Պերիլա

Պերիլան (անգլ․՝ Perilla, ռուս․՝ Перилла, լատ․՝ Perilla) Շրթնածաղիկների ընտանիքին պատկանող, գեղեցիկ, փարթամ տերևներով բազմամյա խոտաբույս է։

Այն կարող է գեղեցկացնել ցանկացած այգի, բացի այդ օգտագործվում է խոհանոցում՝ որպես համեմունք, ժողովրդական բժշկության մեջ, կոսմետոլոգիայում։ Հայրենիքը Չինաստանն է, բայց այժմ մշակվում է բազմաթիվ այլ երկրներում, ընդորում սառը ձմեռ ունեցող երկրներում՝ որպես միամյա բույս։

Ունենում է 35-60 սմ, երբեմն մինչև 1 մետր բարձրություն։ Տերևները կարող են լինել կանաչ, կարմիր կամ խայտաբղետ։

Բազմացումը

Հիմնական բազմացման եղանակաը սերմերովն է։ Ցանում են կամ միանգամից բաց գրունտում՝ ուշ աշնանը կամ գարնանը, կամ ձմռան վերջում սածիլներ են սկսում աճեցնել։ Սածիլներ ստանալու համար, ցանելուց առաջ սերմերը երկու օր թրջում են մի քիչ կալիումի պերմանգանատ (մարգանցովկա) պարունակող, գոլ ջրի մեջ, այնուհետև, 5 մմ խորությամբ ցանում են ավազատորֆային խոռնուրդի մեջ։ Ցանքը ծածկում են ապակով կամ ցելոֆանով, տեղադրում են տաք տեղում։

Առաջին ծիլերը հայտնվում են 2-3 շաբաթից։ Երկու իսկական տերև ձևավորած սածիլները պատրաստ են բաց գրունտ տեղափոխելուն։

Ուշ աշնանը պերլայի ցողունները կարելի է կտրել և, սենյակային, տաք պայմաններում աճեցնելու համար, դնել արմատակալման՝ ջրի կամ պարարտ հողի մեջ։ Որպես սենյակային բույս պերիլան կշարունակի աճել և կարող է երկրորդ անգամ ծաղկել։

Բաց գրունտում աճեցնելու համար ընտրում են քամիներից պաշտպանված, բաց, արևկող տեղ։ Հողը, որտեղ աճեցվելու է պերիլան, խորհուրդ է տրվում նախապատրաստել աշնանը՝ փորել կամ փխրեցնել, պարարտացնել կոմպոստով կամ սիդերացնել։ Հողը պետք է լինի փխրուն և օդի համար թափանցիկ։

Բաց գրունտ սածիլները կարելի է տեղափոխել երբ միջին օրական ջերմաստիճանը +10…+12°C կդառնա։ Սածիլների միջև թողնում են 20-30 սմ ազատ տարածք։

Պերիլան լավ է աճում սիսեռից, լոբուց և այլ լոբազգիներից հետո։ Գարնանը սածիլը տնկելուց, լավ կլինի ամեն փոսիկի մեջ լռացուցիչ պարարտանյութ դնել։

Պերիլան խնամելը հեշտ է, պետք է պարբերաբար ջրել, սնուցել պարարտանյութերով և քաղհան անել մարգերը։

Օդի +18…+27°C ջերմաստիճանը պերիլայի լավագույն աճի պայմանն է։ Ուժեղ շոգին էլ է պերիլան դիմանում, պարզապես պետք է հաճախ ջրել։

Ցրտերն ընկնելուն պես պերիլան արագ թոշնում է, ավելի երկար պահպանելու համար այն պետք է վերատնկել ջերմոցում կամ տանը։

Պերիլայի բուժիչ հատկությունները

Հատկապես արժեքավոր են տերևներում և սերմերում պարունակվող ճարպային և եթերայուղերը։ Սերմերից և տերևներից պատրաստված թուրմերը և եփուկները ունեն բավականին ուժեղ անալգետիկ և հակասեպտիկ ազդեցություն, հանգստացնող ազդեցություն, հատկապես բրոնխիտի, հազի և մրսածության դեպքում։ Այն հաճախ օգտագործվում է որպես քրտնացնող միջոց:

Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *