Category Archives: Խոտաբույսեր

Զանտոքսիլում

Զանտոքսիլումը (անգլ․՝ Zanthoxylum, ռուս․՝ Зантоксилум, Жёлтодревесник, լատ․՝ Zanthoxylum) Rutaceae ընտանիքի մոտ 250 տեսակի տերևաթափ և մշտադալար ծառերի, թփերի և մագլցող լիանաների ցեղ է։

Զանտոքսիլումները բնիկ են ողջ երկրագնդի տաք, բարեխառն և մերձարևադարձային գոտիներում:

Հանրահայտ չինական Սիչուանի պղպեղ համեմունքը և դրա ճապոնական, կորեյական, հնդկական և այլ երկրների տարատեսակները պատրաստում են զանտոքսիլումի հետևյալ տեսակների պտուղների կեղևից՝

  • Չինական պղպեղ (անգլ․՝ Red Sichuan peppercorns, չին․՝ Honghuajiao 红花椒, լատ․՝ Zanthoxylum bungeanum)
  • Սիչուանի կանաչ պղպեղ (անգլ․՝ Green Sichuan peppercorns, Winged prickly ash, չին․՝ Qinghuajiao 青花椒, լատ․՝ Zanthoxylum armatum)
  • Ճապոնական պղպեղ (անգլ․՝ Japanese pepper, Japanese prickly-ash, Korean pepper, լատ․՝ Zanthoxylum piperitum) օգտագործում են Ճապոնիայում և Կորեյայում՝ որպես նմանատիպ համեմունք։
  • Մազտաքատերև փշոտ հացենի (անգլ․՝ Mastic-leaf prickly ash, լատ․՝Zanthoxylum schinifolium օգտագործում են Կորեյայում՝ որպես քիչ ավելի նվազ դառնություն ունեցող համեմունք։
  • Հնդկական փշոտ հացենի (անգլ․՝ Indian prickly ash, լատ․՝ Zanthoxylum rhetsa օգտագործում են Հնդկաստանի արևմուտքում՝ որպես նմանատիպ համեմունք

Զանտոքսիլումի տարբեր տեսակներ հաջողությամբ աճեցվում են սենյակային պայմաններում՝ թե՛ որպես գեղեցիկ դեկորատիվ սաղարթով բույս, թե՛ որպես բոնսայ։

Խնամքը սենյակային պայմաններում

Օդի ջերմաստիճանը։ Զանտոքսիլումը ջերմասեր է, ձմռանը սենյակի հարմարավետ ջերմաստիճանը պետք է +16…+18°C տիրույթում լինի, նվազագույնը՝ +10°C։ Շատ վատ է տանում ցրտահարությունն ու միջանցիկ քամիները:

Լուսավորությունը։ Ամռանը զանտոքսիլումը դնում են դրսում՝ բաց երկնքի տակ՝ մի փոքր ստվերում։ Սիրում է պայծառ ցրված լույսը նաև որոշ չափով արևի ուղիղ ճառագայթներ, բայց ոչ կեսօրի կիզիչ արևը:

Հողախառնուրդը։ 2 մաս ճմահող, 1 մաս տերևային բուսահող, 1 մաս կենսահումուս, 1 մաս ավազ կամ վերմիկուլիտ: Կարելի է ցիտրուսայինների համար պատրաստի հողախառնուրդ գնել և ավելացնել խոշոր ավազ, կեռամզիտ կամ վերմիկուլիտ։

Ջրելը։ Վեգետացիոն շրջանում առատ են ջրում, ձմռանը շատ ավելի քիչ, բայց ծաղկամանի հողը չպիտի ամբողջովին չորանա: Չափից շատ ջրելու հետևանքով բույսի արմատները կարող են փտել, իսկ անբավարար ջրելուց տերևները թափվել։ Հողի լրիվ չորանալը կկործանի բույսը։ Անցանկալի է կոշտ ջրով ջրելը:

Օդի խոնավությունը։ Զանտոքսիլումը խոնավասեր է, ուստի սաղարթը պարբերաբար գոլ, հնեցված ջրով ցողելը պարտադիր է: Բույսը լավ կարձագանքի նաև ամենշաբաթյա տաք ցնցուղին։

Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում, 2 շաբաթը մեկ սնուցում են սենյակային բույսերի համար նախատեսված համալիր պարարտանյութով։

Բազմացումը։ Զանտոքսիլումը կարող է բազմացվել սերմերով, կտրոններով և անդալիսի միջոցով։

Նախքան ցանելը, սերմերը մինչև 90 օր ստրատիֆիկացնում են կամ ենթարկում սկարիֆիկացիայի։ Այնուհետև 24 ժամ թրջում են։ Ցանում են փխրուն սուբստրատի մակերեսին և ծածկում հողի բարակ շերտով: Ցանքը խոնավացնում են, ծածկում են ապակիյով կամ պլաստիկ թաղանթով և դնում լուսավոր տեղում՝ օդի +20…+24°C ջերմաստիճանի պայմաններում: Ցանքը պարբերաբար օդափոխում են: Սերմերը ծլում են 6-12 ամսում:

Հղումներ

Նագեյա

Նագեյան (անգլ․՝ Nageia, ռուս․՝ Нагейя, լատ․՝ Nageia) Պոդոկարպ (Podocarpaceae) ընտանիքին պատկանող փշատերեւների ցեղ է, որն ընդգրկում է 1-54 մ բարձրությամբ մշտադալար թփեր և ծառեր:

The Plant List բույսերի տվյալների շտեմարանի տվյալներով (2021թ․ մայիսի դրությամբ) նշված է նագեյայի 6 տեսակ՝

  • Nageia fleuryi (Hickel) de Laub. Մինչեւ 30 մետր բարձրությամբ, բրգանման սաղարթով ծառ է։ Աճում է Կամբոջայում, Չինաստանում, Թայվանում, Լաոսում և Վիետնամում: Փայտը շատ արժեքավոր է, օգտագործվում է երաժշտական գործիքների, ուտելու փայտիկներ, ամանեղեն պատրաստելու համար:
  • Nageia formosensis (Dummer) C.N.Page Աճում է միայն Թայվանում։
  • Nageia maxima (de Laub.) de Laub. Աճում է միայն Մալայզիայում։
  • Nageia motleyi (Parl.) de Laub. Աճում է Բրունեյում, Ինդոնեզիայում, Մալայզիայում, Թաիլանդում։
  • Նագեյա Նագի (Asian bayberry, Nagi, Broadleaf Podocarpus) Nageia nagi (Thunb.) Kuntze Աճում է Չինաստանում, Թայվանում, Ճապոնիայում, լեռնալանջերին՝ 200-1200 մ բարձրության վրա։ Ցրտադիմացկունությամբ համապատասխանում է 9-11-րդ գոտիներին։ Նախկինում կոչվում էր Podocarpus nagi։
  • Nageia wallichiana (C.Presl) Kuntze It is a tree 10–54 մ բարձրությամբ ծառ է։ Աճում է Բրունեյում, Կամբոջայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Լաոսում, Մալայզիայում, Մյանմայում, Թաիլանդում և Վիետնամում։
Նագեյա Նագիի սերմերը

Կարող է աճել և՛ թեթև (ավազոտ), միջին (կավային) և ծանր (կավե) հողերում: Նախընտրում է խոնավ հողը: Հողի թթվայնությունը pH ՝ թթու, չեզոք և հիմնական (ալկալային) հողեր: Կարող է աճել կիսաստվերում (բաց անտառ) կամ արևի տակ:

Նագեյա Նագին Չինաստանումմ և Ճապոնիայում տնկում են պարտեզներում, զբոսայգիներում, արգելավայրերում և նույնիսկ որպես փողոցային ծառեր։ Այն նաև տարածված է որպես բոնսայի ծառ: Փայտն օգտագործվում է տներ և կամուրջներ կառուցելու, կահույք, սպասք և այլ իրեր պատրաստելու համար: Սերմերից ստացվում է ուտելի յուղ, որն օգտագործվում է նաև արդյունաբերության մեջ:

Նագեյա Նագիի խնամքը սենյակային պայմաններում

Նագեյան սենյակում առողջարար ազդեցություն ունի։ Այն ոչ միայն մեղմ բուրմունք ունի, այլև ֆիտոնիցիդներ է արտադրում, որոնք ճնշում են օդի միջի պաթոգեն միկրոֆլորային։

Նագեյան նաև բոնսայի համար ամենաշատ օգտագործվող փշատերևներից է։

Լույսը։ Նագեյան լուսասեր է, անհրաժեշտ է ապահովել պայծառ լուսավորություն, երկար լուսային օր, որից մի քանի ժամը արևի ուղիղ ճառագայթների ներքո։

Օդի ջերմաստիճանը։ Ձմռանը պետք է պահել զով միջավայրում՝ +10․․․+12°С ջերմաստիճանում։ Օդի ջերմաստիճանը +6С° չպիտի նվազի։

Օդի խոնավությունը։ Խոնավասեր է։ Անհրաժեշտ է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով պարբերաբար ցողել բույսը։

Ջրելը։ Ամռանը առատ, ցուրտ ամիսներին՝ չափավոր, այնպես որ ծաղկամանի հողը ամբողջովին չչորանա։

Սնուցումը։ Վեգետացիոն շրջանում բույսը պետք է ամիսը մեկ անգամ սնուցել համալիր պարարտանյութով։

Տեղափոխելը։ Այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխում են տարին մեկ անգամ, գարնանը։ Մեծահասակ բույսերը տեղափոխում են ըստ անհրաժեշտության՝ 2-3 տարին մեկ։

Հողախառնուրդը։ Հարմար է փշատերի համար նախատեսվախ պատրաստի հողախառնուրդը։ Ինքնուրույն պատրաստելու համար միմյանց են խառնում՝

Հողախառնուրդը պետք է թեթև թթվայնություն ունենա։

Հիվանդություններ և վնասատուներ։ Նագեյան շատ հազվադեպ է հիվանդանում կամ ենթարկվում վնասատուների հարձակմանը։

Սերմերով բազմացումը

Նագեյայի սերմերը ցանելուց առաջ պետք է ստրատիֆիկացվեն։ Սերմերը փաթաթում են տորֆամամուռով (սֆագնում մամուռով), դնում են օդափոխման անցքերով պոլիէթիլենային տոպրակի մեջ ու պահում են սառնարանի ներքին, ամենատաք մասում (t=+2…+4ºС): 60 օր անց սերմերը հանում են, զգուշորեն առանձնացնում են մամուռից և ցանում են տորֆից, գետի ավազից և վերմիկուլիտից կազմված հողախարնուրդի մեջ՝ միմյանցից 5 սմ հեռու և 1 սմ խորությամբ։

Հնարավոր է, որ որոշ սերմեր ծլած լինեն ստրատիֆիկացման ընթացքում։ Այդ դեպքում, չվնասելու համար, դրանք ցանում են առանց մամուռից առանձնացնելու։

Ցանքը լավ խոնավացնում են, ծածկում են թափանցիկ թաղանթով կամ ապակով և դնում են տաք, լավ լուսավորված տեղում, հետագայում պարբերաբար օդափոխում ու խոնավացնում են։ Ծիլերը հայտնվում են 2-8 շաբաթ անց։

Հղումներ

Զմրուխտե ծառ

Զմրուխտե ծառը (անգլ․՝ China doll, Emerald tree, Serpent tree, ռուս․՝ Радермахера, լատ․՝ Radermachera sinica) բիգնոնիազգիների ընտանիքին պատկանող, մշտադալար ծառ է, որն աճում է Հարավային Չինաստանի եւ Թայվանի մերձարեւադարձային լեռնային շրջաններում:

Բնական պայմաններում այն կարող է հասնել մինչև 30 մ բարձրության, իսկ բնի տրամագիծը 1 մետրի։ Շատ բուրավետ, սպիտակ, շեփորաձև ծաղիկները բացվում են ընդամենը մեկ գիշերով և թոշնում են հաջորդ օրվա արևի տակ։

Սենյակային պայմաններում 1-1.5 մետրից չի բարձրանում և չի ծաղկում։

Խնամքը սենյակային պայմաններում

Լուսավորությունը

Զմրուխտե ծառին պայծառ, ցրված լույս է պետք: Լավ է աճում նաև մասնակի ստվերում, կարճ ժամանակով կարող է դիմակայել արևի ուժեղ ճառագայթներին։ Արևելքին կամ արևմուտքին նայող պատուհանի գոգը լավագույնս համապատասխանում է բույսի պահանջին։ Դեպի հարավ նայող պատուհանի գոգին դնելու դեպքում, լավ կլինի բույսը պաշտպանել կեսօրի արևից: Բույսի ճյուղերի չծռվելու և համաչափ աճ ապահովելու համար, անհրաժեշտ է պարբերաբար պտտել ծաղկամանը:

Օդի ջերմաստիճանը

Զմրուխտե ծառը բավականին ջերմասեր է, բայց խիստ շոգին դժվար է դիմանում։ Օդի սենյակային ջերմաստիճանը (+22․․․+25ºС) ամենահարմարն է։ Ձմռանը, բույսին հանգստի ժամանակ ապահովելու համար, ջերմաստիճանը կարելի է իջեցնել մինչև +16ºС։ +11 ºС -ից ցածր ջերմաստիճանը կարող է կործանարար լինել։

Օդի խոնավությունը

Զմրուխտե ծառը խոնավասեր է։ Անհրաժեշտ է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով հաճախակի ցողել բույսը: Ամռանը, ժամանակ առ ժամանակ, կարելի է գոլ ջրով ցնցուղի տակ լողացնել։

Ջրելը

Վեգետացիոն շրջանում առատ ջրելու կարիք ունի, բայց պետք է թույլ չտալ ջրի լճացում ու գերխոնավություն։ Չի կարելի նաև թույլ տալ, որ ծաղկամանի հողը ամբողջությամբ չորանա: Ջրում են հենց որ ծաղկամանի հողի վերին շերտը չորանա։

Աշնանը և ձմռանը ջրելու քանակը և ծավալը նվազեցնում են: Այդ ժամանակահատվածում ջրում են հողի վերին շերտի չորանալուց 2 օր անց։

Սնուցելը

Գարնանն ու ամռանը սնուցում են դեկորատիվ-սաղարթավոր բույսերի համար նախատեսված պարարտանյութերով։ Սեզոնի սկզբին բույսը սաղարթ աճեցնելու համար ազոտի գերակշռմամբ պարարտացման կարիք ունի, իսկ աշնանը պետք է կիրառել ֆոսֆոր-կալիումային պարարտանյութեր:

Պարարտանյութը պետք է տալ փաթեթի վրայի հրահանգին համապատասխան չափաբաժնով: Փորձառու այգեգործները խորհուրդ են տալիս նախքան սնոււցում տալը ջրել բույսը և մեկ-երկու ժամ հետո նոր պարարտացնել այն։

Զմրուխտե ծառը լավ է արձագանքում նաև սաղարթային սնուցմանը: Տերևները կարելի է ցողել պարարտանյութի կես չափաբաժնի լուծույթով: Այդպես սննդարար նյութերը շատ ավելի արագ են ներծծվում, իսկ սաղարթը ձեռք է բերում փայլուն զմրուխտի երանգ:

Էտը և սաղարթի ձևավորումը

Զմրուխտե ծառը կարելի է կամ որպես ծառ աճեցնել, կամ փարթամ թուփի տեսքով: Առաջին դեպքում, աճի սեզոնի ողջ ընթացքում բնի ստորին մասից հեռացնում են բոլոր կողային ճյուղերը: Իսկ որպեսզի փարթամ թփի ձև ստանա, քշտում են բոլոր ճյուղերի վերին բողբոջները՝ խթանելով դրանց ճյուղավորումը:

Տեղափոխելը

Այլ, քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխելու համար լավագույն ժամանակը գարնան սկիզբն է: Այդ ժամանակ է ծառը ձմեռային «հանգստից» հետո սկսում ակտիվորեն աճել: 5 տարեկանից երիտասարդ բույսերը տեղափոխելու կարիք է առաջանում համարյա ամեն տարի։ Մեծահասակ բույսերի ծաղկամանը փոխում են մոտ երեք տարին մեկ՝ եթե ծաղկամանում արդեն նեղվածք է և արմատները դուրս են եկել դրենաժային անցքերից։ Եթե ոչ, ապա կարելի է բավարարվել հողի վերին շերտը (4-5 սմ) փոխելով:

Զմրուխտե ծառի արմատները բավականին հզոր են, ուստի ծաղկամանը պետք է լինի լայն և խոր, բայց ոչ շատ մեծ։ Ծաղկամանի ծավալը պետք է մոտավորապես հավասար լինի արմատային համակարգի ծավալին, որպեսզի ծառի արագ աճը որոշ չափով զսպվի։

Ծաղկամանում լավ դրենաժ ապահովելը շատ կարևոր է։

Հողախառնուրդը

Հարմար է արմավենիների և/կամ ցիտրուսայինների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդը։ Ինքնուրույն պատրաստելու համար իրար են խառնում՝

Բազմացումը

Զմրուխտե ծառը բազմացնում են կտրոններով կամ անդալիսի միջոցով:

Կտրոնները արմատակալման դնելու լավագույն ժամանակը մայիսն է կամ հունիսի սկիզբը: Կտրոն ստանալու համար կտրում են ցողունի մի մասը՝ տերևով ու տերևային հանգույցով: Կտրած տեղը մշակում են ակտիվացված ածխի փոշիյով կամ արմատավորում խթանող դեղամիջոցով։ Այնուհետև կտրոնը 2-3 սմ խորությամբ խրում են տորֆի և ավազի խառնուրդ հանդիսացող սուբստրատի մեջ, լավ ջրում են ու ծածկում թափանցիկ թաղանթով։ Ցանքը դնում են տաք և լուսավոր տեղում, պարբերաբար օդափոխում են և խոնավացնում:
Կտրոնները բավականին արագ են արմատավորվում: Արդեն 1,5–2 ամիս անց երիտասարդ բույսերը կարելի է լինում տեղափոխել առանձին ծաղկամանի մեջ։

Անդալիսի միջոցով բազմացնելու համար, մայր բույսի երկար ճյուղերից մեկը մոտեցնում են հողին, հողին դիպչող հատվածը ազատում են տերևներից, այդ տեղում մի փոքր վնասում են կեղևը և թաղում հողի մեջ։ Գագաթը պետք է դրսում մնա։ Մեկ այլ տարբերակով, նույնն անում են օդի մեջ՝ տերևներից ազատված հատվածը պարուրում են հողով կամ մամուռով ու փաթաթում են ցելոֆանով։ Երկու դեպքում էլ այդ հատվածները մշտապես խոնավ պետք է պահվեն։ Արմատների առաջանալուց հետո, այդ հատվածը առանձնացնում են մայր բույսից և տնկում են նոր ծաղկամանում։

Հնարավոր բարդություններ

  • Ճյուղերը անբնական ձգվում են։ Սովորաբար դա տեղի է ունենում ձմռանը, երբ լույսի պակաս կա: Բույսը պետք է պահել զով տեղում և պայծառ լույսի ներքո: Կարելի է ցերեկային լույսով լրացնել լուսավորության ժամերը։
  • Տերևների ծայրերը չորանում են, տերևները կորցնում են իրենց ամրությունը և չորանում են։ Սենյակի օդը շատ չոր է կամ բույսը անբավարար է ջրարբիացվում: Նույնը կարող է տեղի ունենալ երբ լուսավորությունը չափազանց ուժեղ է: Այս դեպքում բույսը պետք է տեղափոխել մասնակի ստվերված վայր:
  • Նոր տերևները մանրանում են ու խամրած են։ Լույսի և/կամ սնունդի պակասից է: Անհրաժեշտ է ապահովել պայծառ, ցրված լույսով և/կամ սաղարթային պարարտացում անել։
  • Տերևները դեղնում են ու թափվում։ Լուսավորության պակասից է։

Հիվանդություններ և վնասատուներ

Զմրուխտե ծառը կայուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: Միայն վատ խնամքի դեպքում բույսը կարող է տառապել ֆուզարիոզից (արմատային փտախտ), ենթարկվել կարմիր սարդոստայնային տիզերի, ուտիճների և ալրատիզերի հարձակմանը։

Հղումներ

Ֆիկուս եռանկյունատերև

Ֆիկուս եռանկյունատերևը (անգլ․՝ Triangle ficus, ռուս՝ Фикус треугольный, լատ․՝ Ficus triangularis) ծագումով Արեւմտյան Աֆրիկայից, մշտադալար ծառանման թուփ է: Տերեւների անսովոր` դեպի կոթունը նեղացող ձեւի շնորհիվ է կոչվում եռանկյունատերև ֆիկուս:

Իր հայրենիքում, բնական միջավայրում, հասնում է մինչև 30 մ բարձրության, իսկ սենյակում 1 մետրից չի անցնում։ Ֆիկուս եռանկյունատերևը առանձնանում է երիտասարդ ճյուղերի արագ աճով։ Բարենպաստ պայմաններում մեկ տարվա ընթացքում 10-15 սմ աճ է լինում։ Այս պատճառով բույսը ամեն տարի ձեւավորող էտի են ենթարկում։

Ծաղիկները փոքր, շագանակագույն են, նման են փոքր, խավամազապատ գնդիկների։ Ծաղկելուց հետո ձևավորվում են բաց դեղնավուն պտուղներ, որոնք հետո մուգ կարմիր են դառնում ու նոր հմայք են հաղորդում ծառին։

Այժմ ստացված են եռանկյունատերև ֆիկուսի խայտաբղետ տերևներով բազմաթիվ սորտեր։

Նկարում՝ Ֆիկուս եռանկյունատերև խայտաբղետ (Ficus triangularis variegata

Խնամքը

Օդի ջերմաստիճանը: Վեգետացիոն շրջանում լավագույն ջերմաստիճանային տիրույթը +20…+25°C է, իսկ ձմռանը՝ +16…+17°C։

Օդի խոնավությունը: Խոնավասեր է։ Անհրաժեշտ է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով պարբերաբար ցողել բույսի տերևները։ Բույսի շրջակա օդի խոնավությունը կարելի է ավելացնել, եթե ծաղկամանը տեղադրել ջրով ու խճով լի, սաղր տակդիրի վրա՝ այնպես, որ ջուրը չհասնի ծաղկամանին։

Ջրելը: Երբ ծաղկամանի հողը 1-2 սմ խորությամբ չորացել է, ուրեմն հասել է ջրելու պահը։ Ջրել պետք է հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով։ Ամռանը, կախված օդի ջերմաստիճանից, շաբաթական 1-2 անգամ է ստացվում, իսկ ձմռանը՝ 7-10 օրը մեկ։

Ավելորդ խոնավությունը արմատների փտման պատճառ կարող է դառնալ։

Լուսավորությունը: Չնայած արևադարձային գոտուց ծագմանը, եռանկյունատերև ֆիկուսը բավականին ստվերադիմացկուն է և կարող է լավ աճել նույնիսկ հյուսիսային պատուհանի գոգին։ Այնուամենայնիվ, մանավանդ խայտաբղետ սորտերի համար, ցրված, պայծառ լուսավորությունը գերադասելի է։ Արևի ուղիղ ճառագայթները այրվածքներ են պատճառում բույսին։

Սնուցումը: Վեգետացիոն շրջանում բույսը պարարտացնում են ամիսը 2 անգամ։ Լավ կլինի հաջորդաբար օրգանական և համալիր պարարտանյութերով հեղուկ սնուցում արվի։

Ձմռանը սնուցելու կարիք չկա։

Տեղափոխությունը: Քիչ ավելի մեծ ծաղկաման տեղափոխությունն ավելի լավ է անել գարնանը։ 1-2 սանտիմետրով ավելի լայն ծաղկամանի հատակին սկզբում դրենաժային շերտ են լցնում, ապա հողախառնուրդը։ Հատուկ ֆիկուսների համար հողախառնուրդ կարելի է գնել, կամ պատրաստել ինքնուրույն՝ հավասար չափերով խառնելով ճմահող, ավազ, տորֆ և տերևային բուսահող։

Երիտասարդ բույսերը, որպես կանոն, ամենամյա տեղափոխման կարիք են ունենում, իսկ 5 և ավելի տարեկանները՝ 2 տարին մեկ։

Բազմացումը: Եռանկյունատերև ֆիկուսը կարելի է բազմացնել կտրոններով, անդալիսի միջոցով և սերմերով։

Կտրոններով բազմացնելու համար 15-18 սմ երկարությամբ կտրոնների վրա թողնում են 3-4 զույգ տերևներ։ Կտրոնի վերին մասը սուր դանակով կամ նշտարով կտրում են ուղիղ, իսկ ներքևի մասը թեքությամբ։

Կաթնանյութից ազատելու համար, կտրոնները 1-2 ժամ թրջում են ջրում, այնուհետև դնում են արմատակալման՝ ջրի կամ պարարտ հողի և ավազի խառնուրդի մեջ։ Ջերմոցային միջավայր ստանալու համար, արմատակալման դրված կտրոնները ծածկում են թափանցիկ ծածկով։ Այդպիսի միկրոջերմոցում կտրոններն արմատակալում են 3-4 շաբաթում։

Անդալիսի միջոցով բազմացնելու համար, մայր բույսի երկար ճյուղերից մեկը մոտեցնում են հողին, հողին դիպչող հատվածը ազատում են տերևներից, այդ տեղում մի փոքր վնասում են կեղևը և թաղում հողի մեջ։ Գագաթը պետք է դրսում մնա։ Մեկ այլ տարբերակով, նույնն անում են օդի մեջ՝ տերևներից ազատված հատվածը պարուրում են հողով կամ մամուռով ու փաթաթում են ցելոֆանով։ Երկու դեպքում էլ այդ հատվածները մշտապես խոնավ պետք է պահվեն։ Արմատների առաջանալուց հետո, այդ հատվածը առանձնացնում են մայր բույսից և տնկում են նոր ծաղկամանում։

Սերմերով բազմացում հազվադեպ է արվում։ 3-5 սմ հողաշերտի վրա հավասարապես բաշխում են սերմերը, նույն հողախառնուրդի շատ բարակ շերտով ծածկում են ցանքը և լավ խանավացնում։ Ցանքը ծածկում են ապակյա կամ պլաստկ թաղանթով ու այդպես թողնում 2-8 շաբաթ՝ մինչև ծիլեր հայտնվեն։

Ցանքը 2-3 օրը մեկ օդափոխում են։

Հիվանդություններ և վնասատուներ: Գերխոնավացման հետևանքով, եռանկյունատերև ֆիկուսը կարող է վարակվել սնկային հիվանդություններով՝ ալրացող, գորշ փտախտ (мученистая роса, серая гниль): Վնասատուներն են վահանակիրները, թրիփսերը, սարդոստայնային տիզը, ուտիճը:

Ֆիկուսի այլ տեսակների մասին կարող եք կարդալ այստեղ ==>

Ֆիտոնիա

Ֆիտոնիան (անգլ․՝ Nerve plant, Fittonia, ռուս․՝ Фиттония, լատ․՝ Fittonia) ականթավորների ընտանիքի, հարվամերիկյան (Պերու) ծաղկող բույսերի ցեղ է, որն ընդգրկում է 4 տեսակ՝ մի տեսակը ուղղահայց աճող է, մյուս

երեք տեսակները փռվում են գետնին և տարածվում են սողացող ընձյուղներով։

Հայաստանի կլիմայում ֆիտոնիան աճեցվում է որպես սենյակային բույս, իսկ ամենատարածված տեսակն է Ֆիտոնիա սպիտականոթը (Fittonia albivenis)։ Դրա սորտերից են՝

Ֆիտոնիա արծաթափայլը (Silver Nerve Plant, Фиттония серебристая): Մանր տերևները պատված են մոխրագույսն ցանցով;

Ֆիտոնիա կարմիրը (фиттония красная): Տերևների վրայի ցանցը կարմիր, վարդագույն կամ մանուշակագույն է։

Ֆիտոնիա Ջոսան (Fittonia Josan, Фиттония джосан): Տերևները ալիքավոր եզրերով են և պատված են վարդագույն ցանցով և պարուրված են մուգ կանաչ շերտով։ Տերևների կենտրոնն ավելի բաց գույն ունի։

Ֆիտոնիա “Սպիտակ Աննա” (Fittonia “White Anne”, фиттония Уайт Анна)։ Մուգ կանաչ տերեւները, որոնց կենտրոնն ավելի բաց գույնի է, ծածկված են արծաթափայլ շատ բարակ ցանցով։

Խնամքը

Ֆիտոնիաները տարբեր գույնի, շատ գեղեցիկ տերևներ են ունենում, բայց բոլորի խնամքը նույնն է։

Նախ պետք է իմանալ, որ Ֆիտոնիան օրական գոնե մի քանի րոպե ուշադրություն պահանջող բույս է։ Թողնել ծաղիկն առանց հսկողության ու ճամփորդել չի հաջողվի։

Լուսավորությունը։ Ֆիտոնիան դնում են վառ, ցրված լուսավորությամբ տեղում։ Դա կարող է լինել արևելյան կամ արևմտյան պատուհանագոգը։ Հարավային պատուհանի գոգին, ամռան կեսօրին, տերեւները պետք է ստվերել, որպեսզի այրվածքներ չստանան: Ձմռանը կամ հյուսիսային պատուհանագոգին աճեցնելիս հավելյալ արհեստական լուսավորություն են ապահովում։

Օդի ջերմաստիճանը։ Ֆիտոնիան ջերմասեր է: Ջերմաստիճանային լավագույն տիրույթը + 22…+ 25°C է: Ձմռանը օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչեւ +18°C: Եթե ամռանը շատ շոգ է, անհրաժեշտ է ավելի հաճախ օդափոխել սենյակը: Ծաղիկը փողոցում դնել խորհուրդ չի տրվում։ Հայաստանի կլիմայում օդի ջերմաստիճանի գիշերային անկումը շատ ցավոտ կլինի բույսի համար։ Միջանցիկ քամիները նույնպես կարող են մահացու լինել։

Օդի խոնավությունը։ Ֆիտոնիային անհրաժեշտ է օդի բարձր խոնավություն։ Անհրաժեշտ է ամեն օր ցողել բույսի տերևները հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով կամ ծաղկամանը տեղադրել սաղր, լայն, խճաքարով ու ջրով լի տակդիրի վրա՝ այնպես, որ տակդիրի ջուրը չհասնի ծաղկամանին։

Ջրելը։ Ամռանը ֆիտոնիան հաճախ եւ առատորեն են ջրում: Միայն հողի մակերեսը պետք է հասցնի չորանալ։ Սակայն ջրի լճացում էլ թույլ տալ չի կարելի։ Օդի ջերմաստիճանի անկմանը զուգահեռ կրճատում են նաև ջրելու հաճախականությունը։

Սնուցումը։ Վեգետացիոն շրջաննում, ամիսը երկու անգամ ֆիտոնիային սնուցում են համալիր պարարտանյութով: Ընդորում կիրառում են պարարտանյությ փաթեթի վրա նշված չափաբաժնի կեսի չափով։

Էտելը։ Ժամանակի ընթացքում ֆիտոնիայի ճյուղերը կարող են շատ երկարել և մերկանալ ներքեւի մասում։ Բույսի լավ տեսքը պահպանելու համար, պարբերաբար քշտում են ճյուղերի գագաթները։ Գարնանը ավելի խոր էտ կարելի է անել, սակայն պետք է հաշվի առնել, որ բույսի ծավալի չափազանց կրճատումը կարող է դանդաղեցնել աճը։

Տեղափոխումը։ Բույսը տեղափոխելու համար ընտրում են քիչ ավելի մեծ, հաստ դրենաժային շերտով, սաղր ծաղկաման։ Հողախառնուրդը կազմում են հավասար մասերով խառնելով ավազ, ճմահող կամ այգու հող, տերևային բուսահող և տորֆ։ Կարելի է գնել պատրաստի ունիվերսալ հողախառնուրդ։

Ֆիտոնիան արագ է աճում և կարող է ամեն տարի տեղափոխման անհրաժեշտություն առաջանալ։ Հաճախ, 2-3 տարի անց բույսն ամբողջովին երիտասարդացնում են:

Բազմացումը։ Ֆիտոնիան լավ և հեշտ է բազմանում վեգետատիվ եղանակով։ Բազմացնելու լավագույն ժամանակը գարունն ու ամառն են՝ երբ լուսային օրվա տևողությունը մեծ է։

Նոր բույս ստանալու համար հարկավոր է 8 սմ երկարությամբ կտրոն կտրել ճյուղի գագաթից։ Կտրոնի վրա պետք է լինի/մնա 3-5 առողջ տերեւ: Կտրոնի արմատակալումը կատարվում է խոնավ ավազի կամ ջրի մեջ՝ օդի +26…+28°C ջերմաստիճանում: Արմատակալման դրված կտրոնը անհրաժեշտ է ծածկել ապակիյով կամ պլաստիկ շշով/թաղանթով։ Շաբաթը մի քանի անգամ ծածկը բացում են և հեռացնում կոնդենսատը։ Գործընթացը տեւում է 1,5-2 ամիս:

Քանի որ ֆիտոնիայի ճյուղերը հողի վրա գտնվելով կարող են ինքնուրույն արմատավորվել, անդալիսի միջոցով բազմացումն ավելի հեշտ է։ Պարզապես պետք է նույն կամ մեկ այլ ծաղկամանի հողին ամրացնել երկարած ճյուղի մեջտեղի մասը՝ գագաթը թողնելով դրսում։

Ծաղկամանը փոխելիս, խիտ աճած թուփը կարելի է բաժանել մի քանի մասերի: Բույսը հանում են ծաղկամանից և արմատները զգուշությամբ ազատում են հողից։ Նվազագույն վնաս հասցնելով, սուր դանակով թուփը բաժանում են մասերի եւ անմիջապես տնկում տարբեր ծաղկամաններում։

Ծագող դժվարությունները

Առավել հաճախ ֆիտոնիան սնկային հիվանդություններով է վարակվում՝ արմատի փտաղտ, փոշոտ շաղ, տերեւների մոզաիկա։ Դրանք առաջանում են հողի անորակ սուբստրատի, այլ վարակված բույսերի հետ շփման, ինչպես նաեւ սխալ ջրելու եւ սենյակում օդի ցածր ջերմաստիճանի դեպքում:

Վնասատուներն են վահանակիրները, սրդոստայնային տիզը, ալրատիզը։ Այդ մակաբույծներին հավաքում և հեռացնում են ձեռքով կամ բույսը մշակում են ինսեկտիցիդներով («Актара», «Актеллик»):

Սխալ խնամքի արդյունքում ֆիտոնիայի արտաքին տեսքը զգալիորեն վատանում է, բայց իրավիճակը կարելի է շտկել, եթե շտկվի ագրոտեխնիկան: Ահա հիմնական խնդիրները՝

  • Տերևները չորանում են և ոլորվում եզրից։ Օդի ցածր խոնավություն։
  • Թոշնող, շագանակագույն տերեւներ։ Պարարտանյութերի պակաս։
  • Տերեւները թառամում են և շրջվում։ Ջրելու պակաս։
  • Ճյուղերն ու տերևակոթունները փտում են։ Միջանցիկ քամիներ կամ օդի ցածր ջերմաստիճան։
  • Տերեւը բարակում է և թոշնում։ Չափազանց պայծառ լույս ։

Հղումներ

Հնդկեղեգ

Հնդկեղեգը կամ Բամբուկը (անգլ․՝ Bamboo, ռուս․՝ Бамбук, լատ․՝ Bambusa)  հացազգիների ընտանիքի բամբուկանմանների ենթաընտանիքի բազմամյա, սակավադեպ միամյա բույս է։ Հայտնի է հնդկեղեգի 1575 տեսակ։

Հնդկեղեգը երկրագնդի ամենաարագ աճող բույսն է, այն սննդի, հագուստի, էներգիայի և շինանյութի էկոլոգիապես մաքուր և կայուն աղբյուր է:

Երկու տիպի հնդկեղեգներ կան՝ թփի տեսքով աճող և վազողներ կամ ինվազիվներ, որոնց արմատները տարբեր ուղղություններով, անկառավարելի և արագ աճելու ունակություն ունեն, ինչի շնորհիվ բույսը տարբեր, երբեմն անսպասելի տեղերում նոր ծիլեր է տալիս։

Բաց գրունտում հնդկեղեգ աճեցնելը

Հայաստանի կլիմայական պայմաններում, բաց գրունտում կարելի է աճեցնել հնդկեղեգի ցրտադիմացկուն տեսակները։ Ցրտադիմացկուն հնդկեղեգի տասնյակ տեսակներ կան, դրանց մեծ մասը պատկանում է Phyllostachys, կամ Fargesia ցեղերին և կարող են դիմակայել օդի -23º…-29ºC ջերմաստիճանների:

Ցրտադիմացկուն վազող տիպի հնդկեղեգներ

  • Դեղին ակոսով բամբուկ (Phyllostachys aureosulcata) հեշտությամբ ճանաչելի է ճյուղերի վրայի դեղին շերտով, որը տեսանելի է տերևների մուգ կանաչ խորապատկերին։ Ծռմռված բամբուկ (Crookstem bamboo) անունով հայտնի ենթատեսակ ունի, որի ճյուղերը երբեմն զիգզագաձև են աճում: Տեսքով հետաքրքիր և գրավիչ այս տեսակը, նույնիսկ ցուրտ վայրերում, կարող է հասնել գրեթե 15 մետր բարձրության, սակայն, այն վայրերում, որտեղ ձմռանը պարբերաբար -23…-26ºC- ից ցածր ջերմաստիճան է լինում, հազիվ թե 3 մետրից ավել բարձրանա։
  • Phyllostachys heteroclada f. solida Ջրային բամբուկի այս ենթատեսակը սովորաբար հայտնի է որպես Կարծր բամբուկ, քանի որ այն սակավաթիվ տեսակներից է, որոնց ճյուղերը սնամեջ չեն: Այս ենթատեսակը նաև մի փոքր ավելի ցրտադիմացկուն է քան սովորական Ջրային բամբուկը՝ դիմանում է մինչև -23°C-ին:
  • Phyllostachys bissetii Շատ խիտ աճող, ստվար թփուտներ ձևավորող, ցրտադիմացկուն տեսակ է: 2.5 սմ տրամագծով ճյուղերը հասնում են մոտ 6 մետր բարձրության։ Դիմանում է -23°C ցրտին ու նույնիսկ -31°C` եթե լավ մուլչապատված լինի։
  • Phyllostachys nuda Շատ գրավիչ և ցրտադիմացկուն տեսակ է, որի ճյուղերն ունենում են 2.5-5 սմ տրամագիծ և 7-9 մ բարձրություն: Մատղաշ ճյուղերը շատ մուգ, գրեթե սեւ են լինում, հասունանալով դառնում են մուգ կանաչ, հանգույցների սպիտակ օղակներով:
  • Խնկի բամբուկ (Incense bamboo, Phyllostachys atrovaginata) Այս տեսակի վրա մոմաշերտ կա, որը շոգին կամ տրորելիս շատ հաճելի բուրմունք է արձակում: Շատ արագաճ է, ձևավորում է 7.5-8 սմ տրամագծով, մինչև 12 մ բարձրությամբ ճյուղեր։ Դիմանում է մինչև -23…26ºC ցրտին։
  • Phyllostachys parvifolia Այս տեսակի արմատներն էլ, ինչպես Ջրի բամբուկինը, լավ հարմարված են թաց հողին: Փոքրիկ տերևները ընդգծում են հաստ, մուգ կանաչ ցողունները, իսկ հանգույցների շուրջ սպիտակ օղակները ավելի մեծ առանձնահատկություն են հաղորդում: Այս տեսակի մատղաշ ընձյուղները շատ համեղ են: Հասուն ճյուղերը կարող են հասնել մինչև 12 մ բարձրության։ Դիմանում է մինչև -26°C ցրտին:
  • Bashania fargesii Խիտ, ամուր տերևափնջերով այս տեսակը շատ է օգտագործվում որպես քամուց կամ օտար աչքից պաշտպանող էկրան: Շատ արագ աճեցվողներից ու տարածվողներից է, պետք է զգույշ լինել: Հարավային Չինաստանի լեռների բնիկներից է այս տեսակը և դիմանում է մինչև -17°C ցրտին։ Հասուն ճյուղերն ունենում են մոտ 5 սմ տրամագիծ և 6-9 մ բարձրություն։

Թփի տեսքով աճող հնդկեղեգներ

  • Հովանոց բամբուկ (Umbrella bamboo, Fargesia murielae) Շատերը այս տեսակը դասում են ամենագեղեցիկ մշակվող բամբուկների շարքում: Նոր ճյուղերն ունեն բաց կապույտ երանգ՝ հասունանալով դառնում են մուգ կանաչ ու դեղին: Այս բամբուկը կիսաստվերում աճեցնելը կօգնի պահպանել դրա կապույտ երանգը: Բարակ ճյուղերը հասնում են 3.5 մ բարձրության և այն դիմանում են մինչև -28ºC ցրտին։
  • Կապույտ շատրվան բամբուկ (Blue fountain bamboo, Fargesia nitida) Անվանումը տեսքի հետ է կապված։ Մոտ 2.5 սմ տրամագծով ճյուղերը հասնում են 4.5 մ բարձրության և դիմանում են մինչև -29ºC ցրտին։
  • Վիշապի գլուխ բամբուկ (Dragon head bamboo, Fargesia dracocephala) Ունի հաստ ճյուղեր, որոնք աճում են մինչև 3 մ և ավարտվում են խոնարհված տերևային հովանոցով։ Կարող է լավ մեկուսիչ ցանկապատ ձևավորել։ Խորհուրդ չի տրվում տաք, խոնավ կլիմայական պայմաններում աճեցնել։ Դիմանում է մինչև -23ºC ցրտին։
  • Ռուֆա բամբուկ (Fargesia rufa) Կոմպակտ, խիտ և թփաշատ տեսակ է, որը նախընտրում է զով կլիմայական պայմաններ և կիսաստվեր՝ պաշտպանված կեսօրի կիզիչ արևից: Դիմանում է մինչև -26°C ցրտին։ Բարակ ճյուղերը հասնում են 3 մ բարձրության։
  • Fargesia sp. ‘Jiuzhaigou’: Այս տեսակը ներառում է մի շարք հետաքրքիր սորտեր, ներառյալ Կարմիր վիշապը (Red dragon) և Սև բալ (Black cherry) տեսակները։ Մոտ 3 մ բարձրությամբ բարակ ճյուղերով կոմպակտ բույս է, բայց դիմանում է մինչև -29ºC ցրտին։

Հողը

Հնդկեղեգը պահանջկոտ չէ հողի նկատմամբ և կարող է հարմարվել և՛ կավահողերին, և՛ ավազահողերին։ Ինչպես շատ այլ բույսեր, հնդկեղեգը շատ ավելի լավ է աճում օրգանական նյութերով հարուստ, պարարտ ու փխրուն հողում։

Լուսավորությունը

Հնդկեղեգի տեսակների մեծամասնության համար նախընտրելի է ողջ օրը արևի տակ աճելը։ Կան նաև ստվերադիմացկուն տեսակներ։

Քամին

Երկարատև, չոր քամին կարող է չորացնել խոնավասեր հնդկեղեգին։ Սա պետք է նկատի ունենալ մանավանդ բարձրահասակ տեսակները տնկելիս։

Տնկելը

Հնդկեղեգի տնկիները բաց գրունտ կարելի է տեղափոխել գարնանից մինչև աշուն, բայց ամենահարմարը ապրիլ-մայիսն են, որպեսզի բույսերը հասցնեն ամրանալ մինչև ձմռան ցրտերը։

Նաև ցուրտ ձմռան շեմին խորհուրդ է տրվում ջերմամեկուսացնել բույսերի արմատները, իսկ երկարատև, սառը, չոր քամիների վտանգի դեպքում նաև բույսերի վերին մասը։

Տնկին տեղափոխում և տնկում են մշտական տեղում առանց վնասելու արմատաներն ու հողագունդը։ Տնկելու համար նախապատրաստվող փոսը պետք է մոտ երկու անգամ խոր և լայն լինի տնկվող բույսի արմատագնդից։ Տնկիի առագ կպնելու ու աճի ապահովման համար, խորհուրդ է տրվում փոս լցվելիք հողը հարստացնել կոմպոստով կամ փտած գոմաղբով, իսկ թարմ գոմաղբ լցնելը վտանգավոր է՝ արմատները կարող են վնասվել։ Ինվազիվ, արագ տարածվող տեսակները տնկելիս, պետք է նաև պատնեշներ տեղադրել՝ բույսի ոչ ցանկալի ուղղություններով տարածվելու դեմ։

Ջրելը

Տնկելուց հետո առաջին մի քանի ամիսներին պետք է առատ ջրել՝ թույլ չտալով հողի չորացումը։ Բույսի կպնելուց հետո ջրում են շաբաթական 2-3 անգամ՝ զգուշանալով հողը ցեխ սարքելուց։

Հողի խոնավությունը պահպանելու համար կարելի է մոտ 2-5 սմ խորությամբ ցանքածածկ անել բույսերի շուրջ։

Պարարտացնելը

Հնդկեղեգը շատ արագաաճ բույս է և հաճախակի սնուցման կարիք ունի, ընդորում ազոտի պարունակությունը պետք է մեծ լինի (4- ազոտ, 3- ֆոսֆոր, 2- կալիում)։ Ամենաարդյունավետ սնուցում ապահովում են օրգանական պարարտանյութերը՝ կոմպոստը, գոմաղբը։

Հնդկեղեգների մեծ մասը սեզոնում ունենում է 2 վեգետացիոն փուլ։ Այդ փուլերին զուգահեռ, առաջին սնուցումն անում են գարնան սկզբին, երկրորդ անգամ՝ ամռան կեսին, երրորդ անգամ, ավելի քիչ ազոտի պարունակությամբ (2-4-4)՝ աշնանը:

Էտելը

Հնդկեղեգը կարելի է էտել և ձևավորել ձմռանից բացի բոլոր եղանակներին։ Խորհուրդ է տրվում առնվազն տարին մեկ անգամ հեռացնել ծերացրած և թույլ ճյուղերը։

Հնդկեղեգը սենյակային պայմաններում աճեցնելը

Սենյակային պայմաններում լավ աճող հնդկեղեգի քիչ տեսակներ կան։ Դրանցից են՝

Բուդդայի փոր (Buddha Belly, Живот Будды, Bambusa ventricosa) Հնդկեղեգի ամենատարածված տեսակներից է: Կա նաեւ գաճաճ տեսակը, որն ամենահարմարն է ծաղկամանում աճեցնելու համար։

Բամբուսա մուլտիպլեքս (Tiny fern striped, Bambusa multiplex) Ինչպես և մյուս հնդկեղեգները տաք պայմաններին սովոր բույս է։ Ինչպես անունն է հուշում (Tiny fern striped թարգմանվում է Փոքրիկ զոլավոր ձարխոտ), նրա նուրբ սաղարթը հիշեցնում է ձարխոտի տերևները:

Գաճաճ սպիտակաշերտ (Dwarf whitestripe, Многоцветочник Форчуна пестролистный, Pleioblastus fortunei), Սա վազող բամբուկ է, բայց կարճ է, թփուտավոր ու լավ է նայվում ծաղկամանում։

Մեքսիկական լացող հնդկեղեգ (Mexican Weeping Bamboo, Otatea acuminata) ավելի բարձրահասակ տեսակ է, ծաղկամանում աճելիս հասնում է մոտ 1.2 մետր բարձրության։ Աճում է որպես թուփ, ունի նուրբ տերևներ։

Հնդկեղեգ կուրիլյան (Бамбук курильский (курильская саза), Sasa kurilensis) Վազող տեսակ է, 30-100 սմ բարձրության է հասնում։

Ուտելի ընձյուղներ ունեցող հնդկեղեգներ

Հնդկեղեգի հայտնի 1575 տեսակից 110-ի մատղաշ ընձյուղներն ուտելի են։ Ամբողջական ցուցակը՝ համային որակների նշումներով, կարող եք տեսնել այստեղ։

Մատղաշ ընձյուղները հում են ուտում, դնում են աղցանների մեջ, կամ խաշելով, շոգեխաշելով, տապակելով տարբեր ուտեստներ են պատրաստում:

Հղումներ

Ֆիկուս գաճաճ

Գաճաճ ֆիկուսը (անգլ․՝ Creeping fig կամ Climbing fig, ռուս․՝ Фикус карликовый, լատ․՝ Ficus pumila)  թթազգիների ընտանիքի ֆիկուս ցեղի մշտադալար, մագլցող, ծաղկող բույսերի տեսակ է, որն աճում է Արեւելյան Ասիայում (Չինաստան, Ճապոնիա, Վիետնամ)։

Բույսն ունի բարակ, սողացող ցողուններ, որոնք շատ արագ են աճում և սողում գետնով կամ մագլցում ծառերի վրա։ Գաճաճ ֆիկուսը իր օդային արմատների օգնությամբ կառչում է ծառերի բներից եւ կարճ ժամանակում պարուրում է ողջ ծառը։ Սակայն, դեկորատիվ սորտերը այդքան չեն մեծանում:

Գաճաճ ֆիկուսը երկու տարբեր տեսակի տերևներ է ձևավորում՝ երիտասարդ և հասուն։ Երիտասարդ տերևները սրտի են նման՝ կլորին մոտ լինելուց մինչև երկարավուն, 2,5-4 սմ երկարությամբ եւ 2 սմ լայնությամբ։ Կարող են հարթ լինել, կամ կնճռոտ։

Հասուն տերեւներն առաջանում են հասունացած գաճաճ ֆիկուսի վրա, դրանք զգալիորեն ավելի մեծ են՝ հասնում են 10 սմ երկարության, ունեն կոշտ հյուսվածք և ստորին կողմում ունեն արտահայտված երակացանց։ Բնության մեջ, նման տերեւներով ճյուղերի վրա են հայտնվում գաճաճ ֆիկուսի պտուղները՝ սիկոնիաները։ Սիկոնիաները կլոր են կամ տանձանման, բաց կանաչ գույնի, իսկ երբ հասունանում են՝ նարնջագույն են: Դրանք ուտելի չեն, բայց օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ։

Տան պայմաններում աճեցվող, դեկորատիվ գաճաճ ֆիկուսները միայն երիտասարդ տերևներ են ունենում։

Գաճաճ ֆիկուսի տարատեսակներ և սորտեր

Գաճաճ ֆիկուս ավկոտսանգ (անգլ․՝ Awkeotsang creeping fig, ռուս․՝ Фикус карликовый авкотсанг, Ficus pumila var. awkeotsang):
Սրա պտուղներից Թայվանում դոնդող են պատրաստում։

Գաճաճ ֆիկուս կաղնանման (անգլ․՝ Oak leaf creeping fig, ռուս․՝ Фикус карликовый кварцифолия, լատ․՝ Ficus pumila var. quercifolia):

Գաճաճ ֆիկուս կնճռոտ (անգլ․՝ Curly creeping fig, լատ․՝ Ficus pumila ‘Curly’)

Գաճաճ ֆիկուս խայտաբղետ (անգլ․՝ Variegated creeping fig, Фикус карликовый пестролистный, լատ․՝ Ficus pumila ‘Variegata’)

Գաճաճ ֆիկուս «Կոալա» (անգլ․՝ Creeping fig “Coala”, ռուս․՝ Фикус карликовый Коала, լատ․՝ Ficus pumila ‘Coala’)

Գաճաճ ֆիկուս «Դորտի» (ռուս․՝ Фикус пумила «Дорте», լատ․՝ Ficus pumila dorty)

Գաճաճ ֆիկուս «Սպիտակ սաննի» (լատ․՝ Ficus pumila “White Sunny”)

Գաճաճ ֆիկուս «Մինիմա» (անգլ․՝ Creeping fig “Minima”, ռուս․՝ Фикуса карликовый Минима, լատ․՝ Ficus pumila Minima):
Շատ մանր՝ մինչև 7մմ երկարությամբ տերևներ ունի։

Գաճաճ ֆիկուս փաթիլատերև (լատ․՝ Ficus pumila ‘Snowflake’)

Գաճաճ ֆիկուս Ոսկյա սիրտ (լատ․՝ Ficus pumila ‘Gold Heart’)

Խնամքը

Ոչ բնական միջավայրում աճող գաճաճ ֆիկուսները թույլ արմատային համակարգով, նուրբ եւ լավ խնամքի կարիք ունեցող բույսեր են: Անհրաժեշտ խնամք ապահովելու համար պետք է ուշադրություն դարձնել մի քանի գործոնների վրա․

  • հողախառնուրդը;
  • լուսավորությունը;
  • օդի ջերմաստիճանն ու խոնավությունը;
  • ջրելը։

Կարելի է գնել բույսերի համար նախատեսված ունիվերսալ հողախառնուրդ կամ պատրաստել ինքնուրույն՝ հավասար չափերով խառնելով ճմահող, տերևային բուսահող, տորֆ, խոշոր ավազ և մի քիչ փայտի մոխիր ավելացնելով։

Ինչպես ցանկացած բույս, գաճաճ ֆիկուսն էլ սնուցման կարիք ունի։ Կիրառելի են դեկորատիվ-սաղարթավոր բույսերի համար նախատեսված պարարտանյութերը։ Սնուցումն արվում է ողջ վեգետացիոն շրջանում՝ երկու շաբաթը մեկ անգամ: Աշնան սկզբին սնուցումը դադարեցվում է:

Գաճաճ ֆիկուսը լավ է իրեն զգում ինչպես արեւի լույսի տակ, այնպես էլ կիսաստվերում: Լուսավորությունն ավելի հարմար է լինի պայծառ ու ցրված, պետք է խուսափել ամռան արևի ուղիղ ճառագայթներից։ Անբավարար լույսի դեպքում, երկգույն տերեւներ ունեցող ֆիկուսները կորցնում են իրենց դեկորատիվ տեսքը եւ դառնում են միատարր կանաչ:

Սենյակում գաճաճ ֆիկուսի համար լավագույն տեղերը արեւելյան կամ արեւմտյան պատուհանագոգերն են։ Հարավային պատուհանագոգին տեղադրելիս, բույսին պետք կլինի մի փոքր ստվերել կամ տեղադրել պատուհանից որոշակի հեռավորության վրա:

Լուսավորության պակասը կարելի է փոխհատուցել ցերեկային լամպերի օգնությամբ:

Տաք սեզոնին օդի ամենահարմարավետ ջերմաստիճանը +20․․․+25°C է, իսկ ձմռանը՝ +10․․․+14°C։ Ամռանը, բույսը կարելի է հանել պատշգամբ կամ այգի, բայց ոչ կիզիչ արևի տակ։

Սենյակի չոր օդը կարող է գաճաճ ֆիկուսի հիվանդանալու պատճառ դառնալ, ուստի բույսը պետք է հաճախակի ցողել հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով։ Դա պետք է արվի ոչ միայն շոգին, այլև ձմռանը, մանավանդ երբ միացված են ջեռուցման սարքերը։ Շաբաթը մեկ անգամ գոլ ջրով ցնցուղն էլ միայն օգուտ կտա։

Լինելով խոնավասեր բույս գաճաճ ֆիկուսը շատ վատ է տանում երաշտը: Թույլ արմատային համակարգը միայն հողի մակերեսային շարտից կարող է ջուր ստանալ, այնպես որ, ծաղկամանի հողը պետք է միշտ չափավոր խոնավ լինի։

Բույսը պետք է ջրել հնեցված ջրով։ Ջրի լճացումից խուսափելու համար, ծաղկամանի հատակին պետք է դրենաժային լավ շերտ լինի։

Ջրելու հաճախականությունը կախված է տարվա եղանակից: Աամռանը՝ երեք օրը մեկ, աշնանը եւ ձմռանը ‘ շաբաթական 1-2 անգամ։ Գարնանը, աճի բուռն շրջանում, ջրելուն զուգընթաց նաև սնուցում կարելի է տալ:

Փարթամ սաղարթ ձեւավորելու համար, գարնանն անհրաժեշտ է մասնակի էտել բույսը, ինչպես նաեւ հեռացնել չոր ճյուղերն ու տերեւները:

Բազմացումը

Գաճաճ ֆիկուսը բազմացնում են կտրոններով, որոնք խոնավ հողի կամ ջրի մեջ շատ արագ արմատակալում են: Երբ արմատները հայտնվում են, բույսերը տեղափոխում են ծաղկամանի մեջ, բայց ոչ ավելի, քան վեց բույս մեկ ծաղկամանում: Հետագա խնամքը նույնն է, ինչ հասուն Ֆիկուսներինը։

Ծաղկամանը փոխելը

Երիտասարդ բույսերը այլ՝ քիչ ավելի մեծ ծաղկաման են տեղափոխում տարին մեկ անգամ, իսկ չորս տարեկանից մեծ բույսերը՝ ըստ արմատների աճից առաջացող պահանջի:

Ծաղկամանը պետք է լինի լայն ու ոչ շատ խոր։ Տեղափոխելիս պետք է հիշել որ գաճաճ ֆիկուսի արմատները շատ նուրբ են և հեշտությամբ պոկվում են, այնպես որ շատ զգույշ է պետք գործել։ Տեղափոխման լավագույն ժամանակը գարունն է։

Ծագող բարդությունները

Բույսի վիճակը կախված է պայմաններից, որոնցում այն գտնվում է եւ խնամքի որակից: Սխալ ջրելը, օդի խոնավության կամ լուսավորության պակասը էականորեն վնասում են բույսին։

Առավել հաճախ հանդիպող խնդիրներն են՝

  • Տերևները ոլորվում են, չորանում են։ – օդի չորություն;
  • Տերևները դեղնում են եւ թափվում։ – շատ կամ քիչ ջրելու հետևանք;
  • Նոր գոյացող տերեւներն ավելի փոքր են։ – տեղափոխել նոր, քիչ ավելի մեծ ծաղկաման;
  • Տերևաթափ։ – բույսը միջանցիկ քամու տակ է, ջերմաստիճանի կտրուկ անկում է եղել, ցածր լուսավորություն կամ ավելորդ խոնավություն;
  • Գույների խամրում կամ կորուստ – լույսի պակաս է կամ սթրես (նման տերեւները պետք է անմիջապես հեռացվեն, որպեսզի ամբողջ բույսը չփոխի գույնը):

Վատ օդփոխվող, չոր օդով սենյակներում գաճաճ ֆիկուսը կարող է ենթարկվել  սարդոստայնային տիզի հարձակմանը։ Այլ վտանգավոր վնասատուներ են վահանակիրները, թրիփսերը եւ ուտիճները։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

Ֆիկուսի այլ տեսակների մասին կարդացեք այստեղ ==>

Հղումներ

Փիփերթ

Փիփերթը (անգլ․՝ Mallow, ռուս․՝ Мальва, լատ․՝ Malva) կամ Մոլոշ, Բալբա, Բաղջուկ, փիփերթազգիների (տուղտազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա 25-30 տեսակի խոտաբույսերի ցեղ է։

Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է այգիներում, բանջարանոցներում, ճանապարհների և բնակավայրերի մոտ, ցանքերում՝ որպես մոլախոտ և այլն։

Փիփերթը ուտելի խոտաբույս է: Հավաքում են գարնանը, ուտում են և՛ թարմ վիճակում, և՛ ապուրների մեջ:

Հղումներ

Բանջարեղեն

Բանջարեղեն (անգլ․՝ Vegetable, ռուս․՝ Овощи) են կոչվում այն խոտաբույսերը, որոնց հյութալի մասերը՝ տերևները, ցողունները, արմատները, սոխուկները, պտուղները, ընձյուղները օգտագործվում են մարդու սնունդում կամ անասնակեր են։

Բանջարեղենի հիմնական խմբերն են՝

  • Արմատապճղավորներ, որոնք հիմնականում աճեցվում են արմատներն ուտելու համար (Ճակնդեղ, Բողկ, Գոնգեղ, Ամսաբողկ, Գազար, Վայրի գազար, Արմատային մաղադանոս, Ստեպղին, Շաղգամ, Նեխուր արմատային ․․․)
  • Պալարապտղավորներ, որոնք հիմնականում աճեցնում են պալարներն (tubers, клубни) ուտելու համար (Կարտոֆիլ, Բաթաթ, Գետնախնձոր ․․․)
  • Տերևաբանջարներ, որոնք հիմնականում աճեցվում են տերևներն ու տերևակոթուններն ուտելու համար (Կաղամբ, Սավոյան կաղամբ, Բրյուսելյան կաղամբ, Ծաղկակաղամբ, Բրոկոլի, Կոլրաբի, Հազար, Սպանախ, Սամիթ, Տերևային նեխուր, Տերևակոթունային նեխուր, Տերևային մաղադանոս, Թրթնջուկ, Խավարծիլ ․․․)
  • Պտղաբանջարներ, որոնք հիմնականում աճեցվում են պտուղներ կամ մատղաշ սերմնարաններն ուտելու համար (Լոլիկ, Սմբուկ, Տաքդեղ, Ձմերուկ, Սեխ, Դդում, Դդմիկ, Սիսեռ, Ոլոռ, Լոբի, Բակլա, Եգիպտացորեն, Բամիա ․․․)
  • Սոխուկավորներ, որոնք հիմնականում աճեցվում են սոխուկներն ու տերևները ուտելու համար (Սոխ, Սեզատերև, Պրաս, Սխտոր ․․․)

Երբեմն առանձին խմբավորում են Լոբազգիներին, Համեմունքային բույսերը, Հացահատիկայիներին և այլն։

Բոլոր բաժանումները պայմանական են։ Օրինակ և՛ արմատապճղավորների, և՛ տերևաբանջարների մեծ մասի սերմերից աճեցվում է նաև միկրոկանաչի և ծլեցված սերմեր, կամ բաթաթի տերևներն էլ են ուտելի, հնդկոտեմի բոլոր մասերն են ուտելի և այլն։

Բանջարեղենի վերաբերյալ այլ նյութեր

Հղումներ

Բրոկոլի

Բրոկոլին (անգլ․՝ Broccoli, ռուս․՝ Брокколи, լատ․՝ Brassica oleracea var. italica) կաղամբազգիների ընտանիքի միամյա բույս է, բանջարանոցային  կաղամբի ենթատեսակ։ Ծաղկակաղամբի գենետիկական նախորդն է։ 

Հայրենիքը Միջերկրական ծովի շրջակայքն է համարվում։ Շնորհիվ իր առողջարար հատկությունների, մեծ տարածում է գտել ողջ աշխարհում։

Բաց գրունտում բրոկոլի աճեցնելը

  • Հասունացման ժամկետը՝ 85-90 օր
  • Ցրտադիմացկունության գոտի՝ 2-11
  • Ցանելու խորությունը՝ մոտ 1 սմ
  • Ծլելը՝ 3-14 օրում
  • Հեռավորությունը միմյանցից՝ 45-46 սմ
  • Միջշարային տարածությունը՝ 60-90 սմ
  • Բարձրությունը՝ 60-76 սմ
  • Աճի ուղղությունը՝ ուղղահայաց
  • Հողը՝ խոնավ, պարարտ, ջրաթափանց
  • Օդի նախընտրելի ջերմությունը՝ +4.5…+21°C
  • Լուսավորությունը՝ մշտապես արևից՝ կիսաստվեր
  • Վնասատուներ/հիվանդություններ՝ Բրոկկոլի չունի լուրջ հիվանդություններ, բայց կարող է վնասվել կաղամբ որդերի, լվիկների, թրիփսերի, լորձնէակների և ուտիճների կողմից։

Բրոկկոլին զով եղանակ եւ լիարժեք արեւ սիրող բույս է, կարելի է անմիջապես բաց գրունտում ցանել, բայց վաղ բերքահավաք անելու համար, վերջին գարնանային ցրտահարության օրվանից 6-8 շաբաթ առաջ, տաք միջավայրում պետք է սկսել սածիլներ աճեցնել։ Ցանելիս 2-3 սերմ են գցում մոտ 1 սմ խորությամբ փոսիկների մեջ։ Աշնանային առաջին ցրտահարության օրվանից մոտ 3 ամիս առաջ էլ բաց գրունտում վերջին ցանքը կարելի է անել։

Հողը պետք է բերրի լինի, փխրուն և լավ ջրաթափանցիկություն ունենա։ Թթվայնությունը՝ pH 6.0-7.0 տիրույթում։

Սերմերը ծլում են 3-14 օրվա ընթացքում, ցանքը սկսում են նոսրացնել երբ երկու իսկական տերևներ են ձևավորվում։ Բրոկկոլին սիրում է լիարժեք արևի լույսը, սակայն շոգ վայրերում, ամռան կեսօրին ստվերն ավելի բարենպաստ կլինի: Ամռան շոգից խուսափելու մեկ այլ ձև է վաղահաս սորտեր ցանելը։

Բրոկոլիի միկրոկանաչի աճեցնելը

Բրոկոլիի միկրոկանաչին շատ ավելի հարուստ է օգտակար նյութերով և վիտամիններով քան դրա սերմերն ու հասուն բույսը։

Բրոկկոլիի միկրոկանաչին ունի հասուն բրոկոլիից ավելի մեղմ համ։ Մի փոքր դառնահամը պայմանավորված է սուլֆորաֆան միակցության (sulforaphane) ներկայությամբ, որը շատ օգտակար է մարդու առողջության համար։

Բրոկկոլին բավականին արագ է ծլում եւ աճում։ Այնքան արագ, որ արդեն 7-րդ օրը կարելի է բերքահավաք անել։ Բացի այդ, բրոկկոլին մյուս միկրոկանաչիների համեմատ ավելի քիչ ջրելու կարիք ունի։ Ընդամենը պետք է հետևել, որ արմատները միշտ խոնավ միջավայրում լինեն։

Մինչև ցանելը թրջելը Կարիք չկա։
ՀամըԹեթև, խրթխրթան, թեթևակի դառը։
ԳույնըԲաց կանաչ տերևներ, Bright green leaves, թեթևակի վարդագույն ցողուններ։
Օգտակար նյութերը Հարուստ է A, C, K վիտամիններով, պրոտեինով, կալցիումով։
Հատկությունը Կանխում է թոքերի եւ հաստ աղիքի քաղցկեղը, ամրացնում է ոսկորները, բարելավում է մարսողությունը եւ այլն։
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար) 28-29 գրամ
Մթության մեջ պահելը4 օր
Ծլելը 1-2 օրից
ԼույսըՊայծառ, ցրված արևի լույս կամ արհեստական՝ 16 ժամ միացած, 8 ժամ անջատած։
Բերքահավաքը 7-10 օրից
Օգտագործելը Օգտագործվում է բանջարեղենային աղցաններում, ապուրներում, որպես միսի կամ ձկան խավարտ:

Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։

Աճեցնելը՝ քայլ առ քայլ
  1. Ձեռք բերել որակյալ, ցանկալի է օրգանական, սերմեր։ Համոզվել, որ սերմերը չեն ենթարկվել կենսաքիմիական մշակման։
  2. Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
  3. Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մոտ 10% պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց հետ խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
  4. Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ցողել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
  5. Սերմերը մեկ շերտով, խիտ ու հավասարաչափ բաշխել հողի մակերեսին եւ վրան լցնել նույն հողախառնուրդի բարակ շերտ՝ այնքան, որ սերմերը հազիվ ծածկվեն։
  6. Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
  7. Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել և դնել նույն տեղում:
  8. Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
  9. Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
  10. Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 7-9 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանգ առնել։ Ամեն դեպքում, միկրոկանաչին ուտելու համար պատրաստ է երբ ունի 2-4 տերև։

Հղումներ