Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ). դրա առաջացմանը մասնակցում են բնության բոլոր բաղադրատարրերը (կլիմա, ջրեր, ռելիեֆ, բուսական ու կենդանական աշխարհներ) և մարդը` իր տնտեսական գործունեությամբ: Հողն ունի բարդ կազմություն, որի գերակշռող տարրերը 2-ն են՝ քայքայված լեռնային ապարների մասնիկները (անօրգանական մաս) և հումուսը (օրգանական մաս):
Հողն օժտված է ֆիզիկաքիմիական որոշակի հատկություններով, մասնավորապես՝ բերրիությամբ, որը կախված է հումուսի քանակից: Որքան հողը հարուստ է հումուսով, այնքան բարձր է նրա բերքատվությունը:
Հողը բաղկացած է շերտերից, որոնք նաև հորիզոններ են կոչվում՝
A շերտը վերնաշերտ կամ վարելաշերտ է կոչվում։ Վարելաշերտը հողի այն շերտն է, որտեղ բույսերն ընդհանրապես աճում են, թեկուզ արմատները երկրորդ շերտի մեջ էլ կարող են անցնել։
B շերտը ընդերք կամ ենթահող է կոչվում։
C շերտը նախանյութ է կոչվում, որը չկարծրացած քարերից, ժայռերից և հողի մասնիկներից է բաղկացած։
D շերտը կարծր ապարի շերտն է։
Սովորաբար վարելաշերտի վերևում ևս ենթադրում են մեկ այլ շերտ՝ օրգանական շերտը, որը կազմված է օրգանական նյութերից և սովորաբար Օ տառով է նշվում։
Հողի էական առանձնահատկությունն այն է, որ ճիշտ օգտագործման դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև որակապես բարելավվում է, ինչի շնորհիվ բարձրանում է բերքատվությունը:
Հետևյալ բաղադրությամբ A շերտի հողը սովորաբար կատարյալ կարելի է համարվել՝
- 45% հանքային նյութ
- 25% օդ
- 25% ջուր
- 5% օրգանական նյութ
Սակայն լավ այգեգործներն ապահովում են 50% կամ ավելի օրգանական նյութի պարունակություն:
Հայաստանը խիստ սակավահող երկիր է. մեկ շնչին ընկնող հողային տարածքի ցուցանիշով մեր երկիրը աշխարհում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը: Ահա թե ինչու է շատ կարևոր յուրաքանչյուր քառակուսի մետրի ճիշտ և արդյունավետ օգտագործումը:
Բուսականության, ռելիեֆի և կլիմայական պայմանների մեծ բազմազանության շնորհիվ այստեղ հանդիպում են հողերի 14 ծագումնաբանական տիպեր, որոնցից 7-ը գոտիական են, և որտեղ գերակշռում են լեռնային սևահողերը, շագանակագույն և կիսաանապատային գորշ հողերը (տարածքի 42,5 %-ը): Մյուս 7-ը միջգոտիական են, որտեղ գերակշռում են մարգագետնասևահողերը, գետահովտադարավանդային, ճահճային, մարգագետնային, աղուտ-ալկալի և ոռոգելի մարգագետնային հողերը (տարածքի 6 %-ը):
Հայաստանի հողային ծածկույթը
Հողի տիպերը | Տարածումը | Հումուսային շերտի հաստու-թյունը | Հումուսի պարունակու-թյունը |
Լեռնա-մարգագետնային հողեր | Հրաբխային լեռնազանգված-ների և ծալքա-բեկորավոր լեռնաշղթաների մինչև 3300մ բարձրություն-ներում | 20-30սմ | 7-8% |
Կիսա-անապատային գորշ հողեր | Արարատյան գոգավորություն, Եղվարդի և Կարմրաշենի սարվանդաններ, Երանոսի և Ուրծի լեռներ, Խորվիրապ | 30-40սմ | 1-1,5% |
Լեռնա-շագանակագույն հողեր | Արարատյան գոգավորությունում, Հարավ-Արևելքում | 45-60սմ | 3-4% |
Լեռնային սևահողեր | Շիրակի և Լոռվա դաշտերում, Սևանի ավազանում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնալանջերում | 55-75սմ | 9-12% |
Լեռն-անտառային դարչնագույն հողեր | Անտառային գոտու ցածրադիր տեղամասերում | 55-65սմ | 6-8% |
Լեռննտառային գորշ հողեր | Անտառային գոտու միջին և բրձրադիր տեղամասերում, հյուսիսարևելյան անտառներում | 50-55սմ | 4-5% |
Մարգա-գետնա-տափաստանային հողեր | Լեռնային սևահողերից և լեռնանտառային գորշ հողերից վեր՝ 2100-2700մ բարձրություն-ներում | 40-45սմ | 8-11% |
Հայաստանի հողերն ունեն կավային, կավավազային, ավազակավային մեխանիկական կազմ։