմիական պարարտանյութերը ու չեն էլ կարող ունենալ: Չէ որ գոմաղբի բաղադրիչների մասնակցությամբ ձևավորվում է հողի պարարտ շերտ, իսկ հանքային պարարտանյութեր կիրառելիս, ընդհակառակը՝ այդ շերտն աղքատանում է: Գոմաղբի կենսազանգվածը ժամանակի ընթացքում փտում է ու ձևավորում հողի վերին հումուսային շերտը, առանց որի անընդհատ նորցման, ամենածաղկուն այգին անգամ կվերածվի անապատի:

Գոմաղբի մշակման եղանակներ

Գյուղատնտեսները խորհուրդ են տալիս պարարտացման համար օգտագործել լավ փտած գոմաղբ, որտեղից համարյա վերացել է ամոնիակը, որը կարող է այրել արմատները:  Այն նաև զուրկ է վնասակար միկրոօրգանիզմներից, որոնք մահանում են փտման ընթացքում:
Թարմ օրգանիկան արագ փտեցնելու տարբեր, ոչ բարդ տեխնոլոգիաներ կան:
Դրանք են.

 Թարմ գոմաղբի կիրառումը

Չնայած այն բանին, որ բույսերը ավելի դժվար են յուրացնում թարմ գոմաղբի նյութերը , այն նույնպես կարելի է օգտագործել պարարտացման համար: Մանավանդ այն դեպքերում, երբ ժամանակ չկա կոմպոստի հասունացմանը կամ գոմաղբի փտելուն սպասելու համար:
Նշենք թարմ գոմաղբի կիրառման մի քանի ձևեր.

  • 1 մաս գոմաղբը խառնում են 4 մաս գոլ ջրի հետ և ստացված լուծույթով, երեկոյան ժամերին ջրում են բույսերը՝ մեկ քառակուսի մետրին մոտ 1,5 լիտր լուծույթի հաշվարկով:
  • Աշնանը, բերքը հավաքելուց հետո խառնում են հողի վերին շերտի հետ՝ մեկ քառակուսի մետրին 1 դույլ (10 լիտր) գոմաղբ հաշվարկից ելնելով:
  • Ձմռանը կարելի է հողի նախնական պարարտացում անել ցրելով գոմաղբը ձյան ծածկի վրա՝ 1 քառակուսի մետրին 1,5 դույլ գոմաղբ հաշվարկից ելնելով: Նորմայի ավել լինելը պայմանավորված է այն բանով, որ բացօդյա վիճակում գոմաղբը շատ ազոտ է կորցնում:
  • Գարնանը  թարմ գոմաղբը կարելի է կիրառել որպես կենսավառելիք՝ տաք մարգեր պատրաստելիս: Այդ նպատակի համար գերադասելի է ոչխարի գոմաղբը, որի կույտի մեջ “այրվելու”  աստիճանը 60-70 °С, ի տարբերություն խոշոր եղջերավորների, խոզի և ձիու գոմաղբների, որոնք տաքանում են 15-20 աստիճանով քիչ:   Թարմ գոմաղբով սնուցումները բերքահավաքից 2 շաբաթ առաջ դադարեցնոււմ են:
Գոմաղբի տեսակները
Կովի գոմաղբ

Կովի գոմաղբը ամենահասանելի ու կիրառելին է պարտեզներում: Բայց այդ գործում էլ նրբություններ կան: Օրինակ հողի գերհագեցածությունը գոմաղբով կարող է հարստացնել ստացված բերքը նիտրատներով:
Կովի գոմաղբի 1 կիլոգրամում կա՝

  1. Ազոտ – 3,5 գ;
  2. Կալցիում(օքսիդ) – 2,9 գ;
  3. Ֆոսֆոր (օքսիդ) – 3 գ;
  4. Կալիում(օքսիդ) – 1,4 գ:

Կովի թարմ գոմաղբում տարբեր ճիճուների ձվեր կարող են լինել: Դրանցիծ ազատվելու արդյունավետ միջոցը գոմաղբից կոմպոստ սարքելն է:
Չնայած տարածվածությանը, կովի գոմաղբը ամենից նվազ սննդարարն է՝ այլ կենդանիների գոմաղբի հետ համեմատած: Բայց, մյուս կողմից, դա նվազեցնում է գերսնուցումով բույսերը վնասելու վտանգը:

Ձիու գոմաղբ

Ձիու գոմաղբը լավագույն օրգանական պարարտանյութերից է: Այն կիրառվում է ինչպես ջերմոցներում, այնպես էլ բաց գրունտում:
Ձիու գոմաղբի մասին կարդացեք այստեղ:

Խոզի գոմաղբ

Խոզի գոմաղբը համարվում է ամենաայրողը, քանի որ մեծ քանակությամբ ազոտ է պարունակում:
Մեկ կիլոգրամ խոզի գոմաղբում կա՝

  • Ազոտ – 8,13 գ;
  • Կալցիում (օքսիդ) – 7,74 գ;
  • Ֆոսֆոր (օքսիդ) – 7,9 գ;
  • Կալիում (օքսիդ) – 4,5 գ:

Խոզի գոմաղբում մեծ քանակությամբ մակաբույծեր կան, ուստի կիրառելուց առաջ խորհուրդ է տրվում կոմպոստավորել: Փտման պրոցեսում առաջացող բարձր ջերմությունը սպանում է բոլոր բոլոր վնասատուներին:

Ճագարի գոմաղբ

Ճագարի գոմաղբը, ի տարբերություն մնացածների ավելի չոր է, ինչը հեշտացնում է դրա հետ աշխատելը: Բացի այդ ճագարի գոմաղբում չկան մոլախոտերի սերմեր, ինչը թույլ է տալիս դրա օգտագործումը առանց նախապես կոմպոստավորելու:
Վնասակար միկրոօրգանիզմներից ճագարի գոմաղբում կան միայն կոկցիդիաներ, որոնք սակայն վնաս կարող են տալ միայն ճագարներին:  Այդ է պատճառը, որ, մանավանդ տաք եղանակին, խորհուրդ է տրվում ճագարի գոմաղբը եռու պահել ճագարների վանդակներից:
Ճագարի գոմղբը կիրառվում է նույն ձևով, ինչ խոշոր եղջերավորների գոմաղբը՝ խառնում են հողի հետ, լցնում են կոմպոստի կույտի վրա, պատրաստում են պարարտացնող լուծույթ: Կա նաև մեկ այլ մշակման ձև, որը կիրառելի չէ մյուս գոմաղբերի դեպքում՝ ճագարի գոմաղբը արևի տակ չորացնելով ու աղալով ստանում են պարարտացնող փոշի, որը կարելի է օգտագործել թե՛ այգում, թե՛ տանը՝ սենյակային բույսերը պարարտացնելու կամ հողախառնուրդներ պատրաստելու համար:

Ոսկրալյուր

Ոսկրալյուրը (ֆոսֆոազոտին) ստանում են խոշոր եղջերավոր անասունների կմախքների ոսկորներն աղալով: Լուսածինի (ֆոսֆոր) և կալցիումի կենսաբանորեն անվտանգ աղբյուր է, քանի որ կենդանական ծագում ունի և լիովին քայքայվում է 6-8 ամսում:  Ոսկրալյուրը կենդանական ճարպեր պարունակելու հաշվին բավականին խոնավ փոշի է: Օգտագործվում է և՛ որպես օրգանական պարարտանյութ, և՛ որպես անասնակերի հավելված:
Բացի կալցիումից և լուսածինից, պարունակում է կենսաբանորեն ակտիվ նյութեր և բազմաթիվ միկրոտարրեր (մագնիում, նատրիում, երկաթ, պղինձ, ցինկ, մարգանեց, կոբալտ, յոդ), որոնք, չափավոր քանակությամբ, շատ դրական են ազդում բույսերի աճի և զարգացման վրա՝ և՛ այգում, և սենյակում:
Ոսկրալյուրի կիրառումն այսպիսին է.

  • Մրգատու ծառերի համար՝ 3 տարին մեկ անգամ, 200 գ՝ 1 ք.մ.-ին: Առանձնապես օգտակար է ծառերի վնասված արմատները վերականգնելու համար:
  • Պտղատու թփերի համար՝ գարնանը 50-70 գ մեկ փոսի մեջ և 70-110 գ աշնանը:
  • Օգտագործվում է նաև գարնանը սոխուկավորներ տնկելիս (վարդակակաչ, նարգիզ, շուշան և գեղօրաշուշան):
  • Ավելացնում են կոմպոստին:

Ոսկրալյուրը ամենաունիվերսալ պարարտանյութերից է: Այն կիրառելի է գործնականում բոլոր բույսերի համար:
Որքան մեզ հայտնի է, Հայաստանում ոսկրալյուր չի արտադրվում, իսկ ներմուծվողը նախատեսված է անասնակերերի հավելման համար:
Որպես պարարտանյութ, տարածված չէ:

Հոդվածում, թարգմանաբար օգտագործվել են նյութեր այս սկզբնաղբյուրից:
Ուշադրություն. Հայաստանում ոսկրալյուր (որպես օրգանական պարարտանյութ) արտադրողներին կամ ներկրողներին "Պարտիզակը" իր էջերում սիրով տեղ կտրամադրի ապրանքի գովազդի կամ վաճառքի համար: Գրեք մեզ, եթե ցանկանում եք:

Ձկնալյուր

Ձկնալյուրը արտադրվում է չորացված և մանրեցված ձկան թափոններից, ծովային կաթնասունների թափոններից, խեցգետնակերպերից, ինչպես նաև այլ ծովամթերքի թափոններից:
Ձկնալյուրի մոտավոր կազմը հետևյալն է.

  • Հում պրոտեին — 59-63%;
  • Ճարպ — 5-9 %;
  • Ջուր 5-9%;
  • Կալցիում — 5-7%;
  • Ազոտ — 4-10%;
  • Լուսածին (Ֆոսֆոր) -3%:

Ոսկրալյուրի համեմատ, ձկնալյուրն ավելի շատ ազոտ է պարունակում՝ 4-10% (ոսկրալյուրը՝ 1-4%):
Որպես օրգանական պարարտանյութ, ձկնալյուրով կարելի է բույսերը սնուցել վեգետացիոն ողջ շրջանում:
dzknalyur
Ձկնալյուրը հարուստ է լուսածինով (ֆոսֆոր), ուստի այն օգտակար է դրա կարիքն ունեցող հետևյալ բույսերի համար:

  1. Կարտոֆիլը լուսածինի մեծ կարիք ունի և դրա պակասության դեպքում նկատելիորեն ազազում է: Կարտոֆիլը ցանելու տեղում ձկնալյուրը խառնում են հողի հետ՝ 100 գ մեկ քառակուսի մետրին, կամ լցնում են տնկափոսի հողախառնուրդի մեջ (1-2 ճաշի գդալ):
  2. Ձկնալյուրի ազդեցությամբ լոլիկը ավելի բերքատու է դառնում, իսկ պտուղները պինդ են ու քաղցր: Որոշ այգեգործներ, իմանալով լոլիկի այդ “սիրո” մասին, սածիլը հիմնական տեղ տեղափոխելիս ամբողջական ձկնիկներ են դնում տնկափոսի մեջ: Իսկ ձկնալյուրով սնուցելու չափաբաժինը հետևյալն է՝ 1-2 ճաշի գդալ ամեն թփի համար:

Ձկնալյուրով կարելի է սնուցել ցանկացած բույս, ողջ սեզոնի ընթացքում:
Որքան մեզ հայտնի է, Հայաստանում ձկնալյուր չի արտադրվում, իսկ ներմուծվողը նախատեսված է անասնակերերի հավելման համար:
Որպես պարարտանյութ, տարածված չէ:

Հոդվածում, թարգմանաբար օգտագործվել են նյութեր այս սկզբնաղբյուրից:
Ուշադրություն. Հայաստանում ձկնալյուր (որպես օրգանական պարարտանյութ) արտադրողներին կամ ներկրողներին "Պարտիզակը" իր էջերում սիրով տեղ կտրամադրի ապրանքի գովազդի կամ վաճառքի համար: Գրեք մեզ, եթե ցանկանում եք:

Սիդերատներ

Սիդերատները բույսեր են, որոնք աճեցվում են հիմնական կուլտուրայից առաջ կամ կողքին՝ հողը հարստացնելու, օգտակար նյութերով հագեցնելու և հողի կառուցվածքը բարելավելու նպատակով: Հաճախ սիդերատներին կոչում են կանաչ պարարտանյութ:
Որպես կանոն, սիդերատները արագ կանաչ զանգված են ձևավորում, որը հնձվում և թողնվում է հողի վրա որպես պաշտպանիչ շերտ կամ խառնվում է հողի հետ որպես սնունդ: Իսկ հողի մեջ մնացած արմատները որոշ ժամանակ անց փտում են հարստացնելով հողը ու միևնույն ժամանակ ծակոտկեն ու ջրա-օդաթափանց դարձնելով այն:
Միևնույն ժամանակ սիդերատները, իրենց թփերով ստվերելով գրունտը և հզոր արմատներով ճնշում են մոլախոտերին:
Բացի այդ սիդերատները բարենպաստ կենսապայմաններ են ստեղծում օգտակար միկրոօրգանիզմների, որդերի և այլ մանր միջատների համար, իսկ հնձվելուց հետո լավ կեր են դառնում:
Կան նաև շատ սիդերատներ, որոնք այլ մշակաբույսերի կողքին աճելով, իրենց արտադրություններով բարենպաստ ազդեցություն են ունենում դրանց վրա կամ վանում են վնասատուներին:
Սիդերատների՝ մարգերի ազատվելուց հետո իրականացված աշնանացանը պաշտպանում է հողը քամու և ջրային էրոզիայից, նպաստում են ձյան կուտակմանը, ինչը պաշտպանում է հողը ցրտահարումից:
Եթե հողը խիստ անբերրի է, ապա խորհուրդ է տրվում մեկ տարի այն ցանել միայն սիդերատներով՝ անընդհատ հնձելով ու նոր ցանք կատարելով: Մնացած դեպքերում սիդերատներ ցանում են հիմնական մշակաբույսերից առաջ, հետո կամ կողքին:

Սիդերատները, ըստ գործառույթի, կարելի է բաժանել հետևյալ խմբերի
  • մթնոլորտից ազոտի կորզում և կուտակում – լոբազգիներ;
  • ֆոսֆատների փոխակերպում դյուրայուրացվելի ձևերի – լոբազգիներ, մանանեխ, հնդկացորեն;
  • ազոտի կորզում հողից, հողի հանքայնացումից պաշտպանություն – խաչածաղկավորներ, հացահատիկայիններ;
  • հողի փխրեցում մեծ խորությամբ – մանանեխ, բողկ, լուպին, կորնգան, հնդկացորեն;
  • պաշպանություն նեմատոդներից – լոբազգիներ, արևածաղիկ, ֆացելիա:

Սիդերատներն ըստ ընտանիքների

Լոբազգիներ
Գաղտրիկազգիներ
Ֆացելիա (Phacelia, Фацелия, լատ.` Phacelia)
Խաչածաղկավորներ
Հացահատիկայիններ
Հնդկացորենազգիներ
Հնդկացորեն (Fagopyrum, Гречиха, լատ.՝ Fagopyrum)
Աստղածաղկազգիներ
Հավակատարազգիներ
Հավակատար (Amaranth, Амарант, լատ.՝ Amaranthus)
Հնդկոտեմազգիներ
Հնդկոտեմ (Nasturtium, Настурция, լատ.՝ Tropaeoium)
Հղումներ

Բույսերի սնուցում թռչնաղբի լուծույթով

Թռչնաղբը (թռչունների ծերտը) բարձրակարգ ու լիակազմ օրգանական պարարտանյութ է, օգտակար նյութերի կազմով ոչնչով չի զիջում և նույնիսկ գերազանցում է հանքային պարարտանյութերին: Օգտակար նյութերով առավել հարուստ են  հավերի և աղավնիների թռչնաղբերը:
Առանց մշակման թռչնաղբը կարելի է խառնել հողի հետ ուշ աշնանը, երբ չկա բույսերի արմատները այրելու վտանգ:
Ավելի հաճախ թռչնաղբը օգտագործում են դրա ջրային լուծույթով բույսերը սնուցելու համար: Լուծույթ պատրաստելու համար տակառի կամ դույլի 1/3-ի չափով լցնում են թռչնաղբ, 2/3-ի՝ ջուր: Լուծույթը լավ խառնում են և թողնում 2-4 օր “եփվելու”: Ջրելուց առաջ լուծույթին խառնում են 3-4 անգամ ավելի ծավալով ջուր: Ջրում են մոտավորապես 1,5 լ լուծույթ 1 քմ մակերեսին հաշվարկից ելնելով:
Ըստ նոր հետազոտությունների, լուծույթը 2-4 օր “եփելու” անհրաժեշտություն չկա: Խորհուրդ է տրվում անմիջապես օգտագործել լուծույթը:

Հավելյալ տեղեկություններ
  • Մեկ հավից միջին հաշվով, տարեկան կարելի է հավաքել 5-6, բադից՝ 8-9, սագից՝ 10-11 կգ թռչնաղբ:
  • Հատիկով կերակրվող թռչունների՝ հավ, աղավնի, հնդկահավ, թռչնաղբն ավելի շատ ազոտ և ֆոսֆոր է պարունակում, քան առավելապես խոտով սնվող թռչուններինը:
  • Թռչնաղբի մեջ ազոտի, ֆոսֆորի և կալիումի պարունակությունը կախված է թռչնի ստացած կերի որակից և քանակությունից:

Որդակոմպոստը (կենսահումուս) ջերմատներում

Որդակոմպոստն իդեալական հումք է ջերմոցների համար: Պատճառն այն է, որ ջերմոցների հողախառնուրդը շահագործվում է մեծ ինտենսիվությամբ ու անընդմեջ այնպես, որ չի հասցնում ինքնավերականգնվել եւ ամբողջությամբ դեգրադացվում է 2-3 տարվա ընթացքում, հիմնականում կորցնում է բերիությունը եւ պահանջվում է հողախառնուրդի փոփոխություն: Ուրիշ հարց է, երբ հողը պարարտացվում է կենսահումուսով: Եթե հողը բաղկացած է միայն որդակոմպոստից, այն շահագործվում է առանց հանքային պարարտանյութերի ու պեստիցիդների, որոնք քայքայում են հումուսը, ապա հողը երբեք չի դեգրադացվում, ամբողջությամբ  հողի փոփոխություն չի պահանջվում, չի պարունակում վնասատուներ (նեմատոդներ), հիվանդածին բակտերիաներ, միկրոբներ, հողի գերխոնավացում տեղի չի ունենում: Որդակոմպոստի օգտագործման գլխավոր խանգարող հանգամանքը հանդիսանում է սկզբնական բարձր արժեքը: 1մ3 որդակոմպոստը 6մ լայնության ջերմոցի դեպքում բավարարում է 2մ երկարության, 20սմ հաստության հողաշերտի ստեղծում: 20սմ հողաշերտից հետո պետք է լինի դրենաժային շերտ: Քանի որ ջերմոցներում մարգեր են պատրաստում, ապա 1մ3-ը  բավականացնում է 1 մարգի, որը լինում է 0.6 մ լայնությամբ, 20 սմ հաստությամբ եւ 8.3 մ երկարությամբ:
Սածիլների աճեցումը: Որդակոմպոստի մեջ ցանված սերմերը  ծլում են 10-12 օր ավելի շուտ, քան ավանդական եղանակով ցանվածները: Գործնթացի արագացման համար պատրաստվում է հեղուկ պարարտանյութ.1կգ որդակոմպոստը խառնել 10լ ջրի հետ, թողնել 1 օր, ժամանակ առ ժամանակ խառնել, օգտագործել ջրելու եւ ցողելու ձեւով` շաբաթական 1 անգամ: Հեղուկ պարարտացումն օգտագործվում է ինչպես սածիլների աճեցման, այնպես էլ  բանջարեղենի վեգետացիայի ամբողջ ընթացքում, շաբաթական 1 անգամ` օրվա լուսավոր ժամերին:
Արդեն գործող ջերմատներում վատ հողախառնուրդի դեպքում ամեն բույսի տակ լցվում է100-150 գր որդակոմպոստ (կարելի է եւ ավելի շատ, վերին սահման գոյություն չունի), ամիսը 1-2 անգամ, հերթափոխելով տերեւային հեղուկ սնուցմանը:Տարբերությունը  շուտ է երեւում,համարյա 1-2 օրում: Ինֆեկցիաների վտանգ  չկա, քանի որ որդակոմպոստը չի պարունակում հիվանդածին բակտերիաներ:
Բույսերի հասունացման ժամանակը ծլելուց հետո.
•չինական կաղամբ` 2-3 շաբաթ, մաղադանոս, կոտեմ,կանաչ սոխ, սամիթ, նեխուր`7-10 օր
•վարունգ – արագացնում է 2 շաբաթով, անկախ սորտից
•լոլիկ – արագացնում է 2-3 շաբաթով, անկախ սորտից
Բերքատվությունն ավելանում է 2-3 անգամ,ավանդական մեթոդի հետ համեմատած, բանջարեղենը ունենում է վառ գունավորում, լավ արտահայտված բույր ու համ, ինչն ավելի գրավիչ է գնորդների համար:
Ժամանակն է անցնելու էկոլոգիապես մաքուր գյուղա-տնտեսությանը, որն օգտակար է թե’ մարդու, ու թե’ կենդանական աշխարհի համար, թե’ ամբողջ բնության ու երկրագնդի համար:
  Աշխարհի շատ երկրներում ու արդեն Հայաստանում եւս, թեպետ քիչ, բայց զբաղվում են էկոլոգիապես մաքուր գյողատնտեսությամբ:
   Ցանկալի է, որ գյուղատնտեսության այս ճյուղը եւս զարգանա  Հայաստանում: Բացի մարդու ու բնության օգտակարությունից, այն նաեւ շահավետ է, քանի որ էկոլոգիապես մաքուր միրգ ու բանջարեղենը 1.5-2 անգամ ավելի բարձր գին ունի, ինչը շահավետ է ֆերմերների համար:

http://aragatsotn.agro.am/

Հարգելի այցելու, Պարտիզակի առցանց կրպակում վաճառվում է կենսահումուս պատրաստված ձիու գոմաղբից՝ 2,5կգ, 10լ և 20լ տոպրակներով:

և նույն կենսահումուսից պատրաստված լուծույթ 1 լիտրանոց պլաստիկ շշով:

  • Բարձրացնում է սերմերի ծլողունակությունը;
  • Խթանում է բույսերի արմատների  զարգացումը;
  • Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը;
  • Խթանում է բույսերի աճը;
  • Ամրացնում է բույսերի իմունային համակարգը;
  • նվազեցնում է նիտրատների քանակը պտուղների մեջ;
  • Խոչնդոտում է ծանր մետաղների և ռադիոնուկլեիդների մուտքը բույսի մեջ;
  • Մեծացնում է շագարների և սպիտակուցների պարունակությունը պտուղների և բանջարեղենի մեջ;
  • Վերացնում է խլորոզը, խթանում է բույսերի ծաղկումն ու պտղաբերությունը: