Ուշադրություն: Հոդվածում օրգանական հողագործությանը հակասող խորհուրդներ կան:
Բաց գրունտի համար
Սերմերի նախապատրաստում ցանքին
Ցանքից առաջ անհրաժեշտ է սերմերը մաքրել, տեսակավորել և ախտահանել: Ցանքից առաջ, ծլման ընթացքն արագացնելու և համերաշխ ծլունակություն ապահովելու համար խորհուրդ է տրվում սերմերը 12 ժամ տևողությամբ թրջել միկրոտարրերի լուծույթում` բորաթթու-0.02, ծծմբաթթվային մանգան-0.05, ծծմբաթթվային ցինկ-0.05, մոլիբդենաթթվային ամոնիում-0.01, ծծմբաթթվային պղինձ-0.05, ծծմբաթթվային երկաթ- 0.05, կալիումի յոդատ 0.025%: Լուծույթի ջերմաստիճանը պահպանել 22-24 0C: Սերմերի չոր զանգվածի և լուծույթի հարաբերությունը` 1:3-4: Թրջելուց հետո սերմերը չորացնել, նոր միայն ցանել: Նույն բաղադրությամբ լուծույթն առաջարկվում է կիրառել նաև բույսերի արտաարմատային սնուցման համար` 2-3 տերև հասակում: Սերմերի նախացանքային մշակման համար կարելի կիրառել նաև կենսապատրաստուկներ, մասնավորապես ՝ հիդրոգումատ, նագրո և այլն:
Ցանքի և տնկման ժամկետները
Բանջարային մշակաբույսերի ցանքերն անհրաժեշտ է կատարել Արարատյան հարթավայրի պայմաններում` արևային ջերմոցներում` մարտի 10-15-ը, իսկ սածիլումը՝ ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը: Նախալեռնային շրջաններում ցանքը կատարել արևային ջերմոցներում` ապրիլի առաջին տասնօրյակում, իսկ սածիլումը՝ հունիսի 1-ից մինչև 15-ը:
Սածիլների աճեցման եղանակները
Բույսերը կարելի է աճեցնել բնացան և սածիլային եղանակներով: Սածիլային եղանակը երկարացնում է բույսերի վեգետացիայի շրջանը, նպաստում բերքի ավելի վաղ ստացմանը: Սածիլի որակը էականորեն ազդում է բերքի կազմակերպման ժամկետների, բերքատվության և բերքի որակի վրա, քանի որ սածիլային շրջանում են ձևավորվում այն ցողունները, որոնց բողբոջներն իրենց վրա կրելու են բերքի հիմնական մասը (50-60%):
Ջերմոցներում սածիլների աճեցման եղանակները
Սածիլների մշակությունն ավանդական եղանակով
Սերմերի ցանքը ջերմոցներում կատարվում է բնային կամ գծային եղանակով: Այդ նպատակով օգտագործում են համապատասխան մարգոցներ: Սերմերը ցանել մարգոցներից առաջացած բների մեջ կամ գծերի երկարությամբ, վրայից ծածկել մաղած տորֆի կամ հողախարնուրդի 2 սմ բարակ շերտով և ջրել շատ մանր անցքեր ունեցող ցնցուղով: Մեկ քառակուսի մետրի վրա ցանվում է 8-10 գ սերմ: Բնային ցանքի դեպքում կարելի է ստանալ 450-650, իսկ գծայինի դեպքում` 650-850 հատ սածիլ: Ցանքից հետո ջերմոցները ծածկել ապակե շրջանակներով, վրայից փակել պոլիէթիլենային թաղանթով և հնարավորության դեպքում նաև բամբակե գործվածքով: Մինչև ծլելը՝ ցանքից 5-6 օր հետո ջրել (ծլաջուր տալ): Ջերմոցները չբացել մինչև ծլելը, որից հետո հեռացնել բամբակե ծածկը և օդափոխել ամեն օր: Առաջին իսկական տերևների առաջանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, կատարել նոսրացում, հանված բույսերը կարելի է վերատնկել (պիկիրովկա) մեկ այլ ջերմոցում:
Սածիլների մշակություն տորֆաբուսահողային թաղարներում
Առավել վաղ ու բարձր բերք ապահովելու համար բարձրորակ սածիլներ կարելի է աճեցնել տորֆաբուսահողային թաղարներում` օգտագործելով պոլիէթիլենային խոռոչիկներ: Ցանքը կատարել 5x5x5 սմ սնման մակերես ունեցող խոռոչիկների մեջ: Որպես հողախառնուրդ կարելի է օգտագործել` 3 մաս տորֆ, 1 մաս կենսահումուս, կամ 4 մաս տորֆ, 4 մաս ճմահող, 2 մաս կենսահումուս: Սածիլների աճեցման ժամանակ անհրաժեշտ է տալ 2-3 սնուցում (համակցված պարարտանյութերով՝ NPK /13:40:13; NPK /20:20:20): Մինչև սածիլների դաշտ տեղափոխելը, անհրաժեշտ է աստիճանաբար վարժեցնել (կոփել) դրսի պայմաններին` 7-10 օր ջերմոցները բաց պահելով: Նախքան ցանքը խոռոչիկները լավ ջրվում են սննդարար լուծույթով, յուրաքանչյուր խոռոչիկում դրվում է 1 հատ սերմ: Ցանքից հետո սերմերը ծածկվում են տորֆի կամ հողախառնուրդի բարակ շերտով և պոլիէթիլենային թաղանթով՝ հավասարաչափ ծլելու համար: Խոռոչիկները տեղադրվում են հողի վրա. այն պետք է լինի հնարավորին չափ հարթ և ծածկված սպիտակ պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի արմատները զերծ մնան հողի մեջ թափանցելուց և հողի հիվանդություններից: Ծլման շրջանում պահպանել խոնավությունը: Սերմերը ծլելուց (ծկտելուց) անմիջապես հետո հեռացնել պոլիէթիլենային թաղանթը, որպեսզի չայրվեն ծիլերը և ջրել սննդարար լուծույթով: Սննդարար լուծույթը պատրաստել` 10լ ջրին ավելացնելով 15-20 գ համակցված պարարտանյութեր` Կրիստալոն կամ Մասթեր (NPK/13:40:13; NPK/20:20:20): Խոնավության և լավագույն ջերմաստիճանի (24-26 0C) պայմաններում լոլիկի սերմերը սովորաμար ծլում են 4-5, իսկ տաքդեղինը և սմբուկը` 6-8 օրում: Շաքիլատերևների բացվելուց հետո ջերմաստիճանն իջեցվում է ցերեկը մինչև 18-20 0C, իսկ գիշերը` 15-16 0C, որպեսզի սածիլները չձգվեն: Մի շաբաթ հետո ջերմաստճանը բարձրացվում է` ցերեկը արևային եղանակին` 20-22 0C, ամպամած օրերին` մինչև 18-19 0C, գիշերը` 17-18 0C: Սածիլները ջրել չափավոր` ըստ պահանջի:
Ծածկած գրունտի համար
Ջերմատանը սածիլներն աճեցվում են միայն թաղարային եղանակով: Բոլոր մշակաբույսերի ցանքն անհրաժեշտ է կատարել սորտային լավորակ զտված, ստուգված և ախտահանված սերմերով: Ախտահանված սերմերը կարելի է և նպատակահարմար է ցանել տորֆով կամ հողախառնուրդով (7 մաս տորֆ, 2 մաս բուսահող, 1 մաս ճմահող) լցված պոլիէթիլենային խոռոչիկներում: Նախքան ցանքը, խոռոչիկները լավ ջրվում են սննդարար լուծույթով, յուրաքանչյուր խոռոչիկում դրվում է 1 հատ սերմ: Ցանքից հետո սերմերը ծածկվում են տորֆի կամ հողախարնուրդի բարակ շերտով և պոլիէթիլենային թաղանթով՝ հավասարաչափ ծլելու համար: Խոռոչիկները տեղադրվում են հողի վրա, որը պետք է լինի հնարավորին չափ հարթ և ծածկված սպիտակ պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի արմատները զերծ մնան հողի մեջ թափանցելուց և հողի հիվանդություններից: Ծլման շրջանում պահպանել խոնավությունը: Սածիլների աճեցման սկզբնական շրջանում ջերմաստիճանը պետք է պահպանել 24- 25 0C սահմաններում, որպեսզի շատ չձգվեն: Սածիլների մշակության ընթացքում ջրումները կատարվում են սննդարար լուծույթով, որը 1լ ջրում պարունակում է` N-200, P-80, K-160, Ca-280, Mg-50 մգ, ինչպես նաև միկրոտարրերով` Fe-4, B-0,5, Mn-0,5, Zn-0,05, Cu-0,05 մգ/լ: Երբ սածիլները հասնում են 7-10 սմ բարձրության, դրանք պետք է վերատնկել տորֆով կամ հողախառնուրդով լցված պլաստիկ բաժակների մեջ:
Գ. Սարգսյան,
գյուղատնեսական գիտությունների դոկտոր, Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն