Category: Խոտաբույսեր

  • Գաստերիա

    Գաստերիան (անգլ.՝ Ox-tongue, Cow-tongue, Lawyer’s tongue, ռուս.՝ Гастерия, լատ.՝ Gasteria)  (Asphodelaceae) ընտանիքի սուկուլենտ բույսերի ցեղ է: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է։
    Դասակարգված է գաստերիայի մոտ 26 տեսակ:
    Տերևները հաստ են, երկարավուն, լայն գծավոր, տերևների վրա կան պտեր, որոնք իրենց գույներով տարբերվում են տերևի հիմնական գույնից։ Նույն խնամքն են պահանջում ինչ հալվեները։ Ծաղկում էլ է հալվեների նման։

    Գաստերիայի տեսակները

    Գաստերիա գորտնակավոր

    (Гастерия бородавчатая, Gasteria verrucosa)

    Gasteria verrucosa

    Գաստերիա մակույկանման

    (Гастерия килеватая, Gasteria carinata)

    Gasteria carinata

    Գաստերիա բծավոր

    (Гастерия пятнистая, Gasteria maculata)

    Gasteria maculata

    Գաստերիա գաճաճ

    (Гастерия крошечная, Gasteria liliputana)

    Gasteria liliputana

    Գաստերիա թրաձև

    (Гастерия саблеобразная, Gasteria acinacifolia)

    Gasteria acinacifolia

    Գաստերիա Արմստրոնգի

    (Гастерия Армстронга, Gasteria armstrongii)

    Gasteria armstrongii

    Գաստերիա երկգույն

    (Гастерия двуцветная, Gasteria bicolor)

    Gasteria bicolor

    Գաստերիա ճիմառատ

    (Гастерия дернистая, Gasteria caespitosa)

    Gasteria caespitosa

    Գաստերիա սպիտակավուն

    (Гастерия беловатая, Gasteria candicans)

    Gasteria candicans

    Գաստերիա մարմարյա

    (Гастерия мраморная, Gasteria marmorata)

    Gasteria marmorata

    Գաստերիա եռակող

    (Гастерия трехгранная, Gasteria trigona)

    Gasteria trigona
    Հղումներ
  • Հալվե վերա

    Հալվե վերան (անգլ.՝ Aloe vera, ռուս.՝ Алоэ настоящее, Алоэ вера, լատ.՝ Alóe véra, Aloe Barbadensis Miller) Հալվե ցեղի սուկուլենտ բույս է: Հայրենիքը Աֆրիկան է և Մադագասկար կղզին, աճում է անապատային և կիսաանապատային վայրերում, չոր կլիմայում:

    Հալվե վերան լայն կիրառություն է գտել բժշկության և կոսմետոլոգիայի բնագավառներում: Ժողովրդական բժշկության մեջ նույնպես շատ է կիրառվում:
    Հալվե վերան, որպես սենյակային բույս, հաջողությամբ աճեցվում է ողջ աշխարհում: Լավ խնամքի դեպքում այն կարող է նույնիսկ ծաղկել սպիտակ, դեղին կամ նարնջագույն ծաղիկներով:

    Խնամքը

    Հալվե վերան պահանջկոտ բույս չէ, մի քանի հեշտ կանոնների հետևելով կարելի է շատ լավ բույս աճեցնել:

    Լուսավորությունը

    Հալվե վերային լավ աճի համար անհրաժեշտ է պայծառ լուսավորություն, բայց արևի ուղիղ ճառագայթների ներքո բույսի վրա կարող են այրվածքներ արաջանալ: Այրվածքները կարող են լինել մուք շագանակագույն կամ նարնջագույն բծերի տեսքով:

    Խորհուրդ է տրվում սենյակում Հալվե վերան տեղադրել արևելյան կամ արևմտյան լուսամուտների գոգին:

    Հողախառնուրդը և պարարտացումը

    Հալվե վերան տնկելու կամ այլ ծաղկաման տեղափոխելու համար կարելի է կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ գնել:
    Ինքնուրույն պատրաստելու համար առաջարկվում են հետևյալ բաղադրատոմսերը՝

    1. Տարբերակ

    Հավասար ծավալներով խառնել

    • խանութից գնված պատրաստի հողախառնուրդ սենյակային բույսերի համար;
    • գետի, լվացած, խոշոր ավազ կամ գրանիտի մանրախիճ:

    2. Տարբերակ
    Հավասար ծավալներով խառնել

    • խանութից գնված պատրաստի հողախառնուրդ սենյակային բույսերի համար;
    • գետի, լվացած, խոշոր ավազ;
    • ագրոպեռլիտ կամ կարմիր ավազ:

    3. Տարբերակ
    Խառնել

    Բոլոր տարբերակներով պատրաստված հողախառնուրդներին կարելի է ավելացնել շատ փոքր քանակություններով փայտի մոխիր և/կամ չեզոք կամ թույլ թթվային տորֆ:
    Ծաղկամանը պետք է լավ դրենաժային շերտ ունենա, իսկ հողախառնուրդը արմատների համար ապահովի առավելագույն ջրա և օդաթափանցիկություն:
    Հալվե վերայի սնուցումը պարարտանյութերով կատարվում է տարին մեկ անգամ, գարնանը կամ ամռանը՝ բույսի ակտիվ աճի շրջանում:

    Օդի ջերմաստիճանը

    Զմռանը, երբ Հալվե վերան մտնում է հանգստի ռեժիմ, ցանկալի է ապահովել  +14 – +17°C: Տարվա մյուս եղանակներին ամենից հարմարավետ ջերմաստիճանը +18 – +26°C է:

    Օդի խոնավությունը

    Ճիշտ և ժամանակին ջրելու դեպքում օդի խոնավությունը բույսի համար կարևոր նշանակություն չունի: Ջրով ցողելու անհրաժեշտություն նույնպես չկա:

    Ջրելը

    Հալվե վերան հաստ, հյութալի տերևներ ունի, որոնց մեջ պաշարում է ջուրը: Ուստի հաճախակի ջրելու անհրաժեշտություն չկա և պետք է խուսափել բույսը ջրախեղդ անելուց, ինչը կարող է փտեցնել բույսը:
    Հալվե վերան ջրում են գոլ, հնացված ջրով, ծաղկամանի հողը չորանալուց հետո:
    Ջրելիս պետք է խուսափել բույսի տերևները թրջելուց:

    Տեղափոխումը

    Առողջ Հալվե վերան արագ է աճում և բույսի կողերից շատ “ձագուկներ” են բուսնում:
    Տեղափոխումը ավելի մեծ ծաղկամանի մեջ անում են երբ բույսի արմատներն ամբողջությամբ զբաղեցնեն եղած ծաղկամանը: Նախընտրելի են լայն, ոչ շատ խորը ծաղկամանները, քանի որ Հալվե վերայի արմատները ավելի շատ մակերեսայն աճ ունեն:
    Խորհուրդ է տրվում տեղափոխումը կատարել բույսի արմատները զգուշորեն ազատելով հին հողից, քանի որ հին հողն արդեն ամբողջովին զուրկ կլինի սննդարար տարրերից:
    Տեղափոխելուց հետո բույսը պետք է լավ ջրել ու այլևս չջրել մոտ 3 շաբաթ:
    Տեղափոխությունից հետո կարող է տեղի ունենալ բույսի գույնի փոփոխություն:

    Բազմացումը

    Հալվե վերան կարելի է բազմացնել  կողային “ձագուկներով”,
    տերևներով և սերմերով:

    “Ձագուկներով” բազմացնելու համար ախտահանված սուր դանակով առանձնացնում են առնվազն 3-4 տերև ձևավորած “ձագուկը” մորից: Առաջացած վերքերը մշակում են ակտիվացված ածխի փոշիով:  Եթե առանձնացված “ձագուկն” ունի սեփական արմատներ, ապա այն կարելի է անմիջապես տնկել, իսկ եթե ոչ, ապա պետք է վարվել այնպես, ինչպես վարվում են տերևով բազմացնելիս:
    Տերևով բազմացնելու համար ախտահանված, սուր դանակով կտրում են տերևը և կտրած տեղը մշակում ակտիվացված ածխի փոշիով: Այնուհետև կտրված տերևը թողնում են 2-3 օր՝ որպեսզի վերքը չորանա:
    Ծաղկամանի մեջ լցնում են մաքուր, խոնավ ավազ, որի մեջ էլ տնկում են տերևը: Մոտ մեկ շաբաթից տերևը կարմատակալի:
    Սերմերով բազմացնելու համար, հողախառնուրդով լի ծաղկաթաղարի մեջ, 2 սմ միմյանցից հեռու դնում են Հալվե վերայի սերմերը և սեղմելով մի թեթև խրում հողի մեջ: Հետո ավազի բարակ շերտով ծածկում են սերմերը:
    Ծաղկաթաղարը իր բարձրության 1/3-ով ընկղմում են ջրի մեջ, ծածկում ցելոֆանով կամ ապակիով և տեղադրում լուսավոր տեղում:  Ստեղծված մինիջերմոցում պետք է լինի +25 – +32°C: 3-4 օրից պետք է հայտնվեն առաջին ծիլերը:
    Առանձին ծաղկամաների մեջ նոր բույսերը կարելի կլինի տեղափոխել տերևների ձևավորվելուց հետո:

    Ոչ բարենպաստ պայմաններ

    1. Լույսի պակաս: Բույսը շատ է ձգվում վեր: Պետք է ավելացնել լուսավորությունը:
    2. Հողի գերխոնավություն: Փտում են բույսի արմատներն ու ցողունի ներքին հատվածը կամ դալկանում ու չորանում են տերևները: Դադարեցնել ջրելը և ջրել միայն հողը չորանալուց հետո:
    3. Սառը ջրով ջրելը: Տերևները հանկարցակաի պոկվում են:  Պետք է բացառել սառը ջրով ջրելը:
    4. Քիչ ջրելը: Տերևների վրա շագանակագույն բծեր են առաջանում: Պետք է ավելի առատ ջրել:
    5. Սնկով վարակվելը: Փափուկ, մուգ բծեր տերևների վրա: Պետք է մշակել բույսը ֆունգիցիդով, իսկ կանխարգելման համար, հաճախ օդափոխել սենյակը:

    Վնասատուները

    • Ալրատիզ
    • Վահանամիջատ
    • Սարդոստայնային տիզը
    • Նեմատոդա
    • Տրիփսեր
    • Ֆիլոքսերա
    Արտաքին հղումներ

     
     Կարդալ Հալվեի այլ տեսակների մասին ==>

  • Խատուտիկ

    Խատուտիկը  (անգլ.՝ Dandelion, ռուս.՝ Одуванчик, լատ.՝ Taráxacum officinále),  երկշաքիլավոր, բազմամյա մոլախոտ համարվող, իսկ իրականում շատ օգտակար խոտաբույս է։

    Այլ անվանումներն են՝ Կաթնուկ, Կռանբանջար, Խտուտ:

    Ունի վերին մասում խիստ հաստացած, միջին մասից լավ ճյուղավորվող առանցքային արմատ։ Հաստ և զգալի մակերես ունեցող արմատավզիկը գտնվում է հողի մակերեսից 1-2 սմ խորը, որի վրա էլ անմիջապես նստած է տերևային վարդակը։ Ծաղկակոթունի երկարությունը հասնում է մինչև 30 սմ։ Սերմերի երկար քթի վրա նստած են սպիտակ գույնի մազափնջերը՝ սերմին բարձր առագաստայնություն հաղորդող հարմարանքները։ Սերմերն օժտված են բարձր ծլունակությամբ, սակայն ձմեռումից հետո դրանց ծլունակությանը զգալիորեն պակասում է։

    Խատուտիկը շատ երկրներում ուտելի բույս է, այն հաճախ աճեցնում են բանջարանոցներում և տերևներից աղցաններ են պատրաստում։ Օրինակ, մատղաշ տերևները 30 րոպե թրջում են սառը աղաջրում՝ դառնությունը վերացնելու համար, ապա համեմում են քացախով և պղպեղով և ուտում։ Ավելի հասուն տերևները, ինչպես սպանախը, խաշում են կամ տապակում։ Աշնանը ուտում են արմատը, որն, ինուլինի շնորհիվ, բավականաչափ քաղցր է։

    Խատուտիկի ծաղիկներից և արմատներից թեյ են պատրաստում, ծաղիկներից՝ մուրաբա և գինի, բացված բողբոջներից պատրաստում են «խատուտիկի մեղր», իսկ տապակած արմատներից ՝ սուրճի փոխարինող:

    Խատուտիկը լավ մեղրատու բույս է, դրա մեղրը ոսկեդեղնավուն է, թանձր, շուտ բյուրեղացող, բնորոշ հոտով և սուր համով։

    Խատուտիկը նաև արժեքավոր կերախոտ է, հատկապես ճագարների համար։

    Խատուտիկը դեղաբույս է, դրա արմատից և տերևներից բուժիչ թուրմեր են պատրաստում, որոնք օգտագործվում են հեպատիտի, խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դեղնախտի, գաստրիտի, կոլիտի, ցիստիտի բուժման համար, ախորժակը և մարսողությունը բարելավելու համար, փորկապության, մետեորիզմի դեպքում, ինչպես նաև որպես հակաճճվային միջոց:

    Մատղաշ տերևներն ու տերևահյութը օգտագործվում են աթերոսկլերոզի, մաշկի հիվանդությունների, վիտամին C պակասության, սակավարյունության բուժման համար:

    Անվադողեր արտադրող գերմանական Continental AG ընկերությունն ուսումնասիրում է խատուտիկի արմատներից կաուչուկ ստանալու հնարավորությունները և կարծում է, որ այս բույսի կաուչուկն ավելի լավ հատկություններ ունի, քան կաուչուկի ծառինը:

    Խատուտիկի արմատները, հողի մեջ շատ խոր ներթափանցելով, վերգետնյա շերտի տակից կալցիում են դուրս բերում: Այս բույսը բարենպաստ ազդեցություն է ունենում մոտն աճող բանջարեղենի, հատկապես վարունգի վրա՝ արագացնելով դրանց հասունացումը: Դա հիմնականում պայմանավորված է էտիլենային գազով, որն արտազատվում է խատուտիկի ծաղկման ժամանակ: Այդ ընթացքում խատուտիկը բազմաթիվ օգտակար փոշոտող միջատների է “ձգում” դեպի այգի, առանց որոնց անհնար է մրգերի և հատապտուղների լավ բերք ստանալ: Սա հատկապես արժեքավոր է գարնանը, երբ այլ ծաղիկներ դեռ չկան։ Այդ պահին խտուտիկը իսկական մեղվաբուծական ֆաբրիկա է, այն տալիս է մեծ քանակությամբ ծաղկափոշի և նեկտար:

    Խատուտիկը հարստացնում է հողի վերին շերտը, դրա արմատների մահից հետո երկաթի, ֆոսֆորի և կալցիումի աղերը մնում են հողի մեջ: Բոլոր այդ տարրերը այլ բույսերի համար դյուրամարս վիճակում են լինում: Իսկ խատուտիկի վերգետնյա կանաչ զանգվածը հարուստ է սպիտակուցներով, շաքարներով, կալցիումով, կոբալտով և վիտամիններով: Խտուտիկի աճը զսպելու համար այդ վերգետնյա զանգվածը հնձվում և օգտագործվում է ցանքածածկ անելու կամ օրգանական, հեղուկ պարարտանյութ պատրաստելու համար՝ որոնք արդյունքում հարստացնում են հողը իրենց հարուստ տարրերով:

    Գիտե՞ք, որ խատուտիկի սերմերը հիանալի համեմունք են: Ի դեպ, Այծոտնի սերմերը նույնպես: Բույսերի մի մասը սերմեր ստանալու համար թողնելու դեպքում, որոշ ժամանակ անց, դեղին ծաղիկները կփոխարինվեն մոխրագույն բմբլագնդիկներով: Առանց սպասելու, որ դրանք քամին քշի, անհրաժեշտ է այրել բմբուլները և հավաքել սերմերը։ Այնուհետև սերմերը կարելի է աղալ սրճաղացով:

    Ուտիճների և փոքր թրթուրների դեմ պայքարի համար, խատուտիկի 200 գ մանրացված արմատներ կամ 400 գ թարմ տերևներ 2 ժամ թրմում են մոտ 40°C ջերմաստիճանի 10 լիտր ջրի մեջ: Հետո զտում են և ավելացնելով 30 գ հեղուկ օճառ, ստացված լուծույթով ցողում են բույսերը՝ նախ մինչև բողբոջների բացվելը, հետո ծաղկելու ավարտից հետո, մեկ անգամ էլ 10-15 օր անց, եթե դեռ վնասատուներ կան:

    Խատուտիկ աճեցնելը

    Խատուտիկը կազմում է երկար և ամուր արմատներ, ուստի խոր հողի կարիք ունի: Նախընտրելի է, ի հարկե, ցանել խատուտիկը այգում, բայց եթե հնարավորությունը ծաղկամանում ցանելն է, ապա այն պետք է առնվազն 25 սմ խորություն ունենա:

    Հղումներ
  • Մեղվախոտ

    Մեղվախոտը (անգլ.՝ Lemon balm, ռուս.՝ Мелисса лекарственная, լատ.՝ Melissa officinalis) շրթնածաղկավորների ընտանիքի (Lamiaceae) բազմամյա եթերայուղային խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ է:

    Այլ անվանումներն են՝ պատրինջ, թուրինջխոտ:

    Աճում է անտառների բացատներում, ստվերոտ, խոնավ ձորերում, ծովի մակերևույթից 1000 մ բարձրությունների վրա: Ծաղկում է հունիսից-օգոստոս, պտուղներն հասունանում են օգոստոսից-սեպտեմբեր:

    Տերևներից պատրաստված թուրմը օգտագօրծում են որպես հանգստացնող միջոց, նևրոզների, անքնության դեպքում, օգտակար է ստամոքս -աղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ: Պատրինջի մատղաշ տերևները և ցողունները, որոնք հավաքվում են մինչև ծաղկելը, օգտագործվում են ինչպես համեմունք: Թարմ կամ չորացրած վիճակում ավելացվում են սալաթների, ապուրների, մսեղենի, պանրի և զանազան խմիչքների մեջ: Սև կամ կանաչ թեյին պատրինջը տալիս է կիտրոնի ու դաղձի դուրեկան բուրմունք:

    Հղումներ
  • Խնկենի սովորական

    Խնկենի սովորականը (անգլ.՝ Oregano, ռուս.՝ Душица обыкновенная, լատ.՝ Oríganum vulgáre) պատկանում է խուլեղինջազգիների կամ շրթնազգիների ընտանիքին։
    Բազմամյա բույս է, 30-60 սմ բարձրությամբ։ Կոճղարմատը՝ սողացող, բազմաթիվ բարակ արմատներով, ցողունը քառանիստ, կարմրամանուշակագույն, տերևները հակադիր դասավորված, երկարավուն-ձվաձև, մանր բոսորագույն ծաղիկները հավաքված են վահան ծաղկաբույլում։ Ծաղկում է ամռանը (հունիս-օգոստոս), պտղակալում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

    Հղումներ
  • Ծիթրոն

    Ծիթրոնը (անգլ.՝ Satureja, ռուս.՝ Чабер, լատ.՝ Satureja)  խուլեղինջածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ։ Միամյա խոտեր, կիսաթփեր և թփեր են։ Հայտնի է ծիթրոնն մոտ 30 տեսակ։ Շատ տեսակներ պարունակում են եթերայուղեր։ Տարածված է գլխավորապես միջերկրածովյան երկրներում։

    Այլ անվանումներ՝ կորթին, ծոթրին, ծիտրոն, ծիթորի:

    Հղումներ
  • Ուրց

    Ուրցը (անգլ.՝ Thyme, ռուս.՝ Тимьян, Чабрец, լատ.՝ Thýmus) խուլեղինջազգիների (շրթածաղկավորների) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է։ Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 400) տեսակ։

    Հայաստանում կա 5 տեսակ՝

    • Ուրց նոսրածաղիկ (Thýmus rarifloarm),
    • Ուրց անդրկովկասյան (Thýmus transcaucasicus),
    • Ուրց բլրակ այ ին (Thýmus collinus),
    • Ուրց Կոչիի (Thýmus kotschyanus),
    • Ուրց Ֆեդչենկոյի (Thýmus fedtschenkoi

    Տարածված է գրեթե բոլոր մարզերի ստորինից մինչև վերին լեռնային գոտու չոր, քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում և այլն։

    Հղումներ
  • Նեխուր

    Նեխուրը (անգլ.՝ Celery, ռուս.՝ Сельдерей, լատ.՝ Apium)  նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույսերի մոնոտիպ ցեղ է: Հայտնի է նաև քարավուզ անվամբ:
    Հայաստանում հայտնի է մեկ տեսակ՝ նեխուր բուրավետ (Apium graveolens), որն ունի 3 տարատեսակ՝ տերևային, արմատային և տերևակոթունային։ Հայաստանում, որպես համեմունքային բույս, մշակվում է տերևային նեխուրը։
    Նեխուրը դեղաբույս է. պարունակում է վիտամիններ C, PP, B1, B2, շաքարներ, եթերայուղ, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի աղեր և այլն: Բժշկության մեջ կիրառվում է հևոցի և շնչառական ուղիների այլ հիվանդությունների ժամանակ։ Օգտագործվում է նաև տարբեր ճաշատեսակների, թթուների, պահածոների մեջ։

    Հղումներ
  • Կոտեմ

    Կոտեմը (անգլ.՝ Garden cress, ռուս.՝ Кресс-салат, լատ.՝ Lepidium sativum) , կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 150 տեսակ։

    Կոտեմի աճեցումը բաց գրունտում

    Բաց գրունտում կոտեմը կարելի է ցանել վաղ գարնանը՝ երբ հողը հալչի առնվազն 4 սմ խորությամբ: Կոտեմի համար նախատեսված տեղում լավագույն նախորդողներն են սոխը, սամիթը, բաթաթը, ճակնդեղը, շաղգամը, բողկը, գազարը և այլ արմատապտուղներ:
    Լավ կլինի նախապես պարարտացնել հողն աշնանը:
    Կոտեմը դիմանում է մինչև -5 աստիճան ցրտահարությանը:
    Սերմերը ցանում են շարքերով՝ 0,5-1 սմ խորությամբ, մոտավորապես 1 գրամ սերմ 1 ք.մ.-ին հաշվարկից ելնելով: Շարքերի միջեվ հեռավորությունը պետք լինի 10-20 սմ:
    Միշտ թարմ բերք ունենալու համար կարելի է 7-15 օրը մեկ նոր ցանք անել միջշարային հատվածում:

    Կոտեմի սերմերը 3-4 տարի պահպանում են իրենց ծլողունակությունը:

    Անհրաժեշտ է ամեն օր, առատ ջրել ցանքը, մանավանդ երբ օդի ջերմաստիճանը բարևրանում է, իսկ շոգեր սկսվելուն պես, արևկող տեղերում էլ չեն ցանում:
    Լավ խնամքի դեպքում, 1 ք.մ.-ից կարելի է 0,5−2 կգ կոտեմի բերք ստանալ:

    Կոտեմի աճեցումը սենյակային պայմաններում

    Կոտեմը համեմատաբար արագ աճող բույս է, վաղահաս տեսակները ծլելուց 10-14 օր հետո աճում են 6-ից 8 սմ և արդեն ուտելի են:
    Տանը կոտեմն աճեցնել կարելի է ցանկացած անոթում՝ 2-4 սմ հողի շերտ ապահովելով:
    Սեննյակային աճեցման համար լավ է նաև այն, որ շատ պայծառ լուսավորություն չի պահանջվում: Թաղարը, որտեղ աճում է կոտեմը ամեն օր պտտում են, որպեսզի բույսը բոլոր կողմերով հավասարապես լուսավորվի և չձգվի: Կոտեմը կարող է աճել նաև միայն արհեստական լույսի ներքո:
    Ցանելիս սերմերը հավասարաչափ ցրում են հողի մակերեսով՝ 1 ք.մ.-ին 5-8 գրամ սերմի հաշվարկից ելնելով, այնուհետև ծածկում են 0,5-1 սմ հաստությամբ պարարտ հողախառնուրդով:
    Ջրում են ջրցողիչով, պարբերաբար և առատ:
    Մինչ տերևների գոյանալը, օդի ջերմաստիճանը պետք է լինի 6-12 C, այնուհետև կարելի է բարձրացնել մինչև 15-18 աստիճան:

    Կոտեմի օգտակարությունը

    Կոտեմի 90%-ը ջուր է, ուստի ունի ցածր կալորիականություն՝ ընդամենը 32 կկալ 100 գրամի մեջ:
    Իսկ մարդուն անհրաժեշտ վիտամիններով շատ հարուստ է, պարունակում է A, B, C, D, K, PP վիտամիններ:
    Պարունակում է նաև լուսածին (ֆոսֆոր), մագնիում, երկաթ, կրածին:
    Կոտեմն ուտելը ախորժակ է բացում, կարգավորում է ճնշումը, նպաստում է օրգանիզմից խարամի դուրսբերմանը:
    Ժողովրդական բժշկությունում կոտեմի հյութն օգտագործվում է  արյան պակասության՝ անեմիայի դեպքում:
    Ժամանակակից բժշկությունը խորհուրդ է տալիս օգտագործել կոտեմը  կատարակտայի կանխարգելման համար:
    Օգտագործվում է նաև շագանակագեղձի բորբոքումը բուժելու համար, ուստի ուտելն օգտակար է բոլոր տարիքների տղամարդկանց համար:

    Ինչպես  կոտեմն աճեցնել տանը՝ առանց հողի (ռուսերեն)

    Հղումներ