Շտերնբերգիա Ֆիշերի (ռուս.՝ Штернбергия, լատ.՝ Sternbergia fischeriana) շքանարգիզազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:
Նկարագրություն: Բազմամյա սոխուկավոր բույս է՝ 10–15 սմ բարձրության: Սոխուկները՝ կլոր, 2,5–3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով: Տերևները՝ գոտիանման, տափակ, փայլուն, մուգ կանաչ, բութ գագաթով, հիմքում՝ հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկարության: Ծաղիկները՝ վառ–դեղին, նստադիր կամ կարճ, մինչև 5 մմ երկարության կոթունով: Տուփիկը 10–15 մմ տրամագծով, երկարավուն– էլիպսաձև: Սերմը՝ սերմնաթիկնոցով:
Տարածում: Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը՝ 1: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Հարավային և Հարավարևմտյան Անատոլիան, Սիրիան, Իրաքը, Իրանը, Միջին Ասիան: