Քլորոֆիտումը (անգլ.՝ Spider Plant, ռուս.՝ Хлорофитум, լատ.՝ Chlorophytum) ամենատարածված սենյակային բույսերից է: Դա զարմանալի չէ, քանի որ այն շատ արագ է մեծանում, ունի կորացած գեղեցիկ տերևներ, գարնանը ու ամռանը նրա բարակ ցողուններին հայտնվում են մանր սպիտակ ծաղիկներ, իսկ հետո փոքրիկ տերևների փունջ: Դրանք կարելի է առանձնացնել և արմատակալել: Քլորոֆիտումի ճանաչված լինելու մյուս պատճառը նրա դիմացկունությունն է: Այս բույսը սիրում է ցրված, պայծառ լույս, բայց կարող է լավ աճել նաև կիսաստվերում:
Քլորոֆիտում փուփուլավորը` Chlorophytum comosus շատ երկրներում աճեցնում են ավելի քան 200 տարի: Կորացած տերևները գեղեցիկ փունջ են կազմում, երկար ծաղկատարների վրա աճում են դուստր տերևային փնջերը: Քլորոֆիտումը կարելի աճեցնել հոլերում կամ աստիճանավանդակներում, ինչպես նաև լողարաններում, եթե այնտեղ պատուհան կա:
Խնամքը
Ջերմաստիճանը` չափավոր: Ձմռանը 8°С-ից ոչ ցածր: Չնայած դիմացկուն Քլորոֆիտումը չի մահանա ոչ բարենպաստ ջերմաստիճանի դեպքում, բայց դա կազդի նրա արտաքին տեսքի վրա: Սառը միջանցահովիկը կամ չտաքացվող պատուհանի մոտ լինելը նրան կվնասի:
Լուսավորությունը` Պայծառ ցրված լույս: Լավ է աճում արևմտյան կամ արևելյան պատուհանների մոտ : Կարող է աճել նաև հյուսիսային պատուհանի մոտ , բայց մութ տեղում բույսը կորցնում է իր դեկորատիվ ու հաճելի տեսքը: Հարավային պատուհանի մոտ անհրաժեշտ է մի փոքր ստվերել:
Ջրելը` հողը չորանալուց հետո, առատ, գարնանից մինչև աշուն: Ձմռանը ջրել չափավոր:
Պարարտացնել` մարտ ամսից մինչև օգոստոս, երկու շաբաթը մեկ անգամ, ջրի մեջ լուծել հատուկ պարարտանյութեր նախատեսված դեկորատիվ-տերևավոր բույսերի համար:
Օդի խոնավությունը` ամռանը ժամանակ առ ժամանակ տերևները ցողել կամ կազմակերպել գոլ ցնցուղ: Ցողելը անհրաժեշտ է, եթե բույսը գտնվում է ջեռուցող սարքի մոտ:
Տեղափոխումը` ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին: Խոշոր բույսերը կամ հները տեղափոխում են երկու տարին մեկ, բայց սնուցում են ամեն տարի: Քլորոֆիտումը ունի մեծ հաստ արմատներ և նրանց մեծանալու դեպքում թաղարը կարող է հատակից ճաքել,այդ պատճառով նրա համար պատրաստում են ընդարձակ աման:
Բազմացումը` արմատակալում դուստր փնջերից, ինչպես նաև տեղափոխման ժամանակ անջատելով իրարից արմատները: Դուստր փունջը արմատակալում է ինչպես հողում, այնպես էլ ջրի մեջ: