Գարդենիան Rubiaceae ընտանիքին պատկանող, ծաղկավոր, մշտադալար բույսերի ցեղ է։ Աճում է Աֆրիկայի, Ասիայի, Մադագասկարի և Խաղաղօվկիանոսյան կղզիների արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, Ավստրալիայում:
Գարդենիան անվանակոչվել է ամերիկացի բնախույզ և բժիշկ Ալեքսանդր Գարդենի (1730—1791) պատվին:Գոյություն ունի գարդենիաների մոտ 140 տեսակ։ Թփերի կամ փոքր ծառերի բարձրությունը կարող է հասնել մինչև 2, 5 մետրի: Սենյակային տեսակների բարձրությունը չի գերազանցում մեկ մետրը: Որպես սենյակային բույս, ամենատարածվածն է Գարդենիա հասմիկանմանը, որի վերաբերյալ էլ կլինի հետագա շարադրանքը։
Գարդենիա հասմիկանմանը (անգլ.՝ Cape jasmine, ռուս.՝ Гардения жасминовидная, լատ.՝ Gardenia jasminoides) մինչև 180 սմ բարձրությամբ, մշտադալար թուփ է: Տերևները մինչև 8 սմ երկարության են:
Ունի բավականին մեծ, կաշվի նման , փայլուն տերևներ ` մուգ կանաչ գույնի, սպիտակ կամ դեղին բուրավետ ծաղիկներ: Ծաղկում է ամռանը, տարածում է ուժեղ, հաճելի բուրմունք: Ծաղիկները սկզբում վառ սպիտակ են, հետո դեղնավուն: Բնության մեջ տարածված է Ասիայի ու Աֆրիկայի արևադարձային գոտիներում:
Տեղը սենյակում
Հասմիկանման գարդենիան պետք է տեղադրել պայծառ լուսավորված տեղում, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների ներքո: Լավ կաճի արևմուտք ու արևելք նայող պատուհանների մոտ: Տաքերն ընկնելուց հետո բույսը կարելի է պահել բաց երկնքի տակ, բայց ծաղկելուց առաջ պետք է ներս բերել: Ձմռանը անհրաժեշտ օդի ջերմաստիճանը +16°…+20°C է (+16°C ոչ ցածր): Ծաղկամանի հողը նույն, կամ քիչ ավելի ջերմություն պետք է ունենա:
Լուսավորությունը
Անհրաժեշտ է պայծառ, ցրված լույս։
Ջրելը
Հողը մշտապես թեթևակի խոնավ է պետք պահել: Ջրել փափուկ, առնվազն 24 ժամ հնացված, սենյակային ջերմության ջրով: Ծաղկման շրջանում օդի բարձր խոնավություն է պահանջվում: Խորհուրդ է տրվում ծաղկամանը դնել ջրով լի, լայն տակդիրի մեջ:
Օդի խոնավությունը
Չափավոր, ծաղկման շրջանում՝ բարձր: Խորհուրդ է տրվում պարբերաբար գոլ, հնեցված ջրով ծողել բույսը և պարբերաբար, խոնավ շորով սրբել տերևների վրայի փոշին։
Սնուցումը
Պետք է պարարտացնել գարնանից մինչև աշուն: Երիտասարդ բույսերը սնուցումեն են ամիսը երկու անգամ` հերթագայելով օրգանական և հանքային պարարտանյութերը. Չափահաս բույսերը սնուցում են ամեն շաբաթ` կալցիում չպարունակող պարարտանյութերով:
Հանգստի շրջան
Ձմռանը, 4-6 շաբաթով պետք է խիստ նվազեցնել ջրելը, բայց պահպանել լավ լուսավորություն ու +16․․․ +20°C օդի ջերմություն:
Տեղափոխումը
Ձմռան ավարտին հասմիկանման գարդենիան պետք է տեղափոխել փոքր-ինչ ավելի մեծ ծաղկամանի մեջ և էտել նախորդ տարի աճած ճյուղերը՝ երկարության մոտ 1/3 չափով, ինչը կխթանի բույսի ճյուղավորումը:
Բազմացումը
Գարդենիան բազմացնում են գարնանը կամ ամռան վերջին կտրած կիսափայտացած կտրոններով, որոնք արմատակալման են դնում թեթևակի տաքացվող հողախառնուրդում՝ մինիջերմոցի տակ: Կա նաև ջրի մեջ արմատակալում ստանալու դրական փորձ։ Կարելի է բազմացնել նաև սերմերով:
Տեղափոխումը
Հասմիկանման գարդենիան սիրում է բարձր թթվայնութամբ հող: Երիտասարդ բույսերը աճեցնում են հավասար չափերով տերևային բուսահող, ճմահող, փշատերևային բուսահող, վերնատորֆ և ավազ պարունակող հողախառնուրդում: Հետագայում հողախառնուրդին ավելացնում են փտած գոմաղբ կամ կոմպոստ:
Հնարավոր բարդություններ
Հաճախ բողբոջները դադարեցնում են աճը ու թափվում են: Դրանից խուսափելու համար, պետք է ապահովել օդի ջերմաստիճանի կայուն ռեժիմ՝ ցերեկը՝ 18-20 աստիճան, իսկ գիշերը՝ 16-18, հաճախ օդափոխել սենյակը և կանոնավոր ջրել:
Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման դեպքում հասմիկանման գարդենիան տերևաթափ կարող է լինել:
Եթե տերևները սպիտակավուն են, ուրեմն հողի մեջ երկաթի պակաս կա ու, տարին 3-4 անգամ պետք է սնուցել բույսը միկրոտարրերով:
Վնասատուներից ամենավտանգավորները սարդոստայնային տիզն է, վահանամիջատը և ալրատիզը:
Օգտակար հատկությունները
Մի շարք երկրներում հասմիկանման գարդենիայի պտուղն ու արմատները օգտագործում են հակաբորբոքային, ջերմություն իջեցնող, արյուն մակարդող, դեղնախտ, մաշկային հիվանդություններ, մաստիտ, սոմատիտ, տոնզիլիտ բուժող եփուկներ պատրաստելու համար:
Պտուղները օգտակար են թոքերի հիվանդության և տենդի դեպքում: Մանրացված պտուղները դնում են վերքերի, այրվածքների, ուռուցքների և այտուցվածքների վրա: