Category Archives: Սենյակային բույսեր

Ստվերադիմացկուն սենյակային բույսեր

Aglaomena

Ագլաոնեմա (անգլ․՝ Aglaonema, or Chinese evergreen, չին․՝ 粗肋草屬, ռուս․՝ Аглаонема, լատ․՝ Aglaonema): Հեշտ աճող սաղարթային բույս ​​է, որն իրեն լավ է զգում ցածր և միջին լուսավորության ներքո:

Անթուրիումը (անգլ․՝ Anthurium, ռուս․՝ Антуриум, լատ․՝ Anthurium): Միջինից ցածր լուսավորության պայմաններում ծաղկում է կարմիր, սպիտակ կամ վարդագույն ծաղիկներով: Ծաղկամանի հողը մշտապես խոնավ են պահում:

Բաղեղ անգլիականը և Բաղեղ ալժիրյանը լավ են աճում ցածր կամ միջին լույսավորության ներքո:

Բեգոնիա ռեքս, Փղականջ ռեքս (անգլ․՝ King begonia, ռուս․՝ Бегония рекс, լատ․՝ Begonia rex)։ Գնահատվում է գունագեղ սաղարթի համար: Դիմանում է միջինից ցածր լուսավորությանը։ Ջրել հողի չորանալուց հետո։

Դիֆենբախիան կամ Համրաբույսը (անգլ․՝ Dumb cane, ռուս․՝ Диффенбахия, լատ․՝ Dieffenbachia) նախընտրում է միջինից ցածր լուսավորությամբ տարածք: Պետք է թույլ տալ, որ հողը չորանա մինչև ջրելը:

Զամիոկուլկասը (կամ Զանզիբարի գանձ, Դոլարի ծառ), (անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant, Zuzu plant, ռուս.՝ Замиакулькас, Дволларовое дерево, լատ.՝ Zamioculcas) լավ է աճում չոր միջավայրում և ցածր լուսավորության ներքո:

Թուջե ծաղիկ (անգլ․՝ Cast Iron Plant, Bar-room plant, չին․՝ 蜘蛛抱蛋, ռուս․՝ Аспидистра высокая, լատ․՝ Aspidistra elatior)։ Եղունգի պես կոշտ այս բույսն աճում է լիարժեք ստվերում և կանոնավոր ջրվելու պահանջ նույնպես չունի:

Ծոփոր (անգլ․՝ Monstera, ռուս․՝ Монстера, լատ․՝ Monstéra): Հարմարվում է տարբեր ինտենսիվությամբ լուսավորությանը և ունի սենյակի օդը մաքրելու հատկություն։

Կալատեան (անգլ․՝ Calatheas, Prayer plant, ռուս․՝ Калатея, լատ․՝ Calathea) լավ է աճում միջինից ցածր լուսավորության պայմաններում: Լավ աճի համար անհրաժեշտ է կայուն խոնավություն: Որպես կանոն, որքան ցածր է լույսը, այնքան հազվադեպ կալատեան ծաղկում:

Մարանտա սպիտակաջիղ (անգլ․՝ Prayer Plant, ռուս․՝ Маранта беложильчатая, լատ․՝ Maranta leuconeura)։ Այս հիանալի բույսը հանդուրժում է թույլ լուսավորությունը, բայց շատ ավելի լավ է աճում պայծառ, ցրված լույսի ներքո։ Սիրում է փխրուն հող ու օդի խոնավություն։

Պոթոս ոսկեզոծը (անգլ․՝ Devil’s ivy, ռուս․՝ Эпипре́мнум золотистый, լատ․՝ Epipremnum aureum) թույլ լուսավորության սիրահար է։ Պետք է ունենա ցածրից չափավոր լույս և հողը չորանա մինչև նոր ջրելը:

Պտեր (անգլ․՝ Ferns, ռուս․՝ Папоротники, լատ․՝ Polypodióphyta)

Պտերի (ձարխոտերի) շատ տեսակներ, ներառյալ Button fern, Autumn fern, Rabbit’s foot fern, Maidenhair fern և այլն, լավ տարբերակ են ցածր լուսավորության պայմաններում աճեցնելու համար: Դրանց համար պետք է ապահովել մշտապես խոնավ հող և ցածր կամ միջին լուսավորություն:

Պլատիցերիումը նույնպես ձարխոտ է (անգլ․՝ Staghorn fern, ռուս․՝ Платицериум, լատ.՝ Platycerium) լավ է աճում օդի բարձր խոնավությամբ վայրերում, օրինակ, լոգասենյակներում:

Բնության մեջ պլատիցերիումներն աճում են ծառերի վրա և չունեն հողի պահանջ: Չափավոր լույսը բավարար է:

Թռչնի բույն պտեր (անգլ․՝ Bird’s Nest Fern, ռուս․՝ Асплениум гнездовой, Костенец, լատ․՝ Asplenium nidus)։ Արեւադարձային անտառների ծառերի ճյուղերին ու բներին է աճում այս էպիֆիտ բույսը։ Սիրում է կիսաստվերը և խոնավությունը:

Սանսևիերիան (Զոքանչի լեզու) (անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Jinn’s tongue, Bow string hemp, Snake plant և Snake tongue, ռուս.՝ Сансевие́ра, Сансевье́ра, Тёщин язык, Щучий хвост, լատ.՝ Sanseviera) լավ է աճում չոր միջավայրում և հեշտությամբ համակերպվում է չափավոր և թույլ լուսավորության հետ:

Սինգոնիում տերևատոտիկ (անգլ․՝ Arrowhead Plant, ռուս․՝ Сингониум ножколистный, լատ․՝ Syngonium podophyllum): Նվազագույն պահանջներով, հեշտ աճող բույս ​​է: Որպեսզի այն գեղեցիկ տեսք ունենա, անհրաժեշտ է կանոնավոր կերպով էտել:

Սպաթիֆիլում (անգլ․՝ Peace lily, ռուս․՝ Спатифиллюм, լատ․՝ Spathiphyllum)։ Նախընտրում է չափավորից մինչև ցածր լուսավորություն և մշտապես խոնավ հող: Նույնիսկ թույլ լուսավորության պայմաններում, ծաղկում է տարին մի քանի անգամ:

Վիշապենի (անգլ․՝ Lucky Bamboo, չին․՝ 富貴竹, ռուս․՝ Драцена Сандера, լատ․՝ Dracaena sanderiana) Վիշապենին Ասիայում անհիշելի ժամանակներից  համարվում է բարի բախտի և բարգավաճման խորհրդանիշ: Կարելի է թե՛ հողի, թե՛ միայն ջրի մեջ աճեցնել։ Լավ է աճում և՛ ցածր, և՛ միջին լուսավորված վայրում։

Քլորոֆիտում (անգլ.՝ Spider Plant, ռուս.՝ Хлорофитум, լատ.՝ Chlorophytum)։ Քլորոֆիտումները ամենահեշտ աճեցվող տնային բույսերից են: Դրանք հաջողությամբ հարմարվում և աճում են շատ տարբեր պայմաններում։

Ֆիլոդենդրոնը (անգլ.՝ Philodendron, ռուս.՝ Филодендрон, լատ.՝ Philodendron)  միջինից ցածր լուսավորության սենյակային բույս ​​է, որը նախընտրում է որ հողը չորանա մինչև նոր ջրելը:

Սագոենի

Սագոենին (անգլ.՝ Cycas, ռուս.՝ Саговник, լատ.՝ Cycas) հնագույն սագոենազգիների (Cucadaceae) ընտանիքի բույսերի ցեղ է: Այս ցեղի բնական տիրույթն է Ասիան (Հնդկաստանից մինչև Ճապոնիա), Ինդոնեզիան, Ավստրալիան, Խաղաղ օվկիանոսի կղզիները և Մադագասկարը։

Սագոենիները մշտադալար, 2-15մ բարձրությամբ, բազմամյա բույսեր են, որոնք իրենց առավելագույն բազմազանությանը հասել են յուրայի և կավճի ժամանակաշրջաններում, երբ դրանք տարածվել էին գրեթե ամբողջ աշխարհում: Կավճի վերջում, երբ ոչ թռչնավոր դինոզավրերը անհետացան, Հյուսիսային կիսագնդի սոգոյենիների մեծ մասը նույնպես վերացավ:

Այժմ հաշվվում է սագոենիների մոտ 113 տեսակ։ Ամենահայտնի, որպես սենյակային բույս տարածված տեսակը Սագոենի ճապոնականն է (անգլ․՝ Japanese Sago Palm, ռուս․՝ Саговник поникающий, լատ․՝ Cycas revoluta) է:

Խնամքը

Լույսը
Պայծառ ծրված, կիսաստվեր։ Ամռանը կարելի է դուրս հանել, բայց արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանել։
Օդի ջերմաստիճանը
Աճի շրջանում՝ +20°C․․․+25°C
Ձմռանը՝ ոչ պակաս +15°C
Կարող է դիմանալ կարճատև ցրտացումներին, բայց -5°C-ից ցածր ջերմաստիճանը սպանում է բույսին։
Օդի խոնավությունը
Բարձր՝ 70%-80% Կանոնավոր ցողել, սրբել թաց սպունգով
Ջրելը
Ամռանը՝ չափավոր
Ձմռանը՝ քիչ
Սնուցումը
Աճի ողջ շրջանում, ամիսը մեկ անգամ, մագնիում և կալիում չպարունակող, օրգանական պարարտանյութերով։ Օրինակ՝ ձիու գոմաղբ։
Հանքային հեղուկ պարարտանյութով N-P-K (18,8,18)
Հանգստի շրջանը
Ձմռանը
Հողախառնուրդը
Լավ փխրուն, պարարտ, թույլ թթվայինից՝ չեզոք
Ծաղկամանը
Դրենաժային մեծ ծակերով
Երիտասարդ բույսերը տեղափոխում են 2-3 տարին մեկ։ Մեծ բույսերը չեն տեղափոխում, փոխում են հողի վերին՝ 5սմ շերտը։
Բազմացնելը
Կողքից աճող ձագուգներով, սերմով (հազվադեպ)

Կտրել կարելի է միայն ամբողջովին դեղնած ու դարչնագույն դարձած ճյուղերը: Ամբողջովին չդեղնած ճյուղերը կարող են վատացնել բույսի տեսքը, բայց դրանք դեռևս կլանում են բույսի համար օգտակար տարրեր, իսկ դրանց կտրելը կարող է խթանել մյուս ճյուղերի դեղնելը և վատթարացնել բույսի առողջությունը:

Հղումներ

Ֆատսիա

Ֆատսիան (անգլ․՝ Fatsia, ռուս․՝ Фатсия, լատ․՝ Fatsia) Արալիա (Araliaceae) ընտանիքի մշտադալար թփերի երեք տեսակների, փոքր ցեղ է։

Ծագումով Ճապոնիայի և Կորեայի հարավային շրջաններից է։

Ֆատսիայի երեք տեսակներն են՝

  • Fatsia japonica․ Հայրենիքը Հարավային Ճապոնիան, Հարավային Կորեան և Թայվանն են։
  • Fatsia oligocarpella․ Հայրենիքը Խաղաղ օվկիանոսի ճապոնական Բոնին կղզիներն են։
  • Fatsia polycarpa. Հայրենիքը Թայվանի լեռնային շրջաններն են։

Ճապոնական ֆատսիան այդ երեքից ամենատարածվածն է։ Այն լայնորեն կիրառվում է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, որպես դեկորատիվ բույս, ինչպես նաև աշխարհով մեկ՝ որպես սենյակային բույս։

Ճապոնական ֆատսիայի խնամքը սենյակային պայմաններում

Լույսը
Ցրված մեղմ լույս, կիսաստվեր, հեռու արևի ուղիղ ճառագայթներից։ Լավ է տանում արհեստական լուսավորությունը։
Օդի ջերմաստիճանը
Աճի շրջանում՝ +16..+27°C
Ձմռանը՝ +7…+13°C
Օդի խոնավությունը
Կարող է դիմանալ ցածր խոնավությանը, սակայն նախընտրելի է մոտ 60%-ը, շատ լավ է արձագանքում կանոնավոր ցողելուն։
Ջրելը
Խոնավասեր է Հողը միշտ թեթև խոնավ պետք է լինի, ճահճացումը կործանանար է։։
Ամռանը ջրում են 3 օրը մեկ։
Ձմռանը ջրում են 7 օրը մեկ։
Սնուցումը
Աճի ողջ շրջանում, 15 օրը մեկ, համալիր պարարտանյութով՝ առաջարկվողից երկու անգամ թույլ դոզայով։
Հանգստի շրջանը
Ձմռանը
Հողախառնուրդը
Կարելի է գնել պատրաստի հողախառնուրդ։
Պարտեզի հող (1)
Տորֆ (1)
Ավազ (1)
Ծաղկամանը
Նոր, քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ երբ արմատներին աճի տեղ չի մնում։
Լավ դրենաժ։
Բազմացնելը
Տնկաշիվերով, սերմով

Խորհուրդներ

  • Շաբաթը մեկ անգամ պետք է պտտել ծաղկամանը՝ որպեսզի բույսը բոլոր կողմերից համաչափ աճի։
  • Ֆատսիաները սիրում են ձմռան հանգիստը, այնպես որ լավ կլինի տեղափոխել տան ավելի զով բայց լուսավոր մաս։
Հղումներ

Դիֆենբախիա

Դիֆենբախիան կամ Համրաբույսը (անգլ․՝ Dumb cane, չին․՝ 花叶万年青属, ռուս․՝ Диффенбахия, լատ․՝ Dieffenbachia L) Araceae ընտանիքի արևադարձային, մշտադալար բույսերի ցեղ է։ Բնիկ է Հյուսիսային և Հարավային Ամերիկաների արևադարձային գոտիներում՝ Մեքսիկայից մինչև Արգենտինա: Որոշ տեսակներ լայնորեն մշակվում են որպես դեկորատիվ բույսեր,

հատկապես որպես տնային բույսեր։ Որոշ տեսակներ էլ տեղայնացվել են մի քանի արևադարձային կղզիներում:

Բնության մեջ հայտնաբերվել է դիֆենբախիայի մոտ 40 տեսակ։ Սենյակային պայմաններում դիֆենբախիան շատ արագ է աճում. կան տեսակներ, որոնք հինգ տարեկանում ունեն 200 սմ և ավելի բարձր հասակ։

Խնամքը

Լույսը
Պայծառ ծրված, կիսաստվեր
Օդի ջերմաստիճանը
Աճի շրջանում՝ +20°C․․․+30°C
Ձմռանը՝ ոչ պակաս +15°C
Օդի խոնավությունը
Բարձր, մոտ 65%։ Կանոնավոր ցողել։
Ջրելը
Ամռանը՝ առատ
Ձմռանը՝ չափավոր
Սնուցումը
Աճի ողջ շրջանում, 15-20 օրը մեկ:
Օգտագործում են կիր չպարունակող օրգանական կամ հանքային պարարտանյութեր։ Դոզան պետք է 2 անգամ կրճատվի արտադրողի կողմից առաջարկվող չափից:
Հանգստի շրջանը
Սեպտեմբեր-մարտ
Հողախառնուրդը
Լավ փխրուն:
Տորֆ, տերևային բուսահող, գետի ավազ, մանրեցված տորֆամամուռ (2:4:1:2)
Ծաղկամանը
Լավ դրենաժով։
Այլ ծաղկաման տեղափոխում են երբ արմատներն այլևս հնի մեջ չեն տեղավորվում։
Բազմացնելը
Գագաթային տնկաշիվերով, անդալիսով, սերմով (հազվադեպ)

Դիֆենբախիայի հութը թունավոր է։ Մաշկի վրա կարող է այրվածքներ առաջացնել։

Դիֆենբախիան շատ խոնավասեր բույս ​​է։ Այն չափազանց բացասաբար է արձագանքում միջանցիկ քամիներին և ջերմաստիճանի կտրուկ անկմանը:

Բույսը բացասաբար է արձագանքում կրին: Այս առումով, սաղարթը ցողելու և ոռոգելու ջուրը նախ պետք է ազատել նստվածքից կամ անցկացնել ֆիլտրով: Հարմար է նաև եռացրած ու սառեցրած ջուրը կամ անձրեւաջուրը։

Հղումներ

Պանդան

Պանդանը (անգլ․՝ Pandan, Screw palm, Screw pine, չին․՝ 七葉蘭, ռուս․՝ Панданус , լատ․՝ Pandanus amaryllifolius) Pandanaceae ընտանիքին պատկանող, մոտ 750 տեսակի բույսերի ցեղ է: Դրանք արմավենու տեսք ունեն, երկտուն ծառեր կամ թփեր են, որոնք բնիկ են

Հին աշխարհի արևադարձային և մերձարևադարձային շրջաններին: Տեսակների ամենամեծ բազմազանությունը Մադագասկարում և Մալեսիայում է:

Պանդանները շատ հարմարվող են, կարող են աճել բազմազան վայրերում ՝ ջրավազանների մոտ, բարձրադիր վայրերում, ճահճացած անտառներում և նույնիսկ հրաբուխների մոտ: Այն երկրներում, որտեղ աճում են պանդանները, մարդիկ օգտագործում են դրանց մեծ տերևները տանիքներ ծածկելու կամ տնային իրեր հյուսելու համար: Այս ցեղի որոշ բույսերի մասեր օգտագործվում են ավանդական բժշկության մեջ: Բացի այդ, պանդանի որոշ տեսակների պտուղները, տերևները և մատղաշ ճյուղերը օգտագործվում են արևելյան ասիայի երկրների շատ խոհանոցներում:

Բնության մեջ ցեղի որոշ ներկայացուցիչների բարձրությունը կարող է հասնել 15 մետրի, երբեմն նույնիսկ 25 մետրի: Կան նաեւ տեսակներ, որոնց բարձրությունը չի գերազանցում կես մետրը: Պանդաններն ունենում են օդային արմատներ, որոնք աստիճանաբար մխրճվում են հողի մեջ: Տարիքն առած բույսերի բունը աստիճանաբար մահանում է, բայց բույսը, շնորհիվ ձևավորած օդային արմատ-հենակների, մնում է կանգուն։

Պանդանի տեսակները

Խնամքը սենյակային պայմաններում

Տանը պանդան աճեցնելու հիմնական դժվարությունը դրա մեծ չափսերն են: Այդ պատճառով այս բույսը հարմար է տեղադրել ընդարձակ սենյակում կամ ձմեռային այգում: Իսկ ընդհանրապես, պանդանը ոչ պահանջկոտ և հեշտ խնամվող բույս է, այն հանգիստ հանդուրժում է ինչպես լույսի պակասը, այնպես էլ երաշտը: Սովորական բնակարանում կարելի է պահել երիտասարդ պանդան, որն ունի ավելի կոմպակտ չափսեր:

Լուսավորությունը։ Ամռանը պայծառ, բայց ցրված լույս է պետք, իսկ ձմռանը որքան շատ լույս, այնքան լավ։ Ամռանը կարելի բույսը դուրս բերել պատշգամբ կամ այգի, բայց զգուշությամբ՝ հնարավոր արևային այրվածքներից խուսափելու համար։

Օդի ջերմաստիճանը։ Ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +19…+25°C է։ Իսկ ձմռանը +12°C-ը թույլատրելիի նվազագույն շեմն է։ Սենյակը, որտեղ աճում է պանդանը, կարելի է օդափոխել նույնիսկ ցուրտ եղանակին: Կարևոր է թույլ չտալ, որ բույսը հայտնվի միջանցիկ, սառը քամու տակ:

Ջրելը։ Ջրել պետք է ծաղկամանի հողի վերին շերտի չորանալուց 1-2 օր հետո, գոլ, հնեցված ջրով, առատ։ Ձմռանը շատ ավելի չափավոր են ջրում։

Օդի խոնավությունը։ Սենյակի սովորական խոնավությունը հարմար է։ Բույսի սաղարթը չի կարելի ցողել կամ լվանալ: Եթե ​​օդը չափազանց չոր է, կարելի է ծաղկամանը դնել խոնավ խճաքարերով լի, սաղր սկուտեղի վրա:

Պանդանի համար վնասակար է տերևանութների մեջ ջրի մտնելը, դա կարող է մահացու լինել բույսի համար, այն սկսում է փտել։ Տերևների վրա կուտակված փոշին կարելի է մաքրել փոշու հատուկ խոզանակով կամ մաքրել խոնավ շորով՝ չմոռանալով սուր փշերի մասին:

Օդային արմատները։ Սենյակային պայմաններում օդային արմատներ կարող են չառաջանալ, բայց, առաջանալու դեպքում, դրանք կտրել չի կարելի։

Տեղափոխումը։ Երիտասարդ բույսերը քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխում են ամեն տարի։ Սկսած 3 տարեկանից, տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ երբ արմատային համակարգը այլևս չի տեղավորվում ծաղկամանում։ Տեղափոխումն արվում է արմատային հողակույտը պահպանելով։

Մեծ, ծանր ծառ դարձած պանդանները կարելի է չտեղափոխել նոր ծաղկաման, այլ փոխարինել հողի վերին շերտը:

Հողախառնուրդը։ Խորհուրդ է տրվում կիրառել փտած գոմաղբից, ավազից և տերևային բուսահողից բաղկացած հողախառնուրդ։ Կարելի է օգտագործել արմավենիների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ։

Սնուցումը։ Պարարտացնում են օրգանական պարարտանյութերով, կամ համալիր, հանքայինով՝ ամիսը երկու անգամ ՝ վաղ գարնանից մինչև աշուն:

Հանգստի սեզեն։ Պրակտիկորեն չունի, զով սենյակում պահելու անհրաժեշտություն չկա։։

Ծաղկելը։ Սենյակային պայմաններում չի ծաղկում։

Բազմացնելը։ Բազմացնում են թուփը կիսելով, կողային “ձագուգներով” և, հազվադեպ, սերմերով։

Բազմացման ձևը կախված է տեսակից: Պանդանի բոլոր տեսակները բազմանում են սերմերով, բացի այդ, Սանդերի և Վեյչի պանդանները բնի շուրջ, օդային արմատներից վեր, ձևավորում են կողային “ձագեր”: Այդ “ձագերը” կարող են հաջողությամբ օգտագործվել բազմացման համար:

Սերմերը ցանվում են տորֆի և գետի ավազի խառնուրդի մեջ, տեղադրվում են մինի ջերմոցի մեջ (պլաստիկ թաղանթի տակ), որը օրը մեկ անգամ օդափոխում են: Հողը պարբերաբար խոնավեցնում են: Արմատակալումը տեղի է ունենում 3-4 շաբաթվա ընթացքում, օդի 25 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանում:

Վնասատուները։ Առավել հաճախ ենթարկվում է որդանների, սարդոստայինային տիզերի, կեղծ վահանակիրների և վահանակիրների հարձակմանը։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

Հիվանդությունները։ Արմատի փտելը։

Հղումնր

Ֆիկուս բենգալյան

Բենգալյան ֆիկուսը (անգլ․՝ Indian banyan, Banyan fig, ռուս․՝ Фикус бенгальский, լատ․՝ Ficus benghalensis) թթազգիներին ընտանիքին պատկանող ծառ է, աճում է Բանգլադեշում, Հնդկաստանում և Շրի-Լանկայում։

Բնական միջավայրում այս մշտադալար ֆիկուսը 30-40 մետր բարձության է հասնում, ունի խոշոր՝ մինչև 30 սմ երկարություն ունեցող տերևներ և հարթ բուն գորշաշագանակագույն կեղեևով։ Աճում է “բանյան” ձևով՝ բարձրանում ու “թառում” է որևէ ծառի վրա, այնուհետև բաց է թողնում օդային արմատներ, որոնք հասնելով գետնին, հաստանում են և դառնում ծառի նոր բներ։

Բույսի պտուղներով սնվում են թռչունները և կաթնասունները: Սենյակային պայմաններում հասնում է մինչև 3 մետր բարձրության։

Բացի գեղեցիկ սենյակային բույս լինելուց բենգալյան ֆիկուսը համարվում է սենյակի օդը արդյունավետորեն մաքրող բույս։ Մաքրում է այնպիսի վնասակար նյութերից, ինչպիսիք են ամոնիակը, ֆորմալդեգիդը, բենզոլը, ֆենոլը։ Բացի այդ, բենգալյան ֆիկուսը արտաքին միջավայր է արտանետում մարդու ինքնազգացողությունը բարելավող նյութեր։

Բենգալյան ֆիկուսը կիրառություն ունի նաև կոսմետոլոգիայում և ժողովրդական բժշկությունում։

Խնամքը

Օդի ջերմաստիճանը: Գարուն-ամառ ժամանակահատվածում սենյակի օդի ջերմաստիճանը պետք է +18°C բարձր լինի: Ամենահարմարավետ ջերմասիճանային տիրույթը +18․․․ +22°C է, սակայն, լինելով արևադարձային բույս, դիմանում է շատ ավելի շոգին։ Ձմռան ամիսներին ջերմաստիճանը պետք է չիջնի +17°C-ից:
Օդի խոնավությունը: Հարմարավետ է սենյակի օդի 50%-60% խոնավության ցուցանիշը: Նման պայմաններ ապահովելու համար, չոր կլիմայում կիրառում են հնեցված ջրով բույսը պարբերաբար ցողելը, տերևները խոնավ սպունգով մաքրելը և/կամ ծաղկամանը ջրով և խիճով լի, սաղր տակդիրի վրա դնելը։
Լուսավորությունը։ Անհրաժեշտ է պայծառ լուսավորություն, սակայն իրեն լավ է զգում նաև ցրված, պայծառ լույսի ներքո: Հարավ-արևելք կամ հարավ նայող պատուհանի գոգը հարմար է բույսի համար:
Ջրելը: Ջրում են կանոնավոր ու չափավոր՝ թույլ չտալով որ ջուրը լճանա արմատների մոտ: Ջրել պետք է երբ ծաղկամանի հողի վերին շերտը մոտ 2 սմ խորությամբ չորանա։
Հողախառնուրդը։ Պարարտ, մի փոքր թթու կամ չեզոք: Ինքնուրույն պատրաստելիս խառնում են տերևային բուսահող (2 մաս), ավազ (1 մաս) և ճմահող (2 մաս)։
Սնուցումը: Վեգետացիոն շրջանում, երկու ամիսը մեկ սնուցում են կատարում՝ փոխնեփոխ կիրառելով օրգանական և համալիր, հանքային պարարտանյութեր:
Տեղափոխումը: Այլ, քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխում են ըստ անհրաժեշտության, ձմռան վերջին շաբաթներին՝ 2 կամ 3 տարին մեկ անգամ:
Բազմացումը։ Գագաթային կտրոններով և անդալիսով: Կտրոնները կարող են արմատակալել ինչպես ջրի մեջ, այնպես էլ խոնավ սուբստրատում։
Էտը: Ձևավորող էտ արվում է ամեն տարի:
Խնամքի առանձնահատկությունները: Սենյակային պայմաններում չի ծաղկում։ Բացասաբար է արձագանքում միջանցքային քամիներին: Սաղարթի հավասարաչափ զարգացման համար ծառը պետք է պարբերաբար մի փոքր պտտել իր առանցքի շուրջ: Բույսը պարունակում է կաթնային հյութ, որը վտանգավոր է բրոնխային ասթմայով տառապող մարդկանց համար: Բույսի հետ աշխատելիս խորհուրդ է տրվում ձեռնոց հագնել:

Հնարավոր բարդություններ

Թափվում են տերևները։ Պայմանավորված է չափից շատ ջրելով և արմատները ջրախեղդ անելով։

Մեծահասակ ծառի ներքևի տերևներն են թափվում։ Սա բնական գործընթաց է, բույսը փոխում է սաղարթը:
Տերևները թոշնում են։ Բույսը ջրի խիստ պակաս ունի:
Տերևների վրա հայտնվում են շագանակագույն բծեր: Դա կարող է պայմանավորված լինել հողի մեջ չափազանց շատ պարարտանյութի պարունակությամբ, սենյակի շատ ցուրտ լինելով, կամ օդի չորությամբ:
Տերևները կորցնում են ձգությունը և թոշնում են: Ծառն աճում է չափից մեծ ծաղկամանում կամ արմատային համակարգում ջրի լճացում կա:
Խունացած սաղարթ: Չափազանց վատ լուսավորության հեևանք:
Շատ դանդաղ աճ: Բույսը ժամանակին չի սնուցվում, ունի սննդանյութերի պակաս:
Նկատվում է նորահայտ տերևների մանրացում: Ոչ բավարար լուսավորության հետևանք է:
Բույսը անբնական ձգվում է: Լույսի պակաս ունի:
Վնասատուներ: Եթե ​​բույսը երկար ժամանակ գտնվում է չոր օդում, կարող են ենթարկվել ալրատիզի, սարդոստայնային տիզի, տրիփսերի կամ վահանակիրների հարձակմանը:

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

Հղումներ

Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոն

Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը (անգլ․՝ Golden Diamond Philodendron, չին․՝ 金钻, ռուս․՝ Филодендрон золотой бриллиант, լատ․՝ Philodendron Golden Diamond) Araceae ընտանիքին պատկանող, Հարավային Ամերիկայի արևադարձային գոտու, մշտադալար խոտաբույս է։

Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը արևադարձային և մերձարևադարձային շրջաններում տարածված դեկորատիվ բույս ​​է: Դրա տերևների հյութը, արմատները, ցողուններն ու տերևները թունավոր են: Հյութին սխալմամբ դիպչելը կամ կուլ տալը կարող է անհանգստություն առաջացնել կոկորդի շրջանում, իսկ ծանր դեպքերում ՝ շնչահեղձությունը, սրտի կաթված և նույնիսկ մահ: Մաշկի շփումը տերևահյութի հետ, քոր կամ ուժեղ գրգռում է առաջացում: Աչքի մեջ ընկնելով հյութը կարող է առաջացնել ծանր կոնյուկտիվիտ և կուրություն:

Միևնույն ժամանակ, Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը սենյակի, գրասենյակի օդը վնասակար գազերից մաքրելու հրաշալի ունակություն ունի:

Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը սիրում է տաք և խոնավ կիսաստվերային միջավայր, գերադասում է աճել հումուսով հարուստ, փխրուն հողում, շուտ ցրտահարվում է, չի սիրում պայծառ լույս:

Խնամքը

Լուսավորությունը

Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը լույսի նկատմամբ խիստ պահանջներ չունի, ուստի այն շատ հարմար է սենյակային պայմաններու աճեցնելու համար: Այն պետք է տեղադրվի պայծառ, ցրված լուսավորությամբ տեղում, արևի ուղիղ ճառագայթներն հակացուցված են:

Օդի ջերմաստիճանը

Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը սիրում է ջերմ, խոնավ և լավ օդափոխվող միջավայրում լինել։ Օդի ջերմաստիճանային ամենահարմարավետ տիրույթը +20…25°C է, իսկ ձմռան ամիսներին ջերմաստիճանը չպետք է նվազի +10°C-ից։

Ջրելը և ցողելը

Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնի համար պետք է խոնավ միջավայր ապահովել։ Վեգետացիոն շրջանում անհրաժեշտ է կանոնավոր և առատ ջրել ու ամեն օր ցողել բույսը։ Սակայն պետք է ուշադիր լինել և ջրախեղդ չանել բույսը։

Հողախառնուրդը

Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը առանձնահատուկ պահանջներ չունի հողախառնուրդի նկատմամբ։ Պարարտ, փխրուն, մի քիչ թթվայնություն ու լավ դրենաժ ունեցող հողախառնուրդը ամենահարմարն է բույսի համար։

Սնուցումը

Աճի շրջանում, ամիսը երկու անգամ կարելի է սնուցել կրկնակի թույլ դոզայով, հեղուկ, համալիր պարարտանյութով կամ 2 ամիսը մեկ անգամ երկարատև գործող պարարտանյութով։

Բազմացումը

Ոսկե ադամանդ ֆիլոդենդրոնը բազմացնում են երկու ձևով՝ կտրոններ արմատակալման դնելով և թուփը կիսելով։

Կտրոններով բազմացումն անում են մայիս-սեպտեմբեր ամիսներին։ 12-15 սմ երկարությամբ ճյուղերը կտրում են 2-3 տարեկան, առողջ բույսերից։ Կտրելուց հետո ճյուղը 1-2 ժամ թողնում են ստվերում, որպեսզի կտրվածքը չորանա, այնուհետև, 4-6 սմ խորությամբ տնկում են մանր ավազի և վերմիկուլիտի խառնուրդի մեջ։

Տնկարկի համար խոնավ, ջերմոցային պայմաններ և օդի +22°C ջերմաստիճան ապահովելու դեպքում , մոտ մեկ ամսում կտրոններն արմատակալում են։

Թուփը բաժանելու միջոցով բազմացումն անում են մայիսից՝ հուլիս ամիսներին։ Բաժանելու համար ընտրում են առնվազն երկու տարեկան թփերը։ Թուփը բաժանում են այնպիսի մասերի, որոնք ունեն երկու և ավելի առողջ տերևներ և արմատային մաս։

Հղումներ

Ծնեբեկ աղվեսի պոչ

Ծնեբեկ աղվեսի պոչը (անգլ․՝ Foxtail fern, Asparagus fern, Plume asparagus, ռուս․՝ Спаржа густоцветковая, լատ․՝ Asparagus densiflorus) հարավաֆրիկյան, բազմամյա, աղվեսի պոչ հիշեցնող, փափկամազ ճյուղերով, մշտադալար թուփ է:

Հասուն թուփն ունենում է 60-90 սմ բարձրություն և լայնք։ Բաց գրունտում կարող է աճել 9-11-րդ ցրտադիմացկունության գոտիներում։

Ծաղկում է փոքրիկ, սպտակ ծաղիկներով, ինչից հետո գոյանում են սիրունիկ, փոքրիկ, կարմիր, բայց մարդու և կենդանիների համար թունավոր պտուղները։

Աղվեսի պոչը հրաշալի գեղեցկացնում է ինչպես պարտեզը, այնպես էլ սենյակային բույսերի հավաքածուն: Լայնորեն օգտագործվում է ծաղկեփնջեր կազմելիս։ Կտրելուց հետո ճյուղերի թարմ տեսքը պահպանվում է երկու-երեք շաբաթվա ընթացքում:

Խնամքը

Չնայած նուրբ տեսքին, Աղվեսի պոչը բավականին դիմացկուն բույս է: Խնամքը դյուրին է: Իրականում անհրաժեշտ է ապահովել միայն պայծառ, ցրված լուսավորություն և լավ ջրահեռացում ապահովող հող: Եթե նաև աճի համար ազատ տարածք լինի և պարբերաբար կտրվեն չորացած ճյուղերը, շատ գեղեցիկ, թփուտավոր բույս կստացվի:

Աղվեսի պոչն ունի ջուր կուտակող պալարային արմատներ՝ ինչի շնորհիվ երաշտադիմացկուն է:Ուժեղ արմատային համակարգի պատճառով, այն կարող է նեղել կողքին աճող ավելի փոքր, նուրբ բույսերին:

Ծաղկամանում պահվող Աղվեսի պոչը հիանալի սենյակային բույս է։ Այն կարելի է ձմռանը սենյակում պահել, իսկ տաքերն ընկնելուն պես դուրս բերել պատշգամբ կամ այգի։

Լույսավորությունը

Աղվեսի պոչը սիրում է փափուկ լույս, գերադասելի է մի քիչ ստվերոտ տեղերում: Լուսաբացի արևը լավ է, պարզապես պետք է համոզվել, որ բույսը պաշտպանված կլինի կեսօրի կիզիչ արևից:

Սենյակային պայմաններում աճեցնելիս, ծաղկամանը պետք է տեղադրել պայծառ, ցրված լուսավորության մեջ: Շատ ուժեղ լույսը կարող է այրել տերևները:

Հողը

Աղվեսի պոչը լավ է աճում հողի տարբեր տեսակների մեջ, քանի դեռ հողը լավ ջրահեռացում ունի՝ արմատների փտման հետ կապված խնդիրներից խուսափելու համար: Այն նախընտրում է մի փոքր թթվային հողը (5,5pH–7,5pH), բայց դա պարտադիր պահանջ չէ:

Ջրելը

Ջրում են առատ՝ հողի վերին շերտը չորանալուց հետո։ Աղվեսի պոչը սիրում է խոնավ, բայց ոչ թաց հողը։

Օդի ջերմաստիճանը և խոնավությունը

Հարավային Աֆրիկայում աղվեսի պոչը աճում է օդի բարձր խոնավության և ջերմաստիճանի պայմաններում: Սենյակոմ պահվող բույսի ծաղկամանը տեղադրում են ջրով և խիճով լի, լայն, սաղր տակդիրի վրա։ Այս բույսը նաև լավ է արձագանքում ջրով ցողելուն:

Աճի համար ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը +20…+22°C է։ Բույսը պետք է հեռու պահել սառը միջանցիկ քամիներից։

Պարարտացումը

Աղվեսի պոչը աճի ողջ շրջանում սնուցում են 15 օրը մեկ անգամ։ Կես չափաբաժնով կարելի է սնուցել ինչպես հեղուկ, համալիր պարարտանյութերով, այնպես էլ դանդաղ քայքայվող կարծրներով։ Կոմպոստը և փայտի մոխիրը նույնպես լավ տարբերակներ են։

Բազմացումը

Աղվեսի պոչի բազմացման ամենադյուրին ճանապարհը թուփը բաժանելն է: Դա անելու լավագույն ժամանակը գարունն է:

Թուփը բաժանելիս պետք է միշտ սուր դանակ օգտագործել: Պետք է նաև համոզվել, որ յուրաքանչյուր բաժանված մասն ունի առողջ սաղարթ և արմատներ: Վերատնկելուց հետո պետք է առատ ջրել:

Սերմերով ու կտրոններով բազմացնում են ջերմոցային պայմաններ ստեղծելով։ 10-15 սմ երկարությամբ կտրոնները մինչև տնկելը մշակում են արմատակալման խթանիչով (Clonex, Fitoclon, Корневин, Հետերոաուկսին)։

Տեղափոխելը

Խորհուրդ չի տրվում մեծ ծաղկաման ընտրել աղվեսի պոչի հաար։ Ավելորդ հողը կարող է պահել ավելորդ ջուր և նեխել: Քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխելու ժամանակը գալիս է երբ արմատներն այնքան են զարգանում, որ սկսում են հողից դուրս գալ։

Վնասատուները

Ամենից հաճախ բուսի վրա կարող են հայտնվել վահանակիրները և սարդոստայնային տիզը: Վահանակիրներին ձեռքով հավաքում և ոչնչացնում են, իսկ հետո բույսը մշակում են Actellik-ով: Այս դեղը օգնում է նաև սարդոստայնային տիզի դեմ: Վնասատուիներից բույսը պաշտպանելու համար այն պետք է հաճախ դնել գոլ ցնցուղի տակ՝ հողը պաշտպանիչ թաղանթով ծածկելով։

Հնարավոր բարդություններ

  • Շատ ջրելու, վատ սնուցելու կամ թույլ լուսավորության պատճառով Աղվեսի պոչը կարող է թափել տերևներն ու բողբոջները։
  • Վատ լուսավորության պատճառով բույսի գույնը կարող է խամրել։
  • Չափից ավել լույսի կամ ժամանակին չջրելու հետևանքով տերևների ծայրերը կարող են դեղնել։
  • Ներքևի տերևները կարող են թափվել թե՛ բնական ծերացման հետևանքով, թե՛ սնուցման պակասից կամ հողի գերխոնավությունից։

Տես նաև ԾՆԵԲԵԿ ՍՏԵՒԱԽԻՏ հոդվածը ==>

Հղումներ

Սերիսա ճապոնական

Սերիսա ճապոնականը (անգլ․՝ Snowrose, Tree of a thousand stars, Japanese boxthorn, չին․՝ 六月雪, ռուս․՝ Серисса японская, լատ․՝ Serissa japonica) արևադարձային, մշտադալար, ծաղկող թուփ է։ Աճում է Արևմտյան Ասիայում՝ Հնդկաստանից և Չինաստանից մինչև Ճապոնիա:

Սերիսան լայնորեն աճեցվում է թե՛ որպես գեղեցիկ սենյակային բույս, թե՛ բոնսայ եղանակով աճեցնելու համար։

Խնամքը

Օդի ջերմաստիճանը

+10°C-ից ցածր ջերմաստիճանը կարող է կործանել բույսը։ +18…+30°C օդի լավագույն ջերմաստիճանային տիրույթն է, իսկ ձմռանը՝ +14…+15°C է։

Ջրելը

Ծաղկամանի հողը պետք է միշտ չափավոր խոնավ լինի։ Ջրել պետք է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով։ Ժամանակին չջրելու հետևանքով բույսը կարող է տերևաթափ լինել։ Այդ դեպքում անհրաժեշտ է շարունակել ջրել բույսը, բայց շատ ավելի քիչ ու զգուշավոր՝ մինչև նոր տերևներ ձևավորվեն։

Օդի խոնավությունը

Սերիսան խոնավասեր է, օդի խոնավությունը պետք է 50%-ից ցածր չլինի։ Ամենահարմարավետը օդի 60-80% խոնավության տիրույթն է։ Չոր կլիմայի պայմաններում խորհուրդ է տրվում օրը 2 անգամ ցողել բույսը և/կամ բույսը ծաղկամանով տեղադրել ջրով ու խիճով լի, լայն տակդիրի վրա՝ այնպես, որ ծաղկամանը ջրից բարձր մնա, բայց հասանելի լինի գոլորշիացող հոսքին։

Սնուցումը

Աճի շրջանում սերիսան պարարտացնում են 10-14 օրը մեկ անգամ՝ բացառապես հեղուկ պարարտանյութով: Գերադասելի են օրգանական պարարտանյութերը, բայց կարող են նաև օգտագործվել համալիր հանքային պարարտանյութեր (փաթեթի վրա առաջարկվող դոզայի 1/2 մասով): Ձմռանը, զով պայմաններում պահելիս, սնուցում չի տրվում, իսկ սովորական պայմաններում սնուցում են 4-6 շաբաթը մեկ:

Տեղափոխումը

Այլ, քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ բույսը տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ սովորաբար, 1-2 տարին մեկ։ Բույսի մատղաշ արմատները վատ հոտ ունեն՝ անհանգստանալու կարիք չկա։

Հողախառնուրդը

Անհրաժեշտ է փխրուն, լավ դրենաժային հատկություն ունեցող , պարարտ հաղախառնուրդ։ Հողախառնուրդի թթվայնությունը՝ 5.5pH-7pH

Բազմացումը

Որպես կանոն, սերիսան բազմացնում են կտրոններով։ Դրա համար կտրում են մոտ 10 սանտիմետր երկարությամբ, առնվազն երեք հանգույց ունեցող, կիսափայտացած գագաթային ճյուղերը: Արմատավորելու համար կտրոնները տնկում են պեռլիտի և տորֆի խառնուրդի մեջ և ստեղծում են ջերմոցային պայմաններ: Գործընթացն արագացնելու համար, կտրոնները կարելի է մշակել արմատավորման խթանիչներով (Clonex, Հետերոաուկսին, Корневин) և/կամ հողախառնուրդը տակից տաքացնել:

Հնարավոր է նաև ջրի մեջ արմատակալումը։

Վնասատուները և հիվանդությունները

Ալրատիզերը, վահանակիրները, սարդոստայնային տիզերը կամ ուտիճները կարող են վնասել սերիսային:

Ջրախեղդ անելու հետևանքով և/կամ ոչ փխրուն, կարծր հողախառնուրդի պատճառով կարող են փտել բույսի արմատները:

Հնարավոր բարդություններ և խորհուրդներ

  • Եթե բույսը չի ծաղկում, ուրեմն լուսավորությունը բավարար չէ։
  • Բույսի տերևները դեղնում են, փչանում և թափվում հողի ավելորդ խոնավության պատճառով:
  • Սենյակը, որում գտնվում է բույսը, պետք է պարբերաբար օդափոխվի:
  • Գարնանը խորհուրդ է տրվում կտրել թույլ զարգացած ճյուղերը և քշտել ճյուղերի ծայրերը՝ ավելի լավ ճյուղավորում ստանալու համար:
  • Բոլոր ստորին ճյուղերը կտրելով, կարելի է փոքրիկ ծառի տեսք տալ սերիսային:

Հղումներ

Նապաստակի պոչ

Նապաստակի պոչը (անգլ․՝ Bunny Tail Grass, ռուս․՝ Зайцехвост, լատ․՝ Lagurus) հացազգիների ընտանիքի բույսերի տեսակ է, որն աճում է միջերկրածովյան ավազանում եւ հարակից շրջաններում՝ Ազորյան և Կանարյան կղզիներից մինչեւ Ղրիմ ու Սաուդյան Արաբիա:

Նապաստակի պոչը նաև նատուրալիզացվել է Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Իռլանդիայում եւ Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ Ամերիկյան մայրցամաքի տարբեր վայրերում։

Նապաստակի պոչ ձվաձևը (Lagurus ovatus) միակ հայտնի տեսակն է։ Այն, իր գրավիչ, նապաստակի պոչ հիշեցնող կատարի շնորհիվ, աճեցվում է որպես դեկորատիվ բույս։

Նապաստակի պոչ աճեցնելը

Նապաստակի պոչը բազմանում են սերմերով: Սերմերը հավաքում են աշնանը, երբ հասկերը հասունանում են և չորանում: Երբ բույսը սկսում է դեղնել և չորանալ, փափուկ պոչիկները կտրում են և չորացնում են լավ օդափոխվող, չոր, ստվերում: Սերմերը, ձեռքերով տրորելուց հետո, հեշտությամբ առանձնանում են բամբակյա մասից: Այնուհետեւ սերմերը քամհարում են՝ փչելով վրաները, թափում են 30-40 սմ բարձրությունից, որպեսզի փափուկ մասերը մի կողմ թռչեն:

Սածիլներ ստանալու համար ցանելը

Ցանում են փետրվար-մարտ ամիսներին, 0,5-1 սմ խորությամբ, պարարտ, փխրուն հողախառնուրդով փոքր ծաղկամանների կամ այլ տարայի մեջ, միմյանցից 3-4 սմ հեռավորության վրա: Ցանքի համար ստեղծում են ջերմոցային պայմաններ, տեղադրում են պայծառ լուսավորված վայրում, ըստ անհրաժեշտության, պարբերաբար խոնավացնում են։

Աճած սածիլները, մինչև բաց գրունտ տեղափոխելը, ցերեկները դուրս հանելով, մի քանի օր կոփում են։ Բաց գրունտ տեղափոխում են երբ գիշերային ցրտահարությունների վտանգն անցնում է։ Տնկում են միմյանցից 10-15 սմ հեռավորության վրա։

Անմիջապես բաց գրունտում ցանելը

Սերմերը մանր են, կարելի է խառնել ավազի հետ։ Ցանում են շարքերով, կամ խառը՝ 2-3 սմ խորությամբ, միմյանցից 10-15 սմ հեռավորություն վրա։ Ծիլերը հայտնվում են 10-12 օրից։

Նկատվել է, որ տաք ձմեռներից հետո, բույսից թափված սերմերից կարող են հայտնվել նոր ծիլեր։ Ուստի, կարելի է փորձել նաև աշնանացան անել աշնան վերջին օրերին, երբ բավականաչափ ցուրտ է, որ սերմերը չծլեն մինչեւ գարուն:

Հետագա խնամքը

Նապաստակի պոչը հողի նկատմամբ պահանջկոտ չէ, ցանկացած հողում լավ կաճի: Սիրում է լույսը, թույլատրելի է մի փոքր ստվերը: Այս հացահատիկը կարելի է աճեցնել և՛ պարտեզում, և՛ պատշգամբում: Այն երաշտադիմացկուն է, բայց ամռան շոգին պետք է ամեն օր ջրել, հատկապես սենյակային պայմաններում աճեցնելիս:

Հողի փխրեցում և ցանքածածկում

Սեզոնի ընթացքում մի քանի անգամ անհրաժեշտ է քաղհան անել և փխրեցնել հողը բույսերի շուրջը: Կարելի է նաև պարբերաբար հումուսային ցանքածածկ ավելացնել՝ դրանով միաժամանակ պարարտացնելով հողը և պաշտպանելով ավելորդ գոլորշիացումից:

Սնուցումը

Սածիլների ակտիվ աճի ժամանակ, յուրաքանչյուր 10 օրը մեկ հողը պարարտացնում են գոմաղբի 1:10 լուծույթով։ Վեգետացիոն շրջանում նապաստակի պոչը կարելի է երկու անգամ պարարտացնել համալիր հանքային պարարտանյութով:

Կտրելը

Եթե ​​բույսն աճեցվում է բնապատկերը գեղեցկացնելու համար, ապա խորհուրդ է տրվում կտրել խունացած ծաղկաբույլերը՝ նորերի աճը խթանելու համար: Եթե ​​աճեցվում է չոր ծաղիկներ ստանալու համար, ապա հասկերը կտրում են մինչև դրանց լիովին հասունանալը, մինչև ծաղկաբույլերը փոխեն իրենց գույնը:

Հիվանդություններ և վնասատուների դեմ պայքարը

Նապաստակի պոչը լավ իմունիտետ ունի հիվանդությունների և վնասատուների նկատմամբ, ուստի հարկավոր չէ անհանգստանալ այս մշակաբույսի առողջության համար:

Նապաստակի պոչի կիրառումը բնապատկեր ձևավորելիս

Այս միջին չափսի խոտը լավ է դիտվում քարքարոտ լանդշաֆտների և եզրաքարերի ուրվագծման համար: Քարքարոտ այգին զարդարելու համար նապաստակի պոչը խումբ-խումբ են տնկում:

Նապաստակի պոչի օգնությամբ կարելի է լրացնել ծաղկող, գունագեղ միամյա բույսերի և թփերի միջև եղած բացատները։ Լավ կարելի է օգտագործել վարդերի այգին կամ մրգատու թփերի տարածքները զարդարելիս։

Որպես նապաստակի պոչի լավ հարևան ընտրում են հողի նկատմամբ ոչ պահանջկոտ բույսեր: Պայծառ ծաղիկները լավ են դիտվում աճող նապաստակի պոչի մեղմ կանաչի խորապատկերին։ Այն նաև շատ լավ զուգորդվում է ավելի մուգ կանաչ սաղարթ ունեցող բազմամյա խոտաբույսերի հետ, օրինակ, Հարատևուկ սողացողը (Bugle, Живучка ползучая, Ajuga reptans), Պատենենին (անգլ.՝ Coleus, ռուս.՝  Колеус, լատ.՝ Coleus), Հերբստի արնատերևը (Herbst’s bloodleaf, Ирезине хербста, Iresine herbstii):

Նապաստակի պոչի կիրառումը ծաղկեփնջեր կազմելիս

Նապաստակի պոչը շատ լավ է դիտվում ծաղկեփնջերի մեջ: Մատղաշ հասկերը կտրում են չսպասելով դրանց ամբողջական հասունացմանը, տերևները հեռացնում են և կատարները փոքր կապոցներով, գլխիվայր կախում են լավ օդափոխվող սենյակում՝ չորացնելու համար: Որոշ ֆլորիստներ նաև ներկում են հասկերը տարբեր գույներով։

Հղումներ