Կաթնափուշը (անգլ․՝ Milk thistle), ռուս․՝ Расторопша, լատ․՝ Silybum) Asteraceae ընտանիքի խոտաբույսերի ցեղ Է։
Կաթնափուշը ամենաարդյունավետ հակաօքսիդանտ հատկությամբ դեղաբույսն է, ունի զարմանալի թերապևտիկ հատկություններ: Այն պաշտպանում և մաքրում է օրգանիզմը տոքսիններից: Ապացուցված է, որ կաթնափուշի սերմերը հզոր միջոց են քաղցկեղի դեմ ( քրքումի հետ): Սերմերը կարող են օրգանիզմից, մասնավորապես լյարդից դուրս բերել տոքսինները, պաշտպանել մահացու թունավորումներից: Ավիցենան գտնում էր, որ կաթնափուշը կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը, կանգնացնում է արյունահոսությունը, ցավազրկող է, ունի հակամիկրոբային ազդեցություն: Սերմերից ստացված յուղը առաջատարն է բոլոր այն դեղամիջոցների միջև, որոնք օգտագործվում են լյարդի բուժման համար (հեպատիտ, ցիրրոզ, անբավարարություն, լեղուղիների դիսկինեզիա, լեղաքարային հիվանդություն):
Կաթնափուշ աճեցնելը
Լույսը
Կաթնափուշը լավագույնս կաճի ինչպես արևկող տեղում, այնպես էլ մասամբ ստվերում:
Օդի ջերմաստիճանն ու խոնավությունը
Կաթնափուշը շատ դիմացկուն է և աճում է համարյա բոլոր եղանակային պայմաններում։ Դրա սերմերը կարող են ծլել օդի 0…+30°C աստիճան ջերմաստիճանում։
Ցանելը
Ցանել կարելի է բաց գրունտում՝ և՛ աշնանը, և՛ գարնանը։ Կարելի է նաև սածիլներ աճեցնել։ Ցանելու տեղը վաղօրոք պարարտացնում են՝ 1 ք.մ․-ին 40-60 գ համալիր հանքային պարարտանյութով, խառնած 4 կգ կոմպոստի և 1-2 բաժակ փայտի մոխրի հետ: Կաթնափուշը վատ է աճում ծանր կավահողի կամ ճահճացած հողի վրա: Մարգը 3-5 սմ խորությամբ փխրեցնում են, ինչը թույլ կտա տարածքը մաքրել մոլախոտերից և մի քիչ չորացնել հողը:
Ցանելուց առաջ սերմերը 2 ժամ թրջում են քլորազերծ ջրի մեջ, որից հետո ցանում են 1,5 – 2 սմ խորությամբ ու թեթևակի տափանում։ Սերմերի միջև հեռավորությունը պետք է լինի 5-10 սմ, շարքերի միջև՝ 50 սմ: Առաջին ծիլերը հայտնվում են 7-10 օր հետո: Ծլելուց հետո ցանքի նոսրացում է կատարվում, բույսերի միջև թողնելով 40 սմ:
Ամռան սկզբին կաթնափուշը հասնում է իր առավելագույն բարձրությանը և ծաղկում է:
Ոռոգելն ու սնուցելը
Չնայած կաթնափուշի երաշտադիմացկունությանը, ամռան շոգին լավ կլինի պարբերաբար խոնավացնել հողը: Դա կօգնի բույսին ավելի երկար պահպանել տերևների հյութեղությունն ու թարմությունը: Որպես սնուցում, հարմար են թե՛ օրգանական, օրինակ փայտի մոխիրը, թե՛ համալիր պարարտանյութերը:
Բերքհավաք և պահեստավորում
Սեզոնի ավարտին ծաղկացողունները կարելի է չորացնել և օգտագործել այլ ծաղիկներով ծաղկեփնջեր պատրաստելիս: Իսկ արժեքավոր սերմերը հավաքվում են աստիճանաբար, հասունանալուն զուգահեռ՝ օգոստոսի վերջից հոկտեմբեր: Ավելի լավ է սերմերը հավաքել, երբ ծաղկազամբյուղները սկսում են չորանալ, դրանք դեղնում են, և հայտնվում է սպիտակ փափկամազ, ինչից հետո դրանք կտրում են, չորացնում և կալսում: Սերմերը կարող են 2-3 տարի պահվել չոր տեղում։
Բույսի արմատներն ու տերևները հավաքում են աշնանը՝ ծաղկելն ավարտվելուց հետո: Արմատները լվանում են հոսող ջրի տակ, չորացնում և մանրացնում են: Արմատները կարելի է պահեստավորել ոչ ավել քան 1 տարի՝ ապակե փակ տարաներում:
Ծաղկամանում աճեցնելը
Բուսական կամ բուժիչ նպատակներով կաթնափուշ աճեցնելու համար այն հաճախ ցանում և աճեցնում են տնային կամ ջերմոցային պայմաններում։ Սա նաև օգնում է, որ, ըստ էության, մոլախոտ հանդիսացող կաթնափուշը չզավթի ողջ այգին:
Տան պայմաններում կաթնափուշի սերմերը ցանում են սովորական հողախառնուրդով, մեծ ծաղկամանի մեջ և, մինչև ծլելը, ծածկում են ապակիյով կամ պլաստիկ թաղանթով։ Ցանելուց հետո, մինչև սերմերի ծլելը, ծաղկամանը պահում են օդի +15…+16°C աստիճանում և պարբերաբար խոնավացնում են հողը։
Կաթնափուշի ծլեցված սերմեր և միկրոկանաչի
Ծլեցված սերմերի մասին կարդացեք այստեղ ==> Միկրոկանաչիների մասին կարդացեք այստեղ ==>
Կաթնափուշի սերմերը ծլեցնելու համար անում են հետևյալը՝
Սերմերը մաքրում ու լվանում են հոսող, սառը ջրով, այնուհետև քամում են։
Քամված սերմերի վրա լցնում են սենյակային ջերմաստիճանի, 1-2 օր հնեցված, սերմերի ընդհանուր ծավալից 4-5 անգամ շատ ջուր, որի մեջ մոտ 12 ժամ թրջում են սերմերը։
12 ժամ անց ջուրը թափում են իսկ քամված սերմերը հարթ շերտով լցնում են ոչ խոր, լայն ամանի հատակին ու ծածկում խոնավ կտորով կամ մի քանի տակ ծալած մարլայով։
12 ժամը մեկ սերմերը լվանում են, քամում ու նորից ծածկում խոնավ կտորով։
Սերմերը ծլում են 6-7 օրում։
Կաթնափուշի ծլեցված սերմերի ամենօրյա ուտելը բարելավում է լեղապարկի աշխատանքը, պաշտպանում է լեղապարկը տոքսիններից և վարակներից։
Ուշադրություն
– Կաթնափուշը ուժեղ ազդեցությամբ դեղաբույս է, ուստի շատ ուտել չի կարելի։ Չափահաս մարդու օրական չափաբաժինը 7 հատն է։ – Կաթնափուշի ծլեցված սերմերը կարելի է սառանարանում մինչև 10 օր պահել։
Կաթնափուշը կամ նույնն է` մարեմփուշը (Silybum) երկամյա խոտաբույս է։ Տերևները խոշոր են, կանաչ գույնի, բազմաթիվ ճերմակ պուտերով և դրանց միջև անցնող միջնապատերի ցանցով։ Արտաքուստ հիշեցնում է մարմարը։ Տերևաթիթեղի անհարթ եզրերի վրա կան սուր, դեղին փշեր։ Պտուղները փուփուլիկ ունեցող սեմիկներ են, փայլուն դեղին գույնի, մուգ երկարավուն բծերով։ Ծաղկում է հուլիսից մինչև աշուն։ Ծաղկակիր ցողունն ունի 60-150 սմ բարձրություն։ Ծաղիկները խոշոր են, բաց մանուշակամորեգույն կամ ծիրանագույն, դրանք հավաքված են զամբյուղների մեջ։ Սերմը պարունակում է մինչև 32 % ճարպայուղ, 0,1% եթերային յուղ, խեժ, լորձանյութ, ֆլավոնոիդներ, թիրամին, հիստամին և այլն։
Որպես բուժահումք են ծառայում սերմերը, որոնցից ստացված պատրաստուկներն ի զորու են վերականգնել լյարդի վնասված բջիջները։ Նման առաքելություն տրված է հավանաբար միայն այս բույսին։ Դեղատներում վաճառվում է սերմը, յուղը։ Հեպատիտ. 3 ճ/գ սերմը լցրեք 500 մլ եռջրի մեջ, եփեք ջրային բաղնիքի վրա` մինչև հեղուկի կեսը գոլորշիանա, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 10-15 անգամ, 1-ական ժամ ընդմիջումներով։ Հեպատիտ, խոլեցիստիտ. Փոշիացրեք սերմը։ Խմեք 3-ական գ` օրը 2-3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ` 20-30 մլ ջրով։ Կատարեք 1 ամիս։
Ճարճրուկը (անգլ․՝ Arugula, Garden rocket, ռուս․՝ Рукола, Гусеничник посевной, լատ․՝ Eruca vesicaria) խաչածաղկավորների ընտանիքին պատկանող, միամյա, համեմունքային խոտաբույս է, որն ունենում է 20-100 սմ բարձրություն։
Ճարճրուկ կարելի է աճեցնել ինչպես բաց գրունտում, այնպես էլ պատշգամբում կամ տանը՝ ծաղկամանի մեջ։ Պետք է հաշվի առնել, որ ճարճրուկը զով եղանակի բույս է և շատ ավելի լավ կաճի գարնանն ու աշնանը։
Ցանել պետք է վերջին ցրտերի ավարտից մինչև մեկ ամիս առաջ, երբ հողը տաքանա +4,5…+13°C աստիճան, մոտ 6 մմ խորությամբ և 2,5 սմ միմյանցից հեռու: Պետք չէ ճարճրուկ ցանել այնտեղ, որտեղ մինչ այդ կախամբի որևէ տեսակի բույս է աճել։
Ծլելուց հետո պետք է նոսրացնել ցանքը, բույսերի միջև թողնելով մոտ 15 սմ տարածություն։ Ավելորդ ծիլերը կարելի է վերատնկել կամ ուտել որպես միկրոկանաչի։
Եթե անընդհատ բերք ունենալու ցանկություն կա, ապա պետք է 2-3 շաբաթը մեկ նոր ցանք կատարել։
Ինչ է անհրաժեշտ ծաղկամանում ճարճրուկ աճեցնելու համար
Ծաղկաման։ Մեկ բույսի համար պետք է տրամադրել առնվազն 20 սմ խորությամբ և 15 սմ տրամագծով ծաղկաման։ Ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա։ Հող։ Չնայած որ ճարճրուկը հարմարվում և աճում է տարատեսակ հողերում, լավագույն արդյունք ստացվում է օրգանական, պարարտ և փխրուն հողում: Արևի լույս։ Ճարճրուկին անհրաժեշտ է օրական առնվազն վեց ժամ արևի ուղիղ լույս ստանալ: Կարևոր է նաև նշել, որ ճարճրուկը ճնշվում է կեսօրի կիզիչ արևից, ուստի լավագույնն այն է, որ ծաղկամանը տեղադրվի այնտեղ, որտեղ մինչև կեսօր արևի տակ կլինի, հետո կիսաստվերում:
Ցանելը
Սերմերը թաղում են 5-6 մմ խորությամբ և և զգուշորեն ջրում են: Եթե հողը միշտ խոնավ է պահվում, առաջին ծիլերը հայտնվում են 3-10 օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում մի ծաղկամանի մեջ մի քանի սերմ ցանել, իսկ ծլելուց հետո թողնել միայն ամենաուժեղը աճի:
Ջրելը
Չնայած, որ ճարճրուկի հողը միշտ խոնավ պետք է մնա, պետք է խուսափել հողը ճահճացնելուց և բույսը ջրախեղդ անելուց, այլապես բույսի արմատները սկսում են նեխել։
Բերքահավաքը
Լավ խնամքի դեպքում ճարճրուկը 30 օրվա ընթացքում պատրաստ կլինի հավաքելու համար: Եթե ցանկություն կա քիչ-քիչ, բայց երկար ժամանակ օկտագործել բերքը, ապա պետք է զգուշորեն կտրել ճարճրուկի կողային տերևները՝ թողնելով, որ կենտրոնական մասը շարունակի աճել։ Իսկ եթե պետք է մեկ անգամ բերքահավաք արվի, ապա դա արվում է ցանելուց 40-50 օր հետո՝ կտրելով հասունացած բույսն ամբողջությամբ։
Զոպան (անգլ․՝ Hyssop, ռուս․՝ Иссоп, լատ․՝ Hyssopus officinalis) մինչև 80 սմ բարձրությամբ, բազմամյա կիսաթուփ է, վայրի բնությունում աճում է Ղրիմում, Միջերկրական և Կասպից ծովերի շրջակայքում։
Հոտավետ մեղրակիր է, ծաղկում է հունիսից մինչև հոկտեմբեր։ Դեղաբույս է՝ լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկությունում։
Զոպայի տերևները, մատղաշ ճյուղերը և բողբոջները հարուստ են շաքարներով և եթերայուղերով, պարունակում են հիսոփին գլյուկոզիդ, սապոնիններ, տանիններ, խոլին և անուշաբույր իմբրին նյութ, որն ունի նուրբ, եղեսպակի բույր և հաճելի դառը համ: Զոպան նաև պարունակում է վիտամին C և պրովիտամին A. Զոպայի թարմ կամ չորացրած կանաչին ավելացնում են աղցաններին, ապուրներին, մսով և բանջարեղենով կերակրատեսակներին, օգտագործում են սոուսներ և թթուներ համեմելու համար:
Աճեցնելը
Զոպա աճեցնելը բավականին հեշտ է: Այս բույսը չափազանց ոչ պահանջկոտ է և լավ է աճում նույնիսկ ոչ շատ բերրի հողի վրա:
Զոպան բազմանում է սերմերով, կտրոններով և թուփը բաժանելով: Դժվար չէ սերմերից զոպա աճեցնել, ուղղակի մի քանի նրբություններ կան: Սերմերը կարելի է ցանել անմիջապես բաց գրունտում կամ սկզբում սածիլներ ստանալ տաք միջավայրում։ Երբ սածիլները մեծանում են, և ցրտահարության սպառնալիքն անցնում է, զոպայի սածիլները տնկում են մշտական տեղերում: Տնկելու տեղի հողը նախապես փորում են կամ փխրեցնում:
Զոպայի հետագա խնամքը շատ դյուրին է։ Պարզապես անհրաժեշտ է պարբերաբար վերացնել մոլախոտերը, ջրել, փխրեցնել հողը և, մանավանդ առաջին ամիսներին, սնուցել պարարտանյութով:
Եթե զոպայի աճը դանդաղ է, խորհուրդ է տրվում այն սնուցել օրգանական կամ համալիր պարարտանյութերով (10 լիտր ջրի դիմաց 20-30 գ):
Նույն տեղում, զոպան կարող է լավ աճել մինչև 4-5 տարի: Այն նույնիսկ ծածկ չի պահանջում ձմռան համար:
Զոպայի խնամքը սենյակային պայմաններում
Զոպան լուսասեր և խոնավասեր է, դիմացկուն է երաշտի ու ցրտի նկատմամբ: Լավ է աճում թեթև կրաքարային և չափավոր խոնավ հողերի վրա:
Պատուհանի գոգին զոպան աճեցնում են հնարավորին չափ մեծ ծաղկամանում։ Ամենահարմարավետ պայմաններ կունենա մոտ 36 սմ խորություն և լայնք ունեցող ծաղկամանի մեջ։
Բազմացնում են սերմերով, կտրոններով, ինչպես նաև թուփը բաժանելով (երեքից չորս տարեկան բույսերը)։ Սերմերը ցանում են գարնանը՝ տերևային բուսահողից, ճմահողից, տորֆից և կոմպոստից (2:2:1:2) կազմված հողախառնուրդի մեջ: Ցանքի խորությունը 0.3-1 սմ։ Մինչև ծլելը ցանքը ծածկում են ապակիյով կամ ցելոֆանով: Երբ ծիլերը հայտնվում են, իսկ դա տեղի է ունենում ցանելուց 8-14 օր հետո, բույսերը տեղադրվում են լույսին ավելի մոտ ՝ իջեցնելով ջերմաստիճանը +14 … +16 ° C: Մեկ շաբաթ անց ջերմաստիճանը հասցվում է +18 … +20 ° C: Առաջին իսկական տերևի փուլում բույսերը տեղափոխում են 5×5 կամ 6×6 սմ չափի ծաղկամաններ, իսկ բողբոջումից 25-30 օր հետո `12-14 սմ տրամագծով ամանների մեջ:
Ծաղկամանը պետք է լավ դրենաժ ունենա, դրենաժային շերտի վրա կարելի է լցնել տորֆամամուռ կամ փայտի ածուխ, հետո հողը: Բույսի առմատային մասը, իր հողագնդով, այնպես է դրվում ծաղկամանի մեջ, որպեսզի արմատների վերին մասը մեկ սանտիմետրով ցածր լինի ծաղկամանի եզրից։ Տեղափոխելուց հետո զոպան լավ ջրում են գոլ ջրով և լավ կլինի մեկ-երկու օր բույսը կիսաստվերում մնա։
Զոպայի խնամքը ներառում է գոլ, հնեցված ջրով ջրելը, պարբերական սնուցումը (10-15 օրը մեկ) համալիր հանքային պարարտանյութերի լուծույթով (3-5 գ մեկ 1 լիտր ջրին) կամ գոմաղբի լուծույթով (1:10):
Երբ զոպան հասնում է 15 սմ բարձրության, քշտում են են գագաթը, արդյունքում բույսը ավելի լավ է ճյուղավորվում: Հետագայում, ըստ անհրաժեշտության, կտրում են ոչ միայն տերեւները, այլեւ մատղաշ ճյուղերը:
Կտրոնով բազմացման համար, ամռանը կտրում են 12-15 սմ երկարության ճյուղեր: Ստորին մասի տերևները հեռացվում են և կտրոնը դնում են ջրի մեջ: Սպիտակ արմատների հայտնվելուց հետո, կտրոնը տնկում են հողի մեջ:
Թուփը բաժանելով բազմացնում են աշնանը։ Բույսը հանում են հողից և սուր դանակով բաժանում են մի քանի մասի, բայց այնպես, որ յուրաքանչյուր մասը ճյուղի վրա ունենա երկու կամ երեք աչք և արմատներ: Բաժանված բույսն անմիջապես տնկում են՝ 2-3 սմ ցածր, քան նախկինում էր աճում: Վերջում բույսը առատորեն ջրում են և դնում տաք տեղում: Երկու շաբաթ անց նոր կանաչ ճյուղեր են սկսում աճել: Հետագա խնամքը նույնն է։
Միկրոկանաչեղեն (անգլ․՝ Microgreens, ռուս․՝ Микрозелень) են անվանում տարատեսակ բանջարեղենի և կանաչեղենի 2,5–7,5 սմ բարձրությամբ, մատղաշ ծիլերը։ Դրանք ունենում են նուրբ, անուշ համ ու հոտ և, ըստ էության վիտամինների գանձանակ են։
Փոքրիկ, մատղաշ ծիլերն աճեցվում են հատուկ պայմաններում, դրանք պարունակում են մեծ քանակությամբ օգտակար սննդանյութեր, վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ և այլն:
Առանձին կամ այլ ուտեստների հետ միկրոկանաչի ուտելը ամրացնում է մարդու օրգանիզմը, կենսական էներգիա է տալիս և օգնում է մաքրել մարմինը:
Երբեմն միկրոկանաչեղենը շփոթում են ծլեցրած սերմերի հետ, որոնք նույնպես շատ օգտակար են: Իրականում դրանք տարբեր զարգացման աստիճանում գտնվող բույսեր են: Միկրոկանաչիները բույսերի զարգացման այն փուլում են, երբ հայտնվում են առաջին երկու տերևները՝ շաքիլատերևները:
Միկրոկանաչիներն աճում են առանց որևէ պարարտանյութի կամ աճի խթանիչի: Սերմերի միջի սննդանյութերը բավարար են դրանց աճի համար: Այդպիսով, արդյունքում առաջացած միկրոկանաչեղենը էկոլոգիապես մաքուր է և օրգանական։ Աճի այդ կարճ ժամանակահատվածում դրանք չեն հասցնում նաև օդից վնասակար նյութեր կուտակել։
Միկրոկանաչիները շատ հարուստ են լինում բետա-կարոտինով: Դրա օգտակար հատկությունների մասին կարելի է երկար գրել, բայց գլխավորն այն է, որ այն արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթները՝ պաշտպանելով մաշկը, մազերը և եղունգները շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից:
Կանաչ ծիլերը պարունակում են շատ բուսական սպիտակուցներ, վիտամիններ (C, B, K, E), կարոտինոիդներ, հանքային նյութեր և այլ օգտակար տարրեր (կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, յոդ, ծծումբ), ինչպես նաև եթերայուղեր: Այս բաղադրիչներից յուրաքանչյուրը դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա:
Ֆոլաթթուն անհրաժեշտ է արյան նոր բջիջների ձևավորման համար, ինչը հատկապես կարևոր է այն կանանց համար, ովքեր պատրաստվում են հղիանալ: Վիտամին C-ն լավագույն հակաօքսիդիչն է: Կարոտինոիդները նպաստում են ավելի լավ իմունային ֆունկցիային: Ռուտինը կանխում է տրոմբի առաջացումը և ունի հակաբորբոքային ազդեցություն: Քլորոֆիլը հայտնի հակաօքսիդիչ է՝ հակաուռուցքային հատկություններով:
Միկրոկանաչեղենի կանոնավոր օգտագործման դեպքում դուք կարող եք բարելավել սրտանոթային, մարսողական, նյարդային, վերարտադրողական և էնդոկրին համակարգերի աշխատանքը: Այս հրաշք ծիլերը երկարացնում են երիտասարդությունը, բարելավում են մաշկի, եղունգների և մազերի վիճակը ու, միաժամանակ, դիետիկ սնունդ են՝ նվազագույն կալորիականությամբ։
Առվույտ (Alfalfa, Medick, Люцерна): Խրթխրթան և թարմ միկրո կանաչի է, այգուց նոր քաղած վարունգի համ ունի: Օգտակար է երկաթի պակաս ունեցողների համար: Պարունակում է նաև մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ինչպես նաև C, K, A, E վիտամիններ: Անուշահոտ հավելում է ձկնեղենի, ձվի, աղցանների և նախուտեստների համար:
Արևածաղիկ (Sunflower, Подсолнечник) Արեւածաղկի սերմերի համով, խրթխրթան և հյութալի միկրոկանաչի է ստացվում: Շատ օգտակար է, քանի որ պարունակում է յոդ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում և ցինկ, ինչպես նաև E և K վիտամիններ, ֆոլաթթու: Օգնում է պայքարել հոդացավերի դեմ և օգտակար է թթու-հիմնային հաշվեկշիռը կարգավորելու համար: Կարող է մատուցվել մսով և բանջարեղենով ուտեստների հետ:
Բազուկ (Beet, Свёкла): Մուգ կանաչ տերևներով հյութալի կարմիր ծիլերը կզարդարեն ապուրները, աղցանները կամ բուտերբրոդները: Մի փոքր քաղցր են, համը հիշեցնում է բազուկի համը: Օգտակար է իր՝ օրգանիզմի տոնուսը բարձրացնող և իմունային համակարգը ամրապնդող հատկությամբ:
Բակլա (Fava beans, Боб садовый):
Մանգոլդ (Chard, Мангольд): Անուշ բույրով միկրոկանաչին ունի մորեգույն ցողուններ և վառ կանաչ տերևներ: Տեսքի շնորհիվ այն ռեստորանային ուտեստներ զարդարելու առաջատարներից է: Բարելավում է նյարդային և մարսողական համակարգերի աշխատանքը, ամրացնում է արյան անոթների պատերը և ամրացնում է մազերը, եղունգներն ու ատամները:
Բոկ-չոյ (Bok-choy, Бок-чой)/Պակ չոյ։ Միկրոկանաչին մի քանի անգամ ավելի օգտակար է, քան հասուն բույսը: Առավելագույն օգուտ քաղելու համար, պետք է ուտել թարմ աղցանների, բուտերբրոդների, սմուզիների մեջ կամ որպես մսով և ձկով ուտեստների զարդարանք:
Բորաժ (Borage, Огуречная трава): Միկրոկանաչին թարմ վարունգի համ ու հոտ ունի: Ուժի աղբյուր է, օգնում է թեթեւացնել սթրեսը, արագացնում է նյութափոխանակությունը և նույնիսկ ամրացնում է իմունային համակարգը։ Հիանալի կլրացնի թարմ բանջարեղենով աղցանը:
Բողկ (Garden radish, Редис): Միկրոկանաչին մի փոքր խրթխրթան է ու կծու՝ նման է բուն բուսական արմատին: Կատարյալ համեմունք է աղցանների և մսով ուտեստների համար: Օգտակար է մարսողությունը բարելավելու համար՝ պայմանավորված այն հանգամանքով, որ պարունակում է հանքանյութեր, միկրոտարրեր և եթերայուղեր:
Բրոկոլի (Broccoli, Брокколи): Հիանալի բուժիչ և հակաքաղցկեղային հատկություններ ունի: Խրթխրթան միկրոկանաչիները մեղմ համ ունեն և թեթև դառնություն: Լավ համակցվում է բանջարեղենային աղցանների, ապուրների և, որպես խավարտ, մսի կամ ձկան հետ:
Գազար (Carrot, Морковь) Այո, գազարի սերմից էլ է միկրոկանաչի աճում և դրանք հինգ անգամ ավելի շատ վիտամին C են պարունակում, քան գազարը, բացի այդ, շատ կալիում և կալցիում է պարունակում: Ունի քաղցր գազարի համ և մեղմ հոտ: Օգտագործվում է որպես կանաչի, ավելացվում է աղցաններին, բրնձին և ձկնեղենին, լավ է համակցվում սոուսների հետ:
Գանգրակաղամբ(Kale, Кале): Միկրոկանաչին պարունակում է հսկայական քանակությամբ շատ արժեքավոր վիտամիններ և հանքանյութեր: Առանց ջերմային մշակման, օգտագործվում է աղցանների և կոկտեյլների մեջ: Համը լավ համադրվում է թարմ բանջարեղենի և խոտաբույսերի հետ:
Գարի (Barley, Ячмень):
Գոնգեղ (Rutabaga, Брюква):
Դայկոն (Daikon, Дайкон). Բողկի տեսակ է։ Պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ, որն անհրաժեշտ է օրգանիզմի ընդհանուր ամրապնդման, մաշկի վիճակի բարելավման և մազերի աճի համար: Կծու համի և խրթխրթան հյուսվածքի շնորհիվ, լավ է համակցվում ապուրների հետ:
Եգիպտացորեն (Maize, Кукуруза): Պայծառ, դեղին ծիլերը հաճելի քաղցր համ ունեն․ կզարդարեն ցանկացած ուտեստ: Արմատներին մոտ գտնվող մասում ծիլերը խրթխրթան են և դառնաքաղցրահամ: Պարունակում է վիտամիններ և հանքանյութեր: Հարմար է տարբեր աղցանների և նախուտեստների համար։
Երեքնուկ (Clover, Клевер): Միկրոկանաչին հարուստ է սպիտակուցներով, A, B, C, E, K վիտամիններով և այլ օգտակար տարրերով: Օգնում է օրգանիզմին հիվանդությունից հետո արագ վերականգնվել, հեռացնում է տոքսինները և մաքրում է արյունը: Ավելացվում է վինեգրետներին և կերակրալցուկներին:
Թարխուն (Tarragon, Эстрагон):
Թրթնջուկ (Dock, Щавель): Նուրբ, լիմոնի համ հիշեցնող, թթվաշ տերեւներ ունի։ Միկրոկանաչին հարուստ է հանքանյութերով և վիտամիններով: Շատ լավ բարձրացնում է տոնուսը, լավ համադրվում է ձվով ուտեստների, պանրի, աղցանների և սոուսների հետ:
Խատուտիկ (Dandelian, Одуванчик):
Խնկածաղիկ (Oregano, Орегано):
Ծաղկակաղամբ (Cauliflower, Цветная капуста):
Ծնեբեկ (Asparagus, Спаржа):
Ծոթոր (Thyme, Тимьян):
Կաթնափուշ (Milk thistle, Расторопша, Silybum): Եվս մեկ սուպեր սնունդի աղբյուր, որը դեռ չի ստացել իր արժանի ժողովրդականությունը: Ի վիճակի է հեռացնել տոքսինները լյարդից, պաշտպանել քաղցկեղի զարգացումից, վերահսկել արյան շաքարը և իջեցնել խոլեստերինը: Կանխում է երիկամների և լեղապարկի քարերի ձեւավորումը, դանդաղեցնում է ծերացման գործընթացը, բարելավում է ուղեղի աշխատանքը:
Կաղամբ կարմիր (Red cabbage, Капуста красная): Միկրոկանաչի նուրբ, կարմիր ծիլերը հենց կաղամբի համ ունեն։ Կարմիր կաղամբից աճեցվածը մի քանի անգամ ավելի կարոտին և վիտամին C է պարունակում, քան սպիտակ կաղամբինը: Օգտակար է մարսողության համար և օգնում է ամրապնդել իմունային համակարգը: Լավ է համակցվում ցանկացած աղցանի հետ:
Կաղամբսավոյան (Savoy cabbage, Капуста савойская): Արժեքավոր դիետիկ սնունդ է: Միկրոկ, անաչին հարուստ է հակաօքսիդիչներով և այլ օգտակար հատկություններով: Այն ունի մեղմ համ ու հոտ: Օգտագործվում է աղցանների, ապուրների և բուտերբրոդների մեջ: Հիանալի խավարտ կամ զարդարանք է մսով ճաշատեսակների համար:
Կանեփ (Hemp, Конопля): Բարձրարժեք բուսական սպիտակուցների մեծ պաշար ունի, հարուստ անփոխարինելի ամինաթթուներով։ Ունի հակաբորբոքային, մանրեասպան, մակաբույծասպան հատկություն։ Կանխարգելում է տրոմբոզի, ուռուցքների առաջացումը, կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը և էլի շատ բաներ։
Կերբելուկ մոմատերև (Chervil, Кервель): Հոտավետ բույս է, որը աճեցվում է ոչ միայն խոհարարական, այլ նաև բժշկական նպատակներով: Միկրոկանաչիները օժտված են կծու համով և անիսոնի բույրով: Հիանալի լրացնում է սոուսները, ապուրները, ձուն, կարտոֆիլը, ձկնամթերքը և թռչնամիսը:
Կոլրաբի (Kohlrabi, Кольраби): Այս կաղամբին, վիտամին C-ի մեծ պարունակության համար, կոչում են «հյուսիսային կիտրոն»: Շատ գեղեցիկ ծիլեր ունի՝ մանուշակագույն ցողուն և կանաչ տերևներ, այդ պատճառով շատ պոպուլյար է ռեստորաններում: Բույրը նման է շաղգամի բույրին, բայց մի փոքր ավելի մեղմ է և քաղցրահամ է: Զուգորդում են մսի և բուսակերների համար ուտեստներ հետ:
Կոտեմ (Garden cress, Кресс-салат): Յուրահատուկ հոտով և մանանեխի կծվությամբ միկրոկանաչիները լավ հավելում են խավարտի, սոուսների և աղցանների համար: Շատ արագ է աճում՝ ցանելուց 5 օր անց կարելի է կտրել: Հարուստ է կարոտինով, B խմբի վիտամիններով, երկաթով և մագնեզիումով: Բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, օգնում է անքնության դեպքում, կարգավորում է արյան ճնշումը:
Կորեկ (Millet, Просо):
Կտավատ (Flax, Лён): Միկրոկանաչին չեզոք համ ունի` մի փոքր ընկույզային երանգով: Օգտագործվում է առողջությանը, երիտասարդությանը և գեղեցկությանը օժանդակելու, ինչպես նաև քաշը նվազեցնելու համար: Պարունակում է օմեգա -3 ճարպաթթուներ, որոնք հատկապես օգտակար են երեխաների և կանանց համար:
Հազար(Lettuce, Латук): Առողջ սննդի և դիետայի հրաշալի տարր է: Ի տարբերություն հասուն բույսի, մատղաշ, հյութեղ տերևների համն ավելի նուրբ է: Հարմար է բուտերբրոդների, բանջարեղենային սմուզիների և ձկնային ճաշատեսակների համար:
Հաճար (Farro, Полба): Բարելավում է սրտի, արյան անոթների աշխատանքը, մարսողությունը, իմունիտետը և վերարտադրողական համակարգը: Այժմ հաճարը սկսել է հաճախակի հայտնվել առաջատար սննդաբանների առողջ սննդի առաջարկություններում:
Համեմ (Coriander, Cilantro, Кориандр): Ունի ընդգծված կծու համ և համեմունքային բուրմունք: Հիանալի լրացնում է մսային, հատկապես մանղալի վրա խորոված ուտեստները: Շատ օգտակար է սրտի և արյան անոթների աշխատանքի համար: Պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, ինչպես նաև ֆոսֆոր և կալիում:
Հավակատար (Amaranth, Амарант): Կարմրավարդագույն տերևներով կանաչի՝ ընկույզի նրբերանգային համով: Հավակատարի միկրոկանաչին հարուստ է վիտամիններով: Օգտագործվում է աղցաններ պատրաստելիս, հարմար է սմուզիներ պատրաստելու համար:
Հացհամեմ (Fenugreek, Пажитник, Trigonella): Շատ օգտակար է լյարդի եւ ստամոքսի դիսպեպսիայի բուժման համար, ինչպես նաեւ օգնում է կարգավորել արյան շաքարի մակարդակը: Հացհամեմի միկրոկանաչին պարունակում է նաեւ ինսուլինի արտադրության համար պատասխանատու ամինաթթու: Հացհամեմի միկրոկանաչի ուտելը օգտակար է նաև արյան մեջ որոշակի ճարպերի, այդ թվում, խոլեստերինի եւ տրիգլիցերիդի թույլատրելիից բարձր մակարդակի դեպքում։ Ավելին, այն նաեւ օգնում է նվազեցնել դաշտանի ցավերը եւ կանխարգելում է հաստ աղիքի քաղցկեղը։
Հնդկացորենկանաչ (Green Buckwheat, Гречка зеленая): Միկրոկանաչի աճեցնելու համար ամենատարածված մշակաբույսերից մեկն է: Ի վիճակի է ամրացնել իմունիտետը, բարելավել մարսողական տրակտի աշխատանքը և օրգանիզմին մատակարարել օգտակար սննդանյութերով: Ավելացվում է բանջարեղենային կոկտեյլներին, աղցաններին, պատրաստվում է բուսական կաթնաշոռ:
Հնդկոտեմ(Nasturtium, Настурция) Հայտնի ծաղիկ է, բայց քչերը գիտեն, որ դրա ծիլերը շատ օգտակար են: Միկրոկանաչին շատ հաճելի հոտ և սուր համ ունի, որը նման է մանանեխի կամ կոտեմի համին: Ավելացվում են պանիրներին, բանջարեղենային աղցաններին և ձվով ուտեստներին:
Հոռոմ-սամիթ (Fennel, Фенхель): Միկրոկանաչին ունի շատ ավելի մեծ քանակությամբ օգտակար սննդանյութեր, քան հասուն բույսը: Հարմար է միսի, ձկնեղենի հետ, կարող է լինել ապուրների հիմնական բաղադրիչ: Կանոնավոր օգտագործելը բարելավում է նյարդային համակարգի վիճակը, աղեստամոքսային տրակտի աշխատանքը և օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը:
Ճարճրուկ(Rocket salad կամ Arugula, Руккола)։ Օգտակար է իմունային համակարգի ամրապնդման համար, քանի որ պարունակում է ասկորբինաթթու: Թեթևակի դառնահամ է, ուստի հարմար է մսով և ձկով ուտեստների համար՝ հատկապես սոուսների մեջ:
Մաղադանոս (Parsley, Петрушка): Ներդաշնակորեն համատեղում է բոլոր այն վիտամիններն ու հանքանյութերը, որոնք պայքարում են ալերգիայի, հիպերտոնիայի և տարբեր բորբոքումների դեմ: Օգտակար է ոսկրային հյուսվածքների և իմունային համակարգի ամրապնդման համար: Միկրոկանաչին ավելի նուրբ ու բուրավետ է, քան հասուն մաղադանոսը: Կարելի է ավելացնել ապուրների, բանջարեղենի և մսով ուտեստների մեջ:
Մանանեխ (Mustard, Горчица) Միկրոկանաչին սուր, կծու համ ունի: Հարմար է ձկնային ուտեստների և աղցանների համար: Մանանեխի միկրոկանաչին բարերար ազդեցություն է թողնում արյան անոթների վրա, բարելավում է արյան շրջանառությունը և ախորժակը:
Մեղվախոտ կամ Պատրինջ դեղատու (Lemon balm, Мелисса, Melissa officinalis):
Միզունա (Mizuna, Мизуна): Բուրավետ տերևներով ծիլեր, որոնք կարող են օգտագործվել աղցանների, բուտերբրոդների կամ խավարտների համը լավացնելու համար: Կարգավորում է մարմնի ջրային հաշվեկշիռը և մաքրում է անոթների պատերը:
Նեխուր (Celery, Сельдерей): Միկրոկանաչին ավելի շատ կալցիում, կալիում և վիտամին C է պարունակում, քան հասուն նեխուրի ցողուններն ու արմատները: Ունի աղի-քաղցր, թանձր համ: Լավ է վինեգրետի, բուտերբրոդների, ապուրների և շոգեխաշելու համար:
Շաղգամ (Turnip, Турнепс): Միկրոկանաչին հաճելի, մի փոքր կծու համ ունի: Հիանալի զարդ է տարբեր խավարտների, մակարոնեղենի, սոուս ների, շոգեխաշած ուտեստների ու մսերի համար: Կարելի է ավելացնել նաև բանջարեղենային աղցաններին, ապուրներին և բուտերբրոդներին: Առողջարար է և վիտամինների լավ աղբյուր է։
Ոլոռ (Pea, Горох): Միկրոկանաչին մի փոքր քաղցրահամ է, ունի ընկույզի երանգ և հիշեցնում է մատղաշ կանաչ ոլոռի համը: Ուտելի են և՛ տերևները, և՛ ցողունները, և՛ բեղիկները: Պարունակում է թաղանթանյութ, սպիտակուցներ, բարդ ածխաջրեր: Իր խրթխրթան հյուսվածքի շնորհիվ այն լավ համադրվում է թարմ բանջարեղենի հետ և հիանալի զարդարանք է բանջարեղենային ապուրների համար:
Ոսպ (Lentil, Чечевица): Համեղ միկրոկանաչի է, օգտակար միկրոտարրերի յուրահատուկ հավաքածու (մագնեզիում, երկաթ և այլն): Խթանում է արյան շրջանառությունը և մաքրում անոթների պատերը: Հարմար է տաք և սառը ուտեստների համար։
Պրաս (Leek, Лук-порей): Բարակ, մուգ կանաչ տերևներ են ստացվում՝ նուրբ բույրով և թեթև քաղցրահամով: Պարունակում է բազմաթիվ հակաօքսիդիչներ, վիտամիններ և հանքանյութեր, ուստի այն առողջ սննդակարգի անփոխարինելի բաղադրիչներից է: Օգտագործվում է ուտեստները զարդարելու և դրանց համ հաղորդելու համար: Հիանալի է ապուրների, մսերի և ձավարեղենի հետ:
Ռեհան (Basil, Базилик): Պարունակում է կարոտին, ասկորբինաթթու, B խմբի վիտամիններ և եթերայուղեր: Լավ է ազդում մարսողական համակարգի գործունեության վրա: Հիանալի է բոլոր ուտեստների հետ, լավ հավելում է աղի կաթնաշոռի և ձվածեղի համար:
Սամիթ (Dill, Укроп): Բուրավետ նուրբ միկրոկանաչի է ստացվում, որը մեծ քանակությամբ վիտամին P է պարունակում: Ամրացնում է արյան անոթների պատերը և կանխարգելում է վարիկոզը:
Սեզատերև (Chives, Лук скорода): Հաճելի բույրով, սոխի համով ու գլխին սեւ սերմերը պահած նրբագեղ միկրոկանաչի է ստացվում: Պարունակում է եթերայուղեր, որոնք ունեն հակավիրուսային ազդեցություն: Իդեալական է նախուտեստների համար:
Սիսեռ (Chickpea, Cicer, Нут)։ Միկրոկանաչին կանխարգելում է մրսածութունը, գերազանց օժանդակում է քաշի նվազմանը և իջեցնում է արյան խոլեստերինի մակարդակը: Համը նման է մատղաշ ընկույզի համին, որը սիրում են երեխաները: Օգտագործվում է որպես առանձին ուտեստ կամ ավելացվում աղցաններին:
Սոխ գլուխ (Onion, Лук репчатый): Սերմից ստացված միկրոկանաչիի համը նման է մատղաշ կանաչ սոխի համին: Պարունակում է ասկորբինաթթու և E և B վիտամիններ: Ճնշում է բերանի և մարսողական համակարգի վնասակար բակտերիաներին: Կարող է ավելացվել ցանկացած ուտեստին և լավագույնս համակցվում է մսի և բանջարեղենի հետ:
Սոյա (Soybean, Соя): Միկրոկանաչին հարուստ է C և B խմբի վիտամիններով, երկաթով և ամինաթթուներով: Հանգստացնող ազդեցություն ունի օրգանիզմի վրա և նորմալացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Կարող է մատուցվել մսի կամ խավարտների հետ։
Սպանախ (Spinach, Шпинат)։ Նուրբ համով և կծու բույրով միկրոկանաչի է ստացվում: Պարունակում է ճարպեր, սպիտակուցներ, երկաթ և վիտամիններ: Կարգավորում է արյան շրջանառությունը, իջեցնում խոլեստերինը, հեռացնում տոքսինները: Լավ հավելում է բանջարեղենից խավարտների, աղցանների և մսային ձավարեղենի համար։
Ցորեն (Wheat, Пшеница): Ցորենի միկրոկանաչին պարունակում է տասնյակ օգտակար տարրեր, մեծ թվով վիտամիններ։ Լավացնում է մարսողականությունը, օգնում է հաղթահարել մաշկային հիվանդությունները, հարթեցնում է թոքերի սպիները, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, լյարդից հեռացնում է տոքսինները, բարելավում է ուղեղի աշխատանքը, կարգավորում է արյան ճնշումը, ամրացնում է անոթ ների պատերը ․․․։
Քաշմ (Lovage, Любисток, Levisticum officinale):
Քիմիոն (Caraway, Тмин, Cárum cárvi) նեխուրազգիների (հովանոցավորներ): Միկրոկանաչին սուր բուրավետ է և հաճելիորեն քաղցրահամ։ Օգտագործվում է կերակրատեսակները զարդարելու, ինչպես նաև սոուսներում, վինեգրետում, շոգեխաշած ու ապուրներ պատրաստելիս։ Կիրառվում է մարսողությունը բարելավելու, նիհարելու և արյան շաքարի նորմալ մակարդակը պահպանելու համար:
Մորմազգիներից (լոլիկ, սմբուկ, պղպեղ և այլն) և կարտոֆիլից միկրոկանաչի ընդհանրապես չեն աճեցվում, քանի որ այս մշակաբույսերի ցողունները պարունակում են ալկալոիդներ՝ բնական թույններ:
Միկրոկանաչիի հնարավոր վնասը
Միկրոկանաչին շատ օգտակար է, բայց որոշ դեպքերում կարող են լինել հակացուցումներ: Օրինակ ՝ մաղադանոսի և սպանախի ծիլերը պարունակում են շատ եթերայուղեր և ֆլավոնոիդներ, որոնք կարող են ալերգիա ունեցողների մոտ մաշկի ցան առաջացնել:
Աղեստամոքսային տրակտի հետ խնդիրներ ունեցողները պետք է չուտեն բույսեր, որոնք կարող են փքվածություն առաջացնել (ոլոռ, սիսեռ, կաղամբ) կամ բարձրացնեն թթվայնությունը (թրթնջուկ, սոխ, մանանեխ):
Բարեբախտաբար, ընտրությունը շատ մեծ է և յուրաքանչյուր ոք կարող է ընտրել այն բույսը, որն իրեն հարմար է և օգուտ կտա:
Մաղադանոսի սերմերը սկսում են ծլել +3 – +4 ° C ջերմաստիճանում: Բայց սերմի մակերեսի եթերայուղերի պատճառով մաղադանոսը շատ երկար է ծլում: Նույնիսկ օպտիմալ ջերմաստիճանում (18-20 ° C) առաջին ծիլերը հայտնվում են երկու շաբաթվա ընթացքում և որքան ցուրտ է, այնքան երկար են սերմերը ծլում: Ծլելը կարելի է արագացնել սերմերը տաք ջրի մեջ թրջելով կամ խոնավ կտորի վրա պահելով: Սածիլները առանց վնասվելու դիմանում են մինչև -9 ° C ցրտին: Մաղադանոսի հասուն թուփը կարող է դիմանալ իրական ցրտահարություններին (-10-12 ° C): Մաղադանոսի թե՛ արմատները, թե՛ տերեւները լավ են ձմեռում ձյան տակ: Եվ գարնան սկզբին նրանք ուրախացնում են առաջին ուտելի կանաչիով:
Մաղադանոսի մշտական ուղեկիցը `սամիթը, ամենալավն աճում է զով եղանակին, դրա աճի հարմարավետ ջերմաստիճանը + 16-17 ° С է: Նույնիսկ այն դեպքում, երբ ջերմությունը տատանվում է + 5 ° C և + 8 ° C միջակայքում, սամիթի տերևները շարունակում են դանդաղ աճել: Բայց շոգ եղանակին այս մշակաբույսը արագորեն կորցնում է իր հյութեղությունը, կոպտանում է, չի աճում, ձգտում է ավելի արագ հովանոցներ բաց թողնել: Սամիթի սերմերը նույնպես դանդաղ են ծլում: Նույնիսկ + 12-15 ° C ջերմաստիճանում նրանք կարող են մնալ հողում մինչև 20 օր, ուստի սերմերի նախնական պատրաստումն անհրաժեշտություն է: Սամիթի սերմերը սովորաբար 2-3 օր թրջում են, ընթացքում յուրաքանչյուր 6-8 ժամ ջուրը փոխելով: Դրանից հետո սերմերը չորացնում և ցանում են մարգում:
Չնայած այն հանգամանքին, որ նեխուրը լավ ցրտադիմացկուն է, այն սովորաբար աճեցնում են սածիլավորելով: Եվ դա այն պատճառով, որ նեխուրը երկար ժամանակ է աճում ՝ 80-ից 210 օր: Սածիլներ աճեցնելու համար, սերմերը ցանում են փետրվարին: Լավ սածիլներ աճեցնելու համար պահանջվում է օդի ջերմաստիճանը ապահովել + 18-25 ° С սահմաններում: Մինչև չորրորդ իսկական տերևի հայտնվելը, նեխուրի սածիլները պահվում են զով ՝ + 15-20 ° C ջերմաստիճանում: Սածիլները կարող են տեղափոխվել բաց գրունտ, երբ օդի միջին օրական ջերմաստիճանը ցածր չէ + 10 ° C- ից և ոչ մի դեպքում ավելի վաղ: Նեխուրի տնկիները գոյատևում են -4 ° C ջերմաստիճանում, բայց, այնուամենայնիվ, ցածր ջերմաստիճանի երկարատև ազդեցությունը պատճառ է դառնում առաջին տարում բույսի ծաղկելուն։ Մեծահասակ բույսերը չեն վախենում կարճաժամկետ աշնանային ցրտահարություններից մինչև -7 ° C, և բարձր ձյան շերտի տակ նրանք ձմեռում են գետնին ու գարնանը արագ տալիս է նոր կանաչ: Բոլոր տեսակի նեխուրների աճի և զարգացման համար օպտիմալ ջերմաստիճանը + 15-22 ° C է:
Գանգուր տերևներով այս աներևակայելի օգտակար բույսը ռեկորդակիր է ցրտադիմացկուն մշակաբույսերի միջև: Այն կարող է դիմակայել մինչև -18 ° C ցրտահարություններին: Ավելին, գանգրակաղամբի ցրտահարված տերևները դառնում են էլ ավելի նուրբ և համեղ:
Գանգրակաղամբի սերմերը ծլում են հողի + 4-5 ° C ջերմաստիճանում, սակայն, ծլելու և սածիլների զարգացման համար օպտիմալ ջերմաստիճանը + 16-18 ° C է: Որպես կանոն, սերմերը ցանում են բաց գրունտում, դրանք 1-2 սանտիմետրով թաղելով հողի մեջ: Կախված տեսակից, գանգրակաղամբի առաջին բերքը կտրում են ծլելուց 2-3 ամիս անց: Որքան փոքր են տերևները, այնքան համեղ են դրանք:
Կոտեմը շատ ցրտադիմացկուն բույս է: Այն կաճի նույնիսկ + 2-3 ° С ջերմաստիճանում, սակայն դանդաղ, բայց հաստատուն: Օպտիմալ պայմաններում (մոտ + 16-18 ° С) կոտեմը վաղահասության հրաշքներ է ցույց տալիս. այն ծլում է 2-3 օրվա ընթացքում: Բույսը լավ է հանդուրժում լույսի պակասը: Որպես կանոն, կոտեմն ուտում են մատղաշ վիճակում:
Ճարճրուկը ոչ միայն ցրտադիմացկուն, այլև վաղահաս կանաչի է։ Այն գնահատվում է իր անսովոր համի համար, որը ցանկացած աղցան վերափոխում է համեղ միջերկրածովյան ուտեստի: Գարնանը, ճարճռուկ կարելի է ցանել մարտ ամսից: Միշտ բերք ունենալու համար, խորհուրդ է տրվում մինչև ամառվա կեսը, երկու շաբաթը մեկ նոր ցանք անել: Սերմերը ծլում են + 9-10 ° C օդի ջերմաստիճանում: + 17-23 ° C համարվում են իդեալական պայմաններ լավ սածիլներ ստանալու համար: Ճարճրուկը պիտանի է նաև աշնանացանի համար: Սերմերը ցանվում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ ջերմաչափը այլևս չի բարձրանում զրոյից: Սերմերը թաղված են հողում 2-4 սմ խորությամբ: Ցանկալի է բույսերի միջև պահպանել 8-10 սմ հեռավորություն:
Աղցանի մանանեխի սերմերը ծլում են + 1–3 ° С ջերմաստիճանի պայմաններում, իսկ + 18–20 ° C ջերմաստիճանում այն բարձրանում է գրեթե ակնթարթորեն՝ 3 օրվա ընթացքում: Սածիլները դիմանում են կարճաժամկետ ցրտահարություններին: Աղցանի մանանեխի ցանքն իրականացվում է ինչպես գարնանը (մարտ-ապրիլ-մայիս), այնպես էլ ամռանը (հուլիս-օգոստոս): Երկար օրվա բույս է. ամռանը ծաղկում է: Թփերի միջեւ պետք է լինի առնվազն 10-12 սմ բացատ:
Սոխ
Գլուխ սոխ (անգլ․՝ Onion, ռուս․՝ Лук-чернушка, լատ․՝ Allium cepa)։
Բոլոր տեսակի սոխերը բավականին ցրտադիմացկուն բույսեր են, բայց գարնանը գլուխ սոխի սերմերը ցանում են առաջինը: Հողը, ձյան հալվելուց ու չորանալուց հետո, պատրաստ է սոխի սերմերն ընդունելու։ Նվազագույն ջերմաստիճանը, երբ սոխի սերմերը սկսում են ծլել՝ + 5-10 ° C է: Բայց, այդ պայմաններում սածիլներին պետք կլինի երկար սպասել: Իսկ 18-20 ° C ջերմաստիճանում առաջին ծիլերը կարող են հայտնվել տնկելուց մեկ շաբաթ անց: Սոխը ցանում են ակոսների մեջ `1-1,5 սանտիմետր խորությմբ: Հասուն սոխի տերևը հեշտությամբ հանդուրժում է մինչև -2 ° C ցրտահարությունները: Բազմամյա սոխերը և պրասը չեն վախենում ջերմաստիճանի մինչև -5 ° C իջեցնելուց:
Ոլոռին շատ ջերմություն պետք չէ: Դրա սերմերի արթնացման նվազագույն ջերմաստիճանը + 1–2 ° С է: + 4-5 ° C բավարար է ծիլների բնականոն զարգացման և սածիլների ձևավորման համար: Իսկ մինչև + 10 ° C տաքացած հողում ոլոռը ծլում է բառացիորեն 3-7 օրվա ընթացքում: Ոլոռի սածիլները կարող են գոյատևել -4 ° C-6 ° C ջերմաստիճանում: Այնուամենայնիվ, սառնամանիքները թուլացնում են բույսերը և զգալիորեն նվազեցնում դրանց բերքը:
Սպանախը սկսում է աճել + 2-3 ° C ջերմաստիճանում: Սա ծլելու համար նվազագույն ջերմաստիճանն է, նման պայմաններում արագ ծլելը ակնկալել պետք չէ։ Բայց, + 15-20 ° C ջերմաստիճանում, ցանելուց տասն օր անց, առաջին տերևները կհայտնվեն: Ի դեպ, ծլելը կարելի է արագացնել սերմերը 48 ժամ ջրում թրջելով: Երիտասարդ տնկիները հեշտությամբ են դիմանում կարճաժամկետ ցրտահարություններին՝ մինչև -6 ° С: Սպանախի բնականոն աճի և զարգացման համար անհրաժեշտ է + 15-18 ° C ջերմաստիճան: Սպանախը պետք է ցանել գարնան սկզբին և միշտ լավ ջրել: Խոնավության պակասն ու շոգը հանգեցնում են բույսի վաղաժամ ծաղկելուն:
Բակլան ցանում են մարտի վերջին կամ ապրիլին: Սերմերը ծլում են 4-8 ° C ջերմաստիճանում, և սածիլները կարող են դիմակայել մինչև -6 ° C ցրտահարություններին : Այնուամեայնիվ, ցուրտ եղանակի երկարատև ազդեցությունը դանդաղեցնում է ցողունների և տերևների աճը: Իսկ “մրսած” բույսերի բերքատվությունն ընկնում է 30% -ով։
Գազարը մեկ այլ ցրտադիմացկուն բույս է, որը միշտ փորձում են որքան հնարավոր է վաղ ցանել։ Չնայած սերմերի ծլելու համար օպտիմալ ջերմաստիճանը +17-ից 20 ° C սահմաններում է, դրանք սկսում են ծլել նույնիսկ սառը հողում (+ 4-5 ° C): Գազարի ծիլերը սովորաբար հայտնվում են ցանելուց 14-16 օր հետո: Այս ժամկետը կարող է կրճատվել սերմերի հատուկ մշակմամբ: Սերմերը ցանում են փխրուն հողի մեջ ՝ մինչև 3 սանտիմետր խորությամբ ակոսներում։
Գազարի համեմատ, ճակնդեղը փափկասուն է, բայց, այն նաև ջերմասեր չէ: Ճակնդեղի սերմերը սկսում են ծլել + 4-6 ° C ջերմաստիճանում, բայց դա ծլելու նվազագույն ջերմաստիճանն է, այսինքն, ծիլերը 20 օրից շուտ չեն հայտնվի: Խորհուրդ է տրվում ճակնդեղի սերմերը ցանել +6-8 աստիճան տաքացած հողում: Ճակնդեղի սածիլներին անհրաժեշտ է առնվազն +15 ° C ջերմաստիճան, ցուրտն ու սառնամանիքները կործանարար են դրանց համար: Բայց, 4-6 իսկական տերևներ ձևավորելուց հետո ճակնդեղը պակաս ցավոտ է արձագանքում եղանակի վատթարացմանը:
Ամսաբողկի սերմերը սկսում են ծլել արդեն + 2-4 ° C ջերմաստիճանում, իսկ եթե ջերմաստիճանը մոտ է իդեալականին (+ 15-17 ° C), առաջին ծիլերը կհայտնվեն ցանքից 4-6 օր հետո: Ծլելն արագացնելու համար, ցանելուց առաջ սերմերը պետք է 24 ժամ թրջել: Ամսաբողկի սածիլները կարող են դիմանալ մինչև -2-3 ° C կարճաժամկետ ցրտահարություններին: Մեծահասակ բույսերը նույնիսկ ավելի դիմացկուն են՝ չեն վախենում -5-6 ° C ցրտահարություններից: Ամասաբողկը, ընդհանուր առմամբ, գերադասում է զովությունը, առավել համեղ և հյութալի արմատապտուղներ առաջանում են + 16-20 ° C ջերմաստիճանում: Ավելի բարձր ջերմաստիճանում պտուղը դառնում է դառը և կոպիտ, իսկ երկարատև շոգը բերում է բույսի ցողունավորման:
Կարտոֆիլի պահանջները օդի և հողի ջերմաստիճանի նկատմամբ կախված են բույսի զարգացման փուլից: + 5 ° C ջերմաստիճանի պայմաններում պալարներում արդեն սկսվում է աչքերի արթնացումը: Բայց, ցանկալի է, որ սերմացու կարտոֆիլը սկսի ավելի տաք պայմաններում ծլել (+ 12-15 ° C): Հակառակ դեպքում կարտոֆիլի բնական իմունիտետը հիվանդությունների նկատմամբ նվազում է: Պալարները կարելի է տնկել մինչև + 7-8 ° C տաքացած հողի մեջ: Որքան բարձր լինի հողի ջերմաստիճանը, այնքան արագ առաջին ծիլերը կհայտնվեն: Կարտոֆիլի տերևները դժվարությամբ, բայց դիմանում են մինչև -2 ° C ցրտահարություններին: + 21-25 ° C օդի ջերմաստիճանում (իսկ հողինը ՝ + 16-19 ° C), ինտենսիվորեն ձեւավորվում են նոր պալարներ: Ուստի ամենամեծ բերքը միշտ ստացվում է չափավոր տաք ամռանը:
Վայրի գազար
Վայրի գազար կամ պաստինակ (անգլ․՝ Parsnip, ռուս․՝ Пастернак, լատ․՝ Pastinaca sativa)։
Վայրի գազարը ոչ միայն ցրտադիմացկուն է, այլեւ ձմռանը հանգիստ ձմեռում է ձյան տակ: Գարնան սկզբին այն տալիս է առաջին թարմ արմատապտուղները: Միայն թե պետք է արմատապտուղը մինչև աճը սկսելը հողից հանել։ Աճի երկրորդ տարում վայրի գազարը ծաղկում է, իսկ արմատապտուղը կորցնում է համը։
Վայրի գազարը ցանում են գարնան սկզբին։ Սերմերի ծլելու համար նվազագույն ջերմաստիճանը + 2–3 ° С է, օպտիմալը ՝ + 16–18 ° С: Սերմերը դժվարությամբ են ծլում, առաջին ծիլերը հայտնվում են 20-25 օրից, հետեւաբար, մինչև ցանելը ձեռնարկվում են ծլելն արագացնող մշակումներ։ Երիտասարդ բույսերը կարող են դիմակայել մինչև -5 ° C ցրտահարություններին, իսկ հասունները՝ մինչև -8 ° C: Վայրի գազարը լավ է աճում զով եղանակին (+ 18-20 ° C), լավ խոնավացրած հողում:
Կաղամբի բազմաթիվ սորտերից բոլորի սածիլներն էլ կարող են դիմանալ կարճատև ցրտահարությանը: Կաղամբի սածիլները դիմանում են կարճաթև -3 ° C ցրտին, իսկ պեկինյան կաղամբը, ծաղկակաղամբը կամ բրոկկոլին -2 °C ին։ Սակայն, ցրտահարված սածիլներն ավելի ցածր բերք են տալիս:
Կաղամբի սածիլներն ավելի հարմար է ջերմոցում աճեցնել, քան տանը, որտեղ ջեռուցման համակարգեր կան: Եթե արագ աճի համար սածիլներին պետք է ապահովել օդի + 15-20 ° C ջերմաստիճան, ապա ծլելու առաջին օրերին + 7-10 ° C էլ բավարար է: Հակառակ դեպքում բույսերը ուժեղ ձգվում են, իսկ կաղամբի համար դա աղետ է: Բոլոր կաղամբներին անհրաժեշտ է մեծ քանակությամբ լույս, լավ օդափոխություն և զովություն՝ 12 ° C- ից մինչև 24 ° C, կախված տեսակից: Լավ կաղամբի ձևավորման համար կատարյալ պայմաններն են + 13-18 ° С: Շոգը դանդաղեցնում է կաղամբի աճը և կանխում կաղամբի գլուխների առաջացումը:
Հասունացած կաղամբները ցրտադիմացկուն են, դիմանում են մինչև -7 ° C, մինչդեռ ուշ հասունացող սորտերը կարող են դիմակայել մինչև -9 ° C:
Ծաղկակաղամբը պակաս ցրտադիմացկուն է, այն չի դիմանում -2 ° С- ից ուժեղ ցրտերին: Դրա զարգացման համար առավել բարենպաստ ջերմաստիճանը ցերեկը՝ 15-18 ° C է, իսկ գիշերը՝ 10-12 ° C: Աշնանը + 10 ° C- ից ցածր ջերմաստիճանում ծաղկաբույլերը դանդաղ են զարգանում, և + 5 ° C ջերմաստիճանում դրանք դադարում են ընդհանրապես աճել:
Պեկինյան կաղամբի գլուխները չեն կորցնում իրենց համը նույնիսկ աշնանային ցրտահարություններից հետո՝ -4-5 ° C ջերմաստիճանում: Իսկ կանաչ բրոկկոլիի ծաղկաբույլերը կարող են գոյատևել մինչև -7 ° C ցրտահարությունից հետո:
Շվեյցարական մանգոլդը, կամ թփավոր ճակնդեղը նույնպես վաղ ցանվող մշակաբույսերից է: Խորհուրդ է տրվում այն ցանել բաց գրունտում`ապրիլի սկզբին՝ սերմերը մեկ օր թրջելուց հետո: Սերմերի ծլելու համար նվազագույն թույլատրելի ջերմաստիճանը + 4-5 ° C է: Ցանքն իրականացվում է 2-2,5 սանտիմետր խորությամբ: Բանջարի տերևները դիմանում են թեթև, կարճաժամկետ ցրտերին (մինչև -3 ° C): Հյութալի կոթուններ ու տերևներ ստացվում են + 18-20 ° C ջերմաստիճանում:
Շաղգամը լավ է տանում ինչպես ցուրտը, այնպես էլ շոգը: Այն ցանվում է շատ վաղ ՝ մարտ – ապրիլին: Սերմերը սկսում են ծլել + 1-3 ° C ջերմաստիճանում, բայց տերևները կհայտնվեն + 5-6 ° C-ին: Շաղգամի երիտասարդ սածիլները կարող են դիմակայել մինչև -3-4 ° C ցրտահարություններին:
Բողկի նման, շաղգամը հաճախ ցանում են նաև ամռան վերջին (հուլիսի կեսերին): Աշնանը բույսերը կարողանում են գոյատևել մինչև -5-6 ° C ջերմաստիճանի անկումին: Այնուամենայնիվ, ցրտահարված արմատապալարները լավ չեն պահպանվում պահեստավորելիս և ավելի վատ համ ունեն:
Շաղգամի աճի և զարգացման համար օպտիմալ ջերմաստիճանը 15-20 ° C է:
Շաղգամի բարեկամ գոնգեղը նույնպես առանձնանում է ցածր ջերմաստիճանի նկատմամբ հանդուրժողականությամբ: Գոնգեղի սերմերի ծլելու համար նվազագույն ջերմաստիճանը + 1-2 ° C է, բայց դա, իհարկե, բավարար չէ արագ և որակյալ սածիլներ ստանալու համար: + 8-10 ° C ջերմաստիճանում գոնգեղը ծլում է 4-5 օրում: Սածիլները դիմանում են կարճաժամկետ, մինչև -6-8 ° C ցրտահարություններին: Հասուն բույսերը նույնպես ի վիճակի են դիմակայել նման ցրտահարություններին, բայց ցրտահարված պալարները, ինչպես շաղգամինը, ունեն պահեստում պահպանման խնդիր և որակի նվազում:
Որպեսզի գոնգեղը լավ աճի, ցերեկային ժամերին օդի + 25 ° C ջերմաստիճան է անհրաժեշտ, իսկ գիշերային ժամերին + 17 ° C։ Հողի ջերմաստիճանը պետք հասած լինի +15 ° C-ի:
Ճմաշուշանը (անգլ․՝ Big blue lilyturf, Lilyturf, Border grass, Monkey grass, ռուս՝ Лириопе мускари, լատ․՝ Liriope muscari) շուշանազգիներին պատկանող, բազմամյա, հաճախ գրունտը ծածկելու հաար կիրարվող մեծ խոտաբույս է։
Բույսի կոճղարմատը կարճ է, կախված տերևները երկարավուն և նեղ են, իսկ վերևում դրանք փոքր-ինչ կորանում են: Ցողուն չունի, թփերը միջին չափսի են, նրանք ունեն մոտ 0,7 մ բարձրություն: Կան նաև ցածր աճող սորտեր, որոնք հասնում են մոտ 20 սմ բարձրության:
Խնամքը
Լուսավորությունը
Ճմաշուշանը առանձնանում է իր ստվերադիմացկունությամբ, այն հաճախ տնկում են ծառերի և բարձր թփերի ստվերում կամ, սիզամարգի ձևով՝ այն տեղերում, որտեղ Արևի ուղիղ ճառագայթներ ընդհանրապես չեն լինում։
Սակայն կան ճմաշուշանի սորտեր, որոնք լավ են աճում արևկող վայրերում։
Տեղն ընտրելը
Ճմաշուշանը շատ վատ է տանում քամիները, գերադասում է չեզոք կամ թեթև թթվայնություն ունեցող, փխրուն ու պարարտ գրունտ։
Ճմաշուշաններով սիզամարգ բնակելի տան նկուղային հարկում։ Չինաստան։
Տնկելը
Տնկելուց առաջ հողը փխրեցնում են, ավելացնում են ավազ և կոմպոստ։ Եթե հողի թթվայնությունը բարձր է, մի քիչ էլ կիր են ավելացնում։
Թփերը տնկում են վաղ գարնանը, վաղօրոգ պատրաստված փոսիկների մեջ, մոտ 40 սմ միմյանցից հեռու։
Ջրելը
Սովորական կանոններ են՝ շոգին շատ են ջրում, հովին քիչ, ջրախեղդ չեն անում։ Շոգ օրերին լավ ազդեցություն է ունենում երեկոյան ոչ սառը ջրով ցողելը։
Տեղափոխելը
Տնկելուց 3 տարի անց, թարմացնելու համար, խորհուրդ է տրվում տեղափոխել բույսը։ Հակառակ դեպքում թուփը ծերանում է և կարող է չորանալ կամ դադարել ծաղկել։
Տեղափոխումն անում են գարնանը։ Հողից հանված թուփը բաժանում են մի քանի մասերի և տնկում պատրաստված, նոր փոսիկներում։ Նոր տեղում ճմաշուշանի թուփը “կպնում է” 15օրյա ժամկետում։
Սնուցումը
Վեգետացիոն շրջանում ճմաշուշանին լրացուցիչ սնուցում են ամիսը երկու անգամ։ Կարելի է սնուցել ինչպես օրգանական, այնպես էլ ոչ օրգանական պարարտանյութերով։
Մինչև բույսի ծաղկելը գերադասելի են ազոտային պարարտանյութերը, իսկ ծաղկման շրջանում բույսը ավելի շատ ֆոսֆորի և կալիումի կարիք ունի։
Ծաղկելը
Ճմաշուշանը ծաղկում է աշնանը։ Տարբեր սորտեր ունենում են սպիտակ, մանուշակագույն կամ երկնագույն մանր ծաղիկներ։
Էտելը
Ճմաշուշանն էտում են միայն թուփը գեղեցկացնելու և թարմացնելու համար։ Կտրում և հեռացնում են ծաղկելն ավարտած ծաղկաբույլերը, ինչպես նաև դեղնած տերևները։
Ձմեռացումը
Եթե բավարար ձյան ծածկ կա և օդի ջերմաստիճանը չի նվազում -15°C, ճմաշուշանը ծածկելու անհրաժեշտություն չկա։ Հակառակ դեպքում բույսը ծածկում են չոր խոտով, տերևներով և/կամ պլաստիկ թաղանթով։
Բազմացման ձևերը
Ճմաշուշանը բազմացնում են սերմերով կամ թուփը բաժանելով։
Սերմով բազմացումը
Այգեգործները հազվադեպ են ճմաշուշանը սերմերով բազմացնում, քանի որ գործընթացը բարդ է և երկար ժամանակ խլող։ Ցանում են նախորդ աշնանը հավաքած սերմերը։ Դրանք մեկ օր թրջում են գոլ ջրի մեջ, այնուհետև ցանում բաց գրունտի մեջ՝ ոչ շատ խոր ակոսների մեջ, միմյանցից մոտ 10սմ հեռավորության վրա։ Ծլելուց հետո շարքը նոսրացնում են, հեռացնելով թույլ բույսերը։
Թփի բաժանումը
Թուփը բաժանելիս պետք է հավասար բաժանել արմատը և ամեն բաժանված մասի վրա թողնել ոչ պակաս քան 10 տերև։
Հիվանդություններ և վնասատուներ
Ճմաշուշանի վրա կարող են հայտնվել խխունջներ, ուտիճներ կամ վահանակիրներ։ Դրանց դեմ պայքարում են ինսեկտիցիդների միջոցով, օրինակ (Актеллика)։
Կարող են առաջանալ հետևյալ խնդիրները՝
Ամեն տարի կամ ընդհանրապես չծաղկելը։ Տեղի է ունենում եթե հողը աղքատացել է և բույսին բավարար սնունդ չի հասնում։
Տերևների ծայրերը չորանում են։ Խնդիրը կարող է առաջանալ ժամանակին չջրելու հետևանքով։
Տերևները կորցնում են ամրությունը։ Խոնարված տերևները հուշում են, որ ջրախեղդ եղած արմատները նեխում են։
Ճիշտ տեղում տնկելու և լավ խնամքի դեպքում, ճմաշուշանը շատ հազվադեպ է հիվանդանում կամ ենթարկվում վնասատուների հարձակմանը։
Շշադդումը (անգլ․՝ Calabash, Bottle gourd, ռուս․՝ Лагенария, լատ․՝ Lagenaria siceraria), դդմազգիների (Chenopodiaceae) ընտանիքի Lagenaria ցեղի Vulgaris ընտանիքին պատկանող միամյա, միատունկ մշակաբույս է։
Շշադդմի պտուղները կարող են ունենալ տարբեր չափսեր և ձևեր, մասնավորապես՝ շշաձև, երկարավուն, գլանաձև և այլն։ Լրիվ հասունացման շրջանում պտղի ներքին հյուսվածքները չորանում են, արտաքին պատը փայտանում է, կարծրանում և ամրանում։ Սննդի համար պիտանի են երկարավուն պտուղներով բույսերը՝ միայն մատղաշ վիճակում։
Շշադմի հայրենիքը համարվում է Հարավային Աֆրիկան, ըստ որոշ դիտարկումների նաև Հնդկաստանը և Միջին Ասիան։ Չինաստանում շշադդումը սկսել են մշակել շուրջ 2000 տարի առաջ։
Պտուղների երկարությունը հասնում է 1,5-2 մետրի, քաշը 3-7 կգ։ Պտղից պատրաստում են աղցաններ, տարբեր սոուսներ, պյուրե, խավիար և բլիթներ։ Թերհաս պտուղը, ինչպես դդմիկի դեպքում, տապակում են, թթու դնում, մսով և բրնձով լցոնում, կամ չորացնում են։
Շշադդումը մագլցող բույս է, ուստի հենարաններ կամ թառմա են սարքում, կամ ցանում են ծառերին, ցանկապատերին մոտ։
Շշադդմի ծաղիկները խոշոր են, սպիտակ և բացվում են օրվա երկրորդ կեսին, լրիվ բացվում են երեկոյան ժամերին, երբ շրջակայքում միջատները քիչ են։ Այս պատճառով, լավ բերք ստանալու համար անհրաժեշտ է արհեստական փոշոտում անել, քանի որ բույսը խաչաձև փոշոտվող է։ Մեկ բույսից կարող է ստացվել մինչև 30 կգ բերք։ Սերմ ստանալու համար սովորաբար թողնում են առաջին պտուղները, որոնք հասունանում են աշնանը։ Սերմերը պահում են օդի 16-20 °C ջերմության պայմաններում։ Կեղևն ամրանալուղց հետո սերմերը կտրում-հանում են։
Շշադդմի պտղի գագաթնային մասը հեռացնելով և սերմնազատելով կարելի է այն օգտագործել որպես կճուճ կամ այլ ամանեղեն։
Շշադդմի երկու գլխավոր հատկանիշերը
Շշադդմի պտղի մի մասը կարելի է ծայրից կտրել ու օգտագործել, իսկ թփին մնացած մասը, ապաքինելով իր “վերքը”, կշարունակի աճել ու երկարել։ Միայն թե, կտրել պետք է չոր եղանակին, որ կտրված տեղը արագ փակվի և սնկային վարակ չներթափանցի պտղի մեջ։
Մյուս հատկանիշն այն է, որ շշադդումը շատ բարձր բերքատվություն ունի։ Երկարավուն շշադդմի պտուղնորն, օրինակ, շատ արագ են մեծանում՝ երկու շաբաթում հասնում են 1,5-1,8 մետր երկարության։
Տնկելը
Բաց գրունտում շշադդումն աճեցնում են սածիլներով կամ անմիջապես ցանելով։ Հողը նախապատրաստում են նախորդող աշնանը՝ փորում են և պարարտացնում փտած գոմաղբով, իսկ գարնանը, ձյան հալչելուց հետո, մեկ անգամ էլ են փխրեցնում հողը և, վերին շերտի չորանալուց հետո, հարթեցնում։
Անմիջապես գրունտում ցանելու դեպքում, այնպիսի ժամկետ են ընտրում, որպեսզի հետադարձ ցրտերը չհամընկնեն 10-15 սմ բարձրության հասած ցողունների հետ։
Սածիլները բաց գրունտ պետք է տեղափոխել մեծ զգույշությամբ՝ բույսի արմատները շատ նուրբ են լինում։ Մարգում փոքրիկ փոսիկներ են բացում, որտեղ տնկում են սածիլները։ Փոսիկների միջև պետք է լինի առնվազն մեկ մետր հեռավորություն։
Շշադդմին լավ, պայծառ լուսավորություն է անհրաժեշտ, իսկ հողը պետք է պարարտ ու ոչ թթվային լինի։ Տնկելուց հետո ջրում են գոլ ջրով՝ մեկ բույսին մոտ մեկ լիտր ջուր ապահովելով։
Ուշադրություն։ Բաց գրունտի պայմաններում, արաջին շաբաթվա ընթացքում պետք է պաշպանել բույսը կիզիչ արևից։
Խնամքը
Խնամքը պետք է սկսել սածիլը բաց գրունտ տեղափոխելու օրվանից։
Անմիջապես տնկելուց հետո պետք է չոր, փտած գոմաղբով կամ տորֆով մուլչապատել ցողունի շուրջը։
Անհրաժեշտության դեպքում, գիշերները պետք է ջերմամեկուսացնել ողջ բույսը՝ ընդհուպ մինչև ծաղկելը։
Երբ թուփը հասնի մինչև մեկ մետր բարձրության, անհրաժեշտ է հետագա աճի համար հենարան ապահովել։
Երկու մետր բարձրության հասնելուց հետո գագաթը կարելի է կտրել։ Որպեսզի պտուղները պինդ ու մեծ լինեն, կարելի է նոսրացում անել՝ հեռացնել որոշ ճյուղավորումներ ու սերմնարաններ։
Շշադդմին փոշոտում են միջատները, բայց լավ բերք ստանալու համար անհրաժեշտ է արհեստականորեն փոշոտել։ Պտուղները լիովին հասունանում են փոշոտումից 1,5-3 ամիս անց։
Վեգետացիոն ողջ շրջանում անհրաժեշտ է փխրեցնել հողը՝ լավացնել թթվածնի հոսքը դեպի արմատները։
Ջրել պետք է ամեն օր, գոլ ջրով։
Սնուցումը
Խորհուրդ է տրվում երկու շաբաթը մեկ լրացուցիչ սնուցում ապահովել շշադդմի համար՝ հողը հաջորդաբար պարարտացնել օրգանական և ոչ օրգանական պարարտանյութերով։ Սերմնարանների սաղմնավորման ժամանակ, շատ արդյունավետ է փայտի մոխիրով պատրաստված լուծույթով ջրելը։ 10 լիտր ջրին 2 բաժակ մոխիր են խառնում։
Բազմացումը
Սածիլներ սկսում են աճեցնել մարտ-ապրիլին։ Սերմերը նախապես, մեկ օր թրջում են։ Ցանում են օրգանական նյութերով ոչ շատ հագեցած հողում՝ երեք սանտիմետր խորությամբ։ Առաջին ծիլերը հայտնվելուց հետո, դրանք տեղափոխում են առանձին ծաղկամաններ։ Սածիլների հետագա խնամքը չի տարբերվում սովորական դդմի խնամքից։ Սածիլները բաց գրունտ տեղափոխելու համար պատրաստ են լինում 35-40 օրից։
Հիվանդություններ և վնասատուներ
Այլ դդմազգիների համեմատ շշադդումն ավելի կայուն է հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ։ Ճիշտ խնամքը, պտուղների մեկուսացումը հողից և գռունտը չճահճացնելը կազատեն ձեզ համարյա բոլոր խնդիրներից։ Պետք չէ շշադդում աճեցնել այն տեղում, որտեղ մինչ այդ աճեցրել եք վարունգ, դդմիկ, դդում կամ այլ դդմազգիներ։ Լավագույն նախորդող մշակաբույսերն են՝ կաղամբը, կարտոֆիլը, այլ պալարային մշակաբույսերը, լոբազգիները և սոխը։
Քունջութը (անգլ․՝ Sesame, ռուս․՝ Кунжут, լատ․՝ Sesamum) քունջութազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ է։
Հայտնի է քունջութի 35 տեսակ։ Հիմնականում մշակվում է Հնդկական քունջութը՝ սուսամը (sesamum indicum), որն ունի 2 ենթատեսակ և վայրի բնության մեջ հայտնի չէ։
Սուսամը մշակվում է համարյա բոլոր արևադարձային և մերևարևադարձայիերկրներում։
Հնդկական քունջութը միամյա բույս է, 1-2 մ բարձրությամբ, ճյուղավոր, կանգուն ցողունով։ Թավոտ է, տերևները կոթունավոր են, մեկ բույսի սահմանում ըստ ձևի խիստ տարբեր՝ նշտարաձև կամ կտրտված, ծաղիկները՝ խոշոր (4 սմ), վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ։ Պտուղը տուփիկ է, 3-5 սմ երկարությամբ, հիմնականում 4 բնանի։
Քունջութը լուսասեր և ջերմասեր բույս է, ցրտին չի դիմանում։
Քունջութի սերմերը տափակ են և ձվաձև, պարունակում են 50–65% յուղ, մինչև 24% սպիտակուցներ, քուսպը՝ համապատասխանաբար՝ 10% և 40%։ Քուսպն արժեքավոր կեր է։
Քունջութ աճեցնելը՝ փուլ առ փուլ
Քունջութ աճեցնելիս պետք է նկատի առնել, որ բույսի համար անհրաժեշտ է փխրուն ու լավ պարարտացված հող ապահովել։ Իսկ գրունտի գերխոնավությունը կարող է սպանել բույսին։
1. Հողը նախապատրաստելը
Սկզբում հողն ազատում են մոլախոտերից ու լավ փխրեցնում, քանի որ քունջութի ծիլերը մեծ դժվարությամբ են հաղթահարում պինդ արգելքները։ Քունջութ աճեցնելու համար ամենից հարմարը ավազակավային հողերն են։
2. Հողը պարարտացնելը
Լավ բերք ապահովելու համար հողը պարարտացնում են օրգանական պարարտանյութերով։ Լրացուցիչ կարելի է օգտագործել ազոտային, ֆոսֆորային և կալիումային պարարտանյութեր։ Բույսի լավ աճ ապահովելու համար 1 ք․մ․ գրունտի հետ խառնում են 25-ական գրամ կալիումի քլորիդ ու ամոնիակի սելիտրա, 100 գրամ սուպերֆոսֆատ։
3. Սերմերը նախապատրաստելը
Ցանելուց առաջ սերմերը մշակում են ֆունգիցիդներով։ Որոշ այգեգործներ առաջարկում են ցանելուց առաջ մեկ օր ջրի մեջ թրջել սերմերը։
4. Ցանելը
Ցանել կարելի է միայն երբ հողի ջերմությունը հասնի +16-18°C։ Օդի ցերեկային ջերմաստիճանն էլ լինի 25-30°C։ Սերմերը ցանում են 2-3 սմ խորությամբ։ Միջշարային հեռավորությունը 50-70 սմ։ Ցանելուց առաջ հողը լավ խոնավացնում են, իսկ ցանելուց հետո հողը թեթև տմտմբացնելով ամրացնում են։ Եթե օդի ջերմաստիճանի նվազման վտանգ կա, ցանքը ծածկում են թաղանթով։ Ջերմաստիճանի մինչև +2-3°C նվազման դեպքում տնկարկը կոչնչանա։
Մեկ քառակուսի մետրին ծախսվում է մոտ 1 գրամ սերմ։
Խորհուրդ չի տրվում նույն տեղում երկու և ավելի անգամ քունջութ ցանել։ Չի կարելի նաև արևածաղիկի աճած տեղում ցանել։ Քունջութի համար լավ նախորդող բույսեր են համարվում լոբազգիները, գարնանացան գարին և աշնանացան հացաբույսերը։
5. Հողի փխրեցում և տնկարկի նոսրացում
Հողի առաջին փխրեցումն անում են սերմերի ծիլերն երևալուց հետո՝ մոտավորապես ցանելուց 7-8 օր հետո։ Ծիլերը նոսրացնում են միմյանցից 6-8 սմ հեռավորություն պահպանելով։
6. Միջշարային քաղհան և փխրեցում
Մինչև բույսի մեծանալը, հողը անընդհատ փխրեցվում է և մոլախոտերը հեռացվում են։
7. Բերքահավաքը
Բերքահավաքը սկսում են երբ բույսի ներքևի տերևները։
8. Բերքը պահպանելը
Վատ պահպանելու դեպքում, քունջութը կարող է արագ կորցնել իր օգտակար հատկությունները։ Անհրաժեշտ է ընտրել չոր և լավ օդափոխություն ունեցող տարածք։ Լավ կլինի տարածքում օդի ջերմաստիճանը 0°C լինի։ Սերմերը բաժնեծրարում են տոպրակների կամ հատոկ սննդային տարաների մեջ։
(անգլ․՝ Bok Choy, Buk Choy, Chinese chard, Chinese white cabbage, Mustard cabbage, ռուս․՝ Бок-чой, լատ․՝ Brassica rapa subsp. chinensis)
Չինարենի Կանտոնի բառբառով “Բոկ չոյ” նշանակում է սպիտակ բանջար։ Այս բանջարի հարյուրավոր տեսակներ կան։ Այն տեսակը, որը կոչվում է Baby Bak Choy իրականում ոչ թե դեռահաս Բոկ չոյն է, այլ Բոկ չոյի գաճաճ տեսակը։
Բոկ չոյի կանաչ կոթուններով տեսակը կոչվում է Պակ չոյ , Բոկ չոյ ասում են միայն սպիտակ կոթուներովին։ Նաև պետք չէ շփոթել Բոկ չոյը Տատսոյի (Brassica rapa subsp. narinosa) հետ։ Տատսոյն ունի ավելի փոքր և կլոր տերևներ ու տափակ տերևաբույլ։
Ինչպես պատրաստել
Բոկ չոյը կարծես երկու տարբեր բանջարեղենի միացություն լինի։ Հաստ ու հյութալի կոթունները համատեղվում են մուգ կանաչ տերևների նրբությամբ ու բուրմունքով։ Բոկ չոյը սովորաբար շոգեխաշում են, տապակում են կամ եփում ապուրի մեջ: Բոք չոյ պատրաստելիս ավելի լավ է նախ կոթունները եփել, քանի որ դրանք ավելի երկար են եփվում: Կոթունները կտրատում են թեքությամբ, որպեսզի ավելի մեծ մակերես լինի և այդ մակերեսով ներծծվեն ճաշատեսակի սոուսի ու համեմունքի համն ու հոտը։
Գաճաճ Բոկ չոյ
(անգլ․՝ Baby Buk choy, ռուս․՝ Бок-чой карликовый, լատ․՝ Brassica rapa subsp. chinensis, dwarf variety) Վերը ասվեց, որ Գաճաճ բոկ չոյը ոչ թե չհասունացած Բոկ չոյն է այլ առանձին տեսակ է, որն ունենում է ոչ ավելի քան 20 սմ բարձրություն։ Երբեմն Գաճաճ բոկ չոյին անվանում են Մունբոկ (Moonbuk) կամ Գոնգմուն բոկ չոյ (Gongmoon buk choy):
Ինչպես պատրաստել
Գաճաճ բոկ չոյը, ինչպես և Բոկ չոյը շոգեխաշում են, տապակում են կամ եփում ապուրի մեջ:
(անգլ․՝ Pak Choy, Baby buk choy, ռուս․՝ Пак чой, լատ․՝ Brassica rapa subsp. chinensis, green stemmed variety) Պակ չոյ է կոչվում Բոկ չոյի կանաչ կոթուններով տեսակը, բայց կան նաև որոշ տարբերություններ բուրմունքի և տեքստուրայի առումով։
Պակ չոյի համար հարմարավետ է տաք կլիման, սակայն այն կարող է աճել շատ տարբեր եղանակային պայմաններում։ Մեծ տարածում ունի հիդրոպոնիկ եղանակով Պակ չոյի աճեցումը։
Ինչպես պատրաստել
Պակ չոյը չինական եղանակով՝ ուժեղ տաքացրած, կլոր հատակով թավայի մեջ արագ խառնելով տապակելու համար օգտագործվող լավագույն բանջարեղեններից է։ Այն պարզապես կտրատում են և ավելացնում տապակվող ճաշատեսակին եփման վերջին փուլում։
Բնականաբար, Պակ չոյ կարելի է գցել տարբեր ապուրների, հնդկական Կարրի ճաշերի և թխվածքաճաշերի մեջ։ Պակ չոյը կարելի է պարզապես կիսել և շոգեխաշել, իսկ փոքր բույսերը կարող են ամբողջությամբ շոգեխաշվել: Շոգեխաշած բույսերը, մի փոքր սոյայի սոուսով և քունջութի յուղով կամ կարագով համեմված, դառնում են հիասքանչ խավարտ ցանկացած ճաշատեսակի համար:
Թարմ Պակ չոյը պլաստիկ տուփի մեջ կարելի է մինչև մեկ շաբաթ պահել սառնարանում՝ պայմանով, որ +5°C-ից ցածր ջերմաստիճան լինի։
Պեկինյան կաղամբ
(անգլ․՝ Napa cabbage, Chinese cabbage, Celery cabbage, Tientsin cabbage, Wong nga bok, ռուս․՝ Пекинская капуста, Китайская капуста, լատ․՝ Brassica rapa subsp. pekinensis): Տերևավոր բանջարեղեն է, նաև հայտնի է ձյան կաղամբ անունով, շատ տարածված է Հնդկաչինում։
Հայտնի է, որ Պեկինյան կաղամբը մշակվում է Չինաստանում մ․թ․ 5-րդ դարից։ Այն հիմա էլ ամենասիրված բանջարեղեններից է։ Այժմ Պեկինյան կաղամբի բազմաթիվ սորտեր են ստեղծված՝ տարբեր ձևերի ու չափսերի։
Թեև սորտերի մեծ մասը սիրում է պաղ եղանակ, Պեկինյան կաղամբ կարելի է աճեցնել ողջ Հայաստանով մեկ։ Բերքը հավաքում են երբ կաղամբի գլխիկը ամուր է և այն հասուն տեսք ունի։
Լավագույն պայմաններում (բարձր խոնավություն, 0° C) Պեկինյան կաղամբը, որակի փոքր կորուստով կարելի է պահպանել մինչև 2 ամիս: Տան սառնարանում կիսափակ պլաստիկ տոպրակի մեջ պահված կաղամբի ներսի տերևները կարող են թարմ մնալ մի քանի շաբաթ:
Ինչպես պատրաստել
Պեկինյան կաղամբը, ի տարբերություն եվրոպականի, թեթևակի քաղցրահամ է: Կանաչ թփերը կարող են մի թեթև կծու լինել, իսկ հաստ սպիտակ կողերը քաղցր և հյութալի են: Ներքին տերևները պաշտպանված են արևից, ուստի առանձնահատուկ նուրբ և հյութալի են:
Խոհանոցում Պեկինյան կաղամբի օգտագործման եղանակներն գործնականում անվերջ են։ Դրա քաղցր համը և փխրուն հյուսվածքը այն դարձնում են կատարյալ աղցաններում օգտագործելու համար, կամ որպես սենդվիչի կամ համբուրգերի շերտ: Մանրեցրած Պեկինյան կաղամբը չինական պելմենների ու ռուլետների հիմնական բաղադրիչն է։ Հայտնի կորեական համեմունք կիմ չին (kim chee) պատրաստված է աղով մարինացված Պեկինյան կաղամբից, սխտորից ու չիլի պղպեղից։
Պեկինյան կաղամբը կարող է նաև եփվել ապուրի մեջ, ավելացվել թխվածքաճաշերի մեջ, տապակվել այլ մթերքի հետ միասին։
Տերևներով կարելի է տոլմա փաթաթել։ Քանի որ ճաշ պատրաստելու ընթացքում Պեկինյան կաղամբը կլանում է համեմունքների համն ու հոտը, այն հավասարապես հարմար է թե՛ կծու միջավայրում մսի հետ տապակված, թե՛ նուրբ, անուշաբույր սոուսի մեջ, որով պատում են տապակած ձուկը կամ թոֆուն։
(անգլ․՝ Chinese flowering cabbage, լատ․՝ Brassica rapa a subsp. parachinensis)
Չոյ սումը կարելի է տարբերակել իր փոքրիկ դեղին ծաղկագլխիկներով և վառ կանաչ ձվաձև տերևներով: Այն Ասիայում ամենատարածված մշակվող բույսերից մեկն է և աճեցվում է զանազան կլիմայական գոտիներում, տարբեր որակի հողերի վրա:
Ինչպես պատրաստել
Չոյ սումի մեղմ համը, խռթխռթան ցողունները և փափուկ տերևները լավ նյութ են տարբեր ուտելիքների և համեմունքների պատրաստման համար: Պարզապես լվացեք և կտրատեք ամբողջ փունջը, ապա չինական եղանակով՝ ուժեղ տաքացրած, կլոր հատակով թավայի մեջ (wok) արագ խառնելով տապակեք տարբեր այլ մթերքի հետ, կերեք շոգեխաշած կամ ավելացրեք ապուրին։ Փունջները կարելի է սառնարանում, պլաստիկ տոպրակի մեջ պահել մինչև մեկ շաբաթ։
Գաճաճ Չոյ սում
Choy Sum (Brassica rapa a subsp. parachinensis, dwarf variety)
Ինչպես պատրաստել
Գաճաճ չոյ սումի պատրաստման եղանակները նույնն են, ինչ Չոյ սումինը։
Գայ չոյ
(Gai Choy, Chinese mustard, Swatow mustard greens, Mustard cabbage, Indian mustard)
Գայ չոյը մանանեխների բազմազան բույսեր ընդգրկող ընտանիքի անդամներից մեկն է:
Համարվում է, որ մանանեխները ծագել են Կենտրոնական Հիմալայաներում, բայց այժմ տարածված են Ասիայի բոլոր մասերում:
Դրանք ի սկզբանե օգտագործվում էին իրենց սերմերի համար`որպես համեմունք, կամ ձեթ ստանալու համար։ Այդ նպատակով մանանեխի բազում տեսակներ են աճեցված:
Գայ չոյի տեսքը շատ փոփոխական է. Տերևները կարող են լինել քիչ կամ շատ փխրուն, հաստ ու բարակ կողերով ու երակներով, իսկ գույնը տատանվում է մուգ կանաչից դեպի բաց կանաչ: Կա նաև մանուշակագույն տերևներով տեսակ, որը բավականին դեկորատիվ տեսք ունի։
Գայ չոյը նախընտրում է տաք, խոնավ պայմաններ որտեղ կարող է շատ ուժեղ աճ ցույց տալ։ Կարելի է Գայ չոյն աճեցնել որպես սիդերատ, կամ որպես հողից ծանր մետաղներ կորզող բույս։ Հասկանալի է, որ վերջին դեպքում այն ուտել չի կարելի։
Ինչպես պատրաստել
Գայ չոյի յուրահատուկ համը շատերը կամ կսիրեն կամ կատեն: Խոշոր, հասուն Գայ չոյը կարող է շատ կծու լինել։ Հասուն Գայ չոյը հարկավոր է եփել նախքան ուտելը, հակառակ դեպքում այն մի փոքր դժվարամարս է: Իսկ մատղաշ Գայ չոյը կարելի է և՛ հում վիճակում ուտել, և՛ աղցանի մեջ դնել: Հաստ կողեր և մսոտ տերևներ ունեցող սորտերը հաճախ մարինացվում են՝ սխտորի և չիլի պղպեղի հետ։ Ավելի նուրբ տերևները կարելի է տապակել կարտոֆիլի հետ, դնել ապուրների կամ թխվածքաճաշերի մեջ։
Տատսոյ
(անգլ․՝ Tatsoi, Tat choy, լատ․՝ Brassica rapa subsp. narinosa)
Տատսոյը փոքր ցածրահասակ բույս է, որը ձևավորում է մանր գդալաձև տերևների փունջ: Այն ունի կարճ բաց կանաչ կոթուններ, որոնք հյութալի և քնքուշ են:
Զմրուխտյա տերևները փայլուն են և ուռուցիկ։ Հում Տատսոյն ունի նուրբ ընկուզահամ ու թեթևակի քաղցրություն:
Ինչպես պատրաստել
Տատ սոյը նույնպես կարելի է տապակել, շոգեխաշել կամ գցել ապուրների մեջ։ Տապակելու հիմնական եղանակը չինականն է՝ ուժեղ տաքացրած, կլոր հատակով թավայի մեջ (wok) արագ խառնելով տապակում են տարբեր այլ մթերքի հետ։
Գայ լան
(Gai lan, անգլ․՝ Chinese broccoli, Kailan, Chinese kale, լատ․՝ Brassica oleracea var. alboglabra)
Բուսաբանորեն, Գայ լանը ավելի մոտ է եվրոպական կաղամբին, քան Պեկինյանին: Նաև մոտ է եվրոպական բրոկոլիին: Սակայն, ի տարբերություն բրոկոլիի, ուտում են ողջ բույսը՝ տերևները, ցողունը և ծաղկագլխիկները:
Գայ լանը հեշտ է ճանաչել կապտավուն, կարծես մոմած տերևներից և սպիտակ ծաղիկներից։
Գայ լանի հայրենիք համարում են Միջերկրական ծովի ափերը և համարվում է, որ “Brassica” ընտանիքից ամենավաղ մշակվող բույսերից է։
Ինչպես պատրաստել
Գայ լանի համաը մի փոքր նման է բրոկոլիի գլխիկի համին, սակայն դրա խռթխռթան ցողուններն ու հաստ տերևները իրենց յուրահատուկ համն ու հոտն ունեն։
Ցողունները, տերևները և ծաղիկները կարող են տապակվել, եփվել ապուրի մեջ կամ օգտագործվել թխվածկաճաշերի մեջ։
Հաստ ցողունները անհրաժեշտ է կտրատել և եփել կամ տապակել ավելի երկար՝ մինչև տերևներն ավելացնելը։
Գայ լան պատրաստելու ամենատարածված ձևերից մեկը այն շոգեխաշել կամ տապակելն է ոչ մեծ քանակի հավի արգանակի մեջ և ոստրեի սոուսով պատած։
Էն չոյ
En Choy Ուտելի հավակատար (անգլ․՝ Amaranth, Chinese spinach, ռուս․՝ Амарант съедобный, լատ․՝ Amaranthus tricolour)
Էն չոյի սորտերի մեծ մասը կարելի է հեշտությամբ նույնականացնել իրենց մուգ կարմիր և վառ կանաչ տերևներով: Էն չոյը, ինչպես և դրա մերձավորներից ճակնդեղը, իր կարմիր գույնի համար պարտական է մեջի բետալաին (betalain) կոչվող հակաօքսիդանտներին։
Ինչպես պատրաստել
Էն չոյը, իր համով հիշեցնում է սպանխը։ Այն կարելի է շոգեխաշել կամ տապակել։
Սառնարանում, պլաստիկ տուփի մեջ, կարելի է պահել մինչև երկու օր։
Կանգ կոնգ
Չինական սպանախ (անգլ․՝ Chinese spinach, Water convolvulus, Water spinach,Swamp cabbage, Ong choy, Hung tsai, Rau muong. ռուս․՝ Ипомея водяная, или Водяной шпинат լատ․՝ Ipomoea aquatica)
Կանգ կոնգը բաթաթի և այգածաղիկի մերձավոր ազգակիցն է։ Ինչպես իր ազգակիցները, Կանգ կոնգն էլ կարող է անկառավարելի տարածվել ու որոշ տաք գոտիներում աճում է մոլախոտի պես։ Այնուամենայնիվ, Կանգ կոնգը շատ տարածված բանջարեղեն է հարավարևելյան Ասիայի շատ երկրներում:
Կանգ կոնգը նախընտրում է խոնավ պայմաններ ՝ աճում է գետերի ափերին և ճահճուտներում։ Բույսի երկար, բաց կանաչ տերևները լողում են ջրի վրա, կամ փռվում են խոնավ գետնի երկայնքով: Տերևները, կախված տեսակից, կարող են լինել երկար ու բարակ կամ կարճ սրտանման:
Ինչպես պատրաստել
Կանգ կոնգն ունի մեղմ համ և կարող օգտագործվել հում վիճակում՝ աղցանների մեջ, ինչպես նաև թեթև եփած: Ասիայի շատ երկրներում այն ուտում են չիլի պղպեղի, սխտորի ու կծու պաստայի հետ տապակած: Պատրաստելիս ավելի լավ է տերևները զատել ցողունից, ցողունները թեք կտրատել ու տապակել առաջնահերթ։ 1-2 րոպե ուժեղ կրակի վրա տապակելուց հետո նոր ավելացնում են տերևներն ու համեմունքները։
Տունգ հոն սովորական, մեզ հայտնի քրիզանտեմն է, որը սովորաբար աճեցնում են որպես պարտեզի դեկորատիվ բույս: Չնայած քրիզանտեմների հայրենիքը Միջերկրականի ափերն են, միայն Ասիայում են այն լայնորեն օգտագործում որպես բանջարեղեն: Առանձնապես տարածված ուտեստ է Չինաստանում և Ճապոնիայում։
Տունգ հոյի տարբեր սորտեր կան, որոնք տերևների տեսքով էլ են տարբերվում։ Տերևներն հավաքում են մատղաշ, փոքր բույսերից: Իսկ եթե ծաղիկները նույնպես ուտելու մտադրություն կա, թողնում են բույսը հասունանա ու ծաղկի։
Ինչպես պատրաստել
Տունգ հոն շատ անուշաբույր է: Այն ունի հաճելի, հյութալի հյուսվածք, բայց կարող է դառը լինել, մանավանդ, եթե շատ է եփվում: Լավագույն ձևը թեթևակի շոգեխաշելն է կամ այլ բաղադրիչների հետ արագ տապակելը։ Ընդորում, լավ կլինի մյուս բաղադրիչները սուր համ ու հոտ չունենան՝ որպեսզի համային հակասություններ չառաջանան։
Սառնարանում, պլաստիկի մեջ կարելի է պահպանել մինչև երկու օր։
Դոն քուա
Dong Qua (անգլ․՝ Winter gourd, Wax melon, Chinese preserving melon, լատ․՝ Benincasa hispida)
Դոն քուան արտաքինից ձմերուկի է նման։ Այն կարող է շատ մեծ լինել՝ կշռելով մինչև 20 կգ: Դոն քուան Չի քուայի մերձավոր ազգակիցն է, երկուսն էլ մատղաշ վիճակում պատված են բարակ մազերի շերտով: Հասուն Դոն քուան կորցնում է մազածածկը և կարծես հարթ մոմաշերտով պատված լինի։
Ինչպես պատրաստել
Դոն քուան ունի մեղմ բույրով համ և հյութալի հյուսվածք, ինչով մի փոքր նման է դդմիկին (zucchini): Այն հիմնականում օգտագործվում է ապուրների և շոգեխաշած ուտեստների մեջ, բայց կարելի է նաև լցոնել տարբեր բաներով և թխել: Չինական խոհանոցում Դոն քուան նաև թթու են դնում կամ վերածում քաղցր կոնֆետների:
Դոն քուան կարող է մի քանի ամիս պահվել՝ առանց որակի էական կորստի։
Չի քուա
Chi qua Չի քուա (անգլ․՝ Hairy melon, Fuzzy gourd, Chinese preserving melon, Wax gourd, Moa qua, լատ․՝ Benincasa hispida var. chieh-gua)
Չի քուան չինական սննդակարգի հիմնասյուներից մեկն է: Աճեցվում է տաք եղանակային պայմաններում՝ 25 ° C- ից 35 ° C ջերմաստիճանում, և շատ զգայուն է սառնամանիքների նկատմամբ: Չինաստանում, այն սովորաբար մշակվում է Գուանդոնգում և Գուանգսիում: Չի քուան առանձնանում է իր բարակ մազածածկով: Այն մաքրելիս պետք է ուշադիր լինել, քանի որ մազերը կարող են մաշկի գրգռվածություն առաջացնել:
Ինչպես պատրաստել
Լավագույն որակն ունի մազածածկ Չի քուան, դա մատղաշության ու թարմության ցուցիչ է։ Շատ մատղաշ Չի քուան կարելի է հում ուտել, բայց, սովորաբար այն եփում են։
Չի քուան, ի տարբերություն դդմիկի (zucchini) մեղմ, հաճելի բուրմունք ունի: Պտուղները կլպում են, կտրատում և գցում ապուրների կամ շոգեխաշվող ուտեստների մեջ։ Մանր կտրատած կամ տապակած Չի քուան լավ հավելում է տապակվող ուտեստների համար: Առանձնապես համեղ են ստացվում լցոնված Չի քուայով պատրաստված՝ շոգեխաշած կամ փռում տապակած ուտեստները։
Չի քուայի պտուղն էլ է զգայուն +10 ° C- ից ցածր ջերմաստիճանի նկատմամբ: Այդ պատճառով ավելի լավ է դրանք պահել զով տեղում (+12 – +20 ° C), այլ ոչ թե սառնարանում: Քանի որ նրանց մաշկը լավ խոչընդոտ է ջրի կորստի համար, նման պայմաններում պտուղները կարող են մի քանի շաբաթ ամուր մնալ:
Սին քուայի հայրենիքը Հնդկաստանն է, բայց այժմ այն մշակվում է աշխարհի շատ երկրներում: Այն տաս, ծայրից ծայր ձգվող, երկար ու բարակ դդում է։
Սին քուայի սածիլները սովորաբար տնկում են գարնանը և աճեցվում են շպալերաների վրա։
Սին քուան լավ բերք է տալիս, մեկ թփի վրա կարող է մինչև 25 մեծ պտուղ տալ: Լավ է աճում տաք կլիմայի պայմաններում, երբեմն աճեցնում են ջերմոցներում:
Սին քուան հավաքում են թերհաս վիճակում երբ 15-40 սմ երկարություն ունի: Թեև դրանք կարող են պահվել մի որոշ ժամանակ, նրանք հեշտությամբ կորցնում են միջի ջուրը ՝ դառնալով փափուկ սպունգ:
Սեն քուան (անգլ․՝ Seng Qua, Opo Squash, լատ․՝ Benincasa hispida spp) համով դդմիկ (кабачки) հիշեցնող, երկարավուն դդմի տեսակ է։ Չի քուան (Chi qua, լատ․՝ Benincasa hispida var. chieh-qua) նույնն է, բայց պատված է մազիկներով։ Սին քուան (Angled luffa, Chinese okra, ռուս․՝ Люффа остроребристая, լատ․՝ Luffa Acutangula) այլ տեսք ունի ու դառնահամ է։
Ինչպես պատրաստել
Լավ որակի Սին քուան պետք է լինի պայծառ, պսպղուն մակերեսով և պինդ: Սին քուան ունի թեթև սպունգանման հյուսվածք և մեղմ, ինչ-որ չափով դդմիկի (zucchini) համ հիշեցնող, համ:
Պատրաստելուց առաջ պտղի կոշտ գագաթները պետք է հեռացնել։ Եթե պտուղը մատղաշ է և թարմ, կլպել պետք չէ։ Այնուհետև այն կարող է շոգեխաշվել կամ տապակվել, ավելացվել ապուրների մեջ, կամ աղացած ու ավելացվել ձվածեղին կամ մսային կոտլետին։
Ֆու քուա
Fu qua (անգլ․՝ Chinese Bitter Melon, Balsam pear, Karela, Bitter gourd, African cucumber, alligator pear., ռուս․՝ Горькая дыня, լատ․՝ Momordica charantia)
Ֆու քուան ամենատարօրինակ տեսքով բանջարեղեններից է։ Բաց կանաչ գույնի, բշտիկավոր, անհարթ մաշկով դառը սեխ է։
Ֆու քուա աճեցնում են Հարավարևելյան Ասիայում, Հնդկաստանում, Հարավային Ամերիկայում, Արևելյան Աֆրիկայում և Կարիբյան ավազանում:
Ֆու քուայի դառնությունը հասունացմանը զուգահեռ ավելանում է ու երբ այն սկսում է դեղնել, արդեն ուտել չի լինում։ Սովորաբար հավաքում են 15-25 սմ երկարությամբ կանաչ պտուղները։
Ինչպես պատրաստել
Ֆու քուայի բոլոր մասերը, ներառյալ պտուղը, չափազանց դառն են: Նրանք պետք է ճիշտ պատրաստվեն, որպեսզի ուտելուց տհաճ չլինի: Սովորաբար Ֆու քուան չեն կլպում, բայց մաշկի վրայի կոպիտ բշտիկները հեռացնում են։ Կարևոր է նաև հեռացնել սերմերով միջուկը։ Հատկապես սերմերը երբեք պետք չէ ուտել, քանի որ դրանք կարող են փորլուծ առաջացնել: Պտղի դառնությունը մասամբ կարելի է վերացնել կտրատած կտորների վրա առատորեն աղ ցանելով, այնուհետև, մոտ 10 րոպեից, դրանք սառը ջրով լվանալով:
Ֆու քուան լայնորեն օգտագործվում է ասիական մի շարք խոհանոցներում: Այն կարող է պարզապես խաշած կամ շոգեխաշած լինել, կարող է տապակվել, ավելացվել կարրի կերակուրներին, կամ նույնիսկ մանր կտրատած ավելացվել աղցանների մեջ: Արևելյան Ասիայում հանրաճանաչ կերակրատեսակ է աղացած խոզի մսով լցոնված ու փռում տապակված Ֆու քուան։
Չինական բողկ
(անգլ․՝ White Radish, Daikon, Chinese radish, ռուս․՝ Дайкон, Китайская редька, Японская редька, լատ․՝ Raphanus sativus)
Թեև Չինական բողկի որոշ սորտեր աճեցվում են հատուկ իրենց կծու տերևների համար, դրանց մեծ մասը օգտագործվում է իրենց երկար, սպիտակից մինչև կանաչ գունային երանգներ ունեցող արմատների համար: Չինական բողկի բազմաթիվ սորտեր կան: Դրանք կարող են լինել երկար և բարակ, կարճ և հաստլիկ, նույնիսկ գրեթե գնդաձև և կարող են հասնել մինչև 5 կգ քաշի:
Սպիտակ բողկը համեմատած եվրոպացիներին ծանոթ կարմիր բողկի հետ ավելի քիչ կծու է, բայց այնուամենայնիվ կարող է բավականին թունդ համ ու բուրմունք ունենալ:
Ինչպես պատրաստել
Չինական բողկը սովորաբար եփում են, բայց, ինչպես կլոր կարմիր բողկները, կարող են հում օգտագործվել աղցանների մեջ: Ավելի մեղմ կծվություն ստանալու համար անհրաժեշտ է կլպել Չինական բողկը։ Չինական բողկը երբեմն քերում և խառնում են սոյայի սոուսի հետ, որպեսզի օգտագործեն ճապոնական ուտեստների հետ: Մանրացված սպիտակ բողկը կարող է նաև շոգեխաշվել կամ ներառեվլ կորեական թթու, համեմված կիմչիի մեջ: Կարելի է նաև տապակել կամ գցել ապուրի մեջ:
Լոտոսն ունի մշակման 3000 ամյա պատմություն։ Այն սիրված է Ասիայի շատ երկրներներում հնագույն ժամանակներից, որոշ երկրներում հանդիսանում է պտղաբերության, գեղեցկության, սրբության կամ մաքրության խորհրդանիշ: Քանի որ լոտոսը միաժամանակ ցուցադրում է աճի բոլոր փուլերը` կոկոն – ծաղիկ – սերմի պատիճ, այն կարող է նաև լինել անցյալի, ներկայի և ապագայի խորհրդանիշ: Լոտոսը մշակվում է Ասիայի շատ երկրներում, նաև Աֆրիկյում։
Լոտոսն աճում է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում ՝ ծանծաղ ջրի և ցեխի մեջ, պայծառ արևի տակ: Այն ունի մեծ կլոր տերևներ և բարձրահասակ ծաղկաբույլեր` սպիտակից մինչև վարդագույն ծաղիկներով, որին հաջորդում են վառ սերմերի պատիճները: Լոտոսի ծաղիկներն անսովոր են այն առումով, որ դրանք ջերմածին են: Այսինքն, նրանք ստեղծում են իրենց սեփական ջերմությունը և կարող են պահպանել կայուն ջերմաստիճան՝ մոտ 30 ° C, նույնիսկ այն դեպքում, երբ օդի ջերմաստիճանը շատ ավելի ցածր է: Սերմերը կարող են շատ երկար ժամանակ կենսունակ մնալ, կան տեղեկություններ, որ հազարամյա լոտոսի սերմերը հաջողությամբ ծլել և աճել են:
Լոտոսի արմատները ցեխի մեջ գոյացնում են երկար, ողորկ պալարների շարք, նման նրբերշիկի շարանին։ Պալարները սովորաբար 15-25 սմ երկարություն ունեն, թեպետ կարող են շատ ավելի մեծանալ: Ինչպես ցողունները, այնպես էլ պալարները իրենց մեջ ունեն օդի երկարությամբ ձգվող խոռոչներ։ Դրանց շնորհիվ են արմատները, աճելով պղտոր ջրի մեջ, գոյատևում։ Ուտելու համար պալարները սովորաբար հավաքում են ամռան վերջում:
Ինչպես պատրաստել
Լոտոսի բոլոր մասերը ուտելի են։
Մատղաշ տերևները և ցողունները օգտագործվում են աղցանների մեջ կամ տապակած՝ որպես տերևավոր կանաչ բանջարեղեն: Հին տերևները օգտագործվում են ձուկ կամ միս փաթաթելու ու գոլորշու վրա եփելու համար:
Ծաղիկների ծաղկաթերթերը կարող են օգտագործվել աղցանների մեջ կամ լողալ ապուրի վրա:
Լոտոսի սերմերը, կլպելուց և դառը միջուկը հեռացնելուց հետո, կարելի է հում ուտել: Դրանք նաև խաշած, խորոված կամ նույնիսկ քաղցրացրած են ուտում ՝ որպես խորտիկներ։ Լոտոսի սերմերի մածուկը օգտագործվում է որպես շոգեխաշած չինական թխվացքների, ինչպես նաև լուսնի տորթերի (mooncakes), կեղևավորված խմորեղենների մեջ, որոնք ավանդաբար մատուցվում են, չինական աշնանային լիալուսնի փառատոնի օրերին:
Պալարները Լոտոսի ամենատարածված ուտելու մասն են, դրանք մեղմ, թեթև ընկուզահամի են: Այլ համեմունքների հետ եփելիս դրանք կլանում են այդ համերը՝ ստանալով նոր համային երանգներ ու բուրմունք։ Սովորաբար պալարները թեթևակի կլպում են, այնուհետև բարակ կտրատում՝ ի ցույց դնելով կտորների նուրբ, ժանյականման տեսքը: Լավ հավելվածք է ապուրների, աղցանների համար, կարելի է նաև տապակել մսի հետ՝ ճապոնական թեմփուրա ոճով։
Հնդկեղեգի շիվեր
(անգլ․՝ Bamboo shoots, ռուս․՝ Побеги бамбука)
Հնդկեղեգի շատ տեսակների նոր ծլած շիվերը, ներառյալ Bambusa vulgaris և Phyllostachys edulis տեսակներինը, ուտելի են ու լայնորեն տարածված բանջար են ասիական, արևադարձային շատ երկրներում։ Դրանք վաճառվում են վերամշակված տարբեր ձևերով և հասանելի են թարմ, չորացրած և պահածոյացված տարբերակներով:
Ինչպես պատրաստել
Հում հնդկաեղեգի շիվերը դառնություն ունեն, որը վերանում է եփելու ընթացքում։ Որևէ ուտեստի ավելացնելուց առաջ, հնդկաեղեգի շիվերը լվանում են, կլպում, այնուհետև խաշում։ 20 րոպե խաշելուց հետո ջուրը փոխում են ու շարունակում են խաշել մինչև փափկանալը։ Հնդկաեղեգի եփված շիվերը կարելի է օգտագործել ցանկացած ուտեստի մեջ, որտեղ բանջարեղեն կա `դրան յուրահատուկ համ տալու համար:
Ամենատարածված ուտեստը խոզի կամ հավի մսի և այլ բանջարեղենի հետ չինական եղանակով՝ ուժեղ տաքացրած, կլոր հատակով թավայի մեջ (wok) արագ խառնելով, տապակելն է։ Նաև ավելացնում են աղցաններին, թթու են դնում, դնում են չինական պելմենների մեջ և այլն։
Չկլպած շիվերը, թղթյա սրբիչի մեջ փաթաթած, մոտ երկու շափաթ կարելի է պահել սառնարանում։ Կլպած վիճակում՝ 1-2 օր։
Oձալոբի
(անգլ․՝ Asparagus bean, Snake Bean, Yardlong bean, Long-podded cowpea, Chinese long bean, Snake bean, Pea bean, ռուս․՝ Драконова фасоль, լատ․՝ Vigna unguiculata subsp. sesquipedalis)
Օձալոբին մուգ կանաչ, բարակ և երկար (մինչև 90 սմ), փոքր-ինչ քաղցր համով, փխրուն հյուսվածքով լոբի է: Այն սպիտակուցի, վիտամին A- ի, թիամինի, ռիբոֆլավինի, երկաթի, ֆոսֆորի և կալիումի լավ աղբյուր է և ավելի լավ աղբյուր է վիտամին C- ի, ֆոլաթի, մագնեզիումի և մանգանի։
Ինչպես պատրաստել
Օձալոբին, իր նոր նուրբ համային երանգով, բոլոր ճաշատեսակներում կարող է հաջողությամբ փոխարինել սովորական կանաչ լոբուն։
Չինական խոհանոցում օձալոբին լայնորեն օգտագործվում է ավանդական եղանակով՝ ուժեղ տաքացրած, կլոր հատակով թավայի մեջ (wok) այլ բանջարեղենի և մսամթերքի կամ ծովամթերքի հետ արագ խառնելով, տապակած։