Ձվի կճեպ

Ձվի կճեպը կազմում կան.

  • Հեշտ յուրացվող կալցիումից – 93%;
  • Օրգանական նյութեր – 3-4 %
  • Մագնիում – 0,55%;
  • Լուսածին (ֆոսֆոր) – 0,12%;
  • Կալիում – 0,08%;
  • Երկաթ, ծծումբ, ալյումինիում …

Ուշադրություն: Եթե որոշել եք հավաքել ձվի կճեպները  որպես պարարտանյութ օգտագործելու համար, ապա ձուն կոտրելուց հետո, կճեպները անհրաժեշտ է մինչև չորանալը լավ լվանալ, որպեսզի կճեպի վրա չմնան սպիտակուցի մնացորդներ: Բանն այն է, որ սպիտակուցը, հայտնվելով հողում, սկսում է փտել, ինչը կարող է խթանել բույսերի համար հիվանդածին  բակտերիաների զարգացումը: Լվացված կճեպները պետք է չորացնել: Որոշ այգեգործներ նաև խարկում են կճեպները՝  լիակատար ախտահանման և, հողի հետ խառնվելուց հետո, ավելի արագ քայքայման հասնելու համար:
Ի դեպ: Եփած ձվի կճեպը, բույսերը սնուցելու տեսանկյունից, համարյա անպետք է: Իմաստ ունի օգտագործել միայն հողի կամ կոմպոստի կառուցվածքը բարելավելու համար: Իսկ ջրով, որում եփել եք ձուն, սառչելուց հետո, կարելի է ջրել սենյակային բույսերը՝ այնտեղ կալցիում և այլ օգտակար տարրեր կան:

Ինչպես օգտագործել ձվի կճեպը այգում

Ձևավորված կարծիք կա, որ 1 ք.մ. գրունտը լավ պարարտացնելու համար անհրաժեշտ է 100 ձվի աղացած կամ մանրեցված կճեպ: Սակայն ավելի խնայողաբար և թիրախային կիրառման ձևեր էլ կան:
Ձվի կճեպը, նույնիսկ մեծ քանակի դեպքում, չի վնասում բույսերին, ուստի այն, մանրեցված կամ աղացած վիճակում, հանգիստ կարելի է լցնել տնկափոսերի մեջ՝ ցանկացած բույս տնկելուց առաջ:

Սենյակային բույսերի պարարտացում

Սենյակային բույսերի պարարտացման համար օգտագործում են աղացած կամ մանրեցված ձվի կճեպով պատրաստված թուրմ: 2-3 աղացած ձվի կճեպների վրա լցնում են 2լ ջուր ու սպասում 2-3 օր, մինչև կճեպից ջրին անցնեն օգտակար տարրերը:
Ի դեպ: Ձվի կճեպով կարելի է ծաղկա-թաղարներում դրենժային շերտ պատրաստել: Չորացրած և մանրեցված կճեպները 2-3 սմ հաստությամբ շերտով լցնում են ծաղկաթաղարի հատակին, այնուհետև ավելացնում են հողախառնուրդը:

Բոստանային մշակաբույսերի արմատային սնուցում

4-5 ձվի աղացած կճեպների վրա լցնում են 2 լ եռացրած ջուր, փակում են անոթը կափարիչով ու թողնում 5-7 օր, որ լուծույթը հասունանա: Այդ ընթացքում, օրական 1-2 անգամ լուծույթը խառնում են: Պատրաստի լուծույթը 1:3 հարաբերակցությամբ բացում են ջրով և ջրում են տաքդեղի, բադրիջանի և այլ բանջարեղենի սածիլները:

Հողի թթվայնության նվազեցում

Հայտնի է, որ հողի բարձր թթվայնությունը բացասաբար է ազդում բույսերի մեծամասնության վրա: Ձվի կճեպի օգնությամբ հողի թթվայնությունը նվազեցնում են, աստիճանաբար, տարեցտարի խառնելով այն գրունտի հետ՝ 1 ք.մ.-ին մինչև 100 ձվի կճեպ:

Հողի կառուցվածքի բարելավում

Ձվի կճեպը, բացի հողը պարարտացնելուց, բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնում է այն ավելի փխրուն և օդով հագեցած:

Վնասատուների դեմ

Իշախառանչը պալարային ու սոխուկային բույսերի համար ամենավտանգավոր վնասատուն է:  Իշախառանչին վանելու համար մանրեցված ձվի կճեպները խառնում են արևածաղկի ձեթի հետ և թաղում են կարտոֆիլի կամ սոխուկավորների շարքերի արանքում կամ շուրջը փորված ակոսներում: Մեկ ամիս անց իշախառանչ այդ հատվածում չի լինի:
Բույսերի շուրջը լցված ձվի մանրեցված կճեպները պատնեշ են դառնում լորձնէակների համար, որոնք չեն սիրում խորդուբորդ մակերեսներով անցնել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *