Category Archives: Սենյակային բույսեր

Ֆիկուսի տեսակները

Ֆիկուսը (Ficus, Фикус) թթազգիների ընտանիքի (Moraceae) բույսերի ցեղ է: Հաշվվում է մոտ 850 ֆիկուսի տեսակ: Մեծամասամբ մշտադալար բույսեր են, կան նաև տերևաթափ տեսակներ:
Ֆիկուս ցեղի ամենից հայտնի բույսերն են՝
Թզենի սովորական (Fig tree, Фикус карика, Инжир, Ficus carica):
Թզենին պատկանում է թթազգիների ընտանիքին: Մերձարևադարձային պտղատու ծառ է` 6-10 մետր բարձրությամբ: Ունի հզոր ճյուղավորված արմատային համակարգ: Տերևները խոշոր են, հերթադիր, բլթակավոր, արտաքինից մուգ կանաչ, ստորին մակերեսից բաց գունավորված, խավապատ։ Ունեն յուրահատուկ հոտ, պոկելիս նկատվում է կաթնահյութի արտահոսք։
Թզենու պտղաբույլերը ուտելի են, դեղնավուն, մուգ մանուշակագույն կամ կարմրավուն են: Թզենին ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին:
Հանդիպում է Միջերկրական ծովին հարող մի շարք երկրներում, ինչպես նաև Իրանում, Կովկասում, Ղրիմում, Միջին Ասիայում: Հայաստանում հանդիպում է Սյունիքում, Տավուշում, Լոռիում, այլ հիմնականում ցածրադիր վայրերում, գետահովիտներում։ Ապրում է 150—200 տարի։ Ջերմասեր բույս է. ցրտահարվում է -20°C-ից ցածր ջերմաստիճանների դեպքում։

 Խնամքը

  • Լուսասեր է, չի սիրում կեսօրի արևի ուղիղ ճառագայթները;
  • Օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը ամռանը՝  +16 ºC – +20 ºC է,  ձմռանը՝  +6 ºC – +10 ºC.
  • Ամռան շոգին ջրով հաճախակի ցողման կարիք ունի։

Ֆիկուս կաուչուկաբեր (անգլ.՝ Rubber fig, ռուս.՝ Фикус каучуконосный, լատ.՝  Ficus elastica):
Գեղեցիկ սենյակային բույս է՝ մեծ, հաստ, 20-30 սմ երկարությամբ, ըստ ենթատեսակի, մուգ կանաչ կամ խայտաբղետ տերևներով:
Սովորաբար սենյակային պայմաններում կաուչուկաբեր ֆիկուսը չի ճյուղավորվում, տերևներն աճում են բնից, իսկ բունը, լավ խնամքի դեպքում կարող է հասնել մինչև 2 մետր բարձրության։
Արագաճ է, գարնան սկզբից մինչ խոր աշուն շաբաթական մեկ տերև է ավելացնում։

Խնամքը

  • Գերադասում է պայծառ, ցրված լուսավորություն;
  • Սիրում է չափավոր ջերմ միջավայր՝ +20 – +25 ºC, ձմռանը ոչ նվազ +15 ºC-ից;
  • Ջրում են հողը չորանալուն պես։

Մանրամասներ ==>

Ֆիկուս բենջամինա (անգլ․՝ Weeping fig, ռուս․՝ Фикус бенджамина, լատ․՝ Ficus Benjamina): Բարակ, խոնարվող ընձյուղներով  և ձվաձև, սրածայր տերևներով մշտադալար ծառ է:  Կան թե՛ կանաչ տերևներով, թե՛ խայտաբղետ տեսակներ:
Բնական պայմաններում հասնում է մինչև 25 մետր բարձրության, տարածված է Հնդկաստանում, Չինաստանում, Հարավարևելյան Ասիայում և Ավստրալիայի հյուսիսում:
Ֆիկուս բենջամինան ամենատարածված սենյակային բույսերից է: Լայնորեն օգտագործվում է ֆիտոդիզայնում և կանաչապատման համար:

Խնամքը

  • Պետք չէ հաճախ ջրել;
  • Չի սիրում կեսօրի արևի ուղիղ ճառագայթները;
  • Կախված տերևների կանաչ կամ խայտաբղետ լինելուց, կարող է աճել թե՛ կիսաստվերում, թե՛ պայծառ լուսավորության ներքո։

Մանրամասներ ==>
Ֆիկուս քնարատերև (Fiddle-leaf fig, Фикус лировидный, Ficus lyrata): 
Ունի քնարաձև, հաստ, մի քիչ կնճռոտ, մինչև 60 սմ երկարությամբ, մուգ կանաչ տերևներ:
Գորշ-շագանակագույն բունը անհարթ է, օդային արմատներ կամ չունի, կամ դրանք շատ քիչ նշմարելի են։

Խնամքը

  • Խոնավասեր է;
  • Չի սիրում կեսօրի արևի ուղիղ ճառագայթները;
  • Զգայուն է օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումների նկատմամբ։

Ֆիկուս Ռետուզա (Фикус Ретуза, Фикус притупленный, Ficus Retusa)։
Այս բույսը շատ նման է և հաճախ շփոթում են  Ֆիկուս միկրոկարպայի հետ։ Շնորհիվ բնի յուրահատուկ տեսքի, հիմնականում աճեցվում է որպես բոնսայ։ Կանաչ տերևները քիչ երկարավուն ու փայլուն են։ Լավ ճյուղավորվում է, ինչը լայն սաղարթի տպավորություն է ստեղծում։

Խնամքը

  • Սիրում է պայծառ լուսավորություն, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթներ։
  • Ամռանը պետք է հաճախակի ջրել և խոնավ պահել ծաղկամանի հողը։
  • Օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթն է՝  +15 ºC до +25 ºC։

Ֆիկուս միկրոկարպա  Ֆիկուս միկրոկարպան (անգլ․՝ Chinese banyan, Malayan banyan, Indian laurel, ռուս․՝  Фикус микрокарпа, Фикус генсенг, լատ․՝ Ficus microcarpa) տնային պայմաններում աճեցվող թթազգիներից ամենաինքնատիպն է։ Հիմնականում աճեցվում է որպես բոնսայ։
+ 18 °С – +25 °С-ը օդի ամենահարմարավետ ջերմային ռեժիմն է, իսկ ձմռանը օդի ջերմաստիճանը պետք է չնվազի +15 °С-ից։
Մանրամասներ ==>

Ֆիկուս լեռնային (Mountain fig, Фикус горный, Ficus glumosa):
Լեռնային ֆիկուսը սողացող թուփ է, տնային պայմաններում աճեցվում է որպես ամպելային բույս։ Տերևներն իրենց ձևով հիշեցնում են կաղնու տերևները, կանաչ են ու մի քիչ անհարթ։ Հասնում են մինչև 8 սմ երկարության և 4 – 4,5 սմ լայնության։ Շյուղերը բարակ են, կանաչաշագանակագույն։

Խնամքը

  • +17 ºC – +22 ºC օդի ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթն է;
  • Սիրում է կիսաստվեր և ցրված լուսավորություն։
  • Ամռանը ջրում են առատ, ձմռանը՝ չափավոր։

Ֆիկուս դելտանման (Фикус Дельтовидный, Ficus Deltoidea):
Անվանումը կապված է այս բույսի տերևների ձևի հետ, դրանք արտաքինից նման են հունական դելտա (Δ) տառին, այսինքն 4-8 սմ բարձրությամբ և մինչև 7 սմ հիմքով եռանկյունու նման են։ Տերևները հաստ, բաց-կանաչավուն են ու պսպղուն։ Վերին երեսին դրանք ունեն մանր, բաց գույնի կետեր, իսկ հակառակ կողմում՝ մի քնի սև կետեր։ Բնի կեղևը գորշ կամ բաց գորշ գույնի է։ Գնդաձև պտուղները կարող են դեղին, նարնջագույն կամ կարմիր լինել։

Խնամքը

  • Օդի ամենահարմարավետ ջերմությունը՝ +16 ºC – +23 ºC;
  • Խոնավասեր է, ջրով ամենօրյա ցողման կարիք ունի;
  • Լուսասեր է, գերադասում է պայծառ, ցրված լուսավորություն։

Ֆիկուս գաճաճ (Creeping fig or Climbing figФикус карликовыйFicus pumila):
Ֆիկուսի այս տեսակը շատ է տարբերվում մյուսներից։ Գաճաճ ֆիկուսը ոչ ծառ է, ոչ էլ թուփ, այն խոտաբույս է, որը ունակ է արմատավորվել սեփական ընձյուղներով։ Ընձյուղները բարակ են, ճկուն են, պատված են առատ տերևածածկով։ Կախված ենթատեսակից, տերևները կարող են լինել կլոր կամ մի քիչ երկարավուն, բաց կանաչ գույնից մինչև մուգ կանաչ ու խայտաբղետ։

Խնամքը

  • Օդի տանելի նվազագույն ցածր ջերմաստիճանը +8 ºC է, իսկ ամենահարմարավետը՝ +25 ºC է;
  • Սիրում է արևի լուսաբացի և մայրամուտի արևի ուղիղ ճառագայթներն ու ցրված, պայծառ լույս ցերեկային մյուս ժամերին;
  • Ջրել առատ, թույլ չտալ որ հողն ամբողջովին չորանա։

Ֆիկուս Պարցելի (Фикус Парцелла, Ficus Parcellii):
Պարցելան երկարավուն, սրածայր տերևներով փոքրիկ ծառ է։ Տերևներն առանձնահատուկ են իրենց կանաչի վրա սպիտակ և դեղին բծերով կամ շերտերով։ Բունը լավ ճյուղավորված է, արագ է աճում։

Խնամքը

  • Ջերմասեր է  +18 ºC — +20 ºC։
  • Ամռանը պետք է ավելի հաճախ ջրել և ցողել տերևները։
  • Չի սիրում պայծառ լույս։
  • Չի սիրում միջանցքային քամիներ։

Ֆիկուս բաղեղանման (Фикус Плющевидный, Ficus Hederacea Roxb)
Ֆիկուսի այս տեսակը բոլոր առումներով նման է բաղեղին։ Թե տերևներն են նման, թե ունակ է փաթաթվելով բարձրանալ հենարանների վրա կամ կախվել ծաղկամանից։

Խնամքը

  • Հողը միշտ խոնավ պետք է լինի։
  • Լայն ծաղկաման է պետք։

Ֆիկուս սողացող (Variegated Rooting Fig, Фикус ползучий, Ficus Sagittata):
Փաթաթվող շիվերով ոչ մեծ թուփ է։ Տերևները կլորավուն են, անհարթ, կնճիռներով ու վառ կանաչ նախշերով։ Ունի հատուկ կպչուն ելուստներ, որոնց օգնությամբ կարող է կպնել ցանկացած մակերեսի։

Խնամքը

  • Սիրում է օդի մեղմ ջերմաստիճաններ։
  • Առատ ջրելն ու ցողելը բարեբեր ազդեցություն կունենան։

Ֆիկուս Ալիի կամ բինենդիյկի (անգլ.՝ Ficus Alii, Amstel King Tree, ռուս.՝ Фикус Биннендийка, լատ.՝ Ficus binnendijkii)
Ֆիկուսի այս տեսակը ունի նեղ ու երկար (մինչև 30 սմ), փայլուն մակերեսով տերևներ։ Կան նաև խայտաբղետ տերևնորով ենթատեսակներ։
Ալիի ֆիկուսը մշտադալար է, աճում է ինչպես ծառի, այնպես էլ թփի տեսքով։ Ծառակեղևը անհարթ է, սպիտակ բծերով բաց մոխրագույն է։

Խնամքը

  • Օդի հարմարավետ ջերմաստիճանային տիրույթը՝ +13 ºC – +25 ºC ;
  • Գերադասում է կիսաստվերը կամ ցրված մեղմ լուսավորությունը;
  • Շոգ եղանակին ջրում են երբ չորանում է հողի մակերեսը, իսկ ձմռանը՝ երբ չորանա ծաղկամանի ամբողջ հողը։

Ֆիկուս եռանկյունատերև (Фикус треугольный, Ficus triangularis):
Եռանկյունաձև հաստ տերևներով ոչ մեծ ծառ կամ թուփ է։ Ծառակեղևը շագանակագույն է, շիվերը ճկուն են։

Խնամքը

  • Օդի հարմարավետ ջերմաստիճանային տիրույթը՝ +16 ºC…+25ºC;
  • Խոնավասեր է, ջրով ցողվելու ամենօրյա կարիք ունի;
  • Չի սիրում արևի ուղիղ ճառագայթները։
Ficus rubiginosa variegata

Ֆիկուս ժանգոտ (Rusty fig or Port Jackson fig, Фикус ржаволистный, Ficus rubiginosa variegata):
Ֆիկուսի այս տեսակը արտաքնապես նման է կաուչուկաբեր ֆիկուսին, բայց ավելի կարճ տերևներ ունի։ Տերևները վերևից հարթ ու մուգ կանաչ են, իսկ ներքևից ժանգի գույն ու խորդուբորդություն ունեն։ Նկարում ժանգոտ ֆիկուսի խայտաբղետ ենթատեսակն է պատկերված։

Խնամքը

  • Օդի հարմարավետ ջերմաստիճանային տիրույթը՝ +16 ºC – +23 ºC ։
  • Խոնավասեր է։ Շուրջ տարին անհրաժեշտ է հաճախակի ցողել ջրով;
  • Սիրում է պայծառ, ցրված լուսավորություն։

Ֆիկուս սրբազան (Sacred fig, Фикус священный, Ficus religiosa)
Բնական պայմաններում աճում է որպես բանյան, իսկ սենյակային պայմաններում հաճախակի աճեցվում է որպես բոնսայ։ Ֆիկուս սրբազանը առանձնանում է հզոր բնով և գորշ  շիոերով։ Տերևները կանաչ են, հարթ սրտի նման։

Խնամքը

  • Չի սիրում արևի ուղիղ ճառագայթները, գերադասում է ցրված, պայծառ լուսավորությունը;
  • Չի սիրում օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ։ Օդի նվազագույն տանելի ջերմաստիճանը +12 ºC է։
  • Խոնավասեր է։ Շուրջ տարին անհրաժեշտ է հաճախակի ցողել ջրով։

Բենգալյան ֆիկուսը կամ Թզենի բենգալականը (Banyan, Banyan fig, Фикус бенгальский, Ficus benghalensis):
Բնական միջավայրում այս մշտադալար ֆիկուսը 30-40 մետր բարձության է հասնում, ունի խոշոր՝ մինչև 30 սմ երկարություն ունեցող տերևներ և հարթ բուն, գորշաշագանակագույն կեղեևով։ Աճում է “բանյան” ձևով՝ բարձրանում ու “թառում” է որևէ ծառի վրա, այնուհետև բաց է թողնում օդային արմատներ, որոնք հասնելով գետնին, հաստանում են և դառնում ծառի նոր բներ։
Բույսի պտուղներով սնվում են թռչունները և կաթնասունները: Սենյակային պայմաններում հասնում է մինչև 3 մետր բարձրության։

Խնամքը

  • Լուսասեր է, բայց չի սիրում արևի ուղիղ ճառագայթներ։
  • Սիրում է մեղմ կլիմա։ Ձմռանը ոչ ցածր +14 ºC, ամռանը՝ մինչև +30 ºC:
  • Ջրելը՝ չափավոր, ակտիվ աճի շրջանում մի քիչ ավելի հաճախակի։

Աֆրիկյան թզենի (African fig tree, Фикус Бокальчато-прилистниковый, Ficus Cyathistipula)
Այս տեսակը շատ նման է մյուս տեսակներին։ Ձգված, ձվաձև տերևները մինչև 20 սմ երկարություն ունեն և 7 սմ լայնք, կանաչ են, հաստ։
Բայց կա մեկ առանձնահատկություն՝ այս բույսն ունի խոշոր շագանակագույն, թեփուկավոր կոթատերևիկներ։
Պտուղները դեղին են և ուտելի։

Խնամքի առանձնահատկությունները

  • Շատ դիմացկուն բույս է։ Ստվերադիմացկուն է։
  • Իրեն լավ է զգում օդի թե՛ բարձր, թե՛ ցածր խոնավության դեպքում։

Ֆիկուս Պալմերի ( Фикус Пальмера, Ficus palmeri S. Wats):
Պալմերան կամ շշաձև ֆիկուսը տնային պայմաններում աճեցնում են որպես բոնսայ, չնայած, դրա յուրահատուկ տեսքը գործնականում միջամտության կարիք չի առաջացնում։ Մուգ կանաչ տերևները սրտանման են և պսպղուն են արևի տակ։

Խնամքը

  • Այս բույսն ունակ է ջուր կուտակել բնի մեջ, ուստի հաճախակի ջրելու կարիք չկա։
  • Ջերմասեր է։ Դանդաղ աճող է։

ficus_pseudopalmaՖիկուս կեղծ արմավենի (Philippine fig, Dracaena fig, Palm-leaf fig, Фикус псевдопальма, Ficus pseudopalma):
Արտաքինից իսկապես նման է արմավենուն, ունի մերկ, երկար բուն և տերևների փունջ գագաթին։ Բնութայն մեջ հասնում է մինչւ 9 մ  բարձրության, իսկ տերևները մինչև 1 մետր երկարություն և մինչև 15 սմ լայնք կարող են ունենալ։
Պտուղներն ուտելի են, բայց համով չեն։

Հղումներ

Որ բույսերն աճեցնել խոհանոցում

Ամեն բույս չէ, որ իրեն հարմարավետ կզգա տան խոհանոցում, որտեղ հաճախ են փոխվում ջերմությունն ու խոնավությունը: Կա նաև օդը մաքրելու խնդիրը: Բացի այդ, շատ հարմար է երբ ձեռքի տակ միշտ համեմունքներ են աճում:
Այս հոդվածով Ձեզ ենք ներկայացնում այն բույսերը, որոնք հարմար է աճեցնել խոհանոցում: Ցուցակը բաժանել ենք 3 խմբերի՝

  • դեկորատիվ բույսեր;
  • պտղատուներ;
  • համեմունքներ:

Դեկորատիվ բույսեր

Impatiens

Հինածաղիկ (Бальзамин, Недотрога Уоллера, Impatiens walleriana)

Պտղատուներ

Processed By eBay with ImageMagick, z1.1.0. ||B2

Մանդարին (Mandarin, Мандарин, Citrus reticulata)

orange_tree_1

Նարնջենի (Orange tree, Апельсиновое дерево)

grapefruit_tree_1

Թուրինջենի (Grapefruit, Грейпфрутовое дерево)

Համեմունքներ

ԳԼԱՆԱՁԵՎ ՕՊՈՒՆՑԻԱ

Աուստրո-ցիլինդրոպունցիան կամ Գլանաձև օպունցիան (անգլ.՝ Austro-cylindropuntia, ռուս.՝ Аустроцилиндропунция или Цилиндрическая опунция, լատ.՝ Austrocylindropuntia) կակտուսների ընտանիքին պատկանող բազմամյա սենյակային բույս է:

Բնական պայմաններում աճում է Արգենտինայում, Բոլիվիայում, Էկվադորում և Պերույում՝ սարերում և կիսաանապատներում, ծովի մակերևույթից 1000-3500 մ բարձրության վրա:

Կենսաձևը՝
Սուկուլենտ, կակտուս
Ընտանիքը՝
Կակտուսներ
Հայրենիքը՝
Հարավային Ամերիկա
Աճեցման բարդությունը՝
Հեշտ աճեցվող
Չափսերը՝
բարձրությունը՝ 15-70 սմ
Աճի արագությունը՝
Միջին՝ տարեկան մի քանի սմ
Երկարակյացությունը՝
Բազմամյա է
Օդի ջերմաստիճանը՝
Ամռանը՝ + 25-35 °С,
Ձմռանը՝ նվազագույնը +4,5°С
Կարող է կարճ ժամանակ դիմանալ -3°С ցրտահարությանը, կայուն է շոգի և լուսամուտից փչող սառը օդի նկատմամբ:
Օդի խոնավությունը՝
Ցածր: Ցողել պետք չէ՝ վատ է տանում թրջվելը:
Լուսավորությունը՝
Պայծառ արև, արևի ուղիղ ճառագայթներ, կիսաստվեր
Հողախառնուրդը՝
Կարելի է գնել սուկուլենտների համար  նախատեսված պատրաստի հողախառնուրդ և մի քիչ ավազ ավելացնել (рН 6,1-7,8):
Ինքնուրույն պատրաստելու համար խառնում են՝
– 3 մաս խոշոր ավազ կամ պերլիտ;
– 2 մաս ճմահող;
– 2 մաս փտած գոմաղբ կամ տերևային բուսահող;
– 2 մաս տորֆ:
Անհրաժեշտ է լավ դրենաժ ապահովել:
Ջրելը՝
Մինչև հաջորդ ջրելը հողի վերին շերտը պետք է հասցնի չորանալ: Ամռանը առատ են ջրում՝ շաբաթը մեկ անգամ, մնացած եղանակներին՝ ամսական 2-3 անգամ:
Խորհուրդ է տրվում ջրել ժամը 18-ից հետո:
Ծաղկամանի տակդիրում կուտակված ջուրը պետք է թափել:
Սնուցումը՝
Աճի ժամանակ, ամսական 1 անգամ սնուցում են կակտուսների համար նախատեսված պարարտանյութով:
Բազմացումը՝
Ընձյուղներով, որոնք պոկում են, մի քիչ թողնում, որ չորանա, այնուհետև խրում են խոնավ ավազի մեջ՝ որպեսզի արմատակալի:
Սերմերով բազմացումը հնարավոր է, բայց բավականին բարդ է: Սերմերը պետք է անցնեն 1,5 ամսվա ստրատիֆիկացիա և ցանելուց առաջ լավ թրջվեն: Ցանում են տորֆի և ավազի խարնուրդի մեջ՝ ծածկելով թափանցիկ թաղանթով: Ամեն օր օդափոխում են և ցողում ջրով: Սերմերը ծլում են 3 ամսվա ընթացքում:
Ծաղկելը՝
Աստղաձև ծաղիկները վարդագույնից մանուշակագույն երանգ ունեն: Ծաղկում է ուշ գարնանը, կամ վաղ ամռանը:
Տեղափոխումը՝
Այլ ծաղկամանի մեջ տեղափոխում են 2-3 տարին մեկ: Տեղափոխելիս փտած կամ վնասված արմատները հեռացնում են:
Չի կարելի տեղափոխել ծաղկած բույսը:
Խնամքի առանձնահատկությունները՝
Պետք է զգուշանալ բույսի փշերից:
Հաճախակի օդափոխության կարիք ունի:
Բարդություններ՝
Շատ հազվադեպ է ենթարկվում վնասատուների հարձակմանը: Երբեմն ալրատիզեր կարող են հայտնվել: Ցածր ջերմաստիճանների և հողի չափազանց խոնավության դեպքում, հնարավոր է արմատների փտում:
Լուսավորության պակասի արդյունքում բույսը շատ բարակ, ծուռումուռ ընձյուղներ է ունենում:
Օդը մաքրելու հատկությունը՝
Չունի
Թունավորությունը՝
Թունավոր չէ

Բնական պայմաններում Գլանաձև օպունցիան սովոր է շոգին և արևահարությանը: Տանը կարելի է տեղադրել հարավային պատուհանի գոգին, իսկ ամռանը դուրս բերել բաց երկնքի տակ: Ձմռանը կարող է արհեստական լուսավորության կարիք առաջանալ: Ձմռանը բույսին անհրաժեշտ է հանգստի ռեժիմ ապահովել:

Վնասատուները՝

Հղումներ

Իշկաթնուկ Միլիուսի

Միլիուսի իշկաթնուկը (անգլ.՝ Crown of thorns, Christ plant, Christ thorn, ռուս.՝ Молочай Милиуса, լատ.՝ Euphorbia milii) իշկաթնուկների ընտանիքին պատկանող բազմամյա, փշոտ թուփ է: Անգլերենում ու ռուսերենում այն հաճախ Փշե պսակ կամ Քրիստոսի պսակ են անվանում:

Միլիուսի Իշկաթնուկի արմատները մակերեսային էն, այնպես որ ծաղկաթաղարը պետք է լինի ոչ շատ խոր ու լայն տեսակի:
Սենյակային պայմաններում Միլիուսի իշկաթնուկը ծաղկում է երբ բարձրությունը հասնի 25 սանտիմետրի: Ամռանը պահանջում է լավ լուսավորվածություն, ջրարբիացում և սնուցում:
Ձմռանը օդի ամենահարմար ջերմաստիճանը +150C է:
Միլիուսի իշկաթնուկը հեշտությամբ բազմանում է կտրոններով: Հնարավոր է նաև սերմերով բազմացումը:

Միլիուսի իշկաթնուկի հիվանդություններն ու վնասատուները

Միլիուսի իշկաթնուկը կարող է ենթարկվել սարդոստայնային տիզի (паутинный клещ), ուտիճների (тля), թրիփսերի (трипс), վահանամիջատների (щитовка) հարձակմանը:
Չափից ավել խոնավության և ցածր ջերմաստիճանի դեպքում կարող են առաջանալ սնկային հիվանդություններ:

Հղումներ

Իշկաթնուկներ

Իշկաթնուկը (անգլ.՝ Spurge, ռուս.՝ Молочай, լատ.՝ Euphorbia) իշակաթնուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ է։ Բազմամյա խոտաբույսեր են, թփեր, հազվադեպ՝ ծառանման և միամյա: Ըստ տարբեր աղբյուրների ընդգրկում է 800 – 2000 տեսակ:

Կենսաձևը՝
Թուփ
Ընտանիքը՝
Իշկաթնուկազգիների
Հայրենիքը՝
Ամենից շատ տարածված են Աֆրիկայում
Աճեցման բարդությունը՝
Սովորաբար հեշտ է աճեցվում
Չափսերը՝
Ծառանման տեսակները հասնում են մինչև 3 մետր բարձրության, իսկ գնդաձևները՝ 15 սանտիմետրի
Աճի արագությունը՝
Ծառանմանների տարեկան աճը կարող է կազմել 20-25 սմ, իսկ գնդանմանները շատ դանդաղ են աճում
Երկարակյացությունը՝
Բազմամյա է
Օդի ջերմաստիճանը՝
Ամռանը՝ + 20-30 °С,
Ձմռանը՝ + 10-12 °С
նվազագույնը +5-6 °С
Օդի խոնավությունը՝
Ցածր: Ցողել պետք չէ՝ ջրի ընկնելը ճյուղերի և տերևների վրա վնասակար է: Զմռանը հեռու պահել ջեռուցող սարքերից:
Լուսավորությունը՝
Պայծառ արև, արևի ուղիղ ճառագայթներ: Սակայն խայտաբղետ տեսակները կարող են այրվածքներ ստանալ:
Հողախառնուրդը՝
1 բաժին ճմահող;
1 բաժին տորֆ;
1 փտած գոմաղբ;
1 բաժին ավազ:
Կարելի է մի քիչ էլ փայտի ածուխ խառնել:
Ապահովել լավ դրենաժ:
Ջրելը՝
Մինչև հաջորդ ջրելը հողի վերին շերտը պետք է հասցնի չորանալ: Ամռանը ջրել շաբաթը մեկ անգամ, գարնանը և աշնանը 15 օրը մեկ, իսկ ձմռանը՝ ամիսը մեկ անգամ:
Սնուցումը՝
Գարնանից-աշուն, ամիսը մեկ անգամ, կակտուսների համար նախատեսված հեղուկ պարարտանյութով:
Բազմացումը՝
Գագաթային կտրոններով: Կտրում են մոտ 12 սմ երկարությամբ և 4-5 տերև ունեցող կտրոններ: Պետք է կտրոնը 2-3 օր թողնել որպեսզի կտրվացքի տեղը պաշտպանիչ թաղանթ առաջանա: Կաթնահեղուկի հոսքը դադարեցնելու համար կտրոնը մի քանի րոպեով թաթախում են տաք ջրի մեջ: Կտրած տեղը կարելի է փոշոտել ակտիվացված ածուխի փոշիով:
Կտրոնը տնկում են տորֆի և ավազի խարնուրդի մեջ և տեղադրում լուսավոր վայրում: Աճեցնում են ոչ նվազ քան +20°С օդի ջերմաստիճանի պայմաններում:
Սերմերով բազմացնում են գնդանման իշկաթնուկները: Սերմերը ցանում են ավազի և տերևային բուսահողի խառնուրդի մեջ, աճեցնում են լուսավոր տեղում +18°С ջերաստիճանային պայմաններում:
Ծաղկելը՝
Ծաղկելը երբեմն տևում է մի քանի ամիս: Ինքնափոշոտում չի լինում, ուստի սերմեր ստանալու համար անհրաժեշտ է կողք-կողքի մի քանի բույսեր աճեցնել:
Տեղափոխումը՝
Գարնանը՝ ամեն տարի:
Խնամքի առանձնահատկությունները՝
Գարնան սկզբին շատ ձգված բույսերը կարելի է էտել ճյուղերի կեսի չափով:
Եթե Միլիուսի իշկաթնուկի տերևները թափվում են, այլևս նորերը չեն աճում՝ այդպիսի ընձյուղները ավելի լավ է հեռացնել:
Բարդություններ՝
Ամենից հաճախ վնասվում է ալրատիզից, վահանամիջատից և սարդոստայնային տիզից:
Ցուրտ եղանակին շատ ջրելու հետևանքով, ինչպես նաև ջրի պակասությունից, ներքևի տերևները թափվում են: Նույնը կարող է տեղի ունենալ հողում լուսածնի պակասի դեպքում: Բույսը չի ծաղկում և մատղաշ տերևները թափվում են, եթե լույսի պակաս կա:
Օդը մաքրելու հատկությունը՝
Չունի
Թունավորությունը՝
Որոշ տեսակներ վնասակար են կենդանիների համար, քանի որ թունավոր կաթնանման հյութ են արտադրում: Փշոտ բույսերը պետք  է երեխաներից ու կենդանիներից հեռու պահել: Պետք չէ թույլ տալ, որ կաթնանման հեղուկն ընկնի լորձաթաղանթների կամ վերքերի վրա, քանի որ ուժեղ գրգռող է:
Հղումներ

Իշկաթնուկ տիրուկալի

Իշկաթնուկ տիրուկալի (անգլ.՝ Aveloz, Firestick plants, Indian tree spurge, Naked lady, Pencil tree, Pencil cactus, Sticks on fire կամ Milk bush, ռուս.՝ Молочай тирука́лли, լատ.՝ Euphórbia tirucálli), իշկաթնուկների ընտանիքին պատկանող բազմամյա ծառանման բույս է։ Լայնորեն տարածված է Հյուսիս-Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում, ինչպես նաև
Արաբական թերակղզում: Ժամանակին ներմուծվել է բազմաթիվ այլ արևադարձային երկրներ:
Խիստ ճուղավորված, ծառանման, 5-9 մետր բարձրության հասնող սուկուլենտ բույս է՝ գլանաձև, հարթ, կանաչ, 5-7 մմ հաստությամբ ճուղերով։ Հիմնականում գագաթներին աճող, թափվող տերևներն ունեն 6-12 մմ երկարություն, 1-1,5 մմ լայնք։ Ֆոտոսինթեզն հիմնականում իրականացվում է ճուղերում։ Ծաղիկները մանր են, դեղին գույնի։
Բույսի թանձր կաթի նման հյութը թունավոր է և կարող է մաշկի լուրջ այրվացքներ առաջացնել։ Աչքերի մեջ ընկնելիս կարող է սուր ցավ և մինչև 7 օր տևողությամբ կուրություն առաջացնել։ Եթե բույսի հյութը մտել է աչքի մեջ, աչքը պետք է 15 րոպե լվալ ջրով և դիմել բժիշկի։ Այրվածքների նշանները կարող են երևալ ավելի քան 12 ժամ անց։ Բույսի հյութը խմելու դեպքում, կարելի է ստանալ շուրթերի, բերանի և լեզվի այրվածքներ։ Գրանցվել են նաև մահացու դեպքեր։
Հայաստանում Իշկաթնուկ տիրուկալին կարող է աճեցվել որպես սենյակային բույս, բայց այդ պայմաններում այն չի ծաղկի կամ պտղաբերի։

Հղումներ

Բաղրջուկ

Բաղրջուկը (Չինական վարդ, անգլ․՝ Hibiscus, ռուս․՝  Гибискус, լատ․՝ Hibiscus) պատկանում է տուղտազգիների ընտանիքին: Բույսի հայրենիք համարվում են հարավային Չինաստանը և հյուսիսային Հնդկաստանը:

Բաղրջուկների ցեղը շատ մեծ է` 25 տեսակից ավելի: Դրանք ցածր ծառեր են, թփեր, խոտաբույսեր: Իրենց հայրենիքում օգտագործում են կահույք, նավակներ սարքելու,  իսկ ցողուններից մանրաթել պատրաստելու համար: Թելից գործում են պարկեր,  բրեզենտներ, ցանցեր, պարաններ, իսկ մնացորդներից պատրաստում են կոպիտ թուղթ, մեկուսիչ շինանյութեր:

Որոշ տեսակների մատղաշ շիվերն ու տերևները  տեղի բնակիչները օգտագործում են ճաշի մեջ` որպես բանջարեղեն:

Սենյակային պայմաններում հիմնականում աճեցնում են չինական վարդի Hibiscus rosa chinensis տեսակը, որը սովորաբար ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն, իսկ բարենպաստ պայմանների դեպքում` նույնիսկ ձմռանը:

Այս ցեղին պատկանող մյուս տեսակը՝ սիրիական բաղրջուկը մեր պայմաններում ազատ ձմեռում է բաց գրունտում և հանդիպում է ամենուրեք:

Չինական վարդը բազմացնում են կտրոններով` գարնանը, որոնք վերցնում են ճյուղերի ծայրերից, արմատակալեցնում և հետո տնկում 7-9 սմ-անոց թաղարներում:

Ամռան ընթացքում բույսը մի քանի անգամ պիտի սնուցել: Ձնռան ընթացքում բույսը պահում են 12-15 աստիճան ջերմության պայմաններում` խիստ պակասեցնելով ջրելը:

Աղբյուր` www.ankakh.com

Հղումներ

Քլորոֆիտում

Քլորոֆիտումը (անգլ.՝ Spider Plant, ռուս.՝ Хлорофитум, լատ.՝ Chlorophytum) ամենատարածված սենյակային բույսերից է: Դա զարմանալի չէ, քանի որ այն շատ արագ է մեծանում, ունի  կորացած գեղեցիկ տերևներ,  գարնանը ու ամռանը նրա բարակ ցողուններին հայտնվում են մանր սպիտակ ծաղիկներ, իսկ հետո փոքրիկ տերևների փունջ: Դրանք կարելի է  առանձնացնել և արմատակալել:  Քլորոֆիտումի  ճանաչված լինելու մյուս պատճառը նրա դիմացկունությունն է: Այս բույսը սիրում է ցրված, պայծառ լույս, բայց կարող է լավ աճել նաև կիսաստվերում:

Քլորոֆիտում փուփուլավորը` Chlorophytum comosus շատ երկրներում աճեցնում են ավելի քան 200 տարի: Կորացած տերևները գեղեցիկ փունջ են կազմում, երկար ծաղկատարների վրա աճում են դուստր տերևային փնջերը: Քլորոֆիտումը կարելի աճեցնել հոլերում կամ աստիճանավանդակներում, ինչպես նաև լողարաններում, եթե այնտեղ պատուհան կա:
 
Խնամքը
 
Ջերմաստիճանը` չափավոր: Ձմռանը  8°С-ից ոչ ցածր: Չնայած  դիմացկուն Քլորոֆիտումը չի մահանա ոչ բարենպաստ ջերմաստիճանի դեպքում, բայց դա կազդի նրա արտաքին տեսքի վրա: Սառը միջանցահովիկը կամ  չտաքացվող պատուհանի մոտ լինելը նրան կվնասի:
Լուսավորությունը` Պայծառ  ցրված լույս: Լավ է աճում արևմտյան կամ արևելյան  պատուհանների մոտ : Կարող է աճել նաև հյուսիսային պատուհանի մոտ , բայց մութ տեղում բույսը կորցնում է իր դեկորատիվ ու հաճելի տեսքը: Հարավային  պատուհանի մոտ անհրաժեշտ է մի փոքր ստվերել:
Ջրելը` հողը չորանալուց հետո, առատ, գարնանից մինչև աշուն:  Ձմռանը ջրել չափավոր:
Պարարտացնել` մարտ ամսից մինչև օգոստոս, երկու շաբաթը մեկ անգամ, ջրի մեջ լուծել հատուկ պարարտանյութեր նախատեսված դեկորատիվ-տերևավոր բույսերի համար:
Օդի խոնավությունը` ամռանը ժամանակ առ ժամանակ  տերևները ցողել կամ կազմակերպել գոլ ցնցուղ: Ցողելը անհրաժեշտ է, եթե բույսը գտնվում է ջեռուցող սարքի  մոտ:
Տեղափոխումը` ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին: Խոշոր բույսերը կամ հները տեղափոխում են երկու տարին մեկ, բայց սնուցում են ամեն տարի: Քլորոֆիտումը ունի մեծ հաստ արմատներ և նրանց մեծանալու դեպքում  թաղարը կարող է հատակից ճաքել,այդ պատճառով  նրա համար պատրաստում են ընդարձակ աման:
Բազմացումը` արմատակալում դուստր փնջերից, ինչպես նաև տեղափոխման ժամանակ անջատելով իրարից արմատները: Դուստր փունջը արմատակալում է ինչպես հողում, այնպես էլ ջրի մեջ:
 
WP_20170213_013
 

Առանց հողի, ջրի մեջ քլորոֆիտում աճեցնելը

Կամայական ձևի կավե,ապակյա կամ պլաստիկ անոթի մեջ լցնում են կերամզիտ, պերլիտ, խոշոր ավազ կամ մանր քարեր և տնկում քլորոֆիտումը։ Լցնում են թորած, իսկ դրա բացակայության դեպքում, հնեցված, քլորազերծ ջուր՝ այնան, որ միայն արմատները, իրենց երկարության մեկ քառորդով լինեն ջրի մեջ։
Տեղադրում են սենյակում կամ դրսում, արևի ուղիղ ճառագայթներից պաշպանված տեղում։ Խայտաբղետ տեսակներն ավելի շատ լույս են պահանջում։ Շաբաթը մեկ պետք է փոխել ջուրը և լվանալ բույսի արմատները։
Հղումներ

Լիմոն

Լիմոնը (անգլ.՝ Lemon, ռուս.՝ Лимон, լատ.՝ Citrus limon) սատապազգիների ընտանիքի ցիտրուս ցեղի մշտադալար մերձարևադարձային բույս է, որը վաղուցվանից աճեցվում է բնակարաններում։

Լիմոնի հայրենիքը Հարավարևելյան Ասիան է: Ավելի քան 1000 տարի առաջ լիմոնը Հնդկաստանից բերվել է Միջերկրականի ափեր, իսկ այնտեղից՝ Ամերիկա և Աֆրիկա:
Վայրի լիմոն մեր ժամանակներում այլևս չկա:

Հայաստանում սխալ կարծիք կա, իբր “կիտրոն”-ը “լիմոնի” հայերեն անվանումն է։ Իրականում դրանք տարբեր ցիտրուսային մրգեր են և չի կարելի լիմոնին (Citrus limon) կիտրոն (Citrus medica) անվանել։

Լիմոն աճեցնելը սենյակային պայմաններում

Ծաղկամանում աճեցված լիմոնի ծառը չի կարող հասնել բաց գրունտում աճած լիմոնի ծառի մեծությանը: Այնուամենայնիվ սենյակային պայմաններում նախընտրելի է աճեցնել լիմոնի այն տեսակները, որոնք ամենալավն են իրենց զգում ծաղկամանում։ Մասնավորապես, այդպիսիք են՝

  • Մեյեր տեսակի լիմոնի թզուկ տեսակը (Meyer Improved dwarf);
  • Լիսբոն տեսակը (Lisbon);
  • Պանդերոզա լիմոնի թզուկ տեսակը (Ponderosa dwarf)։

Խնամքը

Լուսավորությունը

Լիմոնին անհրաժեշտ է պայծառ լուսավորություն, սակայն առանձնապես երիտասարդ ծառերը պետք է պաշտպանել Արևի կզիչ ճառագայթներից: Սենյակում ամենահարմար տեղը հարավարևելյան պատուհանի գոգն է: Հյուսիսային պատուհանի գոգին, առանձնապես ձմռան ամիսներին,  լրացուցիչ լուսավորության կարիք կառաջանա, իսկ հարավային պատուհանագոգին կարիք կառաջանա փոքր ինչ ստվերելով պաշտպանել բույսը կեսօրի Արևի կիզիչ ճառագայթներից:

Օդի ջերաստիճանը

Գարնանը, երբ գոյանում են լիմոնի բողբոջները սենյակում պետք է լինի 14-16°С: Ավելի բարձր ջերմաստիճանը կարող է չորացնել բողբոջները ու դրանց թափվելու պատճառ դառնալ, իսկ ավելի ցածրը  կարող է դանդաղեցնել կամ ընդհանրապես կասեցնել բողբոջելը: Աճի մյուս փուլերում բարենպաստ է մինչև 26°С օդի ջերմությունը:

Զմռանը լավ կլինի ապահովել սենյակի օդի 10-14°С ջերմություն:

Օդի խոնավությունը

Խորհուրդ է տրվում լիմոնը մշտապես ցողել նախապես եռացված, գոլ ջրով։ Հատկապես կարևոր է դա անել ամռան շոգ օրերին և ձմռանը, եթե լիմոնի ծառը գտնվում է այն սենյակում, որտեղ տեղակայված են ջեռուցման սարքեր:

Էտելը

Լիմոնը էտում են ծառի գեղեցիկ սաղարթամաս ստանալու և ծառի բերքատվությունն ավելացնելու համար:

Երբ ծառը հասնում է գրունտից 20-25 սմ բարձրության, կողային ճյուղեր ստանալու նպատակով կենտրոնական ճյուղը քշտում են (կտրում են): Պետք է նկատի ունենալ, որ պտուղներ սկսում են գոյանալ միայն ներքևից հաշված 4-5 հարկի ճյուղերից սկսած: Այնպես  որ, քանի դեռ այդ ճյուղերը չկան, բերքի սպասելն անիմաստ է:

Ծառի համաչափ աճն ապահովելու համար, 10 օրը մեկ պատք է մի փոքր շրջել բույսը սեփական առանցքի շուրջ:

Ծառի սաղարթի ձևավորումն անում են նաև բերքը հավաքելիս: Պտուղը կտրում են ոչ միայն պոչի, այլ ճյուղի 2-3 հանգույցների հետ, ինչը խթանում է ճյուղի հետագա աճը:

Վնասատուները

Ցիտրուսայինների հիմնական վնասատուներն են՝

  • Վահանակիրը և կեղծ վահանակիրը (Diaspididae, Истинная и ложная щитовки);
  • Սարդոստայնային տիզը (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae);
  • Սպիտակաթևիկ (Белокрылка);
  • Ուտիճը (Aphid, Тля)։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

ԲՈՒՅՍԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՒ ԽՆԱՄՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ==>

Հղումներ

Ալտերնանթեր

Alternanthera brasiliana

Ալտերնանթեր (անգլ.՝ Alternanthera, ռուս.՝ Альтернантера, լատ.՝ Alternanthera) պատկանում է հավակատարազգիների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է։
Խիտ ճյուղավորվող, ծնկավոր, փխրուն ցողուններով, տարբեր նրբերանգներով, հակադիր տերևներով, 10-25 սմ բարձրություն ունեցող բազմամյա բույս է, որը գորգային բույսերի մեջ լավագույններից մեկն է համարվում։
Հողը՝ pH: 6,1-7,8 – պարարտ, թեթև, ավազակավային հողեր:
Ջրելը՝ չափավոր:
Լույսը՝ պայծառ լույս, կիսաստվեր:

Տեղը
Պայծառ գունավորված տերևներ ձևավորելու համար բույսին անհրաժեշտ է լավ լուսավորություն: Ստվերում աճող բույսի տերևները դալուկ են ու կանաչ:
Ալթերնանտը լավ է աճում սենյակային ջերմաստիճանին: Տաքերն ընկնելուց հետո խորհուրդ է տրվում բույսը տեղափոխել բաց երկնքի տակ՝ մինչև աշնանային ցրտերի սկսոելը:
Օդի ամենից հարմարավետ ջերմաստիճաններն են՝
ամռանը՝ +18 °С – +28 °С;
ձմռանը՝ ոչ ցածր +14 °С-ից:

Օդի խոնավությունը՝ չափավոր: Ձմռանը խորհուրդ է տրվում բարձրացնել խոնավությունը:
Խնամքը
Փետրվարից օգոստոս, 2-3 շաբաթը մեկ սնուցել ազոտի ցածր պարունակությամբ, կոմպլեքսային, հեղուկ պարարտանյութով և/կամ օրգանական պարարտանյութերով:
Լավ է տանում էտումը:
Երկու տարին մեկ տեղափոխում են ավելի մեծ ծաղկամանի մեջ: Լավ է աճում հավասար ծավալներով վերցված ճմահողից, տերևահումուսից, փտած գոմաղբից և ավազից (1:1:1:1) կազմված հողախառնուրդում:

Բազմացումը՝ կտրոններով, սերմերով:
Սերմերը ցանում են օդի +12+18 ջերմաստիճանի ժամանակ:
Սերմնաբույսերը կարող են այլ գույն ունենալ:
Կտրոններով բազմացման դեպքում՝

  • սուր դանակով, տերևահանգույցի տակից կտրելով պատրաստում են կտրոնները և հեռացնում ներքևի տերևները;
  • կտրոնները՝ մինչև առաջին տերևները խորացնելով, արմատակալման են դնում փակ գրունտում՝ ապրիլին;
  • արմատակալումն արագացնելու համար, կտրոնը ծածկում են բաժակով կամ ցելոֆանե տոպրակով;
  • արմատակալումը արագ է ընթանում՝ 3-7 օրում: Վերջնական արմատակալման մասին վկայում են նոր հայտնված տերևները;
  • արմատակալած կտրոնը տեղափոխում են 7 սմ տրամագծով ծաղկաթաղարների մեջ;
  • մեկ շաբաթ կոփելուց հետո, երբ ցրտահարության վտանգ չկա, բույսը տեղափոխում են բաց գրունտ:
Խմբով տնկելիս, բույսերի միջև թողնում են 20-50 սմ տարածություն:
Ցրտադիմացկունությունը՝ չի դիմանում ցրտահարությանը:

Ալտերնանթերի տեսակները

  • Alternanthera albotomentosa Suess.
  • Alternanthera angustifolia R.Br. – Ալտերնանթեր նեղ տերև (narrow-leaf joyweed)
  • Alternanthera bettzickiana – calico-plant

Alternanthera bettzickiana

  • Alternanthera brasiliana (L.) Kuntze –Ալտերնանթեր բրազիլական (Brazilian joyweed)

  • Alternanthera caracasana Kunth –Ալտերնանթեր անփայլ ծաղիկ (mat chaff-flower, washerwoman)
  • Alternanthera crucis Bold. – Ալտերնանթեր վեստինդիական (West Indian joyweed)
  • Alternanthera denticulata – lesser joyweed

Alternanthera denticulata

  • Alternanthera echinocephala (Hook.f.) Christoph. – Ալտերնանթեր ծովային (spiny-headed chaff flower, seaurchin joyweed)
  • Alternanthera ficoidea – parrotleaf, sanguinarea

Alternanthera ficoidea

  • Alternanthera filifolia (Hook.f.) J.T. Howell
  • Alternanthera flavescens – Ալտերնանթեր դեղին (yellow joyweed)
  • Alternanthera hassleriana Chodat – Hassler’s alternanthera
  • Alternanthera helleri (B.L.Rob.) J.T.Howell 
  • Alternanthera littoralis P.Beauv.
  • Alternanthera maritima (Mart.) A.St.-Hil. – Ալտերնանթեր ծովեզրյա (seaside joyweed)
  • Alternanthera mexicana – Ալտերնանթեր մեքսիկական
  • Alternanthera nana –Ալտերնանթեր փափկափետուր (downy joyweed, hairy joyweed)
  • Alternanthera nodiflora – Ալտերնանթեր տարածված (common joyweed)
  • Alternanthera olivacea
  • Alternanthera paronichyoides A.St.-Hil. – Ալտերնանթեր հարթ (smooth joyweed)

Alternanthera paronichyoides

  • Alternanthera philoxeroides (Mart.) Griseb. – (alligatorweed)
  • Alternanthera pubiflora
  • Alternanthera reineckii Briq.
  • Alternanthera sessilis (L.) DC. – rabbit-meat, sessile joyweed

Alternanthera sessilis

  • Alternanthera tenella Colla
  • Alternanthera versicolor R.Br.
Բարձրությունը՝ մինչև 50-60 սմ: